Գլխավոր տեղեկություն
Համար
N 184
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.1999-19.12.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.01/33(405)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.11.1999
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 1999 թվականի N 184

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1.1. Կանոն 14-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Կանոն 14. Բանկի, բանկի մասնաճյուղի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջները

 

1. Բանկը, բանկի մասնաճյուղը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պետք է ունենա`

ա) Սեփականության իրավունքով իրեն (կամ հիմնադիր բանկին) պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կնքված լինի գրանցման համար փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 5 տարի ժամկետով:

բ) Կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց, որի մեջ մտնում են հետևյալ տարածքները`

- Կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց` իր նախադրամապահոցով կամ ինկասացիոն ծառայությամբ, և որևէ բանկի հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ 1*):

Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ, չհրկիզվող դուռ: Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտելու դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Դրամապահոցների տակ նկուղային հարկերի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցը գտնվում է շենքի վերջին հարկում, կամ դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն, ապա դրամապահոցի առաստաղը պետք է բաժանված լինի վերևի հարկի հատակից (կամ տանիքից) դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտելու և հսկելու առաստաղի ամբողջականությունը:

- Գործառնական դրամարկղեր.

- Հաճախորդներից ստացված դրամի և այլ արժեքների վերահաշվարկման, ինկասատորներից կանխիկ դրամի ընդունման և նրանց կանխիկ դրամի հանձնման, բանկի աշխատակցի հսկողության ներքո հաճախորդի կողմից ստացված գումարի վերահաշվարկման պայմաններ:

գ) Պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը պետք է լինի պահեստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում դրամարկղային հանգույցը պետք է ունենա տեղային (լոկալ) էլեկտրասնուցում:

Դրամարկղային հանգույցը պետք է`

- սարքավորված լինի անվտանգության ահազանգման համակարգի անխափան գործունեության ապահովման ցանցով,

- առանձնացված լինի բանկի կառուցվածքային մյուս ստորաբաժանումներից:

Դրամարկղային հանգույցի արտաքին և ներքին տարածքի շուրջօրյա պահպանությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բանկի մասնաճյուղը պետք է ունենա բանկի գլխամասի հետ միացված համակարգչային ցանց:

_______________

1*) Բացառությամբ այն գործող բանկերի, որոնց գլխամասային գրասենյակները հաճախորդների հաշվարկադրամարկղային գործառնություններ չեն իրականացնում:»

 

1.2. Հանել կանոն 19-ը և այդ կապակցությամբ վերահամարակալել կանոնակարգի հերթական հաջորդ կանոնները:

1.3. Կանոն 20-ի 2-րդ մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետ`

«ե) բանկը մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ ՀՀ կենտրոնական բանկի հիմնավորմամբ մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը»:

1.4. Կանոն 22-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Կանոն 22. Բանկի գործառնական գրասենյակը (կետը): Բանկի ավտոմատ գանձման սարքերը (բանկոմատները)

 

1. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում:

2. Բանկի գործառնական գրասենյակներ (կետեր) կարող են բացվել միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, մաքսային սահմաններում` կրպակ-դրամարկղային խցերի ձևով:

3. Կրպակ-դրամարկղային խցերին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են` կրպակի լայնությունը` 2 մ, երկարությունը` 2 մ, բարձրությունը` 2.5 մ: Կրպակն ունի առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք մուտք գործել հնարավոր է միայն հիշյալ դռնով: Դրամարկղային խցի դիմակայուն շինանյութից պատրաստված պատերն ունեն մինչև 1.05 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակին: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում ներսից տեղադրված է հատուկ շարժական արկղ` դրամի փոխանցման համար: Արկղը կառավարվում է աշխատակցի կողմից: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում, դրսի կողմից, տեղադրված է սեղան` գումարի վերահաշվարկման համար:

4. Բանկը պարտավոր է ավտոմատ գանձման սարքեր (բանկոմատներ) տեղադրելիս 3-օրյա ժամկետում գրավոր ձևով ՀՀ կենտրոնական բանկին ծանուցել այդ մասին` ծանուցման մեջ նշելով ավտոմատ գանձման սարքի (բանկոմատի) տեղադրման տեղի մասին»:

1.5. Հանել կանոն 24-ը և այդ կապակցությամբ վերահամարակալել կանոնակարգի հերթական հաջորդ կանոնները:

1.6. Կանոն 25-ի 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակները համազգային, միջազգային և այլ միջոցառումների ընթացքում իրավունք ունեն`

- գնել, վաճառել (փոխանակել) արտարժույթ, սպասարկել ճանապարհային չեկեր, վճարային քարտեր և նման այլ գործարքներ»:

1.7. Հանել 26-րդ կանոնը և այդ կապակցությամբ վերահամարակալել կանոնակարգի հերթական հաջորդ կանոնները:

1.8. Կանոն 30-ից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կանոն 31

«Կանոն 31.

Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը և փոփոխությունների գրանցումը

 

1. Իրավաբանական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) ձեռք բերելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- Կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար միջնորդագիր.

- Կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կառավարման բարձրագույն մարմնի որոշումը: Եթե մասնակցությունը ձեռք է բերվում իրար հետ փոխկապակցված անձանց կողմից, ապա պահանջվում է նրանցից յուրաքանչյուրի կառավարման մարմնի որոշումը:

- Կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կանոնադրությունը.

- Իրավաբանական անձի և նրա հետ փոխկապակցված անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի`

- հաշվապահական հաշվեկշիռը,

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

- ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին) համապատասխան,

- տեղեկանք պետական լիազորված մարմնի կողմից` դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` տեղեկանք տվյալ երկրի իրավասու մարմնից):

2. Ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) ձեռք բերելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերելու համար դիմումը,

- կենսագրական տվյալներ` սույն կանոնակարգի հավելված 14-ի ձև 4-ին և հավելված 7-ին համապատասխան:

3. Բանկի կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող անձը (իրավաբանական անձի դեպքում` կառավարման իրավասու մարմինը) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի հետ պարտավոր է ներկայացնել նաև իր դիրքորոշումը` բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված վերջին բիզնես-ծրագրում փոփոխություններ կատարելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ:

4. Կենտրոնական բանկը կարող է մերժել դիմումը` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`

- ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

- տվյալ գործարքն ուղղված է կամ հանգեցնում է ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը,

- տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք ՀՀ բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշելու «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները:

5. Անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու պահից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, պետք է կնքեն համապատասխան գործարքը: Սահմանված ժամկետում գործարքը չկնքելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

6. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու գործարքը կնքելու պահից բանկը մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկին ծանուցում է կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց փոփոխությունների մասին` կցելով հետևյալ փաստաթղթերը`

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` վավերացված բանկի կնիքով.

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ` օրենքով սահմանված դեպքերում:

7. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար նախնական համաձայնությունը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, իսկ համապատասխան փոփոխությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով»:

1.9. Կանոն 31-ի 3-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ`

«Նշված պաշտոնում անձն առանց վկայականի, որպես ղեկավարի պաշտոնակատար, կարող է աշխատել ոչ ավելի, քան 3 ամիս»:

1.10. Կանոն 32-ի 1-ին կետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Բանկի, բանկի մասնաճյուղի, ինչպես նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի նախագահի, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի կողմից»:

1.11. Կանոն 32-ից հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ կետերը:

1.12. Հավելվածներ 11-ից և 12-ից հանել ներդիրները:

2. Սույն որոշումը նոր հիմնադրվող բանկերի (օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի), բանկերի մասնաճյուղերի և գործառնական գրասենյակների համար ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

3. Սահմանել, որ գործող բանկերի, բանկերի մասնաճյուղերի և գործառնական գրասենյակների տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանեցվում են սույն որոշմամբ սահմանվող պահանջներին մինչև 2001 թվականի հունվարի 1-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 2-ի N 29 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