ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մարտի 2002 թվականի |
թիվ 70 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունվարի 11-ի թիվ 5 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 10-ում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. կանոնակարգի կանոն 14-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ԿԱՆՈՆ 14. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) սույն կանոնակարգով նախատեսված խախտումն արձանագրվում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման կողմից արձանագրություն (այսուհետև` արձանագրություն) կազմելու միջոցով, և այդ պահից խախտումը համարվում է արձանագրված:
2. Արձանագրության մեջ հանգամանորեն նկարագրվում է լիցենզավորված անձի թույլ տված խախտումը: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում արձանագրությանը կցվում են նաև լիցենզավորված անձի թույլ տված խախտման փաստը հիմնավորող կամ պարզաբանող այլ փաստաթղթեր:
3. Արձանագրությունը կազմվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այն Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված լիցենզավորված անձին, բացառությամբ` լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության հայտնաբերման դեպքերի:
4. Արձանագրությունն ստանալու պահից յոթ օրացուցային օրվա ընթացքում լիցենզավորված անձը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել արձանագրության վերաբերյալ բացատրություններ, առարկություններ, պարզաբանումներ, որոնք լիցենզավորված անձը կարող է ներկայացնել նաև բանավոր` հանձնաժողովի նիստում:
5. Խախտում կատարած լիցենզավորված անձի կողմից առարկություններ և բացատրություններ ստանալու դեպքում, ինչպես նաև խախտումն արձանագրած համապատասխան ստորաբաժանման կարծիքով ցանկացած պահին համապատասխան իրավաբանական պարզաբանում ստանալու անհրաժեշտություն ծագելու դեպքում վերջինս դիմում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն` իրավաբանական եզրակացություն ստանալու համար` ներկայացնելով արձանագրությունը, առկայության դեպքում` լիցենզավորված անձի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերը:
6. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը արձանագրությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում համապատասխան ստորաբաժանմանն է տրամադրում ներկայացված արձանագրության վերաբերյալ իրավաբանական եզրակացությունը:
7. Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (հետագայում` հանձնաժողով) նիստում լիցենզավորված անձի կողմից թույլ տրված խախտման քննարկման ընթացքում իրավաբանական պարզաբանում ստանալու անհրաժեշտություն ծագելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը արձանագրությունը, առկայության դեպքում` լիցենզավորված անձի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերն ուղարկում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն, որն արձանագրությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում իրավաբանական եզրակացություն է ներկայացնում հանձնաժողովի քարտուղարին` հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում հարցն ընդգրկելու համար:
8. Իրավաբանական վարչության կողմից ներկայացված եզրակացությունում պետք է նշվի, թե արձանագրված փաստը արդյոք համարվում է խախտում, և Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել համապատասխան պատժամիջոց, թե ոչ:
9. Այն դեպքում, երբ արձանագրությունը չի ներկայացվել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն` իրավաբանական պարզաբանման համար, ապա լիցենզավորված անձի կողմից բացատրություններ, առարկություններ և պարզաբանումներ ստանալու պահից, իսկ չստանալու դեպքում` լիցենզավորված անձի կողմից արձանագրությունն ստանալու պահից յոթ օրացուցային օր անցնելու պահից մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը արձանագրությունը, առկայության դեպքում` լիցենզավորված անձի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարին` հանձնաժողովի նիստի օրակարգում հարցն ընդգրկելու համար:
10. Այն դեպքում, երբ արձանագրությունը ներկայացվել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն` իրավաբանական եզրակացություն ստանալու համար, ապա իրավաբանական եզրակացությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը արձանագրությունը, առկայության դեպքում` լիցենզավորված անձի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերը և իրավաբանական եզրակացությունը ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարին` հանձնաժողովի նիստի օրակարգում հարցն ընդգրկելու համար».
