ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1997 թվականի N 145
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով, ելնելով բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած կայունությունը, վճարունակությունը և զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին վարկերի տրամադրման կարգի կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկային համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին համակարգային վարկերի տրամադրման» կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգի համաձայն, համակարգային վարկեր (այսուհետև` վարկ) տրամադրելիս առաջնայնությունը տրվում է բանկային, մասնավորապես, վճարահաշվարկային համակարգի կայունության առումով նշանակալի դեր ունեցող բանկերին:
Վարկերը տրամադրվում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում` ելնելով ձևավորված ընթացիկ միտումներից:
2. Վարկի հայտի ներկայացման նախապայմանն է բանկի կողմից ֆինանսական առողջացման և զարգացման ծրագրի ընդունումը: Ընդ որում, ծրագրում բանկի կապիտալի, տնտեսական նորմատիվների և հիմնական այլ ցուցանիշների ծրագրային մեծությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման փուլերը պետք է հավանության արժանանան ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
3. Վարկի ստացման հայտի բավարարման պարտադիր նախապայմաններն են.
ա) բանկի կողմից ծրագրի այն փուլի ավարտը, ըստ որի բանկը վերականգնել է իր վճարունակությունը և ապահովել կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջները,
բ) ծրագրի իրականացման վերոհիշյալ փուլի ընթացքում ակտիվների և ռիսկերի կառավարման գործընթացի, ինչպես նաև բանկի գործունեության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների դրական տեղաշարժերի առկայությունը,
գ) ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր, հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման գլխավոր, դրամավարկային քաղաքականության վարչությունների դրական եզրակացությունները պարտադիր համարվող նախապայմանների առկայության և համակարգի կայունության գործում բանկի նշանակալից դերի ու վարկի համակարգային բնույթի հիմնավորման վերաբերյալ:
4. Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով: Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է` ելնելով Հայաստանի Հանրապետությունում սղաճի փաստացի մակարդակից և միջազգային բանկային շուկայում ձևավորված դեպոզիտների ու վարկերի տոկոսադրույքներից: Մարման ժամկետը լրանալիս վարկի համար սահմանված տոկոսավճարները ճշտվում են` հաշվի առնելով ընթացիկ օ3qm3 արդյունքներով դիտարկված սղաճի փաստացի մեծությունը:
5. Վարկը տրամադրվում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հիմնական ցուցանիշների ծրագրված չափաքանակների սահմաններում: Այն չի կարող գերազանցել համակարգի կայունության խնդիրների ապահովմանը նպատակաուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտ, ինչպես նաև բանկի բաժնետերերի (փայատերերի) կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում ծրագրի իրականացման ընթացքում կատարված լրացուցիչ ներդրումների 50%-ը կազմող գումարը:
6. Բանկերը պարտավոր են վարկը օգտագործել հետևյալ ուղղություններով.
ա) ՀՀ պետական արժեթղթերում: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը առանձին դեպքերում կարող է թույլատրել վարկային գումարի ներդրումն այլ օտարերկրյա պետությունների պետական արժեթղթերում,
բ) միջբանկային շուկայում, ՀՀ տարածքում գործող բանկերի միջև,
գ) բանկի հայեցողությամբ` այլ ակտիվներում, այդ թվում` տեխնիկական զարգացման և բանկային նոր տեխնոլոգիաների յուրացման ուղղությամբ կատարվող ներդրումներում:
Յուրաքանչյուր վարկի տրամադրման դեպքում վարկի վերոհիշյալ օգտագործման ուղղությունների միջև համամասնությունները սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը:
7. Վարկի տրամադրման պայմանները ամրագրվում են ՀՀ կենտրոնական բանկի և վարկառուի միջև կնքվող վարկային պայմանագրով:
Պայմանագրի կնքմանը պետք է նախորդի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը` կոնկրետ բանկի հետ վարկային պայմանագիր կնքելու մասին:
Պայմանագրի գործողության ընթացքում բանկի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի պահանջները խախտելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկն իրավասու է պահանջել պարտավորությունների վաղաժամկետ կատարում և կարող է անվիճելի կարգով նրա թղթակցային հաշիվներից գանձել վարկի գծով բանկի ունեցած պարտքը (այդ թվում` տույժերը, տուգանքները)` դադարեցնելով վարկային պայմանագրի հետագա գործողությունը: