ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2000 թվականի |
թիվ 75 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ «ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր համակարգին Հայաստանի Հանրապետության անդամագրվելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 648 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր համակարգին Հայաստանի Հանրապետության անդամակցելու ընթացքի վերաբերյալ» հաշվետվությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հաշվետվություն
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԱՄՀ-Ի) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՀ-ի տվյալների տարածման ընդհանուր համակարգին (GDDS) ՀՀ անդամակցելու գործընթացը սկսվել է դեռևս 1998 թվականին` ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, երբ ԱՄՀ-ին դիմում ներկայացվեց, որտեղ նշվում էր ՀՀ ցանկությունը և պատրաստակամությունը անդամակցելու ԱՄՀ-ի կողմից ստեղծված վիճակագրական կազմակերպություններին: Այդ ժամանակ, իհարկե, շեշտվում էր ԱՄՀ-ի վիճակագրական մյուս կազմակերպությանը` տվյալների տարածման ընդհանուր ստանդարտին (SDDS) անդամակցելու հարցը: Սակայն եթե ԿԲ-ն, որոշ վերապահումներով, պատրաստ էր բավարարելու ԱՄՀ-ի պայմանները, ապա ազգային վիճակագրության համար պատասխանատու մյուս գերատեսչությունները` ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը և ֆինանսների նախարարությունը չէին կարող առանց նախապատրաստական փուլեր անցնելու կատարել տվյալների տարածման ընդհանուր ստանդարտի (SDDS) խիստ պահանջները:
Այսպիսով, որոշվեց, որ ավելի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության անդամագրումը նախ GDDS-ին: Այս հարցը մանրամասնորեն քննարկվեց ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության հետ, 1998 թ. նոյեմբերին վերջինիս Երևան կատարած այցելության ժամանակ: Հետագայում, 1999 թ. հուլիսին, Հայաստանի պատվիրակությունը, որի մեջ մտնում էին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, ֆինանսների նախարարության և ԿԲ ներկայացուցիչները, Վիեննայում մասնակցեց GDDS-ին վերաբերող սեմինարին: Սեմինարի ավարտից հետո, Հայաստանի կողմից GDDS-ի գծով աշխատանքների համակարգող առաջադրվեց ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ պարոն Ա. Չիլինգարյանը: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ԿԲ-ի կողմից պատասխանատու առաջադրվեց ՀՀ ԿԲ վիճակագրության վարչության պետ Ա.Հարությունյանը:
1999 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր համակարգին Հայաստանի Հանրապետության անդամագրվելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 648 որոշմամբ Ա.Չիլինգարյանը նշանակվեց GDDS-ին անդամագրվելու հարցերով համակարգող և հանձնարարվեց ՀՀ անդամակցության հարցով պաշտոնապես դիմել ԱՄՀ-ի վիճակագրության վարչությանը: Այդպիսի դիմում ներկայացվեց 1999 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար Ս.Մնացականյանի` ԱՄՀ-ի վիճակագրության վարչության տնօրեն տիկին Քերըլ Քարսընին ուղղված նամակով, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր արդեն կատարված աշխատանքների ընթացքը: Պատասխան նամակում նոյեմբերի 11-ին տիկին Քարսընը ողջունել է GDDS-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը և նշել, 2000 թվականի ընթացքում կնշվեն այն ուղիները, որոնցով կկատարվի ՀՀ անդամակցումը GDDS-ին:
Ընդհանուր առմամբ, 1999 թվականին ավարտվեց GDDS-ին Հայաստանի անդամակցելու նախապատրաստական փուլը: Այս տարի պետք է սկսվի անդամակցության գործառնական փուլը, որում նախ և առաջ ԱՄՀ-ի վիճակագրության վարչությունը կներկայացնի այն գործնական քայլերը, որ մեր հանրապետությունը պետք է կատարի իր անդամակցությունն ավարտելու համար: Տվյալ պահին դժվար է կանխագուշակել, թե գործառնական փուլը որքան ժամանակ կպահանջի, առավել ևս` ԱՄՀ-ի պահանջները դեռևս չեն ստացվել:
Անդրադառնալով անդամակցության հաջորդ փուլին ԿԲ-ի մասնակցությանը, հարկ է նշել, որ մեր վիճակագրությունն արդեն պատրաստ է բավարարելու GDDS-ի պահանջները: Ստորև բերված աղյուսակի բոլոր ցուցանիշները հնարավոր է ապահովել պահանջվող պարբերականությամբ և ժամկետներում:
ԿԲ-ին վերաբերող տվյալների պահանջներն ըստ ԱՄՀ-ի տվյալների տարածման ընդհանուր համակարգի (GDDS-ի)
Տվյալների կատեգորիա |
Հիմնական ցուցանիշները |
Լրացուցիչ Ցուցանիշները |
Պարբերակա-նությունը |
Տրամադրման ժամկետը |
Դրամական և վարկավորման ագրեգատներ |
- ԶԱԱ - Ներքին վարկավորում - Դրամական զանգված |
Ամսական | 1-3 ամսվա ընթացքում | |
ԿԲ-ի հաշվեկշռային ցուցանիշներ | Դրամական բազա | Ամսական | 1-2 ամսվա ընթացքում | |
Տոկոսադրույքներ |
- Պետ.արժեթղթերի - Վերաֆինանսավորման |
- Միջբանկային - Դեպոզիտների - Վարկերի |
Ամսական | Օպերատիվ ներկայացում (ընդունելի է ամսական) |
Միջազգային պահուստներ | Համախառն արտաքին պահուստներ (ԱՄՆ դոլարով) | Համախառն արտաքին պարտավորություններ | Ամսական | 6 ամսվա ընթացքում |
Փոխարժեքներ | Սփոթ | Օրական | Օպերատիվ ներկայացում (ընդունելի է ամսական) |
Չնայած ԿԲ վիճակագրության պատշաճ մակարդակին` տվյալների կազմման մեթոդոլոգիան, ընդգրկման շրջանակները, հավաքագրման ձևերը պետք է մանրամասնորեն ներկայացվեն ԱՄՀ-ի վիճակագրության վարչությանը, վերջինիս պահանջի դեպքում: