Գլխավոր տեղեկություն
Համար
N 946
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.1996
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.1996

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 1996 թ. N 946

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒ ՑԱՆՑԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքում ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցների շինարարության, վերանորոգման, վթարների վերացման և այլ հողային աշխատանքները միասնական համակարգված ձևով կազմակերպելու, ինչպես նաև համապատասխան թույլտվություն տալու և աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով.

1. Հաստատել Երևան քաղաքում ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցների շինարարության, վերանորոգման, վթարների վերացման և այլ հողային աշխատանքների իրականացման կանոնները (կցվում է):

2. Հաստատել վերը նշված աշխատանքների իրականացման թույլտվությունների ձևը (կցվում է):

3. Հանձնարարել քաղաքապետարանի բնական գոտիների պահպանության և բարեկարգման բաժնին (Գ. Միրզոյան).

3.1. Վերահսկել թույլտվություններում նշված աշխատանքների սահմանված ժամկետներում կատարման ընթացքը:

3.2. Քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ համատեղ ապահովել սույն որոշմամբ հաստատված կանոնների լուսաբանումը մամուլում և հեռուստատեսությամբ:

3.3. ՀՀ կառավարության 15.02.1996 թ. «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման ակտի մասին» հ.13 որոշման համաձայն սույն որոշումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցելու համար:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի բնական գոտիների պահպանության և բարեկարգման բաժնի (Գ. Միրզոյան) վրա և կատարված աշխատանքների մասին յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել հաշվետվություն:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքապետարանի քարտուղար Ս. Պողոսյանի վրա:

 

ԵրԵՎանի քաղաքապետ`

Վ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն կանոնները ընդունվել են Հայաստանի Հանրապետության նախագահի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի (1996 թ. հունվարի 15-ի հրամանագրով կատարված լրացմամբ) համաձայն, նպատակ ունեն Երևան քաղաքում իրականացնել, կարգավորել ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցների շինարարության, վերանորոգման, վթարների վերացման և այլ աշխատանքների իրականացումը, նրանց կատարման վերահսկումը և կանոնների խախտումների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:

1.2 Կանոններով նախատեսված դրույթները պարտադիր են կատարման բոլոր կազմակերպությունների, ձեռնարկությունների համար, անկախ նրանց գերատեսչական պատկանելիությունից, և սեփականության ձևից:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1 Ստորգետնյա աշխատանքներ իրականացնող պատվիրատուները պարտավոր են նախատեսվող աշխատանքների ցանկը (տիտղոսացուցակները) հայտի ձևով ներկայացնել քաղաքապետարանի ԲԳՊ և բարեկարգման բաժին ոչ ուշ քան աշխատանքները սկսելուց 30 օր շուտ:

Հայտի հետ ներկայացվում է հետևյալը`

ա) ՆԳՎ պետավտոտեսչության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված և փորձաքննություն անցած նախագիծ:

բ) Շինարարության կազմակերպման նախագիծ:

գ) Ճանապարհային ծածկույթի վերականգնման, կանաչ տարածքների, այգիների, պուրակների, սիզամարգերի և այլ բարեկարգված տարածքների նախկին տեսքի բերման երաշխավորություն:

2.2 Ստացված հայտերը գրանցվում են հաշվառման հատուկ մատյանում:

2.3 ԲԳՊ և բարեկարգման բաժինը ստացված հայտերը (տիտղոսացուցակները) քննարկում ու համաձայնեցնում է քաղաքապետարանի տրանսպորտի, կոմունալ ու շինարարության բաժինների, և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ և ներկայացնում է քաղաքապետարանի ղեկավարության հաստատմանը:

2.4 Եթե ըստ անհրաժեշտության նախատեսվում է փակել տրանսպորտի երթևեկությունը, ապա տրանսպորտի բաժնի և պետավտոտեսչության կողմից մշակվում և քաղաքապետարանի ղեկավարության հաստատմանն է ներկայացվում տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սխեման:

2.5 Վթարների, չնախատեսված դեպքերի ժամանակ հողային աշխատանքների թույլտվության հայտերը ձևակերպվում են անմիջապես, լրացուցիչ համաձայնեցնելով տվյալ թաղամասում ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցներ ունեցող կազմակերպությունների հետ: Առանձին անհետաձգելի (գազամուղի վթարներ և այլն) աշխատանքները կարող են սկսվել անմիջապես այդ մասին տեղյակ պահելով ՆԳՎ պետավտոտեսչությանը:

2.6 Աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է հայտում նշված աշխատանքների սկսման ժամանակից 7 օր առաջ:

2.7 Աշխատանքների իրականացման թույլտվությունը աշխատանքներն իրականացնողի համար իրավական ուժ է ստանում համապատասխան շրջանի տարածքային բաժնում (համայնքում) ձևակերպելուց հետո և գործում է նշված կոնկրետ աշխատանքների իրականացման ձևի, ծավալի, տեղամասի և ժամկետների սահմաններում:

2.8 Աշխատանքների կատարման սկիզբը թույլտվությամբ սահմանված ժամկետից 10 և ավելի օր ուշացնելու դեպքում թույլտվությունը համարվում է անվավեր և եռօրյա ժամկետում պետք է վերադարձվի ԲԳՊ և բարեկարգման բաժին:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

3.1 Աշխատանքները կարող են իրականացվել, եթե աշխատանքներն իրականացնող կազմակերպությունն ունի ԲԳՊ և բարեկարգման բաժնի կողմից տրված գրավոր թույլտվությունը և հաստատված նախագիծը:

3.2 Աշխատանքները իրականացնող կազմակերպությունն պարտավոր է`

ա) Շինարարական աշխատանքներ տարվող հատվածը ցանկապատել տեղադրելով կարմիր գույնի լապտեր ինչպես ցանկապատի եզրանկյուններում, այնպես էլ երկայնքով` միմյանցից առավելագույնը 50 մետր հեռավորության վրա: Մայթերը կամ մայթն ու երթևեկելի մասը (մասամբ կամ ամբողջությամբ) ցանկապատի եզրանկյուններում պետք է կատարվի ԳՈՍՏ 13508-74-ին համապատասխան ուղղաձիգ նշագծում: Բացառության կարգով թույլատրվում է տեղադրել «Չղջիկ» տիպի լուսատուներ փողոցային լուսավորման հետ միաժամանակյա միացումով:

բ) Աշխատատեղում տեղադրել աշխատանքներն իրականացնող կազմակերպության ցուցատախտակը` նշելով նրա ղեկավարների ազգանունները, հեռախոսահամարները և աշխատանքների կատարման ժամկետները:

3.3 Որպես կանոն հետիոտն շարժման համար փողոցի երկու կողմերից պետք է թողնել առնվազն 1,5 մետր լայնությամբ անցաշերտ: Երթևեկության մեծ ինտենսիվության դեպքում վերանորոգվող տեղամասի ցանկապատի երկարությամբ պետք է նախատեսվի ժամանակավոր մայթ 0,75 մետր լայնությամբ, որը անպայման երթևեկելի մասից պետք է բարձր լինի առնվազն 0,15 մետր, հետիոտների անվտանգության համար, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մայթերից մեկը կարող է ամբողջությամբ զբաղեցվել` հակառակ մայթով հետիոտների անցուդարձը ապահովելու պայմանով:

3.4 Ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի մասի փորման աշխատանքները որպես կանոն կատարել գիշերային ժամերին, անհրաժեշտ դեպքում օր ու գիշեր:

3.5 Բացված ինժեներական ցանցերի ու կառույցների տեղում խրամուղիների լցում կատարվում է այդ կառույցների տերերի հսկողության տակ, որոնք պետք է տեղյակ պահվեն խրամուղին լցումից առնվազն մեկ օր առաջ:

3.6 Սահմանել, որ ստորգետնյա աշխատանքների իրականացումից հետո, փողոցների երթևեկելի մասի կամ մայթի ծածկույթը կախված քանդված մակերեսից պետք է վերականգնվի`

10-50 քմ. մակերեսի դեպքում

- 2 օրում

50 -100 քմ. մակերեսի դեպքում

- 4 օրում

100 և ավելի քմ. մակերեսի դեպքում

- 5 օրում

 

իսկ փողոցների խաչմերուկներում, անկախ վերականգնման աշխատանքների ծավալներից 2 օրում:

 

4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

4.1 Սույն կանոնների պահանջները խախտող կազմակերպությունները և քաղաքացիները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.2 Աշխատանքները կատարելիս որևէ ստորգետնյա կամ վերգետնյա կառույցի ճանապարհային ծածկի և այլնի վնասման դեպքում աշխատանքներ իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել կառույցների տիրոջը:

Վնասվածքին անմիջապես հարող տարածքում մինչև այդ կառույցը շահագործող կազմակերպությունների ներկայացուցչի ժամանումը աշխատանքների ընթացքը կասեցվում է: Կառույցը վնասած կազմակերպությունը ապահովում է նրա վերականգնումը, իսկ կառույցի տիրոջ համաձայնությամբ փոխհատուցում է վնասը պայմանով, որ վերջինս շինարարական աշխատանքների ավարտի համար սահմանված ժամկետում վերականգնի վթարված կառույցը:

4.3 Կառույցների կամ այլ արժեքների վնասման ցանկացած փաստի վերաբերյալ կազմվում է ակտ` նշելով վնասելու պատճառները ու բնույթը, կոնկրետ մեղավոր անձանց, վնասները վերականգնելու միջոցները ու ժամկետները:

Կազմված ակտերը վնասված օբյեկտների տերերը ուղարկում են աշխատանքները իրականացնող կազմակերպության գտնվելու վայրի տարածքային կառավարման բաժին (համայնք):

 

Գրանցված է

ՀՀ Արդարադատության նախարարությունում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ԲՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲԱԺԻՆ

 

__________ N __________

«____» ___________ 199  թ.

Ձեր ___________________  

 

Թ Ո Ւ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Թույլատրել __________________________________________________________________________

(պատվիրատու կազմակերպության անվանումը)

հանձինս ____________________________________________________________________________

(կազմակերպության պետ) տնօրեն), քաղաքացի)

1996 թ. _________________ - ին սկսել և 1996 թ. ______________ - ին

 

ամբողջությամբ ավարտել ______________________________________________________________

(հողային աշխատանքների կատարման վայրը և

______________________________________________________________________________________

հակիրճ նկարագիրը)

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

կապալառու կազմակերպություն _________________________________________________________

 

ԲԱԺՆԻ ՊԵՏ`