Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2004-25.06.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.01/24(172) Հոդ.334
Ընդունող մարմին
Կոտայքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
05.09.2003
Ստորագրող մարմին
Կոտայքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2010

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

13 հոկտեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50604273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

5 սեպտեմբերի 2003 թ.
ք. Հրազդան

  N 802-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.06.2002 թ. թիվ 890-Ն որոշման պահանջները.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել ՀՀ Կոտայքի մարզպետարանի գործավարության կարգը (կցվում է):

 

Մարզպետ`

Կ. Շահգալդյան

 

 

Հաստատում եմ`
Կոտայքի մարզպետ
Կ. Շահգալդյան
N 802-Ն 05.09.2003 թ.

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) գործավարության կարգը:

2. Գործավարության կազմակերպումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. Մարզպետարանում ստացված թղթակցության ընդունումը, գրանցումն ու շարժը

 

5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն) ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:

6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

8. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են մարզպետարանի համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:

10. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

12. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:

13. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման: Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

14. Մարզպետարան հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերն ու մյուս փաստաթղթերը քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են մարզպետի խորհրդականին մարզպետին զեկուցելու համար, որը հանձնարարականներ է տալիս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:

Ստացված թղթակցություններին ծանոթանալու նպատակով ստորաբաժանման ղեկավարները նույն օրը դրանք ներկայացնում են մարզպետի տեղակալին կամ աշխատակազմի ղեկավարին:

15. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերն աշխատակազմում քննարկելու համար մարզպետի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:

16. Գլխադասային ստորաբաժանման աշխատողը (այսուհետ` աշխատակազմի աշխատող), քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում կամ մատյանում, գլխադասային ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունն ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:

Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները փաստաթղթերին համապատասխան ընթացք տալուց հետո ներկայացնում են քարտուղարություն, որն այն ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին կամ տեղակալին (Գործին մակագրելու համար):

17. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված` մարզպետի քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար`

լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր,

լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր:

18. Որոշումների և կարգադրությունների նախագծերի նախապատրաստման և քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե այլ ժամկետներ նշված չեն).

լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող նախագծեր` մինչև 7 օր,

լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծեր` մինչև 15 օր:

19. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

20. Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:

21. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

22. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն աշխատակազմի քարտուղարությունից դուրս են տրվում միայն աշխատակազմի աշխատողներին վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:

Աշխատակազմի քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:

 

III. Մարզխորհրդի նիստերի ԵՎ մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների համար նյութերի նախապատրաստումն ու տեխնիկական սպասարկումը

 

23. Մարզխորհրդի նիստերը նախապատրաստում և կազմակերպում է աշխատակազմի ղեկավարը, իսկ մարզպետի մոտ կազմակերպվող խորհրդակցությունները` աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

24. Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մարզխորհրդի նիստում, մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցության քննարկման համար հարցեր նախապատրաստելիս` եթե կա որոշման, կարգադրության նախագիծ կազմելու անհրաժեշտություն, ապա այն նախօրոք համաձայնեցնում է մարզպետի, համակարգող տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի հետ, սահմանված ժամկետում կազմում և կից նյութերի հետ միասին ներկայացնում է քարտուղարություն:

25. Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումում նախագծի համար կազմվում է գործ (օգտագործելով համապատասխան թղթապանակ (կամ դրա էլեկտրոնային ձևը), որի մեջ ժամանակագրական կարգով պետք է զետեղվեն հետևյալ նյութերը`

ա) մարզխորհրդի, մարզպետի քննարկմանը ներկայացված նախագիծը (2 օրինակից)` ուղեկցական նամակով, նշագրերով,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) այն կազմակերպությունների ցանկը, որոնց ուղարկվելու է տվյալ որոշումը ստորագրված մարզպետի կողմից և ներկայացնում է քարտուղարություն:

26. Քարտուղարության իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժինը 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է նախագիծը, ներկայացնում եզրակացություններ և առաջարկություններ:

27. Կառուցվածքային ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում, ներկայացված առաջարկություններին համապատասխան, լրամշակում է նախագիծը` այն համաձայնեցնելով ներկայացնողի հետ, և կից նյութերի հետ միասին ներկայացնում մարզպետի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի մոտ կազմակերպվող նախանիստին:

28. Նախանիստում հավանության արժանացած նախագծերը զեկուցվում են մարզպետին` նիստի օրակարգում ընդգրկելու համար:

29. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության հրավիրվողների ցուցակ` համաձայնեցնելով մարզպետի, տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի հետ` ապահովելով նրանց մասնակցությունն այդ խորհրդակցությանը:

30. Քննարկվող հարցերի համար բազմացման ենթակա նյութերն ընտրում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը` համաձայնեցնելով մարզպետի համակարգող տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի հետ: Քարտուղարությունը նշված նյութերը բազմացնում և օրակարգի հետ միասին առաքում է ըստ հաստատված ցանկի:

31. Մարզխորհրդի նիստի սպասարկման աշխատանքը կատարում է քարտուղարությունը, իսկ նիստերին և խորհրդակցություններին հրավիրվող անձանց ծանուցում են կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները:

32. Քարտուղարությունն ապահովում է մարզխորհրդի նիստի օրակարգի նախապատրաստումն ու դրանց առաքումը (նաև համակարգչային ցանցի միջոցով):

33. Մարզխորհրդի նիստերի և մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությունների արձանագրումն ապահովում է քարտուղարությունը:

Արձանագրությունները կազմվում են օրակարգում նշված հարցերի հաջորդականությամբ: Յուրաքանչյուր հարցի տակ նշվում են զեկուցողի և նիստը վարողի ազգանունները:

Արձանագրության մեջ նշվում է քննարկվող հարցն ընդունվելու, այն քննարկումից հանվելու կամ հետաձգվելու, նիստում արված ու հավանության արժանացած առարկությունների ու առաջարկությունների, ինչպես նաև նիստը վարողի վերջնական ամփոփիչ որոշման մասին: Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները խորհրդակցության նյութերը հանձնարարականներով մեկօրյա ժամկետում ներկայացնում են քարտուղարություն արձանագրությունը կազմելու և հանձնարարականների կատարման հսկողությունն իրականացնելու համար:

34. Արձանագրությունները ճշգրիտ կազմելու նպատակով մարզխորհրդի նիստերը անհրաժեշտության դեպքում ձայնագրվում են:

35. Յուրաքանչյուր նիստի արձանագրությանը քարտուղարությունում տրվում է հերթական համար` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:

36. Նիստում քննարկված նախագծերը լրամշակվում են նիստում արված առարկությունների և առաջարկությունների հիման վրա` նիստը վարողի ընդհանրացումներին համապատասխան և մարզպետի կողմից ստորագրվելուց հետո, կից փաստաթղթերով հանձնվում են քարտուղարություն:

37. Մարզպետի կողմից կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ ամեն շաբաթ անցկացվում է աշխատանքային խորհրդակցություն, որը արձանագրում է քարտուղարության պետը, իսկ հաջորդ խորհրդակցությանը ներկայացնում է տեղեկատվություն տրված հանձնարարականների կատարման մասին:

38. Կառուցվածքային ստորաբաժանումներում իրենց աշխատանքային ծրագրերի համաձայն անցկացված աշխատանքային խորհրդակցությունները արձանագրվում է ստորաբաժանումների աշխատակիցների կողմից և պահպանվում ստորաբաժանումներում:

39. Մարզպետի որոշումների, կարգադրությունների նախագծերը կազմվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից, համաձայնեցվում են համակարգող մարզպետի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի և քարտուղարության իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժնի պետի հետ ու ներկայացվում քարտուղարություն:

40. Նիստերի արձանագրությունների բնագրերը պահվում են քարտուղարությունում և հաջորդ տարվա սկզբին հանձնվում աշխատակազմի արխիվ:

41. Քարտուղարությունը մարզպետի, տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվելուց հետո` քաղվածքների ձևով ուղարկում են համապատասխան մարմիններին և կազմակերպություններին, պատճենները կնքվում են:

Նշված արձանագրությունները համարակալվում և պահվում են քարտուղարությունում, իսկ ֆայլերը` տվյալների շտեմարանում:

 

IV. Մարզպետի որոշումների, կարգադրությունների ձԵՎակերպումն ու առաքումը

 

42. Մարզպետի կողմից որոշումների, կարգադրությունների նախագծերը կազմվում և ստորագրվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների ու քարտուղարության իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից և համաձայնեցվում են համակարգող մարզպետի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի հետ: Այնուհետև ստորագրվելուց հետո տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա և հանձնվում են կնքելու:

43. Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները քարտուղարությունում գրանցվում են որոշումների, կարգադրությունների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

Յուրաքանչյուր տարվա համար մարզպետի որոշումների, կարգադրությունների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով:

44. Քարտուղարության կողմից կազմակերպություններին և աշխատակազմի աշխատողներին որոշումների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց աշխատակազմի ղեկավարի ցուցումի:

45. Որոշումներում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով:

46. Մարզպետի որոշումների, կարգադրությունների առաքումից հետո գործերը քարտուղարության կողմից մշակվում են և հանձնվում աշխատակազմի արխիվ` պահպանության:

47. Քարտուղարության պետը յուրաքանչյուր ամսվա ամբողջ թղթակցության շարժի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում մարզպետին:

 

V. Ելից թղթակցության ձԵՎակերպումը

 

48. Աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են մարզպետի, տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի կողմից:

49. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:

50. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:

51. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:

52. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:

53. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, սահմանադրական դատարան և օտարերկրյա պետություններ ուղարկվող նամակները ստորագրվում են մարզպետի կողմից:

54. Անհրաժեշտության դեպքում ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են ստորաբաժանում, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:

55. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցեն, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:

56. Փաստաթուղթն ուղարկվելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:

57. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:

 

VI. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ԵՎ բողոքների քննարկումն ու ընթացք տալը

 

58. Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում են աշխատակազմի ղեկավարի կողմից յուրաքանչյուր շաբաթ օրը, ըստ տարածաշրջանների (Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ):

59. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:

60. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:

61. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

62. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

63. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:

64. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին կամ նրա տեղակալին:

65. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է, դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:

66. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` աշխատակազմի ղեկավարի մակագրությամբ, վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար:

Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 2 օրինակից: Առաջին օրինակը` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` համապատասխան աշխատողի նշագրով, կցվում է գործին:

67. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են քարտուղարություն` «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:

68. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:

69. Վերահսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման:

Այդ դեպքում նամակի վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վերահսկողություն» դրոշմոցը:

Պատասխանի պայմանանիշը կազմված է գրանցման պայմանանշանից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:

Պատասխաններն ուղարկվում են աշխատակազմի այն ստորաբաժանումներ, որոնց վրա դրված է տվյալ նամակի նկատմամբ վերահսկողությունը:

Ստորաբաժանման ղեկավարը մարզպետի տեղակալներին կամ աշխատակազմի ղեկավարին գրավոր զեկուցում է արդյունքների մասին, որից հետո փաստաթուղթը սահմանված կարգով հանվում է վերահսկողությունից, և դրա վրա կատարվում է համապատասխան նշում:

70. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:

Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով կամ մատյաններում և պահպանվում քարտուղարության տվյալների շտեմարանում:

 

VII. Փաստաթղթերի պահպանումը

 

71. Աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:

72. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

73. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել` միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:

74. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:

75. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվարիուսը) քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2010, N 173-Ն 25.06.2010, N 802-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան