Գլխավոր տեղեկություն
Համար
N 226
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.1997-15.07.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.08.1997
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1997
Վավերացման ամսաթից
18.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


18 օգոստոսի 1997 թվականի N 226


«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետի, 36-րդ հոդվածի 2-րդ կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել սույն որոշմանը կից ներկայացված փոփոխություններն ու լրացումները (այսուհետև` «Փոփոխություններ»):

2. Հաստատել որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական ստանալու համար դիմումի, որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականի ձևերը` որպես կանոնակարգ 1-ի 16-րդ և 17-րդ հավելվածներ (կցվում են):

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում որակավորման վկայականներ տրամադրել նախկինում որակավորման և մասնագիտական համապատասխանության դրական եզրակացություն ստացած բանկերի ղեկավարներին` նրանց վկայականների ժամկետները հաշվելով սույն որոշման ընդունման պահից:

4. Սույն որոշմամբ հաստատված «Փոփոխությունների» 1.7 կետում նշված պահանջների «գ» և «դ» ենթակետերի 2-րդ պարբերությունները, 2-րդ կետի 2-րդ պարբերությունը ուժի մեջ են մտնում 1998 թվականի փետրվարի 1-ից (գործող բանկերի համար), իսկ «Փոփոխությունների» մյուս կետերը` 1997 թվականի սեպտեմբերի 1-ից:

5. Սույն որոշմամբ հաստատված «Փոփոխությունների» 1.13 կետով սահմանված 24-րդ կանոնի 3-րդ կետի վերջին պարբերության պահանջները գործող բանկերը պարտավոր են ապահովել 1997 թվականի նոյեմբերի 1-ից:

6. Առաջարկել Հայաստանի բանկերի ասոցիացիային` մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել բանկերի և դրանց մասնաճյուղերի տարածքների (մասնավորապես, տարածքի նվազագույն մակերեսի, վարձակալության պայմանագրի ժամկետի և այլնի) վերաբերյալ մեթոդական նյութ:

Կենտրոնական բանկի նախագահ


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997 թ. օգոստոսի 18-ի թիվ 226 որոշմամբ


«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1.1. 4-րդ կանոնի 1-ին կետի «բ» ենթակետից հանել «3 օրինակից» բառերը.

1.2. 7-րդ կանոնի 6-9 կետերը համապատասխանաբար համարել 4-7 կետեր.

1.3. նույն կանոնի 7-րդ կետում «ղեկավարների» բառից հետո դնել ստորակետ և ավելացնել «ինչպես նաև բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց» բառերը.

1.4. 9-րդ կանոնի 3-րդ կետից հետո դնել ստորակետ և ավելացնել «հաշվապահական հաշվառման վարչության պետը: Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է նաև Հայաստանի բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչը» բառերը.

1.5. նույն կանոնի 5-րդ կետում փակագծերից հետո ավելացնել «և սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմող հավակնորդներին» բառերը.

1.6. 10-րդ կանոնի 1-ին կետի «գ» ենթակետի վերջում ավելացնել «3 օրինակից» բառերը.

1.7. 13-րդ կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 13. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պետք է ունենա`

ա) սեփականության իրավունքով իրեն (կամ հիմնադիր բանկին) պատկանող կամ հիմնավորված ժամկետով երկարատև վարձակալությամբ վերցված համապատասխան տարածք,

բ) կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց:

Դրամարկղային հանգույցի մեջ մտնում են հետևյալ տարածքները.

* կանխիկ դրամի, արտարժույթի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց (հետագայում` հիմնական դրամապահոց)` իր նախադրամապահոցով կամ չհրկիզվող պահարանների սենյակ կամ ինկասացիոն ծառայության և որևէ բանկի հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ,

* գործառնական դրամարկղներ,

* հաճախորդներից ստացված դրամի և այլ արժեքների վերահաշվարկման, ինկասատորներից կանխիկ դրամի ընդունման և նրանց կանխիկ դրամի հանձնման, բանկի աշխատակցի հսկողության ներքո հաճախորդի կողմից ստացված գումարի վերահաշվարկման պայմաններ,

գ) կանխիկ դրամի և այլ արժեքների անվտանգ պահպանության համար անվտանգության ծառայության դիտակետ (աշխատասենյակ) կամ պայմանագիր` կնքված այն կազմակերպության հետ, որն ունի անվտանգության համապատասխան պայմաններ, և որի տարածքում գործում է բանկը (օտարերկրյա բանկի մասնաճյուղը):

Դրամարկղային հանգույցի արտաքին և ներքին տարածքի շուրջօրյա հսկողությունը պայմանագրային հիմունքներով իրականացվում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կամ նրա կողմից լիցենզավորված համապատասխան պահակային ծառայության կողմից,

դ) պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը.

Այս համակարգը, ինչպես նաև դրամարկղային հանգույցի լուսավորությունը տեղակայվում են առանձին և այնպես, որ էլեկտրասնուցումը ստացվի տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կլինի պահեստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում դրամարկղային հանգույցը կարող է ունենալ տեղային (լոկալ) էլեկտրասնուցում:

2. Դրամարկղային հանգույցը պետք է առանձնացված լինի բանկի կառուցվածքային մյուս ստորաբաժանումներից:

Դրամարկղային հանգույցը պետք է ունենա պահպանիչ ահազանգի ցանց, հեռախոսային և տագնապի ուղիղ կապ, որոնց վահանակները պետք է տեղակայված լինեն անվտանգության ծառայության դիտակետում:

3. Բանկի տարածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման պահանջներին».

1.8. 17-րդ կանոնի 3-րդ կետի վերջում դնել ստորակետ և ավելացնել հետևյալ բառերը.

«եթե նրանք չունեն սույն կանոնակարգի 7-րդ գլխով նախատեսված կարգով վկայական».

1.9. նույն կանոնում ավելացնել 6-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել մասնաճյուղը գրանցելու հիմնադիր բանկի միջնորդագիրը, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը.

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում սույն կանոնակարգի 19-րդ կանոնով սահմանված պահանջներին.

գ) մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևին,

դ) մասնաճյուղի ղեկավարները չունեն սույն կանոնակարգի 7-րդ գլխով նախատեսված վկայականներ կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նրանց որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն».

1.10. 18-րդ կանոնի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տնտեսական ծրագիրը պետք է հիմնավորի, որ մասնաճյուղի ստեղծումը նպատակահարմար է բանկի ֆինանսական ցուցանիշների բարելավման և տնտեսական նորմատիվների պահանջների կատարման առումով».

1.11. 19-րդ կանոնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.11.1. առաջին կետի «ա» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հիմնադիր բանկին պատկանող կամ հիմնավորված ժամկետով երկարատև վարձակալությամբ վերցված համապատասխան տարածք».

1.11.2. հանել 2-րդ կետը` նախկին 3-րդ կետը համարելով 2-րդ կետ:

1.11.3. ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Բանկի մասնաճյուղի տարածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման պահանջներին».

1.12. 20-րդ կանոնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1.12.1. 2-րդ կետում «ստեղծվում են» բառից հետո ավելացնել «ՀՀ օրենքներով, այլ իրավական ակտերով և» բառերը.

1.12.2. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» ենթակետերով.

«գ) սպասարկել (այդ թվում` գնել և վաճառել) վիճակախաղի տոմսեր.

դ) ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությամբ իրականացնել այլ ֆինանսական գործառնություններ».

1.12.3. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել գործառնական գրասենյակը (կետը) գրանցելու հիմնադիր բանկի միջնորդագիրը, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը.

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

բ) գործառնական գրասենյակի (կետի) տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 21-րդ կանոնով սահմանված պահանջներին».

1.13. 7-րդ գլուխը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ


Կանոն 24.

Բանկի ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման և վկայական տրամադրելու կարգ

 

1. Բանկի, դրա, ինչպես նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղերի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների (այդ թվում` նաև 45 օրից ավելի ժամկետով նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների), բացառությամբ խորհրդի նախագահի, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է սույն կանոնակարգի 9-րդ կանոնում նշված հանձնաժողովի կողմից:

Որևէ ղեկավարի պաշտոնից ազատելիս կամ հետ կանչելիս բանկը պարտավոր է այդ մասին որոշման ընդունման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:

Ընդ որում, սույն կարգը տարածվում է նաև գործող բանկերի, դրանց, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի նշանակված կամ ընտրված ղեկավարների վրա:

Բանկը պարտավոր է նոր նշանակվող (ընտրվող) ղեկավարների թեկնածուներին (բացառությամբ խորհրդի անդամների) նախապես ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ` նրանց որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննում անցնելու համար:

Վերջինիս անհրաժեշտությունը չի զգացվում, եթե նոր նշանակվող (ընտրվող) ղեկավարների թեկնածուներն արդեն ունեն սույն կանոնով սահմանված` բանկերի ղեկավար պաշտոններում աշխատելու համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական (սերտիֆիկատ):

Առանձին դեպքերում, ելնելով արտաքին և տեղերում վերահսկողության արդյունքներից, կենտրոնական բանկը քննում է նաև բանկի խորհրդի անդամների պաշտոնում առաջադրվող թեկնածուներին:

Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահի և անդամների վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և անդամների քննում չի անցկացվում:

2. Սույն կանոնով սահմանված դրույթներով է իրականացվում նաև բանկի ղեկավար պաշտոնում աշխատելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմած հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման ու համապատասխան վկայականի տրամադրումը:

3. Բանկի ղեկավար պաշտոններում կարող են աշխատել այն անձինք, որոնց վերաբերյալ բացակայում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

Բանկի ղեկավար պաշտոններում չեն կարող աշխատել պետական ծառայողները:

4. Քննությունն անցկացվում և որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետև` վկայական) տրվում է հետևյալ պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար.

ա) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ,

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,

դ) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

ե) բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ,

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

5. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում` հարցազրույցի ձևով, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում: Հարցազրույցի արդյունքների հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է`

բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

6. Բանկի խորհրդի անդամների (բացառությամբ ՀՀ տարածքից մշտապես դուրս բնակվողների) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի նիստում` հարցազրույցի ձևով, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում:

7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա հանձնաժողովը արձանագրում է`

բանկի խորհրդի անդամների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Եթե բանկի խորհրդի անդամը մշտապես բնակվում է ՀՀ տարածքից դուրս, ապա նրա որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովը տալիս է եզրակացություն` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված հարցաթերթիկի պատասխանների արդյունքների ամփոփման հիման վրա (հեռակա քննում):

Ընդ որում, եթե 3 ամսվա ընթացքում անհնար է դառնում բանկի խորհրդի անդամի հեռակա քննումը, ապա բանկը պարտավոր է ներկայացնել խորհրդի անդամի նոր թեկնածություն:

7. Բանկերի գործառնական գրասենյակների և կետերի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է բանկի կողմից ելնելով սույն կանոնակարգի 14-րդ կանոնով սահմանված չափանիշներից:

Առանձին դեպքերում, ելնելով վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության ներկայացրած տեղեկություններից և տվյալներից, կենտրոնական բանկը կարող է քննել նաև բանկերի գործառնական գրասենյակների և կետերի ղեկավարներին` նրանց որակավորման և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով:

8. Սույն կանոնի 4-րդ կետում նշված ղեկավարների թեկնածուների (հավակնորդների) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է 2 փուլով.

* գրավոր (տեստային) քննություն, ընդ որում, տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) հատկացվում է 1.5 րոպե:

* բանավոր (հարցազրույցի ձևով) քննություն, որն անցկացվում է հանձնաժողովի նիստում:

9. Քննության արդյունքները գնահատվում են 16 բալանոց սանդղակով:

10. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է ելնելով բանկային և հարկային օրենսդրության (օրենքների և այլ իրավական ակտերի) դրույթներից, ինչպես նաև բանկային գործի տեսությունից:

Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 2 անգամ:

Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում` կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

11. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների և հավակնորդների (ելնելով նրանց ներկայացվող չափանիշներից) հետևյալ խմբերի`

ա) բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ (120 հարց),

բ) վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (120 հարց),

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ (120 հարց),

դ) բանկի գլխավոր հաշվապահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (120 հարց),

