Գլխավոր տեղեկություն
Համար
N 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.1996-11.10.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.09.1996
Ստորագրման ամսաթիվ
13.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 1996 թ. N 7

 

«ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (7) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի սնանկացման ընթացակարգի մասին» կանոնակարգը (7):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

քաղ. Երևան
N 7

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
1996 թվականի սեպտեմբերի 13-ի N 7 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Կանոն 1. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Բանկերի սնանկացման ընթացակարգը կարգավորվում է «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնակարգով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Կանոն 2. ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված անվճարունակության հիմքի (հիմքերի) բացահայտման վերաբերյալ որոշում է ընդունում կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության եզրակացության հիման վրա:

2. Սույն կանոնի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո կենտրոնական բանկն անմիջապես պաշտոնական գրությամբ

տեղեկացնում է բանկին նրա նկատմամբ սնանկացման գործընթաց սկսելու կենտրոնական բանկի մտադրության, նախնական խնամակալի թեկնածության, ինչպես նաև բանկի նկատմամբ նախնական խնամակալություն սկսելու մասին որոշման ընդունման օրվա մասին: Բանկը կարող է մինչև կենտրոնական բանկի խորհրդի որոշում ընդունելը ներկայացնել բանավոր կամ գրավոր միջնորդություններ, բացատրություններ կամ առարկություններ:

3. Սույն կանոնի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո, հինգ օրվա ընթացքում, կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում բանկի նկատմամբ նախնական խնամակալություն սկսելու մասին` նշանակելով նախնական խնամակալ:

4. Նախնական խնամակալություն սկսելու մասին որոշում կայացնելուց հետո, եռօրյա ժամկետում, կենտրոնական բանկը բանկերի սնանկացման գործերը քննող դատարանին ծանուցելիս կից ներկայացնում է բանկի անվճարունակությունը հիմնավորող հետևյալ փաստաթղթերի պատճենները`

ա) բանկի նկատմամբ նախնական խնամակալություն սկսելու մասին կենտրոնական բանկի խորհրդի որոշումը.

բ) բանկի վերջին վեց ամիսների ֆինանսական հաշվետվությունները, ներառյալ եկամուտների և ծախսերի հաշվետվությունը, հաշվեկշիռները.

գ) կենտրոնական բանկի եզրակացությունը բանկի անվճարունակության վերաբերյալ, որը հիմնված է բանկի գործունեության վերջին վեց ամիսների վերլուծության արդյունքների վրա:

5. Նախնական խնամակալն իր նշանակման պահից մեկ օրվա ընթացքում կենտրոնական բանկին տեղեկացնում է բանկի ակտիվների հափշտակումների կանխմանն ուղղված իր կողմից ձեռնարկվելիք միջոցառումների մասին, մասնավորապես`

ա) բանկի նյութական արժեքների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով բանկի կենտրոնական մուտքի, ինչպես նաև ներքին այն տարածքների դռների կողպեքների (փականների) փոխարինման միջոցառումների մասին, որտեղ պահվում են նյութական արժեքներ, փաստաթղթեր (տեղեկություններ) կամ սարքավորումներ.

բ) տվյալների համակարգչային բազաներ մուտք գործելու ծածկագրերի (կոդերի) փոխանակման մասին, ինչպես նաև այդ ծածկագրերին (կոդերին) միայն նախնական խնամակալի կողմից լիազորված անձանց տեղյակ լինելուն ուղղված միջոցառումների մասին.

գ) այլ անձանց մուտքը բանկի տարածք կանխելու նպատակով հին անցագրերը նորերով փոխարինելու միջոցառումների մասին.

դ) բանկի ակտիվները միայն նախնական խնամակալի կամ նրա կողմից լիազորված անձանց նախնական համաձայնությամբ օտարելուն ուղղված միջոցառումների մասին.

ե) բանկի ղեկավարներին և մասնակիցներին կատարվող վճարումների (բացառությամբ աշխատավարձի) կասեցմանն ուղղված միջոցառումների մասին:

6. Բանկը կարող է նախնական խնամակալի թեկնածությունը, ինչպես նաև նախնական խնամակալի գործողությունները գանգատարկել կենտրոնական բանկ:

7. Նախնական խնամակալի թեկնածության, ինչպես նաև նախնական խնամակալի գործողությունների դեմ բերված գանգատների քննարկման ողջ ժամանակահատվածում նախնական խնամակալությունը շարունակվում է առանց սահմանափակումների:

8. Նոր նախնական խնամակալի նշանակումը նախնական խնամակալության ժամկետի վերսկսման չի հանգեցնում:

Կանոն 3. ԲԱՆԿԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ: ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Խնամակալության ծրագրի հիման վրա խնամակալության ընթացքում խնամակալն իրավունք ունի իրականացնել բանկի վերակազմավորումը (միաձուլումը կամ բանկի վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի), այդ թվում` նոր արժեթղթերի թողարկման միջոցով, որոնք բաշխվում են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր բաժնետերերի (մասնակիցների) միջև:

2. Բանկը վերակազմավորելու և բանկի խնամակալությունը հաստատելու հայցով դատարան դիմելիս կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում նախնական խնամակալի եզրակացությունը, կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, խնամակալի թեկնածությունը և խնամակալության ծրագիրը:

3. Խնամակալը պետք է համապատասխանի կենտրոնական բանկի կողմից բանկերի գործադիր տնօրենների համար սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին:

4. Խնամակալը գործում է խնամակալության ծրագրին համապատասխան: Խնամակալության ծրագիրը կազմվում է խնամակալի կողմից` բանկի ընթացիկ ֆինանսական վիճակի վերլուծության հիման վրա և ներառում է խնամակալի կողմից խնամակալության ընթացքում իրականացվելիք, բանկի ֆինանսական վիճակի առողջացմանն ուղղված միջոցառումները:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը հավանություն է տալիս խնամակալի կազմած խնամակալության ծրագրին, ինչպես նաև դրանում կատարվող լրացումներին և փոփոխություններին ու դրանք ներկայացնում դատարանի հաստատմանը:

6. Խնամակալության ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից`

- ներածություն.

- ակտիվների և պարտավորությունների կառուցվածք (այդ թվում` ըստ ժամկետների).

- վատորակ ակտիվների նվազեցմանն ուղղված միջոցառումները.

- բանկի գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի կառավարում և գնահատում.

- տնտեսական նորմատիվների պահպանմանն ուղղված միջոցառումներ.

- սպասարկման ոլորտների և շուկաների գնահատում, որոնցում բանկը մտադիր է շարունակել և ընդլայնել իր գործունեությունը.

- կազմակերպա-կառուցվածքային միջոցառումներ, այդ թվում` բանկի նոր բաժնետոմսեր թողարկելու (նոր մասնակիցներ ներգրավելու), բանկը վերակազմավորելու, բանկը որպես գործող միասնական ամբողջություն կամ բանկի ակտիվների և պասսիվների մի մասը վաճառելու, բանկի առանձին ստորաբաժանումները օտարելու կամ լուծարելու ծրագիր, մասնաճյուղերի, այլ տարածքային ստորաբաժանումների ռացիոնալ տեղաբաշխման սխեմա և բանկի կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր.

- հաշվարկային բաժին, որում պետք է արտացոլվեն ծրագրի նախորդ բաժինները հիմնավորող հաշվարկները, ինչպես նաև ծրագրի միջոցառումների իրականացման տնտեսական արդյունավետությունը, մասնավորապես, ներգրավված միջոցների սպասարկման և մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերը, ակտիվների տարբեր տարատեսակներից սպասվող եկամուտները, ծառայություններից սպասվող եկամուտները, այլ ծախսերն ու եկամուտները, որոնց հիման վրա պետք է ամփոփվեն ֆինանսական արդյունքները և ծրագրում նախատեսվող ժամկետի վերջի դրությամբ հիմնական արդյունքային ցուցանիշները, այդ թվում` տնտեսական նորմատիվների մեծությունները:

 

Կանոն 4. ԲԱՆԿԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

 

Բանկի խնամակալությունը ավարտվում է հետևյալ դեպքերում`

ա) բանկի նկատմամբ խնամակալություն նշանակելուց հետո 30 օրվա ընթացքում «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված` բաժնետերերի և պարտատերերի կողմից բանկերի խնամակալությունը դադարեցնելու միջնորդությունը դատարանի կողմից բավարարելու.

բ) խնամակալության ընթացքում բանկի ֆինանսական կայունությունը (կայուն վճարունակությունը) վերականգնելու արդյունքում դատարանի կողմից խնամակալությունը դադարեցնելու և բանկը բաժնետերերի (մասնակիցների) և խորհրդի կառավարմանն ու տնօրինմանը վերադարձնելու մասին որոշում կայացնելու.

գ) բանկի նկատմամբ լուծարային կառավարում սկսելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելու դեպքում:

 

Կանոն 5. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Բանկի նկատմամբ լուծարային կառավարումը սկսվում է կենտրոնական բանկի հայցով` դատարանի կողմից լուծարային կառավարչի նշանակումով:

2. Լուծարային կառավարիչը պետք է համապատասխանի բանկերի գործադիր տնօրենների համար կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին:

3. Լուծարային կառավարիչը լուծարային կառավարիչ նշանակվելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող ցանկացած միջոցը կամ միջոցները մեկ գործարքով կամ միմյանց հետ կապված մի քանի գործարքներով վաճառելու իրավունք ունի միայն կենտրոնական բանկի թույլտվությամբ:

4. Լուծարային կառավարիչը սույն կանոնի 3-րդ կետով նախատեսված թույլտվություն ստանալու նպատակով դիմում է կենտրոնական բանկ` ներկայացնելով տեղեկությունները`

ա) լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող բաժանելի միջոցները մեկ գործարքով կամ միմյանց հետ կապված մի քանի գործարքներով վաճառելու հիմնավորվածությունը.

բ) լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող վաճառվելիք միջոցների կազմի. այդ միջոցների մաշվածության, նմանատիպ միջոցների շուկայական գների մասին.

գ) լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող վաճառվելիք միջոցների` իր կողմից առաջարկվող նվազագույն գինը.

5. կենտրոնական բանկը, ստանալով սույն կանոնի 4-րդ կետում նշված տեղեկությունները, քննարկում է լուծարային կառավարչի դիմումը և հնգօրյա ժամկետում որոշում է կայացնում`

ա) լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող միջոցը կամ միջոցները մեկ գործարքով կամ միմյանց հետ կապված մի քանի գործարքներով վաճառելու թույլտվություն տալու, կամ`

բ) լուծարային կառավարչի դիմումը մերժելու և լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող միջոցը կամ միջոցները մեկ գործարքով կամ միմյանց հետ կապված մի քանի գործարքներով վաճառելու թույլտվություն չտալու մասին:

6. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երկամսյա ժամկետում մերժում է չհիմնավորված պահանջները: Նա լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող որևէ պահանջ կարող է մերժել և այդ պահանջը մերժված պահանջների ցանկի մեջ ընդգրկել` միայն կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:

7. Լուծարային կառավարիչը դիմում է կենտրոնական բանկ` լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող որևէ պահանջ մերժելու համար կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու նպատակով և ներկայացնում է այդ պահանջի մերժումը հիմնավորող անհրաժեշտ տեղեկություններ:

8. Կենտրոնական բանկը դիմում ստանալու պահից հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան պարտատերերի պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո երկամսյա ժամկետում, քննարկում է լուծարային կառավարչի դիմումը և որոշում է կայացնում`

ա) լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասսիվների հինգ տոկոսը գերազանցող պահանջը մերժելու և այն մերժված պահանջների ցանկում ընդգրկելու համաձայնություն տալու մասին, կամ`

բ) լուծարային կառավարչի դիմումը մերժելու և պահանջը բավարարման ենթակա պահանջների ցանկում ընդգրկելու մասին:

9. Լուծարային կառավարիչն աճուրդից առնվազն տասն օր առաջ դիմում է կենտրոնական բանկ` գործուն ակտիվների, անհուսալի և արժեզրկված միջոցների գնահատման վերաբերյալ նրա եզրակացությունը ստանալու նպատակով և ներկայացնում է սնանկ ճանաչված բանկի գործուն ակտիվների, անհուսալի և արժեզրկված միջոցների նախնական ցանկը և դրանց գումարային մեծությունը (գնահատականը): Կենտրոնական բանկի խորհուրդը դիմումը ստանալուց հետո, հնգօրյա ժամկետում, տալիս է իր եզրակացությունն այդ միջոցների գնահատման վերաբերյալ:

Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների և փորձագետների օգնությանը:

10. Լուծարային կառավարիչն առնվազն ամիսը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա տասնհինգը, իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական բանկ և դատարան:

Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունը պետք է ընդգրկի տեղեկություններ`

ա) իր կողմից իրականացվող գործողությունների.

բ) բանկին ներկայացված պահանջների.

գ) վաճառված ակտիվների ընդհանուր գումարի.

դ) ակտիվների հետագա վաճառքի կանխատեսումների մասին.

ե) բանկի հաշվեկշիռը.

զ) տեղեկանք դրամաշրջանառության վերաբերյալ.

է) տեղեկանք «զորո» և «նոստրո» հաշիվների վերաբերյալ.

ը) եկամուտների և ծախսերի հաշվետվությունը.

թ) կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Դատարան ներկայացվող հաշվետվությունները պետք է պարունակեն սույն կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերով նախատեսված տեղեկություններ, ինչպես նաև դատարանի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկություններ:

 

Կանոն 6. ԽՆԱՄԱԿԱԼԻ և ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Խնամակալի և լուծարային կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են դատարանի որոշմամբ:

2. Կենտրոնական բանկը խնամակալի և լուծարային կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միջնորդությամբ դատարան կարող է դիմել, եթե խնամակալը կամ լուծարային կառավարիչը`

ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվում.

բ) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվում է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, նրա նկատմամբ որպես պատժամիջոց կիրառվում է ազատազրկում կամ էլ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում.

գ) թերանում է իր պարտականությունները կատարելիս.

դ) հիվանդության կամ այլ պատճառով երկու ամսից ավելի չի կատարում իր պարտականությունները:

Կենտրոնական բանկը խնամակալի և լուծարային կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միջնորդությամբ դատարան կարող է դիմել նաև այն դեպքում, երբ ի հայտ են գալիս տվյալ բանկի սնանկացման ելքում նրանց շահագրգռվածության կամ անաչառության մասին հիմնավոր կասկած հարուցող այլ հանգամանքներ:

3. Սույն կանոնի 2-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը բացահայտելուց հետո կենտրոնական բանկը տեղեկացնում է խնամակալին կամ լուծարային կառավարչին` նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միջնորդությամբ դատարան դիմելու իր մտադրության մասին:

4. Սույն կանոնի 2-րդ կետի «գ», «դ» ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում խնամակալը կամ լուծարային կառավարիչը կարող է իր բացատրությունները ներկայացնել կենտրոնական բանկ` մինչև կենտրոնական բանկի խորհրդի կողմից խնամակալի կամ լուծարային կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միջնորդությամբ դատարան դիմելու մասին որոշում կայացնելը:

5. Սույն կանոնի 2-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը բացահայտելուց հետո, երեք օրվա ընթացքում, կենտրոնական բանկի խորհուրդը խնամակալի կամ լուծարային կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միջնորդությամբ դատարան դիմելու մասին որոշում է կայացնում և այդ մասին ծանուցում է`

ա) բանկին, նրա մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, գործառնական գրասենյակներն (կետերին).

բ) խնամակալին կամ լուծարային կառավարչին.

գ) «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված բաժնետերերին և պարտատերերին:

6. Լուծարվող բանկի պարտատերերն իրավունք ունեն կենտրոնական բանկի ծանուցումն ստանալու պահից հնգօրյա ժամկետկում դատարան ներկայացնել լուծարային կառավարչի նոր թեկնածություններ:

7. Խնամակալի կամ լուծարային կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միջնորդությամբ դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո, հնգօրյա ժամկետում, կենտրոնական բանկը դիմում է դատարան` միաժամանակ ներկայացնելով խնամակալի կամ լուծարային կառավարչի նոր թեկնածություններ:

8. Խնամակալի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և նոր խնամակալի նշանակման դեպքում խնամակալության ժամկետը չի ընդհատվում և չի կասեցվում: