«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004051
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հոկտեմբերի 2003 թ. | N 345-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. կանոնակարգի 2-րդ կետում «արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ» բառերից հետո լրացնել «միայն ֆիզիկական անձանց հետ» բառերը.
1.2. կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ».
1.3. կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա (հավելված 4), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):
Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում լիցենզավորված անձն այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Նոր աշխատակից ընդգրկելիս ներկայացվում է նաև որակավորման վկայականի պատճենը կամ հայցվող ոլորտում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հաստատող աշխատանքային գրքույկի պատճենը: Դիմումը տալու օրվանից տասնհինգերորդ աշխատանքային օրը Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում մերժում է դիմումը».
1.4. կանոնակարգի 9-րդ կետում «15» թիվը փոխել «10» թվով.
1.5. կանոնակարգի 5-րդ գլխի վերնագիրն ու 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:
Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կրկնօրինակը հայտատուին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականը:
Լիցենզիաների, ներդիրների կամ որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում».
1.6. կանոնակարգի 20-րդ կետի «ա» ենթակետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվություն ստանալու» բառերով.
1.7. կանոնակարգի 20-րդ կետի «դ» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները»,
«թ) պետական տուրքի վճարման անդորրագիրը».
1.8. կանոնակարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառքի իրականացման կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվության, կամ հայտը մերժելու վերաբերյալ:
Եթե նշված ժամկետում հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի հայտում նշված գործունեության վայրում իրականացնել արտարժույթի առք ու վաճառք».
1.9. կանոնակարգի 26-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|