Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Դրամաշրջանառության կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.1993
Ստորագրման ամսաթիվ
25.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներում զանազան առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների կողմից հրապարակվում են բազմաթիվ գովազդային հայտարարություններ և չհանդիսանալով բանկային հիմնարկներ կամ ֆինանսավարկային կազմակերպություններ, առաջարկվում են բանկային (այդ թվում` ավանդների ընդունում) ծառայություններ չունենալով այդպիսի գործառնություններ կատարելու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզիա և անհրաժեշտ որակավորում, որի հետևանքով լրջորեն վտանգվում են ավանդատուների շահերը, ելնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքների կիրարկման մասին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի պահանջներից, Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավարկային կազմակերպությունների մասին համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, ֆինանսավարկային կազմակերպություններ են հանդիսանում այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված բանկային մեկ կամ մի քանի գործառնություն կամ զբաղվում են ապահովագրական գործունեությամբ:

Ֆինանսավարկային կազմակերպություններին արգելվում է ծավալել ոչ բանկային, այդ թվում` առևտրային միջնորդական գործունեություն:

2. Սահմանել, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածով նախատեսված բանկային բոլոր գործառնությունները կարող են իրականացնել միայն բանկերը, իսկ դրանցից մի քանիսը կամ որևէ մեկը` բացառապես ֆինանսավարկային կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

3. Սահմանել, որ բոլոր ձեռնարկությունները (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող) և անհատ ձեռներեցները «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 4 և 5 կետերի համաձայն իրավունք ունեն քաղաքացիներից (ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից) փոխառություններ ստանալ միայն պարտատոմսերի և առևտրային արժեթղթերի ձևով` «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

4. Սահմանել, որ այն ձեռնարկությունները (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող) և անհատ ձեռներեցները, որոնք առանց ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված համապատասխան լիցենզիայի, իրականացրել են բանկային գործառնություններ, սույն որոշման հրապարակման պահից պարտավոր են`

ա) դադարեցնել բանկային գործառնությունների իրականացումը` քանի դեռ ՀՀ կենտրոնական բանկի կողմից չեն ստացել համապատասխան լիցենզիա: ՀՀ կենտրոնական բանկից լիցենզիա ստանալու համար դիմում ներկայացնելու վերջին ժամկետը սահմանվում է 1993թ. նոյեմբերի 20-ը, կամ.

բ) դադարեցնել բանկային գործառնությունների իրականացումը` քանի դեռ նախկինում ավանդների տեսքով ներգրավված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ձևերով չեն ձևակերպել որպես փոխառություն: Սույն ենթակետով նախատեսված պահանջի իրականացման վերջին ժամկետը սահմանվում է 1993թ. նոյեմբերի 20-ը, կամ.

գ) սույն որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջները չկատարելու դեպքում նախկինում ավանդների տեսքով ներգրավված միջոցները մինչև 1993թ. նոյեմբերի 30-ը ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով վերադարձնել ավանդատուներին` վճարելով հասանելիք տոկոսադրույքները:

5. Սույն որոշման 4 կետի պահանջները չկատարող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների գործունեությունը դադարեցվում է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 7 և 8 կետերի համաձայն:

6. Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչությանը`

ա) մինչև 1993թ. նոյեմբերի 30-ը բացահայտել այն բոլոր ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին, որոնք առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել են բանկային գործառնություններ և արդյունքների մասին մանրամասն տեղեկանք ներկայացրել Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին.

բ) 1993թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 20-ը կատարել ստուգումներ և սույն որոշման 6-րդ կետի պահանջների խախտումով գործող ձեռնարկությունների պաշտոնատար անձանց և անհատ ձեռներեցների նկատմամբ կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները:

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մինչև 1993թ. նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել ՀՀ-ում ֆինանսավարկային կազմակերպությունների լիցենզավորման կարգը:

8. Սահմանել, որ սույն որոշման հրապարակման պահից մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներում բանկային գործառնությունների (այդ թվում` ավանդների ընդունման) գովազդումը թույլատրվում է բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաների ներկայացման դեպքում:

 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`

 

Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`

 

 Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ`  Ի. ԻՍԱՀԱԿՅԱՆ