ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 ապրիլի 2002 թվականի |
թիվ 128 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և վարկային կազմակերպությունների» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`
1. Հաստատել «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից լուծարային հաշվի բացման, վարման, ինչպես նաև այլ բանկերում հաշիվների փակման կարգը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:
(որոշումը փոփ. 05.12.02 թիվ 387-Ն որոշում)
Հաստատված է |
ԿԱՐԳ
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ
Սույն կարգի նպատակն է կանոնակարգել լուծարման գործընթացում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում լուծարային հաշվի բացման, վարման, ինչպես նաև այլ բանկերում հաշիվների փակման կարգը և պայմանները:
ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն կարգը սահմանված է համաձայն «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջների և կարգավորում է լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետև` լուծարվող բանկ) լուծարային կառավարիչների կողմից լուծարային հաշվի բացման, վարման, ինչպես նաև այլ բանկերում հաշիվների փակման կարգը և պայմանները:
(1-ին կանոնը փոփ. 05.12.02 թիվ 387-Ն որոշում)
ԿԱՆՈՆ 2. ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Լուծարվող բանկի լուծարային կառավարիչը դատարանի կողմից լուծարվող բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում պարտավոր է դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ)` լուծարային հաշիվը սպասարկող բանկի վերաբերյալ Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար: Սույն կետով նախատեսված համաձայնությունը ստանալու դեպքում լուծարային կառավարիչը պարտավոր է համաձայնությունը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում բացել բանկի լուծարային հաշիվը:
(2-րդ կանոնի 1-ին կետը փոփ. 05.12.02 թիվ 387-Ն որոշում)
2. Լուծարային կառավարիչը ինքն է որոշում լուծարային հաշիվը սպասարկող բանկը:
3. Լուծարային հաշվին են հաշվեգրվում բանկի բոլոր դրամական միջոցները, ինչպես նաև բանկի լուծարային միջոցների իրացումից ստացված գումարները: Լուծարային հաշիվը լուծարային կառավարչի կողմից չի կարող օգտագործվել «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքից, ինչպես նաև լուծարվող բանկի լուծարման և պարտատերերի պահանջների բավարարման գործընթացից չբխող նպատակներով:
(2-րդ կանոնի 3-րդ կետը փոփ. 05.12.02 թիվ 387-Ն որոշում)
4. Լուծարային հաշիվը կարող է բացվել և վարվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված առաջին խմբի արտարժույթների շարքին դասվող արտարժույթով (արտարժույթներով):
5. Լուծարվող բանկը, բացի սույն կարգով սահմանված կարգով բացված հաշվից, այլ հաշիվներ չի կարող ունենալ:
6. Լուծարային հաշիվը պետք է բացվի և վարվի համաձայն լուծարային կառավարչի և լուծարային հաշիվը սպասարկող բանկի միջև կնքված գրավոր պայմանագրի, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ գլխով բանկային հաշվի պայմանագրին ներկայացվող պահանջներին:
7. Սույն կանոնի 6-րդ կետում նշված պայմանագիրը, ինչպես նաև դրա հետագա լրացումները և փոփոխությունները կամ դրա շուրջ կնքված այլ պայմանագրերն ու համաձայնագրերը պետք է կնքվեն հայերեն, 3 օրինակից, որոնք պետք է ունենան հավասար իրավաբանական ուժ և վավերացված լինեն բանկի իրավասու անձի և լուծարային կառավարչի ստորագրություններով ու կնիքներով:
8. Սույն կանոնի 6-րդ կետում նշված պայմանագիրը, ինչպես նաև դրա հետագա լրացումների ու փոփոխությունների կամ դրա շուրջ կնքված այլ պայմանագրերի ու համաձայնագրերի մեկական օրինակները լուծարային կառավարիչը պարտավոր է տրամադրել Կենտրոնական բանկին: Սույն կետում նշված պայմանագրերը, համաձայնագրերը, դրանց լրացումները կամ փոփոխությունները պահվում են Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում:
ԿԱՆՈՆ 3. ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Լուծարային հաշիվը այն սպասարկող բանկի կողմից վարվում է համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների:
2. Լուծարային հաշվից միջոցների դուրսգրումն իրականացվում է բացառապես լուծարային կառավարչի հանձնարարականների (կարգադրությունների) հիման վրա:
3. Լուծարային կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացնել լուծարային հաշվով կատարված գործառնությունների մասին գրավոր տեղեկատվություն (լուծարային հաշիվը սպասարկող բանկի կողմից հաստատված հաշվով կատարված գործառնությունների քաղվածք):
4. Լուծարային հաշիվը սպասարկող բանկի պահանջները լուծարային կառավարչին` կապված լուծարային հաշվի վարման, ինչպես նաև հաշվով իրականացված գործառնությունների դիմաց բանկի սակագների կամ դրույքաչափերի վճարման հետ, չեն ընդգրկվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականության մեջ:
(3-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 387-Ն որոշում)
ԿԱՆՈՆ 4. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇԻՎՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԱՆԴԻՊԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑԸ
1. Լուծարային հաշիվը սպասարկող բանկի դրամական պահանջները լուծարային կառավարչին` կապված բանկի կողմից մատուցված ծառայությունների համար վճարման հետ, ինչպես նաև տոկոսներ վճարելու մասին լուծարային կառավարչի պահանջները բանկին կարող են դադարել հաշվանցով:
2. Սույն կանոնով նախատեսված հանդիպական պահանջների հաշվանցը իրականացնում է լուծարային հաշիվը սպասարկող բանկը:
ԿԱՆՈՆ 5. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄԸ
«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարանի կողմից բանկի լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը, այն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկօրյա ժամկետում լուծարային կառավարիչը ներկայացնում է լուծարային հաշիվը սպասարկող բանկին: Սույն կետով նախատեսված որոշումը ստանալու օրը լուծարային հաշվի բացման և վարման պայմանագիրը համարվում է լուծված, իսկ լուծարային հաշիվը` փակված:
(5-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 387-Ն որոշում)
ԿԱՆՈՆ 6. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ` ԱՅԼ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓԱԿՈՒՄԸ
Լուծարային կառավարիչը պարտավոր է դատարանի կողմից իր նշանակման պահից երկշաբաթյա ժամկետում փակել Կենտրոնական բանկում և այլ բանկերում (Հայաստանի Հանրապետության տարածքում կամ արտերկրում գործող) գտնվող լուծարվող բանկի թղթակցային հաշիվները, թղթակցային ենթահաշիվները, ինչպես նաև այլ բանկային հաշիվներն ու դրանցում առկա միջոցները փոխանցել սույն կարգով բացված լուծարային հաշվին:
ԿԱՆՈՆ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Մինչև «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված լուծարային կառավարիչները պետք է առաջնորդվեն սույն կարգով:
(7-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 387-Ն որոշում)