Գլխավոր տեղեկություն
Համար
N 144
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.05.1997
Ստորագրման ամսաթիվ
23.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


23 մայիսի 1997 թվականի N 144


ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով, ելնելով բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած կայունությունը, վճարունակությունը և զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին վարկերի տրամադրման կարգի կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկային համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առանձին բանկերի պետության միջնորդությամբ տրամադրված վարկերի գծով առաջացած կորուստների հետևանքները վերացնելու համար համակարգային վարկերի տրամադրման» կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997 թվականի մայիսի 23-ի
N 144 որոշմամբ


Կ Ա Ր Գ

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգի համաձայն, համակարգային վարկեր (այսուհետև` վարկ) տրամադրվում են առանձին բանկերի` պետության միջնորդությամբ տրամադրված վարկերի գծով առաջացած կորուստների հետևանքները վերացնելու նպատակով, այն դեպքում, երբ կառավարության կողմից վերոհիշյալ կորուստները չեն հատուցվել: Վարկի գործողության ընթացքում կառավարության կողմից վերոհիշյալ կորուստների հատուցման դեպքում վարկը ենթակա է ժամկետից շուտ մարման` այդ հատուցման չափով:

Վարկերը տրամադրվում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում` ելնելով ձևավորված ընթացիկ միտումներից:

2. Վարկի հայտի ներկայացման նախապայմաններն են.

ա) բանկի կողմից սույն կարգի առաջին կետում նշված վարկերի քանակության, ծավալների և դասակարգման վերաբերյալ հիմնավոր տեղեկատվության ներկայացումը,

բ) բանկի կողմից ֆինանսական առողջացման և զարգացման ծրագրի ընդունումը: Ընդ որում, ծրագրում բանկի կապիտալի, տնտեսական նորմատիվների և հիմնական այլ ցուցանիշների ծրագրային մեծությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման փուլերը պետք է հավանության արժանանան ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

3. Վարկի ստացման հայտի բավարարման պարտադիր նախապայմաններն են.

ա) բանկի կողմից ծրագրի այն փուլի ավարտը, ըստ որի բանկը վերականգնել է իր վճարունակությունը և ապահովել կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջները,

բ) ծրագրի իրականացման վերոհիշյալ փուլի ընթացքում ակտիվների և ռիսկերի կառավարման գործընթացի, ինչպես նաև բանկի գործունեության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների դրական տեղաշարժերի առկայությունը,

գ) ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր, հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման գլխավոր, դրամավարկային քաղաքականության վարչությունների դրական եզրակացությունները պարտադիր համարվող նախապայմանների առկայության և վարկի համակարգային բնույթի հիմնավորման վերաբերյալ:

4. Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով: Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է` ելնելով Հայաստանի Հանրապետությունում սղաճի փաստացի մակարդակից և միջազգային բանկային շուկայում ձևավորված դեպոզիտների ու վարկերի տոկոսադրույքներից: Մարման ժամկետը լրանալիս վարկի համար սահմանված տոկոսավճարները ճշտվում են` հաշվի առնելով ընթացիկ տարվա արդյունքներով դիտարկված սղաճի փաստացի մեծությունը:

5. Վարկը տրամադրվում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հիմնական ցուցանիշների ծրագրված չափաքանակների սահմաններում: Այն չի կարող գերազանցել սույն կարգի առաջին կետում նշված կորուստների, ինչպես նաև բանկի բաժնետերերի (փայատերերի) կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում ծրագրի իրականացման ընթացքում կատարված լրացուցիչ ներդրումների գումարը:

6. Բանկերը պարտավոր են վարկը տեղաբաշխել ակտիվներում հետևյալ համամասնությամբ.

ա) ՀՀ պետական արժեթղթերում` վարկի գումարի 30%-ից ոչ պակաս: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը առանձին դեպքերում կարող է թույլատրել վարկային գումարի ներդրումն այլ օտարերկրյա պետությունների պետական արժեթղթերում,

բ) ՀՀ տարածքում գործող բանկերում տեղաբաշխվող միջբանկային վարկերում և դեպոզիտներում` վարկի գումարի մինչև 50%-ի չափով,

գ) բանկի հայեցողությամբ` այլ ակտիվներում, այդ թվում` տեխնիկական զարգացման և բանկային նոր տեխնոլոգիաների յուրացման ուղղությամբ կատարվող ներդրումներում` վարկի գումարի ոչ ավելի, քան 20%-ի չափով:

7. Վարկի տրամադրման պայմաններն ամրագրվում են ՀՀ կենտրոնական բանկի և վարկառուի միջև կնքվող վարկային պայմանագրով:

Պայմանագրի կնքմանը պետք է նախորդի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը` կոնկրետ բանկի հետ վարկային պայմանագիր կնքելու մասին:

Պայմանագրի գործողության ընթացքում բանկի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի պահանջները խախտելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկն իրավասու է պահանջել պարտավորությունների վաղաժամկետ կատարում և կարող է նրա թղթակցային հաշիվներից անվիճելի կարգով գանձել վարկի գծով բանկի ունեցած պարտքը (այդ թվում` տույժերը, տուգանքները)` դադարեցնելով վարկային պայմանագրի հետագա գործողությունը: