Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.1997-07.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.10.06/13(19)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.11.1997
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 1997 թվականի N 16
քաղ. Երևան

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ 1997 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում (համաձայն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի N 6 «Էլեկտրական էներգիայի սակագնի մասին» և 1997 թ. օգոստոսի 22-ի N 10 «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի N 6 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումների) գործում են նոր սակագներ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը պարզաբանում է`

«Ուղիղ գծով» սնվող համարվում են այն սպառողները, որոնց սնող ենթակայանը (ները) և էլեկտրահաղորդման գծերը, սկսած 35 կՎ ցածրացնող ենթակայանի 6(10) կՎ լարման հաղորդաձողերին միացված գծային բաժանիչից, անկախ ցածրացնող ենթակայանի հաշվեկշռային պատկանելությունից, գտնվում են սպառողի հաշվեկշռում:

Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակարանային հատվածի բաժանորդներից բացի 6(10) և 0.4 կՎ լարման բոլոր սպառողները դասվում են այլ սպառողների խմբին:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի N 10 որոշման համաձայն, բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերում և տրանսֆորմատորներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները չեն ավելացվում այլ սպառողների էլեկտրաէներգիայի ծախսին, եթե առևտրային հաշվիչը տեղադրված է 0.4 կՎ լարման կողմում: Եթե առևտրային հաշվիչը տեղադրված է բարձր լարման կողմում, ապա հաշվիչի գրանցած էլեկտրաէներգիայի ծախսից անհրաժեշտ է հանել հաշվիչի տեղադրման կետից մինչև 0.4 կՎ լարման հաղորդաձողերը բարձր լարման հաջորդական շղթա(ներ)ի տարրերի էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները:

Գիշերային զեղչ սակագնից օգտվել ցանկացող բարձր լարման սպառողների համար ուժի մեջ է մնում 1997 թ. ապրիլի 10-ին էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համաձայնեցված և ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էներգահամակարգի բեռի գրաֆիկի հարթեցման նպատակով բարձր լարման սպառողների համար օրվա ժամերով տարբերակված էլեկտրաէներգիայի սակագնի անցման» կարգը:

Հարկ է նշել, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի ե) կետով սպառողների տարբեր խմբերի միջև խաչաձև հատկացումներ չեն թույլատրվում: Ուստի ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը իրավասու չէ որևէ բաժանորդի համար բացառության կարգով սահմանելու էլեկտրաէներգիայի մանրածախ վաճառքի այլ` ցածր սակագին:

 

ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան