Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 186
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.1999-11.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 2002.05.31 Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 նոյեմբերի 1999 թվականի

թիվ 186

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

 1.1. Կանոնակարգի 6-րդ գլուխը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «Գլուխ 6. Արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և գործունեության իրականացումը

 

 Կանոն 14. Արժութային դիլերներ

 

 14.1. Արժութային դիլերը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը սույն կանոնակարգի 18.1 կետով նախատեսված գործարքները կարող է իրականացնել իր անունից և իր հաշվին, այլ անձանց անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, իր անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, այլ անձանց անունից և իր հաշվին:

 14.2. Արժութային դիլեր են համարվում`

 ա) ՀՀ տարածքում գործող բանկերը,

 բ) արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու լիցենզիա և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք,

 գ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք:

 14.3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ՀՀ տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա, եթե սույն գլխում այլ բան սահմանված չէ:

 14.4. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերը սահմանված գործառնություններն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնակարգի համաձայն:

 14.5. Սույն կանոնի 14.2 կետի «գ» ենթակետով նախատեսված արժութային դիլերները պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է գրանցված լինի պետական լիազորված մարմնի կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

 Տարածքը պետք է`

 - առանձնացված լինի հարակից տարածքներից,

 - օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն:

 Արժութային դիլերների գործունեության տարածքը պետք է ունենա`

 - անմիջական մուտք դրսից,

 - դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց, որի մեջ մտնում են տարածքի հետևյալ մասերը (այսուհետ` ենթատարածքներ).

 - կանխիկ դրամի և այլ արժեքների պահպանության դրամապահոց` իր նախադրամապահոցով, կամ չհրկիզվող պահարանների սենյակ, ընդ որում` սույն ենթատարածքի առկայությունը պարտադիր չէ, եթե դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և որևէ բանկի հետ կնքված է համապատասխան պայմանագիր,

 - ենթատարածք, որտեղ տեղադրված է գործառնական դրամարկղ (այսուհետ` գործառնական դրամարկղ),

 - ենթատարածք, որտեղ հնարավոր է իրականացնել հաճախորդներից ստացված դրամի վերահաշվարկ,

 - պահպանիչ-հակահրդեհային ազդարարման գործող համակարգ, որի, ինչպես նաև դրամարկղային հանգույցի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը պետք է լինի պահեստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում դրամարկղային հանգույցը կարող է ունենալ տեղային (լոկալ) էլեկտրասնուցում:

 Դրամարկղային հանգույցը պետք է սարքավորված լինի անվտանգության ահազանգման համակարգով, ընդ որում, պահպանիչ ահազանգի ցանցի, հեռախոսային և տագնապի ուղիղ կապի վահանակները պետք է տեղակայված լինեն անվտանգության ծառայության դիտակետում:

 Դրամարկղային հանգույցի նկատմամբ ներկայացվող տարածքային պահանջներն են`

 Դրամարկղային հանգույցը տեղակայվում է այլ սենյակներից և միջանցքներից առանձնացված, որպես կանոն, շենքի առաջին հարկում` մեկ հարթության վրա:

 Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ չհրկիզվող դուռ:

 Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտելու դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

 Դրամապահոցների տակ նկուղային հարկերի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցը գտնվում է շենքի վերջին հարկում, կամ դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն, ապա դրամապահոցի առաստաղը վերևի հարկի հատակից (կամ տանիքից) պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտելու և հսկելու առաստաղի ամբողջականությունը:

 Գործառնական դրամարկղը պետք է ընդհանուր սրահից առանձնացված լինի ապակուց, փայտից կամ այլ շինանյութից կառուցված պատով: Գործունեության տարածքի պատուհանը (ցանկալի է` զրահապատ ապակուց) պետք է հնարավորություն տա հաճախորդին դիտելու դրամն ընդունելու և հաշվելու աշխատանքները: Միևնույն ժամանակ դրամի ընդունման մասում հակառակ կողմից պետք է հաճախորդին հնարավորություն ապահովվի դրամը վերահաշվարկելու համար:

 Գործառնական դրամարկղերի պատուհանները պետք է տեղակայված լինեն այնպես, որ բացառեն հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը և սարքավորված լինեն կանխիկ դրամի ու այլ արժեքների փոխանցման համար նախատեսված փոխանցող (շարժական) արկղով. նախընտրելի է, որ արկղի տեղափոխումը կառավարվի աշխատակցի կողմից:

 Գործառնական դրամարկղը սպասարկման դահլիճից բաժանող պատուհանը տեղակայվում է այնպես, որ ապահովվի կանխիկ դրամի հաշվարկման գործընթացի դիտողական հսկողությունը թե մեկ և թե մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ):

 

 Կանոն 15. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրումը

 

 15.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

 

 ա) դիմում,

 բ) տեղեկանք արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի (աշխատակիցների)) մասին (հավելված 12),

 գ) կանոնադրություն (իրավաբանական անձանց համար),

 դ) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական և իրավաբանական անձանց` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի (ԱՄՆ դոլար, գերմանական մարկ, ֆրանսիական ֆրանկ, անգլիական ֆունտ ստեռլինգ, հոլանդական գուլդեն, իտալական լիրա, բելգիական ֆրանկ, դանիական կրոն, իռլանդական ֆունտ, իսպանական պեսետա, ավստրիական շիլինգ, պորտուգալական էսկուդո, հունական դրահմա, լյուքսեմբուրգյան ֆրանկ և ֆիննական մարկ) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (ֆիզիկական անձանց համար` 1.0 մլն դրամ, իրավաբանական անձանց համար` 2.0 մլն դրամ) առկայության մասին,

 ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն կամ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր,

 զ) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունն ստուգող սարքի, հեռախոսի, էլեկտրոնային վահանակի, ցուցանակի, որտեղ նշվում են արժութային դիլերի անունը, ազգանունը (անվանումը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները, աշխատանքային ժամերը) առկայության մասին,

 է) տեղեկանք աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

 ը) պետական գրանցման վկայականը:

 15.2. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին:

 15.3. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե`

 ա) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ:

 բ) Ֆիզիկական անձ արժութային դիլերը կամ իրավաբանական անձի կողմից լիազորված անձինք չեն համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին:

 Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է ֆիզիկական անձ արժութային դիլերին և իրավաբանական անձի կողմից լիազորված անձանց` նրանց մասնագիտական համապատասխանությունն ստուգելու նպատակով:

 գ) Գործունեության տարածքը չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:

 դ) Ներկայացված փաստաթղթերն ամբողջական կամ բավարար չեն:

 15.4. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից 1-օրյա ժամկետում արժութային դիլերին տալիս է լիցենզիա (հավելված 5), եթե վերջինս ներկայացրել է լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր:

 Իրավաբանական անձ արժութային դիլերի լիցենզիային կից, առանձին նամակի տեսքով, տրվում են առնվազն երեք անձանց անունները և ազգանունները, ովքեր սահմանված կարգով իրավունք են ստացել իրականացնելու արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

 15.5. Արժութային դիլերը պարտավոր է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին դրանց կատարման պահից 15-օրյա ժամկետում ծանուցել ՀՀ կենտրոնական բանկին:

 15.6. Սույն կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձ արժութային դիլերը մասնաճյուղ բացելու համար ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

 ա) դիմում,

 բ) տեղեկանք արժութային դիլերի մասնաճյուղի աշխատակցի (աշխատակիցների) մասին (հավելված 12),

 գ) մասնաճյուղի տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն կամ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր,

 դ) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունն ստուգող սարքի, հեռախոսի, ցուցանակի, որտեղ նշվում են արժութային դիլերի անունը, ազգանունը (անվանումը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները) առկայության մասին,

 ե) տեղեկանք բանկից (բանկերից) իրավաբանական անձի` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում սույն կանոնակարգի 18.7 ենթակետով սահմանված գումարի առկայության մասին:

 15.7. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում որոշում է կայացնում թույլտվություն տալու կամ դիմումը մերժելու մասին:

 15.8. Մասնաճյուղ բացելու թույլտվություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկն արժութային դիլերին տալիս է լիցենզիային կից գրություն (հավելված 6):

 15.9. ՀՀ կենտրոնական բանկը կարող է մերժել արժութային դիլերի մասնաճյուղ բացելու դիմումը սույն կանոնի 15.3 կետով նախատեսված հիմքերով»:

 1.2. Կանոնակարգի 7-րդ գլուխը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «Գլուխ 7. Արտարժույթի փոխանակման կետերի լիցենզավորումը և գործունեության իրականացումը

 

 Կանոն 16. Արտարժույթի փոխանակման կետեր

 

 16.1. Արտարժույթի փոխանակման կետն իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ ֆիզիկական անձանց հետ` հայկական դրամով:

 16.2. Արտարժույթի փոխանակման կետերը չեն կարող զբաղվել այլ գործունեությամբ:

 16.3. Արտարժույթի փոխանակման կետերն ըստ գործունեության տարածքի բաժանվում են հետևյալ խմբերի`

 - շենքերում գործող (I խումբ),

 - կրպակ-դրամարկղային խցերում գործող (II խումբ),

 - հյուրանոցներում գործող (III խումբ):

 Առաջին խմբին պատկանող արտարժույթի փոխանակման կետի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 14.5 կանոնով նախատեսված պահանջներին:

 II խմբի արտարժույթի փոխանակման կետերի կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում, մաքսային սահմաններում կամ բնակչության սպասարկում իրականացնող այն օբյեկտներում, որոնց սպասարկման սրահի մակերեսը, որպես կանոն, կազմում է առնվազն 200 քառակուսի մետր:

 Կրպակ-դրամարկղային խցերին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են` կրպակի լայնությունը` 2 մ, երկարությունը` 2 մ, բարձրությունը` 2.5 մ: Կրպակն ունի առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղային խցի դիմակայուն շինանյութից պատրաստված պատերն ունեն մինչև 1.05 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակին: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում ներսից տեղադրված է հատուկ շարժական արկղ: Արկղը կառավարվում է աշխատակցի կողմից: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում, դրսի կողմից, տեղադրված է սեղան` գումարի վերահաշվարկման համար:

 Երրորդ խմբի արտարժույթի փոխանակման կետերին թույլատրվում է կազմակերպել արտարժույթի առք ու վաճառք հյուրանոցների ընդունարաններում կամ հյուրանոցների առաջին հարկերում վարձակալված կամ սեփական տարածքում:

 

 Կանոն 17. Արտարժույթի փոխանակման կետին լիցենզիայի տրամադրումը

 

 17.1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալու համար ներկայացվում են սույն կանոնակարգի 6-րդ գլխի 15.1 կետում նշված փաստաթղթերը:

 17.2. ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրումից ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են արժութային դիլերի համար սահմանված նորմերով (կետեր 15.2, 15.3, 15.5, 15.6, 15.7, 15.8):

 17.3. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից մեկօրյա ժամկետում դիմողին տալիս է լիցենզիա (հավելված 7), եթե վերջինս ներկայացրել է լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր: 

Մասնաճյուղ բացելու թույլտվություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկն արտարժույթի փոխանակման կետին տալիս է լիցենզիային կից գրություն (հավելված 8):

 Իրավաբանական անձ արտարժույթի փոխանակման կետի լիցենզիային կից, առանձին նամակի տեսքով, տրվում են առնվազն 2 անձանց անունները և ազգանունները, որոնք սահմանված կարգով իրավունք են ստացել իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ»:

 1.3. Կանոնակարգի 8-րդ գլուխը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «Գլուխ 8. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի գործունեության կարգավորումը և վերահսկողությունը

 

 Կանոն 18. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի գործունեության կարգավորումը

 

 18.1. Առանց ՀՀ կենտրոնական բանկի լիցենզիայի արգելվում է որպես գործունեություն իրականացնել արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի, մուրհակների և նման վճարային այլ գործիքների առուծախը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով, կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով, ինչպես նաև հանդես գալ նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ կամ որպես արժութային դիլեր:

 Սույն կետի իմաստով գործարքները դիտվում են որպես գործունեություն, եթե դրանք պարբերական բնույթ են կրում` հանդիսանալով տվյալ գործարքներն իրականացնող անձի եկամտի կամ շահույթի նշանակալից աղբյուր և հիմնական գործունեություն:

 18.2. Սույն կանոնակարգի 6-րդ գլխի 14.2 կետի «գ» ենթակետով նախատեսված արժութային դիլերները չեն կարող իրականացնել սույն կանոնակարգի 18.1 կետով չնախատեսված այլ գործառնություններ:

 18.3. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիան անժամկետ է, և նրանով նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

 18.4. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուց հետո արժութային դիլերները և արտարժույթի փոխանակման կետերը պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջները և ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ (հավելվածներ 2, 3, 4)` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 18.5. Արժութային դիլերները և արտարժույթի փոխանակման կետերը պարտավոր են իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից պահանջել այնպիսի ծավալի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվետվությունների ձևերը լրացնելու համար:

 18.6. Արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի) կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում (հավելվածներ 9, 10), որոնցում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները` իրականացվող գործառնություններից յուրաքանչյուրի գծով:

 Գրանցումների մատյանների էջերը լարանցվում, համարակալվում և հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյաններն արժութային դիլերի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի:

 18.7. Գործառնական օրվա ցանկացած պահին արժութային դիլերի դրամարկղում, ցպահանջ և ժամկետային հաշիվներում, ինչպես նաև արժեթղթերում ներդրված միջոցների ընդհանուր գումարը չի կարող պակաս լինել`

 - ֆիզիկական անձանց համար` 1.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից,

 - իրավաբանական անձանց համար` 2.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից:

 18.8. Գործառնական օրվա ցանկացած պահին արտարժույթի փոխանակման կետի դրամարկղում և ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առկա միջոցները (հայկական դրամ կամ արտարժույթ) չեն կարող պակաս լինել`

 - ֆիզիկական անձանց համար` 1.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից,

 - իրավաբանական անձանց համար` 2.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից:

 18.9. Իրավաբանական անձ արժութային դիլերի կողմից մասնաճյուղ հիմնվելիս դրամարկղի, ցպահանջ և ժամկետային հաշիվների, ինչպես նաև արժեթղթերում ներդրված միջոցների ընդհանուր գումարը յուրաքանչյուր մասնաճյուղի համար ավելացվում է 18.7 կետում նախատեսված գումարի չափով:

 18.10. Իրավաբանական անձ արտարժույթի փոխանակման կետի կողմից մասնաճյուղ հիմնվելիս դրամարկղում, ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա գումարը յուրաքանչյուր մասնաճյուղի համար ավելացվում է 18.8 կետում նախատեսված գումարի չափով:

 18.11. Սույն կանոնակարգի 18.7, 18.8, 18.9 և 18.10 կետերում նշված գումարների նկատմամբ, կախված արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի տարածքային տեղաբաշխվածությունից, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից կարող են սահմանվել գործակիցներ: Գործակիցների սահմանման համար հիմք է ծառայում տարածքների գոտիականությունը:

 18.12. Սույն կանոնակարգի նպատակով գործառնական օր է համարվում արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը:

 Հաշվետվությունների ներկայացման նպատակով աշխատանքի շուրջօրյա կամ այլ ռեժիմի դեպքում գործառնական օրվա ավարտը համարվում է ժամը 15:00-ն:

 18.13. Գործառնական օրվա ավարտին արժութային դիլերը (արտարժույթի փոխանակման կետի աշխատակիցը) վերահաշվարկում է դրամարկղի մնացորդները և համեմատում օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքները:

 Դրամարկղի փաստացի մնացորդների և հաշվառման արդյունքների միջև տարբերության դեպքում աշխատակցի կողմից կազմվում է ակտ:

 18.14. Արժութային դիլերը և արտարժույթի փոխանակման կետի աշխատակիցն արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ պարտավոր են լրացնել և հաճախորդին տալ անդորրագիր` հատուկ հաշվառման ձևաթերթի տեսքով (հավելված 11):

 18.15. Սույն կանոնակարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը, բացառությամբ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագրերի, հատուկ հաշվառման ձևաթերթեր չեն համարվում և արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետի) կողմից պատրաստվում են ինքնուրույնաբար:

 Թույլատրվում է համակարգչային հատուկ ծրագրերի կիրառումն այդ փաստաթղթերի պատրաստման և լրացման համար:

 18.16. Աշխատանքի ընթացքում արժութային դիլերի և արտարժույթի փոխանակման կետի լիցենզիայում նշված անձինք պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն արժութային դիլերի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

 

 Կանոն 19. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

 19.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի) գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա (հավելվածներ 2, 3, 4), ինչպես նաև տեղերում կատարվող վերստուգումների միջոցով:

 19.2. Տեղերում կատարվող վերստուգումներն անցկացվում են սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա` ֆինանսական տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ, նախապես կազմված ժամանակացույցի համաձայն, որը հաստատվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից:

 19.3. Արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի) մոտ կատարված վերստուգման ավարտից հետո կազմվում է ակտ, որն ստորագրվում է վերստուգող խմբի և արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի աշխատակցի (աշխատակիցների)) կողմից: Ակտը կազմվում է 2 օրինակից` մեկական օրինակ արժութային դիլերներին (արտարժույթի փոխանակման կետերին) և վերստուգող խմբին:

 19.4. Արժութային դիլերները (արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցը) (աշխատակիցները)) կարող են ակտին կից ներկայացնել իրենց առարկություններն ու բացատրությունները:

 19.5. Արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի աշխատակցի (աշխատակիցների)) կողմից վերստուգման ակտը չստորագրելը համարվում է վերստուգման խոչընդոտում, և այդ դեպքում ակտի վրա կատարվում է համապատասխան նշում:

 19.6. Արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի աշխատակցի (աշխատակիցների)) կողմից վերստուգման ակտը չստորագրելու փաստը երբևէ չի կարող վիճարկվել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության կիրառման ժամանակ:

 19.7. Անհրաժեշտության դեպքում տեղերում կարող են իրականացվել վերստուգումներ` առանց նախնական զգուշացումների:

 

 Կանոն 20. Արժութային օրենսդրության խախտման համար արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

 

 20.1. Արժութային գործառնությունների հաշվառման բացակայության, արժութային գործառնությունների հաշվառումը սահմանված կարգի խախտումով վարելու, ՀՀ կենտրոնական բանկին փաստաթղթեր և տեղեկություններ չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու համար արժութային դիլերները և արտարժույթի փոխանակման կետերը պատասխանատվություն են կրում տուգանքների ձևով այն գումարների սահմաններում, որոնք հաշվառված չեն, հաշվառված են ոչ պատշաճ ձևով, կամ որոնց վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկանքները սահմանված կարգով չեն ներկայացվել: Տուգանքի չափը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը:

 Սահմանված տուգանքի և որպես պատժամիջոց նախատեսված գումարների բռնագանձումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի հայցով` դատական կարգով:

 20.2. ՀՀ կենտրոնական բանկն արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե`

 ա) լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

 բ) արժութային դիլերը (արտարժույթի փոխանակման կետը) լիցենզիա ստանալուց հետո, մեկ տարվա ընթացքում, չի իրականացրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ,

 գ) արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) կողմից իրականացվել են սույն կանոնակարգի պահանջների խախտումներով և (կամ) օրենսդրությամբ չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ,

 դ) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում բացահայտվել են անարժանահավատ և կեղծ տվյալներ,

 ե) պարբերաբար ուշացվել կամ ՀՀ կենտրոնական բանկ չեն ներկայացվել հաշվետվություններ,

 զ) կանոնադրության (իրավաբանական անձանց համար), գրանցման վկայականի, տարածքի և նրա տեխնիկական պայմանների մեջ կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք չեն համապատասխանում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին,

 է) վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս արժութային դիլերը (արտարժույթի փոխանակման կետի աշխատակիցը) խոչընդոտել է ՀՀ կենտրոնական բանկի ծառայողների օրինական գործողություններին,

 ը) պարբերաբար խախտվել է արժութային օրենսդրությունը, ինչպես նաև չեն կատարվել կամ ոչ պատշաճ կերպով են կատարվել ՀՀ կենտրոնական բանկի առաջարկություններն ու հանձնարարականները,

 թ) արձանագրվել է հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ անդորրագիր չտալու առնվազն մեկ դեպք:

 20.3. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կենտրոնական բանկի որոշումը մեկ օրվա ընթացքում հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում:

 Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու պահից արժութային դիլերը (արտարժույթի փոխանակման կետը) զրկվում է արժութային գործառնություններ իրականացնելու իրավունքից և պարտավոր է լիցենզիան մեկշաբաթյա ժամկետում հետ վերադարձնել ՀՀ կենտրոնական բանկ»:

 1.4. Կանոնակարգի 9-րդ գլուխը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «Գլուխ 9. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի, լիցենզիայում նշված անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշները և նրանց քննելու կարգը

 

 Կանոն 21. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) լիցենզիայում նշված անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշները

 

 21.1. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) լիցենզիայում նշված անձինք (այսուհետև` թեկնածուներ) պետք է բավարարեն հետևյալ մասնագիտական չափանիշներին`

 - ՀՀ արժութային օրենսդրության իմացություն,

 - ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ընդունված որոշումների իմացություն,

 - իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

 

 Կանոն 22. Թեկնածուների մասնագիտական համապատասխանությունը պարզելու քննության կարգը

 

 22.1. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից:

 Թեկնածուները պարտավոր են լիցենզիա ստանալու համար համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայանալ ՀՀ կենտրոնական բանկ` մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննություն հանձնելու համար:

 22.2. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է գրավոր (տեստային) քննության միջոցով, ընդ որում տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1.5 րոպե:

 22.3. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության կողմից` նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա:

 Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից, ենթակա չեն հրապարակման և պահվում են ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի մոտ:

 22.4. Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` հաշվի առնելով արժութային կարգավորման և արժութային վերահսկողության վերաբերյալ նոր օրենքների և նորմատիվային իրավական ակտերի ընդունումը:

 Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

 22.5. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող չափանիշներից) հետևյալ խմբերի`

 ա) արժութային դիլեր - 30 հարց

 բ) արտարժույթի փոխանակման կետ - 30 հարց:

 22.6. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

 Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

 22.7. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) լիցենզիայում նշվող անձանց գրավոր (տեստային) քննությունն անցկացվում է ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի առնվազն 3 անդամների ներկայությամբ:

 22.8. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

 Գրավոր (տեստային) քննության ժամանակ թեկնածուին արգելվում է`

 - օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից,

 - երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

 22.9. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել հանձնաժողովի պատասխանատու անձին:

 Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

 22.10. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները քննություն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին:

 22.11. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է միավորների առավելագույն թվի`

 - մինչև 70 տոկոսը, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

 - 70 և ավելի տոկոսը, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

 22.12. Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել ՀՀ կենտրոնական բանկ ոչ շուտ, քան վերջին անգամ քննություն հանձնելուց 6 ամիս հետո:

 22.13. Կրկնական քննություն անցնելու համար դիմած թեկնածուներին թույլտվություն տալու մասին հարցը ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է համապատասխան լրացված տեղեկանքի առկայության դեպքում (հավելված 12):

 Կրկնական քննություն հանձնելու թույլտվությունը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով»:

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության, դրամավարկային քաղաքականության դեպարտամենտներին և իրավաբանական վարչությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը (նոր խմբագրությամբ):

 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 22.05.97 թ. թիվ 142, 30.07.97 թ. թիվ 207, 15.12.98 թ. թիվ 240, 02.03.99 թ. թիվ 30 և 18.06.99 թ. թիվ 102 որոշումները:

 4. Սույն որոշումը նոր հիմնադրվող արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի համար ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 5. Սահմանել, որ գործող արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանեցվում են սույն որոշմամբ սահմանվող պահանջներին մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 Հավելված 5

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի ձև

 

 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 --- -------------- 199 -- թ.
 թիվ ------ որոշմամբ

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա թիվ.....

 Սույն լիցենզիան տրվում է ----------------------------------------------------------------------------- 

արժութային դիլերի անվանումը, գտնվելու վայրը

 -------------------------------------------------------------------------------------------------------------

 կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը, հասցեն 

 

արժութային դիլերին` արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

 

 Արժութային դիլերը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

 

 Լիցենզիան վավեր է նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիային կից գրության մեջ նշված տարածքներում:

 

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

 * Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

 Հավելված 6

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ------- լիցենզիային կից գրության ձև

 

 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 --- -------------- 1999 -- թ.
 թիվ ------ որոշմամբ

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիային կից գրություն 

 

թիվ ------

 

 Սույնով թույլատրվում է -----------------------------------------------------------------------

 արժութային դիլերի անվանումը, լիցենզիայի

 -------------------------------------------------------------------------տարածքում իրականացնել

 համարը, մասնաճյուղի գտնվելու վայրը, հաստատման ամսաթիվը,

 

 արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

 

 Աշխատակից (ներ)`

 ------------------------------------------------------------------------

 ազգանունը, անունը, անձնագրի համարը, հասցեն

 

 Արժութային դիլերը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

 

Հավելված 7

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա թիվ.....

 

 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 --- -------------- 199 -- թ.
 թիվ ------ որոշմամբ

 

 Լիցենզիա թիվ ----------

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություն իրականացնելու

 

Սույն լիցենզիան տրվում է ----------------------------------------------------------------------------

 Արտարժույթի փոխանակման կետի անվանումը,

 -----------------------------------------------------------------------------------------------------------

 գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

 -----------------------------------------------------------------------------------------------------------

 անձնագրի համարը, հասցեն

 

 փոխանակման կետին` ֆիզիկական անձանց հետ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կատարելու համար:

 

 Արտարժույթի փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

 

 Լիցենզիան վավեր է լիցենզիային կից գրության մեջ նշված տարածքներում:

 

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

 * Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

 Հավելված 8

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիային կից գրության ձև

 

 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 --- -------------- 1999 -- թ.
 թիվ ------ որոշմամբ

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիային կից գրություն

 

 Գրություն թիվ ------

 

 Սույնով թույլատրվում է -------------------------------------------------------------------

 արտարժույթի փոխանակման կետի անվանումը,

 

-------------------------------------------------------------------------------------------------

 լիցենզիայի համարը, հաստատման ամսաթիվը,

 

 ------------------------------------------------------------- տարածքում իրականացնել

 մասնաճյուղի գտնվելու վայրը

 

արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

 

 Աշխատակից(ներ)`

 --------------------------------------------------------------------------------------------

 աշխատակցի ազգանունը, անունը

 

 Արտարժույթի փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

 

 Հավելված 9

 

 Արժութային դիլերի գրանցումների մատյանի ձև

 

Արժույթի անվանումը

 AMD

 USD

 RUR

 DM

 FF

 

 

 1

 2

 4

 5

 6

 7

 8

 Մնացորդն օրվա սկզբում

 500000

 1500

 20000

 

 

 

 

 Մնացորդն օրվա վերջում

 92000

 2500

 15000

 100

 

 

 

 

 ՀՀ Գործարքի տեսակը Գործարքի ժամկետայ-նությունը  Գրանցման ժամը  Վայրը  Արտարժույթի տեսակները գնվող/
վաճառվող 
Փոխ-արժեքը դրամով   Գնման կամ վաճառքի ծավալը 
 Արտ-արժույթով Դրամով 
 1.  Սփոթ    9:15 Միջբանկային շուկա

1. USD

 520  100  52000
          2. DM      
 2.  Ֆորվարդ  Մարումը 1 ամսից  9:35  Բորսա 1. FF      
          2. DM  290 12000   3480000
 3.  Ֆյուչերս   Մարումը 3 ամսից  12:15 Միջբանկային շուկա 1. USD  520  10000 5200000 
          2. AMD      
 4.                
                 
                 
Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների    

1. USD

2. DM

1. FF

2. DM

1. USD

2. AMD

520*

 

290*

520*

100

 

12000

10000

52000

 

3480000

5200000

 

 * Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

 Արժութային դիլերի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արժութային դիլերներին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայեն իրենց իսկ շահերին` նպաստելով առողջ մրցակցության ապահովմանը:

 Արժութային դիլերի գրանցումների մատյանում (հավելված 9) մնացորդը օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

 «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները:

 Բացառությամբ «սփոթ» գործարքի, մյուս բոլոր գործարքների վերաբերյալ նշվում է ժամկետայնությունը (օր.` մարումը 1 ամսից):

 «Գրանցման ժամը» սյունակում լրացվում է գործարքի գրանցման պահը:

 «Վայրը» սյունակում լրացվում են գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության, դիլերի գտնվելու վայրը):

 «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

 Յուրաքանչյուր գործարքի գրանցումը կատարվում է` ելնելով գործարքի նպատակից: Եթե իրականացվում է արտարժույթի գնման գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 1-ին տողում լրացվում է այդ արտարժույթի քանակը, գնման փոխարժեքը և ծավալը` դրամով: Եթե իրականացվում է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 2-րդ տողում լրացվում է վաճառվող արտարժույթի քանակը, վաճառքի փոխարժեքը և ծավալը` դրամով:

 Համաձայն կանոն 13-ի 13.4 կետի` ՀՀ տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են հայկական դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա: Այսպես` լրացված օրինակում 100 ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով: ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը 520 դրամ է: Գնվող արտարժույթի համարժեքը դրամով կազմում է 52000 դրամ:

 Եթե գործարքն իրականացվում է դիլերների միջև, այդ թվում` միջբանկային շուկայում կամ բորսայում, ապա «Արտարժույթների տեսակները» սյունակի 1-ին կամ 2-րդ տողում, ելնելով գործարքի նպատակից, ցույց է տրվում գնված կամ վաճառված արտարժույթը: Այս դեպքում գործարքին մասնակցող մյուս կողմը (բանկը, դիլերը) իր գրանցումների մատյանում նշում է այդ գործարքի հակադարձը: Այսպես` օրինակում, երբ ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով, ԱՄՆ դոլարի գնման գործարքը գրանցվում է վերոնշյալ սյունակի 1-ին տողում, իսկ երբ գերմանական մարկ է վաճառվել ֆրանսիական ֆրանկով, այդ դեպքում գերմանական մարկի վաճառքի գործարքը գրանցվում է 2-րդ տողում: Այս գործարքների մյուս մասնակիցներն իրենց գրանցումների մատյանում առաջին դեպքում նշում են գերմանական մարկի վաճառքի, իսկ երկրորդ դեպքում` ֆրանսիական ֆրանկի գնման գործարքը:

 «Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Արտարժույթների տեսակները» սյունակում կատարվում է օրվա ընթացքում կատարված բոլոր տիպի գործարքների խմբավորումը` ըստ արտարժույթի տեսակների: Այս տողում «Փոխարժեքը դրամով» սյունակում լրացվում է տվյալ արտարժույթի գծով գնման կամ վաճառքի միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 8-ի կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:

 

 Հավելված 10

 

 Արտարժույթի փոխանակման կետի գրանցումների մատյանի ձև

 

Արժույթի անվանումը

 AMD

 USD

 RUR

 DM

 FF

 

 1

 2

 4

 5

 6

 7

 Մնացորդն օրվա սկզբում

 500000

 1500

 20000

 

 

 

 Մնացորդն օրվա վերջում

 92000

 2500

 15000

 100

 

 

 

 Հ/Հ

Արժույթի
տեսակը

Ծավալը

Գնման

Վաճառքի

 Փոխարժեք

  Արտ-արժույթով

 Դրամով 

 Փոխարժեք

  Արտ-արժույթով

Դրամով 

 1.  USD  520 1000 520000  

 

 
 2. RUR       80  500000 40000 
 3.  DM 280 100 28000      
   Ընդամենը`
ըստ արտարժույթի տեսակների
                
  USD 520*  1000 520000       
  RUR       80*  500000  40000 
  DM 280* 100 28000      

 

 * Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

 

 Արտարժույթի փոխանակման կետի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արտարժույթի փոխանակման կետերին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայեն իրենց իսկ շահերին` նպաստելով առողջ մրցակցության ապահովմանը:

 Արտարժույթի փոխանակման կետերի գրանցումների մատյանում (հավելված 10) մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

 «Արտարժույթի տեսակը» սյունակում լրացվում են գնվող կամ վաճառվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

 Արտարժույթի փոխանակման կետերն արտարժույթի փոխարժեքը սահմանելիս, ինչպես նաև փոխարկման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են սույն կանոնակարգի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:

 «Գնման փոխարժեքը» սյունակում նշվում է արտարժույթի փոխանակման կետի կողմից հայկական դրամի դիմաց սահմանված գնման փոխարժեքը:

 «Գնման ծավալն արտարժույթով» սյունակում նշվում է գնված արտարժույթի քանակը, իսկ «Գնման ծավալը դրամով» սյունակում նշվում է գնված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված գնման փոխարժեքով:

 «Վաճառքի փոխարժեքը» սյունակում նշվում է արտարժույթի փոխանակման կետի կողմից հայկական դրամի դիմաց սահմանված վաճառքի փոխարժեքը:

 «Վաճառքի ծավալն արտարժույթով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի քանակը, իսկ «Վաճառքի ծավալը դրամով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված վաճառքի փոխարժեքով:

 «Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Գնման փոխարժեքը դրամով» և «Վաճառքի փոխարժեքը դրամով» սյունակներում լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:

 

 Հավելված 11

 

 Ձև թիվ 1

 

 

 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 «---» -------------- 199 -- թ.
 թիվ ------ որոշմամբ

 

 Անդորրագիր ---- թիվ -----

 սերիա

 

 Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 

 -------------------------------------------------------------------------

 բանկի, արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) անվանումը, անունը,

 -------------------------------------------------------------------------

 ազգանունը, հասցեն

 

 «  » ------------- 199 թ.

 ժամը « .  »

 

 Փոխանակվող արժույթի տեսակը ----------------------------------------

 Առք/վաճառք (ընդգծել)

 Գումարը (թվերով և բառերով) ---------------------------------------

 Փոխանակման փոխարժեքը ---------------------------------------

 Հաճախորդին տրվող գումարը և արժույթի տեսակը -----------------------

 

 Կ.Տ.

 

 Կատարող ------------------------------------------------------------------------------

 անուն, ազգանուն

 

 Հավելված 12

 

 Հաստատված է
 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
 --- -------------- 199 -- թ.
 թիվ ------ որոշմամբ

 

 Տեղեկանք

 

 արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) մասին

 

 Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ:

 Դուք կարող եք ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն, որը կօգնի ՀՀ կենտրոնական բանկին պարզելու Ձեր մասնագիտական համապատասխանությունը:

 

 1. Ընդհանուր տեղեկատվություն.

 

 Անուն, ազգանուն, հայրանուն ----------------------------------------

 Հասցեն ------------------------------------------------------------

 Ծննդյան թիվը ------------------------------------------------------

 Ծննդավայրը --------------------------------------------------------

 Քաղաքացիությունը --------------------------------------------------

 Անձնագրի սերիան և համարը -----------------------------------------

 Հեռախոսահամարներ --------------------------------------------------

 

 2. Կրթություն, որակավորում և փորձ

 

 Ուսումնական հաստատության

(այդ թվում` դպրոցի) անվանումը

Վայրը 

Հաճախումների
ժամանակաշրջանները 

Աստիճանները

 

 

 3. Հակառակ ժամանակագրական կարգով ներկայացրեք վերջին 5 տարիներին Ձեր աշխատանքային փորձի մասին տեղեկատվություն:

 

 Կազմակերպության (ձեռնարկության) գտնվելու վայրը --------------------

 Աշխատանքի ժամկետը ------------ -ից մինչև ------------

 Պաշտոնը, աշխատանքի բնույթը ----------------------------------------

 Նախկինում եղել եք կամ ներկայումս հանդիսանում եք անհատ ձեռներեց, ներկայացրեք այդ գործունեության նկարագիրը

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 4. Նախկինում դատված եղել եք, թե` ոչ, ներկայումս գտնվում եք նախաքննության, դատաքննության մեջ, թե` ոչ

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 -----------------------------------------------------------------------

 5. Նշեք առնվազն 3 անձանց անունն ու լրիվ փոստային հասցեն: Վերջիններս պետք է անձամբ ծանոթ լինեն Ձեզ և չպետք է որևէ կերպ առնչվեն այս առաջարկությանը

 

 1. ------------------------------------------------------------------------------------------------------------

 անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար

 

 2. -----------------------------------------------------------------------------------------------------------

 անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար

 

 3. -----------------------------------------------------------------------------------------------------------

 անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար

 

 6. Ես հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունն ստույգ է և լիակատար, գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման:

 Ես համաձայն եմ` ՀՀ կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

___________________ 

 /ստորագրություն/

___________________ 

 /ստորագրման ամսաթիվը/