ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 փետրվարի 2002 թվականի |
թիվ 34 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 25.03.03 թիվ 114-Ն)
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետն ու 22-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 6-ի թիվ 34 որոշմամբ |
ԲԱՆԿՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի` բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմած անձի դիմումը մերժվում է, եթե անձը կամ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի` սույն ուղեցույցով հիմնավորված կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի, որպես բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը, կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:
2. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի` բանկում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար դիմած անձի դիմումը մերժվում է, եթե անձը անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի` սույն ուղեցույցով հիմնավորված կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:
3. Սույն ուղեցույցի իմաստով ղեկավար պաշտոն են համարվում բանկի խորհրդի նախագահի, խորհրդի նախագահի տեղակալի, խորհրդի անդամի, գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի, վարչության նախագահի տեղակալի, վարչության անդամի, գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, վերստուգիչ հանձնաժողովի անդամի, ներքին հսկող (վերահսկիչ, հսկիչ) խմբի ղեկավարի, ներքին հսկող խմբի ղեկավարի տեղակալի, ներքին հսկող խմբի անդամների, տարածքային ստորաբաժանման ղեկավարի (կառավարչի, կառավարչի տեղակալի, գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի) պաշտոնները:
4. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին և 2-րդ կետերի կիրառման նպատակով սահմանվում է, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու դիմում ներկայացրած անձանց դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում և հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու դիմումները մերժելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են այն անձանց դիմումները, որոնք.
5.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հանցագործությունների համար ենթարկվել են քրեական պատասխանատվության.
5.2. Այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների համար ենթարկվել են քրեական պատասխանատվության.
5.3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հանդիսացել են գործադիր մարմնի ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում բանկը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկի ֆինանսական վիճակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է.
5.4. Այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում հանդիսացել են գործադիր մարմնի ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկը, ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատությունը հայտարարվել են անվճարունակ կամ սնանկ.
5.5. Այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
6. Սույն ուղեցույցը չի տարածվում մինչև սույն ուղեցույցի ուժի մեջ մտնելը բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմած անձանց դիմումների վրա:
7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմած անձանցից պահանջում է հայտարարություն այն մասին, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերը նրանց մոտ բացակայում են:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.03.2003, N 114-Ն | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|