1.2. կանոնակարգի կանոն 15-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ԿԱՆՈՆ 15. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔԻ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ, ՈՐՊԵՍ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովը, քննարկելով սույն կանոնակարգի 14 կանոնի 9-րդ կամ 10-րդ կետում նշված փաստաթղթերը, կայացնում է սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է եզրակացություն:
2. Հանձնաժողովի նիստից հետո, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը պատրաստում է նախազգուշացում հայտարարելու և (կամ) տուգանքը կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ, որը համապատասխան տեղեկանքի հետ, որը պարունակում է լիցենզավորված անձի կողմից թույլ տրված խախտման, նրա բացատրությունների ու առարկությունների (եթե դրանք առկա են) և հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահին:
3. Հանձնաժողովը կարող է իր եզրակացությամբ կարճել վարույթը, եթե տվյալ խախտման համար պատժամիջոց նախատեսված չէ, կամ եթե սույն կանոնում նախատեսված պատժամիջոց առաջացնող արձանագրված խախտումը, իր հիմնավոր կարծիքով, էական չէ:
4. Կենտրոնական բանկի նախագահը պատժամիջոց կիրառելու մասին որոշում է կայացնում խախտման արձանագրման պահից եռամսյա ժամկետում, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության հայտնաբերման դեպքերի: Սույն կետում նշված ժամկետում պատժամիջոց կիրառելու մասին որոշում չկայացնելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:
5. Լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքների նշանակման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի հրամանն ուժի մեջ մտնելու պահից տուգանքների գանձման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը:
6. Լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի նշանակման դեպքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը Կենտրոնական բանկի տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության հատուկ բաժնի միջոցով Կենտրոնական բանկի նախագահի հրամանն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում հրամանն ու տուգանքի վճարման հայտարարագիրը Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության համապատասխան ծանուցագրով ուղարկում է խախտում թույլ տված լիցենզավորված անձին:
7. Խախտում թույլ տված լիցենզավորված անձը հրամանն ու տուգանքի վճարման հայտարարագիրն ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կենտրոնական բանկին է ներկայացնում տուգանքի վճարման հայտարարագիրը և վճարման անդորրագիրը:
8. Այն դեպքում, երբ լիցենզավորված անձի նկատմամբ որպես պատժամիջոց նշանակվել է տուգանք, և լիցենզավորված անձը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ, ապա տուգանքը գանձվում է դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա` Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից: Ընդ որում, տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
9. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը խախտում թույլ տված լիցենզավորված անձի կողմից տուգանքի վճարման հայտարարագիրը և անդորրագիրը չստանալու կամ անհամաձայնությունն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան է ներկայացնում տուգանքը գանձելու վերաբերյալ Կենտրոնական բանկի հայցադիմումը:
10. Լիցենզավորված անձի նկատմամբ տուգանքի գանձման մասին առաջին ատյանի, վերաքննիչ դատարանի, տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը լիցենզավորված անձի կողմից կամովին չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` վճռի հարկադիր կատարմանն ուղղված միջոցառումներ:
11. Սույն գլխի իմաստով` ֆինանսական տարի է համարվում հունվարի 1-ից (ներառյալ) մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածը».
1.3. կանոնակարգի կանոն 16-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ԿԱՆՈՆ 16. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՈՐՊԵՍ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովը, քննարկելով սույն կանոնակարգի 14 կանոնի 9-րդ կամ 10-րդ կետում նշված փաստաթղթերը, կայացնում է սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է եզրակացություն, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
2. Հանձնաժողովի նիստից հետո, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը պատրաստում է լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ, որով պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և այն լիցենզավորված անձի բացատրությունների ու առարկությունների, 14-րդ կանոնի 9-րդ կամ 10-րդ կետում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:
3. Այն դեպքում, երբ լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ նախատեսվում են լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեությունը կասեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը:
Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվում է սույն կանոնակարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման որոշում է կայացվում յուրաքանչյուր հիմքով:
4. Եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել ՀՀ օրենսդրության պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին կամ բարի համբավին, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես զրկել լիցենզավորված անձին սույն կանոնակարգի 3-րդ կանոնով նախատեսված բոլոր կամ առանձին գործառույթների, կամ գործողություններ իրականացնելու իրավունքից: Ընդ որում, այս դեպքում վերոհիշյալ որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու պահից:
Եթե վերոհիշյալ որոշումը կայացնելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի կայացվում, կամ եթե այդ որոշմամբ չեն հիմնավորվում սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված բոլոր կամ առանձին գործառույթները, կամ գործողությունները արգելելու անհրաժեշտությունը, ապա արգելման մասին որոշումը համարվում է անվավեր, և Կենտրոնական բանկը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել արգելման հետևանքով լիցենզավորված անձին պատճառված վնասները:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված խախտումների համար (բացառությամբ` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի) լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում է կայացնում խախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետում պատժամիջոց կիրառելու մասին որոշում չկայացվելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:
6. Լիցենզավորված անձին արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններով, այն է` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններով զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:
7. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ լիցենզավորված անձի դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում չքննարկվելու դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված` լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով:
Լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:
Լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի բավարարման դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով:
8. Լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը այն ուղարկում է խախտում թույլ տված լիցենզավորված անձին:
9. Եթե հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացության կայացման օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում պատշաճ ձևով լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի հանձնվում կամ ուղարկվում լիցենզավորված անձին, ապա լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված, և Կենտրոնական բանկն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ հարց բարձրացնել լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար:
10. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը ժամանակավորապես զրկվում է սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված բոլոր արժութային գործառնությունները կամ մի մասն իրականացնելու իրավունքից:
11. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
12. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման մասին ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Կենտրոնական բանկում մուտքագրելու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, եթե այդ ժամկետում Կենտրոնական բանկը այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին լիցենզավորված անձին չի հայտնում: Սույն կետով նախատեսված հայտարարությունն ստանալուց հետո բանկային վերահսկողության դեպարտամենտը Կենտրոնական բանկի ներքին աշխատակարգերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ».
1.4. կանոնակարգի կանոն 17-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ԿԱՆՈՆ 17. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովը, քննարկելով սույն կանոնակարգի 14 կանոնի 9-րդ կամ 10-րդ կետում նշված փաստաթղթերը, կայացնում է սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դիմումը դատարան ներկայացնելու վերաբերյալ եզրակացություն, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում հանձնաժողովի կողմից սույն կանոնակարգի 14 կանոնի 9-րդ կամ 10-րդ կետում նշված փաստաթղթերի քննարկումից հետո եռօրյա ժամկետում իրավաբանական վարչությունը պատրաստում է մինչև դատարանի կողմից լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ վճիռն ուժի մեջ մտնելը լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ, որը լիցենզավորված անձի բացատրությունների ու առարկությունների, 14 կանոնի 9-րդ կամ 10-րդ կետում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված` լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը պատրաստում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում և ներկայացնում դատարան: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված:
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի քննարկման և լիցենզավորված անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումով դատարան դիմելու որոշման կայացման դեպքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը մեկշաբաթյա ժամկետում պատրաստում և դատարան է ներկայացնում լիցենզավորված անձի լիցենզիան ուժ կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում:
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում Կենտրոնական բանկի խորհուրդը:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված` լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում չքննարկվելու դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը` դադարեցված:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկումից հետո եռօրյա ժամկետում իրավաբանական վարչությունը պատրաստում է լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ, որը լիցենզավորված անձի դիմումի, իսկ առկայության դեպքում` այլ փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:
Կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի գործողության դադարեցման դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` Կենտրոնական բանկի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` իրավաբանական անձ-լիցենզավորված անձի լուծարման, անհատ ձեռնարկատեր-լիցենզավորված անձի գործունեության դադարեցման օրվանից:
5. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերվելու օրվանից 15-օրյա ժամկետում:
6. Այն դեպքում, երբ լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշմամբ պետք է սահմանվեն լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը:
7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
8. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում:
9. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի դիմել նոր լիցենզիա ստանալու համար միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|