Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2004-29.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.199
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.06.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004154


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 հունիսի 2004 թ.
ք. Երևան

N 62-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա) իր կողմից սպասարկվող սպառողների ընդհանուր թվի առնվազն 60 տոկոսին ապահովել ամենօրյա նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել ջրամատակարարման հաստատված գրաֆիկները.

գ) մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սպառողների ջրամատակարարման սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների (այդ թվում` ներդրումային) ծրագրերը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի 2004 թ.
հունիսի 1-ի N 62-Ն որոշմամբ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:

 

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, N 10002340):

2. Ընկերությունը պարտավոր է զանգվածային լրատվական կամ այլ միջոցներով սպառողներին նախապես իրազեկել տվյալ տարածքի ջրամատակարարման հաստատված գրաֆիկների մասին, իսկ դրանցում կատարվող փոփոխությունների դեպքում` առնվազն 2 օր առաջ:

3. Ընկերությունը պարտավոր է սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:

4. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

5. Մատակարարման համակարգում վթարների դեպքում Ընկերությունը պարտավոր է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո ջրամատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 72 ժամը` բնակավայրերից դուրս գտնվող (մայրուղային) ջրատարների և 48 ժամը` բնակավայրերի տարածքում գտնվող ջրամատակարարման համակարգերի վթարների դեպքում:

6. Սույն պահանջների 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

7. Եթե Ընկերությունը չի կատարել 6-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

8. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետի պայմանին, ապա Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին: