Գլխավոր տեղեկություն
Համար
N 28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.1996-01.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.10.1996
Ստորագրման ամսաթիվ
10.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1996 թվականի N 28

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի N 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը ԵՎ հրապարակումը» կանոնակարգ 3-ի մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի N 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 2-րդ գլխի «Հաշվետվությունների և տեղեկանքների ներկայացումը» 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հաշվետվությունները և տեղեկանքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգավորման և վերլուծությունների վարչության հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժին են ներկայացվում փոստի, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով կամ բանկի պատասխանատու ներկայացուցչի կողմից առձեռն` բանկի հայեցողությամբ, կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում:

Եթե հաշվետվության (տեղեկանքի) ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը (տեղեկանքը) ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանը (տեղեկանքին) առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա բանկը ներկայացնում է գրություն` նշելով չներկայացվող ձևերը:

Բանկի լիազոր ներկայացուցիչը կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության ցուցումով հրավիրվում է հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժին` համապատասխան պարզաբանումներ և մեկնաբանումներ տալու համար, եթե.

ա) մագնիսական կրիչը (մագնիսական սկավառակը կամ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդված տեղեկատվությունը) ունի ծրագրային կամ մեխանիկական թերություն, մագնիսական կրիչի ու ձևաթղթի տեղեկատվությունը չի համընկնում, հաշվետվությունը լրացված է ոչ միտումնավոր ակնհայտ վրիպումով կամ սխալով, և նմանատիպ այլ դեպքերում.

բ) հաշվետվությունների հետ ներկայացվող բացատրագրում արտացոլված չեն բանկում հաշվառման վիճակի գնահատման, առանձին հաշիվների վերծանման և հաշվետվություններում չարտացոլված, բայց բանկի գործունեության բնութագրման համար էական ցուցանիշները, և նմանատիպ այլ դեպքերում.

գ) ներկայացված հաշվետվությունները համապատասխանում են կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերին, սակայն որոշ կետերի վերաբերյալ պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:

Սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքերում հաշվետվությունների փաթեթը չի համարվում ընդունված, իսկ «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում հաշվետվությունների փաթեթը կարող է համարվել ընդունված: Վերոհիշյալ դեպքերում համապատասխան բանկին սպասարկողը, տեղյակ պահելով անմիջական ղեկավարին, նրա ցուցումով համապատասխան փաստաթուղթ (ծանուցում) է պատրաստում` հաշվետվություններում տեղ գտած թերությունների, պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի մասին բանկին տեղեկացնելու համար (ծանուցման ձևը կցվում է): Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը հրավիրվում է հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժին` հաշվետվությունների ճշտված փաթեթը ներկայացնելու կամ հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ և մեկնաբանումներ տալու համար:

Հաշվի առնելով բանկի տարածքային տեղաբաշխումը (գտնվելու վայրը)` հաշվետվություններում տեղ գտած թերությունների և սխալների մասին բանկին ծանուցում են, ինչպես նաև «բ» և «գ» ենթակետերով նախատեսված պարզաբանումները կարող են տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցներով: Հաշվետվությունների ընդունման և պարզաբանումների վերաբերյալ սահմանված ձևով բանկին տրվող ծանուցումը գրանցվում է հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժնի հատուկ գրանցամատյանում` բանկին հայտնելուց հետո: Բանկն իր հերթին պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո այն գրանցել և միջոցներ ձեռնարկել` սահմանված ժամկետում ծանուցման հանձնարարականի կատարումն ապահովելու համար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

քաղ. Երևան
N 28

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն գրությամբ հայտնում ենք ___________________________________

բանկին, որ ___ __________ 19 __ թ. իր կողմից կենտրոնական բանկ

ներկայացված թիվ __________________ հաշվետվությունները`

 

- համապատասխանում են հաշվետվությունների ներկայացման համար կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին, սակայն պարզաբանման կարիք են զգում:

Կենտրոնական բանկն առաջարկում է հաշվետվություն ներկայացրած բանկի ներկայացուցչին հաշվետվությունը ներկայացնելու պահից մեկ օրվա ընթացքում ներկայանալ կենտրոնական բանկ` հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ տալու վերաբերյալ:

 

- չեն համապատասխանում հաշվետվությունների ներկայացման համար կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:

Կենտրոնական բանկն առաջարկում է հաշվետվություն ներկայացրած բանկի ներկայացուցչին հաշվետվությունը ներկայացնելու պահից մեկ օրվա ընթացքում ներկայանալ կենտրոնական բանկ` հաշվետվությունը կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: