Գլխավոր տեղեկություն
Համար
N 162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2004-11.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.06.03/14(100) Հոդ.231
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.06.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2011

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

22 հուլիսի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004187

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 հունիսի 2004 թ.

  N 162-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

Տ. Սարգսյան


2004 Թ. ՀՈՒԼԻՍԻ 8
Երևան

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի հունիսի 29-ի
թիվ 162-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրությանը ներկայացվող պահանջները և չափանիշները, մրցութային առաջարկությունների գնահատման մեթոդը, ինչպես նաև մրցույթների կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգն ու ժամանակացույցը:

Առևտրային բանկերի կողմից աուդիտորական կազմակերպության ընտրությունը կատարվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև աուդիտորական գործունեությանը վերաբերող նորմեր պարունակող այլ օրենքներով և ակտերով սահմանված դրույթների համաձայն:

 

2. Անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրությանը ներկայացվող պահանջները ԵՎ չափանիշները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին աուդիտորական ծառայություններ կարող են մատուցել բացառապես 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ ունեցող աուդիտորական կազմակերպությունները: Ընդ որում, 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող (ըստ եկամտաբերության, կատարված աշխատանքի ու հաճախորդների ծավալի լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքից) աուդիտորական կազմակերպությունների վրա:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվեն նաև հետևյալ չափանիշներով.

ա) աուդիտորական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում և/կամ միջազգային ճանաչումը (հեղինակությունը),

բ) աուդիտորական կազմակերպության և աուդիտորի անկախության նկատմամբ պահանջի սահմանում` համաձայն «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված սկզբունքների,

գ) աուդիտ իրականացնող խմբի ղեկավարի, աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը և աշխատանքային փորձը,

դ) աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների (ներառյալ աուդիտ իրականացնող խմբի ղեկավարի)` միջազգային հաշվապահական որակավորում (Էյ-Սի-Սի-Էյ, Փի-Սի-Էյ և այլն) ունեցող մասնագետների նվազագույն քանակի ապահովման անհրաժեշտություն,

Որպես անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշ առևտրային բանկերը պետք է դիտարկեն նաև մասնագիտական գործունեության ձախողման կամ պայմանագրով ամրագրված պարտականությունների չկատարման ռիսկի ապահովագրության առկայության անհրաժեշտությունը` ռիսկերի բավարար փոխհատուցման պահանջի տեսքով, որը պետք է ամրագրվի առևտրային բանկի և անկախ աուդիտորական կազմակերպության միջև կնքվող պայմանագրում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրություն կատարելիս պետք է սահմանեն հետևյալ պայմանները.

ա) աուդիտի ընդգրկման բնագավառները,

բ) աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,

գ) աուդիտի իրականացման արժեքը,

դ) բանկի հայեցողությամբ` այլ պայմաններ:

Բանկն ինքնուրույն, հիմնվելով վերը նշված չափանիշների և պայմանների վրա, իր ներքին կարգերում պետք է սահմանի աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշների ու պայմանների գնահատման կոնկրետ և մանրամասն ենթաչափանիշներ, որոնցով և պետք է առաջնորդվի աուդիտորական կազմակերպության ընտրության ժամանակ:

 

3. Անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության մրցութային առաջարկությունների գնահատման մեթոդը

 

Առևտրային բանկը, հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ կետով սահմանված չափանիշները, աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացված մրցութային առաջարկությունները, իր կողմից աուդիտորական կազմակերպության ուսումնասիրության արդյունքները, ներքին ակտերով սահմանված կարգով պետք է գնահատի աուդիտորական կազմակերպության առաջարկությունները և նախապատվությունը տա ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությանը: Մրցութային առաջարկությունների գնահատման տիպային օրինակը ներկայացված է սույն կարգի աղյուսակ 1-ում, որն ունի ուղեցուցային բնույթ:

Անկախ աուդիտորական ընկերության ընտրության ժամանակ պետք է նաև հաշվի առնել բանկի և տվյալ աուդիտորական ընկերության միջև առկա աշխատանքային փորձը` մասնավորապես աուդիտորական կազմակերպության կողմից նախկինում մատուցած աուդիտորական ծառայությունների որակը:

 

4. Անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման, անցկացման ԵՎ արդյունքների ամփոփման կարգն ու ժամանակացույցը

 

Առևտրային բանկերն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրությունը պետք է կատարեն բացառապես մրցութային կարգով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Մրցույթների կազմակերպումը և անցկացումը» գլուխ 3-ով ամրագրված և սահմանված դրույթներին համապատասխան: Ընդ որում, աուդիտորական կազմակերպությունը մրցութային առաջարկությունները ներկայացնում է երկու փաթեթով: Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերվող առաջարկությունները:

Մրցույթային առաջարկությունները գնահատելիս, առաջինը պետք է բացել աուդիտորական ծառայության տեխնիկական կողմին վերաբերող առաջարկությունները: Եթե առաջին փաթեթում ներառված տեխնիկական առաջարկությունները բավարարում են բանկի կողմից սահմանված տեխնիկական պայմաններին, ապա բացվում է երկրորդ փաթեթը: Հակառակ դեպքում, մրցութային առաջարկությունը համարվում է մերժված:

Եթե երկրորդ փաթեթում ներառված ֆինանսական առաջարկությունները բավարարում են բանկի կողմից սահմանված ֆինանսական պայմաններին, ապա մրցութային առաջարկությունները գնահատվում են սույն կարգի 3-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան: Հակառակ դեպքում, մրցութային առաջարկությունը համարվում է մերժված:

Բանկերը անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության ներքին կարգերով սահմանված ընթացակարգով և ժամանակացույցով պետք է նվազագույնը 1000 տպաքանակ ունեցող թերթում (ինչպես նաև տվյալ բանկի Internet-ի տնային էջում) հրապարակեն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման մեջ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը:

 

Աղյուսակ 1

Մրցութային առաջարկությունների գնահատման մեթոդը
  Մրցութային առաջարկների գնահատման չափանիշներ Կշիռ Միա-
վոր
Ընդա-
մենը
Մեկնաբանություն
(Գնահատվում է եռաստիճան սանդղակով` 0-ից 3 միավոր, ընդ որում, ամենաբարձր միավորը 3-ն է)
Տեխնիկական չափանիշներ 1. Աուդիտորական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը)       Չկա բացասական կարծիք` 3 միավոր, կան դիտողություններ` 2 միավոր, կարծիք չկա` 1 միավոր, բացասական կարծիքի դեպքում` 0 միավոր: (Տվյալ չափանիշի գնահատման նպատակով բանկը կարող է սահմանել լրացուցիչ ենթաչափանիշներ):
2. Աուդիտորական կազմակերպության միջազգային ճանաչումը (հեղինակությունը)       Միջազգային ճանաչում ունեցող (միջազգային ռեյտինգավորմամբ ընդունված լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքից)` 3 միավոր.
Միջազգային գործունեություն ծավալող (չի մտնում միջազգային ռեյտինգավորմամբ լավագույն 10-ի մեջ)` 2 միավոր.
Աշխատում է միայն ՀՀ-ում` 1 միավոր:
3. Տվյալ աուդիտորական կազմակերպության աշխատանքային փորձը      

10-ից բարձր` 3 միավոր,
5-10 տարի` 2 միավոր,
3-5 տարի` 1 միավոր:

4. Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը և աշխատանքային փորձը:       Հաշվի է առնում բանկային աուդիտի բնագավառում աշխատանքային փորձը և ստաժը, որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականներ (Տվյալ չափանիշի գնահատման նպատակով բանկը կարող է սահմանել լրացուցիչ ենթաչափանիշներ):
5. Աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները:       Տվյալ չափանիշի գնահատման նպատակով բանկը կարող է սահմանել լրացուցիչ ենթաչափանիշներ:

Ընդամենը

100 X    
 
Ֆինանսական չափանիշներ Աուդիտի ծառայության արժեքը` հարկերը և այլ ծախսերը ներառյալ 100     Գնահատվում է` 0-ից 1 միավոր, ընդ որում ամենաբարձր միավորը 1-ն է, իսկ մնացածն արտահայտվում են տասնորդական միավորներով, (օրինակ 0.55 միավոր):
Նշել աուդիտի արժեքը`      
Ամփոփ գնահատականը
Տեխնիկական չափանիշներ      
Ֆինանսական չափանիշներ    
Վերջնական միավոր    

 

Սույն հավելվածի «Մեկնաբանություն» սյունակում նշված չափանիշների գնահատման մեթոդաբանությունը (բացառությամբ 2-րդ և 3-րդ կետում նշվածների) բանկի ներքին կարգերով կարող են մանրամասնվել լրացուցիչ ենթաչափանիշների սահմանման միջոցով` պահպանելով «Մեկնաբանություն» սյունակում նշված գնահատման մեթոդաբանությունը: