Գլխավոր տեղեկություն
Համար
N 277-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հոդ.192
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.08.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2002

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ ---02192

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 277-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի թիվ 49 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետև՝ կանոնակարգ 1) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1.1. կանոնակարգ 1-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ 191 կանոն՝

 

«Կանոն 191.

Բանկի սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են հիմնադրել սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղեր, որոնց գրանցման առանձնահատկությունները սահմանվում են սույն կանոնով:

2. Սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ է համարվում այն մասնաճյուղը, որը, համաձայն բանկի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրության, իրականացնում է միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի «ե» և «ժ» ենթակետերով նախատեսված ֆինանսական գործառնությունները և գործում է օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, մաքսային սահմաններում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» թիվ 713 որոշմամբ հաստատված սահմանամերձ համայնքներում:

3. Սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերի գրանցումը և ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն իրականացվում է սույն կանոնակարգի 5-րդ և 7-րդ գլուխներով սահմանված կարգով՝ սույն կանոնի 4-րդ կետով սահմանված բացառություններով:

4. Սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի գրանցման համար սահմանվում են հետևյալ բացառությունները՝

ա) սույն կանոնակարգի 12-րդ կանոնի «ա» ենթակետով նախատեսված տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը կարող է սահմանվել առնվազն 1 (մեկ) տարի ժամկետով,

բ) մասնաճյուղի կառավարչի և գլխավոր հաշվապահի որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությունն անցկացվում է միայն բանավոր (հարցազրույցի ձևով), որի արդյունքում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն: Այս կարգով որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն իրականացնելու դեպքում տրվող որակավորման վկայականում նշվում է «սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի» արտահայտությունը».

1.2. կանոնակարգ 1-ի 14-րդ կանոնի 2-րդ կետի «զ» ենթակետի «5 տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կանոնակարգի 191 կանոնով նախատեսված դեպքի)» բառերը.

1.3. կանոնակարգ 1-ի 22-րդ կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Կանոն 22.

Բանկի ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման ու վկայականի տրամադրման կարգ

 

1. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ՝ խորհրդի նախագահի (այսուհետև՝ թեկնածուներ), որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից կամ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի որոշմամբ՝ այլ կազմակերպության կողմից:

Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից իրականացվում է նաև առանձին քաղաքացիների (այսուհետև՝ հավակնորդներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի ղեկավար պաշտոններում կարող են աշխատել այն անձինք, որոնց վերաբերյալ բացակայում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերը:

3. Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունն անցկացվում է բոլոր հավակնորդների համար, և որակավորման վկայականը կարող է տրվել որակավորման և մասնագիտական համապատասխանության քննություն անցած բոլոր դիմորդներին:

4. Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը բանկի ղեկավարների թեկնածուների կամ հավակնորդների մասնակցության համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) բանկի միջնորդագիրը (բանկի ղեկավարի թեկնածուի համար) կամ դիմում հավակնորդի համար (հավելված 16),

բ) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի), գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենները (առկայության դեպքում),

գ) կենսագրական տվյալներ՝ սահմանված ձևով (հավելված 4),

դ) բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ բանկի կառավարման իրավասու մարմնի որոշման կամ հրամանի պատճենը (բանկի ղեկավարի թեկնածուի համար),

ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարումը հավաստող փաստաթուղթ (հավակնորդների համար):

5. Բանկի ղեկավարների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը և համապատասխան որակավորման վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կանոնով սահմանված կարգով՝ սույն կանոնակարգի 191 կանոնով նախատեսված բացառություններով:

6. Քննությունն անցկացվում, և որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետև՝ վկայական) տրվում է հետևյալ պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար.

ա) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ), բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար,

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, ներքին հսկող խմբի ղեկավար (վերահսկիչ, հսկիչ),

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,

դ) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

ե) բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ, գործադիր տնօրենի տեղակալ,

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ,

ընդ որում՝

- բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ, գործադիր տնօրենի տեղակալ,

- բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, ներքին հսկող խմբի ղեկավարի (վերահսկիչի, հսկիչի) վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ,

- բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

Բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող լինել բանկի աշխատակից:

Բանկի ներքին հսկող խմբի ղեկավարը (վերահսկիչ, հսկիչ) չի կարող բանկում իրականացնել նաև այնպիսի պարտականություններ, որոնց վերահսկողությունն իրականացնում է ինքը կամ իր ստորաբաժանումը:

Մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ, եթե մասնաճյուղն ապահովված է այնպիսի համակարգչային ծրագրերով, որոնք ապահովում են մասնաճյուղում կատարվող գործարքների ավտոմատ արտացոլումը բանկի հաշվեկշռում:

7. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում՝ հարցազրույցի ձևով:

Հարցազրույցի արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

8. Բանկի խորհրդի նախագահի տեղակալի, անդամների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում՝ հարցազրույցի ձևով:

9. Սույն կանոնի 6-րդ կետով սահմանված բանկի ղեկավարների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է 2 փուլով (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 191 կանոնով նախատեսված դեպքի)՝

- գրավոր (տեստային) քննություն, որն իրականացվում է համակարգչով՝ Կենտրոնական բանկի մեկ համակարգչային մասնագետի մասնակցությամբ. ընդ որում, տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե,

- բանավոր (հարցազրույցի ձևով) քննություն, որն անցկացվում է հանձնաժողովի նիստում: Բանկի ղեկավարի (բացառությամբ՝ բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի և անդամների) բանավոր քննությանը հրավիրվում է նաև բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը: Եթե բանկի ղեկավարի բանավոր քննությանը բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը չի ներկայանում, ապա առաջին անգամ բանկի ղեկավարի բանավոր քննությունը հետաձգվում է մինչև լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի հաջորդ նիստ, իսկ երկրորդ անգամ բանկի ղեկավարը ստանում է բացասական եզրակացություն:

10. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է՝ ելնելով բանկային և հարկային օրենսդրությունից (օրենքներ և այլ իրավական ակտեր), ինչպես նաև բանկային գործի տեսությունից:

Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում՝ Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

11. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների և հավակնորդների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի՝

ա) բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ, ադմինիստրացիայի ղեկավար (100 հարց),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, ներքին հսկող խմբի ղեկավար (վերահսկիչ, հսկիչ) (80 հարց),

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ (100 հարց),

դ) բանկի գլխավոր հաշվապահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (100 հարց),

ե) բանկի մասնաճյուղի կառավարիչ, վարչության անդամներ, գործադիր տնօրենի տեղակալներ (80 հարց),

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (80 հարց),

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, անդամ (80 հարց):

12. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը՝ զրո միավոր:

13. Բանկի ղեկավարներին և հավակնորդներին թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Գրավոր քննության ժամանակ թեկնածուներին (հավակնորդին) արգելվում է օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուսների հետ:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում հավակնորդը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

14. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) գնահատվում են մինչև Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստը:

15. Տեստերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ՝

- եթե սույն կանոնի 6-րդ կետով սահմանված բանկի ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն թվի մինչև 61 տոկոսը, ապա նա չի մասնակցում հանձնաժողովի բանավոր քննությանը, և հանձնաժողովն արձանագրում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտորեն չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին.

- եթե սույն կանոնի 6-րդ կետով նախատեսված բանկի ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն թվի 61 և ավելի տոկոսը, ապա նա մասնակցում է հանձնաժողովի նիստին՝ բանավոր (հարցազրույց) ստուգում անցնելու համար:

Տեստային քննության արդյունքները գնահատվում են 1-5 միավորներով: Ընդ որում, 61-68 % ճիշտ պատասխանները գնահատվում են 1 միավոր, 69-76 %-ը՝ 2 միավոր, 77-84 %-ը՝ 3 միավոր, 85-92 %-ը՝ 4 միավոր, 93-100 %-ը՝ 5 միավոր:

16. Բանավոր քննության արդյունքները գնահատվում են 1-5 միավորներով:

17. Գրավոր և բանավոր քննության արդյունքում հավաքած միավորներին գումարվում է՝ ֆինանսաբանկային համակարգում 2 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային փորձի առկայության դեպքում՝ 1 միավոր:

18. Տեստային և բանավոր քննության արդյունքներով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը տվյալ անձի որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը՝

ա) դրական եզրակացություն, եթե բանկի ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 7 և ավելի միավոր:

բ) բացասական եզրակացություն, եթե բանկի ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 7 միավորից քիչ:

19. Բանկը կարող է անձին քննության ներկայացնել միայն այն դեպքում, եթե վերջինս տվյալ պաշտոնին նշանակված է որպես ժամանակավոր պաշտոնակատար: Սույն պահանջը չի տարածվում նոր հիմնադրվող բանկերի, դրանց և գործող բանկերի նոր հիմնադրվող տարածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածուների վրա:

Բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը, բանկի ղեկավարին (բացառությամբ՝ բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի և անդամների) քննության ներկայացնելով հաստատում է, որ նախօրոք ստուգել է նրա որակավորման և մասնագիտական գիտելիքների մակարդակը և հավաստում է, որ դրանք համապատասխանում են Կենտրոնական բանկի պահանջներին:

Բանկը որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած անձի թեկնածությունը կարող է կրկին առաջադրել ոչ շուտ, քան 6 ամիս հետո՝ ներկայացնելով գրավոր միջնորդագիր: Ընդ որում, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա, Կենտրոնական բանկի նախագահի հրամանով, որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած թեկնածուին կարող է թույլատրվել 6 ամսվա ընթացքում հանձնել կրկնակի քննություն:

20. Թեկնածուի կամ հավակնորդի վերաբերյալ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին՝ հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահին է ներկայացնում տվյալ պաշտոնում աշխատելու համար տվյալ անձի համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Բացասական եզրակացության դեպքում հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ներկայացնել նաև այն փաստերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանգել է տվյալ եզրակացության:

Կենտրոնական բանկի նախագահի հրամանի հիման վրա լրացվում, և ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) տրվում է որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (հավելված 17):

21. Սույն կանոնով նախատեսված բանկի ղեկավարների վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված 3 տարի ժամկետով:

Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է բանկի ղեկավարին, եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական կամ բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից չի նշանակվել բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (բանկի ղեկավարի համար):

Կենտրոնական բանկի նախագահը, հաշվի առնելով բանկի վարչության նախագահի, գործադիր տնօրենի, նրա տեղակալների, վարչության անդամների, բանկի գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում բանկի կողմից բանկային օրենսդրության խախտումների, ինչպես նաև նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է բանկի ղեկավարի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել երեք տարով՝ առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

22. Սույն կանոնի 7-րդ կետով սահմանված բանկի ղեկավարները, ինչպես նաև հավակնորդները որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով:

23. Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, համապատասխան հրամանի համարը և ամսաթիվը, հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

Հավակնորդը կարող է դիմել Կենտրոնական բանկ՝ նաև մեկից ավելի ղեկավարների համար նախատեսված քննություններին մասնակցելու և համապատասխան վկայականներ ստանալու համար:

24. Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում»:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի թիվ 49 որոշման 3.1 կետում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2002 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. օգոստոսի 28
Երևան