ե) բանկի մասնաճյուղի կառավարիչ, վարչության անդամներ (100 հարց),

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (100 հարց),

է) վերստուգիչ հանձնաժողովի անդամներ (100 հարց):

12. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխաններ, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր:

13. Ղեկավարների թեկնածուների (հավակնորդների) տեստային քննությունն անցկացվում է հանձնաժողովի առնվազն 3 անդամների ներկայությամբ:

14. Թեկնածուներին (հավակնորդներին) թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Գրավոր քննության ժամանակ թեկնածուներին (հավակնորդին) արգելվում է օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուսների հետ:

Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտելուց հետո թեկնածուն (հավակնորդը) պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում հավակնորդը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

15. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ղեկավարների տեստային քննումն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին:

16. Տեստերի հարցերի գնահատումը և ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ`

Եթե սույն կարգի 12-րդ կետում նշված ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն թվի մինչև 66 տոկոսը, ապա նա չի մասնակցում հանձնաժողովի նիստին և վերջինիս կողմից արձանագրվում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Եթե սույն կարգի 2-րդ կետում նշված ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն թվի 66 և ավելի տոկոսը, ապա նա մասնակցում է հանձնաժողովի նիստին` բանավոր (հարցազրույցի տեսքով) ստուգում անցնելու համար:

Տեստային քննության արդյունքները գնահատվում են յոթ բալանոց սանդղակով:

Ընդ որում, 66-70 % ճիշտ պատասխանները գնահատվում են 1 բալ, 71-75 %-ը` 2 բալ, 76-80 %-ը` 3 բալ, 81-85 %-ը` 4 բալ, 86-90 %-ը` 5 բալ, 91-95 %-ը` 6 բալ, 96-100 %-ը` 7 բալ:

17. Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների ընդհանուր թվի 2/3-ը:

18. Բանավոր քննության արդյունքները գնահատվում են հինգ հարց պարունակող հարցաթերթիկի պատասխանների հիման վրա` վեց բալանոց սանդղակով (0-5 բալերով):

19. Գրավոր և բանավոր քննությունների արդյունքում հավաքած բալերին գումարվում է`

ա) 1-2 տարի և 2 տարուց ավելի ֆինանսաբանկային համակարգում մասնագիտական աշխատանքային փորձի առկայության դեպքում` համապատասխանաբար 1 և 2 բալ,

բ) մասնագիտական գիտական աստիճանի առկայության դեպքում` 1 բալ,

գ) մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցելու վկայականների առկայության դեպքում` 1 բալ:

20. Տեստային և բանավոր քննության արդյունքներով հանձնաժողովը տվյալ անձի որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) դրական եզրակացություն, եթե ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 10 և ավելի բալ,

բ) բացասական եզրակացություն, եթե ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 10-ից քիչ բալ:

21. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա ընդունված որոշման օրվանից ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում, լրացվում և ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) տրվում է որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական (հավելված 17, կցվում է): Հավակնորդի կողմից 10-օրյա ժամկետում հանձնաժողովի հիմնավոր կարծիքով անհարգելի պատճառով վկայականը չստանալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով քննության արդյունքները չեղյալ են համարվում:

22. Վկայականը տրվում է տրման պահից հաշված 3 տարի ժամկետով:

23. Եթե բանկի կողմից ներկայացված ղեկավարի թեկնածուն չի համապատասխանում որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ապա բանկը պարտավոր է 45-օրյա ժամկետում կենտրոնական բանկ ներկայացնել նոր թեկնածություն: Այդ ընթացքում տվյալ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել այլ անձ կամ տվյալ անձը:

Որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած անձի թեկնածությունը բանկը կարող է կրկին անգամ առաջարկել ոչ շուտ, քան 6 ամիս հետո: Ընդ որում, գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա կենտրոնական բանկի նախագահի հրամանով որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած թեկնածուին կարող է թույլատրվել 6 ամսվա ընթացքում հանձնել կրկնակի քննություն:

Կրկնակի քննության ժամանակ հաշվի է առնվում նաև այդ ընթացքում թեկնածուի կատարած աշխատանքը:

Բացասական եզրակացություն ստացած հավակնորդը կարող է կրկին անգամ դիմել վկայական ստանալու համար` 6 ամսից ոչ շուտ:

24. Հանձնաժողովը վարում է դիմումների և տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ:

Դիմումների հաշվառման մատյանում գրանցվում են ղեկավարի թեկնածուի (հավակնորդի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և կատարվում է նշում դրական կամ բացասական եզրակացություն տալու մասին:

Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, դիմումի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

Վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ կամ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում տրված վկայականը համարվում է անվավեր և վերադարձվում է հանձնաժողովին:

25. Թեկնածուների և հավակնորդների հարցը քննարկվում է հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում.

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ) կամ դիմում (հավակնորդի համար)` սահմանված ձևով (հավելված 16, կցվում է),

բ) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի), գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճաններ (առկայության դեպքում),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 14 (ձև 5), կցվում է),

դ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7, կցվում է),

ե) որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցելու վկայականի (վկայականների) պատճեն (պատճաններ)` առկայության դեպքում,

զ) երկու լուսանկար` 3 x 4 չափսի:

Ընդ որում, հավակնորդը կարող է դիմել ՀՀ կենտրոնական բանկ` նաև մեկից ավելի ղեկավարների համար նախատեսված քննությունների մասնակցելու և համապատասխան վկայակններ ստանալու համար:

Հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից 15 օրվա ընթացքում:

26. Բանկի խորհրդի նախագահը և անդամները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ),

բ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 14 (ձև 5), կցվում է),

գ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7)»:

1.14. 14-րդ հավելվածի 5-րդ ձևում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.14.1. վերնագրում «ղեկավարների» բառից հետո ավելացնել «նշանակալից մասնակցություն ունեցող անձի»,

1.14.2. 1-ին կետում «պաշտոնը» բառից հետո ավելացնել «նշանակալից մասնակցություն ունեցող անձի անունը, ազգանունը»,

1.14.3. 7-րդ կետում «օրենքի» բառից հետո ավելացնել «18-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը.

1.14.4. նույն կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետեր`

«8. Հանգամանալից նկարագրեք Ձեր դերը և պատասխանատվության ոլորտը որպես ղեկավար կամ մասնակից:

9. Նշեք այն բանկը (բանկերը), այլ ֆինանսական հաստատությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում ունեցել եք կամ ունեք նշանակալից մասնակցություն, հանդիսացել եք կամ հանդիսանում եք ղեկավար:

10. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատած (կամ աշխատող) անձանց վերաբերյալ տվյալները (եթե այդպիսիք կան):

Թիվ Անուն, ազգանուն

Աշխատանքի բնույթը

Հասցե

Հեռախոս

1.

       

2.

       

3.

       

4.

       

5.

       

 

11. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ոչ ռեզիդենտ անձի կողմից պետք է նշվի գործունեության համառոտ նկարագիրը, սեփական միջոցների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած ներդրումների) մասին հայտարարագիրը, ակնկալիքները»:

Հավելված 16



Դ Ի Մ ՈՒ Մ Ի  Ձ Ե Վ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
պարոն Բ. Ասատրյանին


Խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցելու բանկի _______________________________

(պաշտոնի կամ


________________________________________________ պաշտոնում (պաշտոններում)

պաշտոնների անվանումը)


աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննություններին:

 

Կից ներկայացնում եմ`

ա) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (եթե ունեք),

բ) գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե ունեք),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (կցվում է),

դ) որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցելու վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները) (եթե ունեք),

ե) երկու լուսանկար` 3 x 4 չափսի:


Դիմող` ___________________________

անուն, ազգանուն

______________________
ստորագրություն


Հավելված 17



ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

ՎԿԱՅԱԿԱՆ

ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի



______   _________ 199___ թ. թիվ ____ որոշմամբ (արձանագրություն թիվ ____)

________________________ ին
անուն, ազգանուն

(__________________________)
անձնագրային տվյալներ


տրվել է բանկի ____________________________________ պաշտոնում (պաշտոններում)

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը


աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության դրական եզրակացություն:

Սույն վկայականը ուժի մեջ է մինչև ______ _______________  ____________ թ.


ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

Բ. Ասատրյան


______  ____________ 199 ___ թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան