Գլխավոր տեղեկություն
Համար
N 200
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.1998-21.10.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.09.1998
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 1998 թվականի N 200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ««ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 136 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44 և 53-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. Երրորդ բաժնի 38.01 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 38.01.

 

ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, ընդ որում ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է միայն դրամով».

 

1.2. Երրորդ բաժնի 38.02 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 38.02.

 

Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց դրամով պահուստավորում կատարելու ընթացքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկն ինքը».

 

1.3. Երրորդ բաժնի 38.04 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 38.04.

 

Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը, ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:

Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների և միմյանցից ներգրաված միջոցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ` այլ նմանատիպ կազմակերպություններ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների: Պարտադիր պահուստավորման հաշվարկում չեն ընդգրկվում նաև կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված (վճարվելիք) տոկոսները, վճարվելիք շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը, հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների պահուստները, հետաձգված հարկային պարտավորությունները և գալիք ժամանակաշրջանի եկամուտները».

 

1.4. Երրորդ բաժնի 38.07 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 38.07.

 

Բանկի կողմից հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած դրամով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով: Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինել և կառավարել պարտադիր պահուստների միջոցները».

 

1.5. Երրորդ բաժնի 39.01 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 39.01.

 

Արտարժութային համախառն դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի`

1998 թ. հոկտեմբերի 1-ից` 40%-ը,

1999 թ. ապրիլի 1-ից` 30%-ը,

2000 թ. հունվարի 1-ից` 25%-ը:

II խմբի մեջ մտնող արտարժույթների գծով բաց արտարժութային դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի`

1998 թ. հոկտեմբերի 1-ից` 10%-ը,

2000 թ. հունվարի 1-ից` 5%-ը»:

 

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Կանոնակարգ 2-ը» (նոր խմբագրությամբ):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ 1.1, 1.2, 1.3, 1.4 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 1999 թվականի ապրիլի 9-ից: