ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 62
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի միջնորդությունը, հիմնադրամների լուծարման պահանջների մասին գործերի ենթակայության և այդպիսի գործերի դատավարական կարգը պարզաբանելու վերաբերյալ հարցերը, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան են ներկայացվում հիմնադրամների լուծարման վերաբերյալ դիմումներ և հայցադիմումներ: Այդպիսի պահանջ պարունակող` առաջին ատյանի դատարան ներկայացվող դիմումները վերադարձվում կամ հանձնվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան` առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների հիմքով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմնադրամները ոչ առևտրային կազմակերպություններ են և դրանց լուծարման պահանջի վերաբերյալ գործերն ըստ էության չեն առնչվում ձեռնարկատիրական գործունեության ոլորտին, հետևաբար` պարզաբանման կարիք է առաջանում, թե նշված գործերը ենթակա՞ են արդյոք Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննության:
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի առաջին մասի համաձայն, հիմնադրամի լուծարման մասին որոշում կայացնելուց հետո դատարանը ստեղծում է լուծարման հանձնաժողով, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնադրամների լուծարման պահանջների մասին գործերով դատավարական կարգ սահմանող նորմերը ևս պարզաբանման խնդիր են առաջացնում:
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը ներկայացված միջնորդությամբ առաջարկել է դատարաններին պարզաբանել, որ.
1. Հիմնադրամների լուծարման մասին պահանջներով գործերի քննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները:
2. Հիմնադրամների լուծարման պահանջների գործերով դատավարությունն իրականացնել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քննարկվող հարցի ենթատեքստում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի քննությանը ենթակա գործերի շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16 հոդվածի երկու կանոններով: Հիշյալ հոդվածի 1-ին կետի համաձայն, տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի միջև ձեռնարկատիրական ոլորտում ծագող վեճերը: Երկրորդ կանոնը սահմանված է հոդվածի 4-րդ կետով, որի համաձայն, տնտեսական դատարանի իրավասությանը «ենթակա են նաև ... առևտրային կազմակերպություն չհանդիսացող կազմավորումների մասնակցությամբ տնտեսական վեճերը և այլ գործեր, եթե դրանք իրենց էությամբ առնչվում են ձեռնարկատիրական գործունեության ոլորտին:»
Ըստ այդմ խնդրի հանգուցալուծումը կայանում է հետևյալ հարցերում`
(1) արդյոք հիմնադրամները առևտրային կազմակերպություն են (առաջին կանոնի կիրառելիությունը որոշելու համար) և, եթե ոչ ապա
(2) արդյոք հիմնադրամների լուծարման գործն իր էությամբ առնչվում է «ձեռնարկատիրական գործունեության ոլորտին» (երկրորդ կանոնի կիրառելիությունը որոշելու համար):
Առաջին հարցի պատասխանը հարկ է փնտրել հիմնադրամների կարգավիճակը սահմանող` քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթներում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով հիմնադրամների մասնակցությամբ լուծարման կապակցությամբ վեճը տնտեսական դատարանի ենթակայության չէ:
Խնդրի հանգուցալուծում առաջարկող երկրորդ հարցի պատասխանը պահանջում է բնորոշել հիմնադրամի գործունեությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հիմնադրամը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:
Ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է որպես անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է (հոդված 2-րդ):
Հիմնադրամի գործունեության նպատակներ սահմանող և ձեռնարկատիրական գործունեության հիշյալ սահմանման համադրումից ակնհայտ է դառնում, որ հիմնադրամի գործունեությունն ընդհանուր առմամբ չի կարող բնութագրվել որպես ձեռնարկատիրական, քանի որ հիմնադրամի գործունեության «հիմնական» նպատակը շահույթ ստանալը չէ, այլ որոշակի «հանրօգուտ» արդյունքների հասնելն է:
Հիմնադրամի լուծարումը վերջինիս գործունեության դադարումն է: Եթե հիմնադրամի գործունեությունն ընդհանուր առմամբ ձեռնարկատիրական համարվել չի կարող, ապա դրա դադարումն առավել ևս առնչություն չունի ձեռնարկատիրական գործունեության հետ:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով հիմնադրամների մասնակցությամբ լուծարման կապակցությամբ վեճը տնտեսական դատարանի ենթակայության չէ:
Այսպիսով, տնտեսական դատարանին գործերի ենթակայության որոշման հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված երկու կանոններն էլ անկիրառելի են հիմնադրամների լուծարման պահանջներով գործերի համար: Ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ոչ էլ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հիմնադրամների լուծարման վերաբերյալ գործերի ենթակայության կամ ընդդատության հարցերը կարգավորող այլ նորմեր չեն պարունակում:
Ելնելով վերոշարադրյալից Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ հիմնադրամների լուծարման վերաբերյալ գործերը ենթակա չեն տնտեսական դատարանի լուծմանը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի, քաղաքացիական բոլոր գործերը ենթակա են առաջին ատյանի դատարանի քննությանը, բացառությամբ օրենսգրքի 16-րդ հոդվածին համապատասխան տնտեսական դատարանին ընդդատյա գործերի: Ուստի, այն քաղաքացիական գործերը, որոնք տնտեսական դատարանի ենթակայության չեն` առաջին ատյանի դատարանի ենթակայության են:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ հիմնադրամների լուծարման գործերը ենթակա են առաջին ատյանի դատարանների քննությանը, քանի որ դրանց քննությունը վերապահված չէ տնտեսական դատարանի իրավասությանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Նույն օրենքի 35 հոդվածը հիմնադրամի լուծարման գործում դատարանին մի շարք այլ իրավասություններ է վերապահում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ, դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով: Այսպիսով, քաղաքացիական գործերով դատավարության կարգը պետք է սահմանված լինի օրենքով: Սակայն, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ոչ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ոչ էլ այլ օրենքներում հիմնադրամների լուծարման գործով դատավարական կարգ նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարունակում են իրավաբանական անձանց, տվյալ դեպքում` հիմնադրամների, լուծարման գործընթացի ընդհանուր նկարագիր:
Նշված հանգամանքը էապես դժվարացնում է միասնական դատական պրակտիկայի կիրառումը և կարող է օրենսդրությամբ սահմանված պահանջների տարաբնույթ և տարաբովանդակ կիրառման պատճառ հանդիսանալ, ինչը Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը համարում է անթույլատրելի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը թույլատրում է քաղաքացիական դատավարության նորմերի կիրառումն ըստ անալոգիայի: Հիմնադրամների լուծարման գործընթացը իր բնույթով և էությամբ նման է անվճարունակության շրջանակներում իրավաբանական անձանց լուծարման գործընթացին: Թե մեկ և թե մյուս գործընթացի հիմնական խնդիրները երրորդ անձանց, այդ թվում պարտատերերի պահանջները բավարարելու համար գույքը հավաքագրելն ու իրացնելն է, իսկ ավելացած միջոցները հիմնադիրների մտադրությանը համաձայն տնօրինելն է: Ուստի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով, հիմնադրամների լուծարման գործերի քննություն իրականացնելիս առաջին ատյանի դատարանները պետք է առաջնորդվեն նաև «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` անվճարունակ ճանաչված ընկերությունների լուծարման գործընթացը կարգավորող կիրառելի նորմերով:
Ավելին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ հիմնադրամների լուծարման գործերի քննության համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել հատուկ հայցային վարույթ, ինչը թույլ կտա առավել արդյունավետ պաշտպանել անձանց շահերը և ապահովել դատաքննության կարգի միատեսակությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հիմնադրամների լուծարման գործերով միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հիմնադրամների լուծարման պահանջների վերաբերյալ գործերը ենթակա են առաջին ատյանի դատարանին:
2. Հիմնադրամների լուծարման պահանջների գործերով դատաքննությունն իրականացնել «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ առաջնորդվել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` լուծարման գործընթացը կարգավորող կիրառելի դատավարական նորմերով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել հիմնադրամների լուծարման ընթացակարգը կանոնակարգող օրենքի նախագիծ:
4. ՀՀ տնտեսական դատարանի նախագահին` մշակել հիմնադրամների լուծարման գործերի քննության ուղեցույց և ներկայացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ` |
Հ. Մանուկյան |
|
|