«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 հուլիսի 2002 թ. |
N 50-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու կարգը» (հավելված)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Վ. Մովսեսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Գործունեության լիցենզիայում (այսուհետև՝ լիցենզիա) փոփոխություններ կարող են կատարվել լիցենզիա ունեցող անձի դիմումի համաձայն և (կամ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (այսուհետև՝ հանձնաժողով) նախաձեռնությամբ:
2. Լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայում փոփոխություններ կատարելը
2.1 Լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար լիցենզավորված անձը դիմում է ներկայացնում հանձնաժողով:
2.2 Դիմումի մեջ նշվում են լիցենզավորված անձի կողմից առաջարկվող փոփոխությունները և դրանց հիմնավորումները: Դիմումին կցվում են առաջարկվող փոփոխությունները հիմնավորող փաստաթղթեր, տվյալներ, հաշվարկներ և այլն:
2.3 Դիմումը հանձնաժողովում մուտքագրվելուց հետո հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) մակագրությամբ ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում (այսուհետև՝ պատասխանատու ստորաբաժանում)՝ ուսումնասիրելու և քննարկման նախապատրաստելու համար: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը) հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է համակարգող:
2.4 Պատասխանատու ստորաբաժանումը ստուգում է դիմումի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը:
2.5 Դիմումը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
- դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,
- ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին։
2.6 Հանձնաժողովը դիմումի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի ստուգման բացասական արդյունքի դեպքում այն սահմանված կարգով պահպանվում է հանձնաժողովում։ Լիցենզավորված անձը դիմումը սույն կարգի 2.1 և 2.2 կետերին համապատասխանեցնելուց հետո կարող է կրկին դիմել հանձնաժողով։
2.7 Դիմումի ստուգման դրական արդյունքի դեպքում պատասխանատու ստորաբաժանումը, ուսումնասիրության մեջ ներգրավելով հանձնաժողովի այլ ստորաբաժանումների, տալիս է համապատասխան եզրակացություն:
2.8 Պատասխանատու ստորաբաժանումը կարող է լիցենզավորված անձից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, կատարել լրացուցիչ փորձաքննություն (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ): Լրացուցիչ փաստաթղթերի, տեղեկությունների ներկայացման և լրացուցիչ փորձաքննության համար ծախսված ժամանակը չի ներառվում 2.10 կետով սահմանված ժամկետի մեջ։
2.9 Պատասխանատու ստորաբաժանման եզրակացության հիման վրա, լիցենզիայում առաջարկվող փոփոխությունների հարցը հանձնաժողովի կողմից սահմանած կարգով քննարկվում է նիստում և կայացվում համապատասխան որոշում:
2.10 Հանձնաժողովը լիցենզավորված անձի առաջարկած փոփոխություններն ընդունում կամ մերժում է դիմումի մուտքագրումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելը
3.1 Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:
3.2 Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը համապատասխան գրությամբ այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:
3.3 Լիցենզավորված անձը հանձնաժողովի գրությունն ստանալու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է համապատասխան գրությամբ ներկայացնել իր տեսակետը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ Չհամաձայնելու դեպքում լիցենզավորված անձը գրության մեջ պետք է նշի պատճառները՝ համապատասխան հիմնավորումներով:
Եթե լիցենզավորված անձը 10 աշխատանքային օրվա ընթացքում չի հայտնում իր տեսակետը, ապա հանձնաժողովը լիցենզիայում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հարցը սահմանված կարգով քննարկում է նիստում։ Լիցենզավորված անձը նիստի ընթացքում կարող է արտահայտել իր կարծիքը։
3.4 Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած վնասները փոխհատուցվում են սակագնով: Վնասի փոխհատուցման պահանջի դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այն հիմնավորել:
4. Լիցենզիայում փոփոխություններ կատարելու առանձնահատկությունները եվ լիցենզիայի վերաձեվակեպում
4.1 Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխությունների իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում ներկայացնել հանձնաժողով՝ լիցենզիայի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
4.2 Լիցենզավորված անձի առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզավորված անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) լիցենզիան տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար հանձնաժողովի կողմից ընդունած լիցենզավորման կարգով:
4.3 Լիցենզավորված անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ բաժանված իրավաբանական անձանց լիցենզիան տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար հանձնաժողովի կողմից ընդունած լիցենզավորման կարգով:
4.4 Սույն կարգի 4.2 և 4.3 կետերում նախատեսված դեպքերում լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գույքը առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) կամ բաժանված իրավաբանական անձին փոխանցելու կամ օտարելու և դրանից բխող այդ գույքի նկատմամբ իրավասությունները և պարտավորությունները փոխանցելու համար դիմել հանձնաժողով՝ գրավոր թույլտվություն ստանալու համար։
4.5 Լիցենզիայի վերաձևակերպման կամ վերաձևակերպման մերժման մասին հանձնաժողովի որոշումը կայացվում է լիցենզավորված անձի համապատասխան դիմումը հանձնաժողովում մուտքագրվելու օրվանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ հանձնաժողովը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:
4.6 Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հետևանքով լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար լիցենզավորված անձը պետք է բավարարի հանձնաժողովի կողմից ընդունված լիցենզավորման կարգերի համապատասխան պահանջները: