Գլխավոր տեղեկություն
Համար
N 176
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.1997-10.06.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.07.1997
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


1 հուլիսի 1997 թվականի N 176


ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի, 37-րդ հոդվածի 5-րդ կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկային իրավախախտումների կանոնագիրքը» (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կանոնագիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի ««Օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագիրքը հաստատելու մասին» N 133 և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության ««Օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագրքի մեջ փոփոխություն կատարելու մասին» N 44 որոշումները:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագրի ձևը:

Կենտրոնական բանկի նախագահ


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997 թ. հուլիսի 1-ի N 176 որոշմամբ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

Սույն կանոնագիրքը բաղկացած է երկու` ընդհանուր և հատուկ մասերից:

Ընդհանուր մասում սահմանվում են օրենսդրության խախտումները, վարույթի ընթացակարգը, պատժամիջոցները, դրանց կիրառման կարգը:

Հատուկ մասում տրվում են բանկային օրենսդրության կոնկրետ խախտումները և դրանց համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

Բ Ա Ժ Ի Ն 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Կանոն 1.01.

Առարկան և նպատակը

 

ա) Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 36-րդ հոդվածի 2-րդ կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլուխը` սույն կանոնագիրքը սահմանում է ՀՀ տարածքում գործող բանկերի, դրանց ղեկավարների և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (հետագայում` բանկ) կողմից բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտումները (հետագայում` խախտում), վարույթի ընթացակարգը, պատժամիջոցները, դրանց կիրառման կարգը:

բ) Խախտումներ թույլ տալու համար բանկերի և դրանց ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ունի կանխարգելիչ բնույթ, որի նպատակն է կանխել բանկերի կողմից օրենսդրության խախտումները, ապահովել ՀՀ բանկային համակարգի հուսալիությունը, բնականոն գործունեությունը, բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև կենտրոնական բանկի այլ խնդիրների իրագործումը:

Կանոն 1.02.

Օրենսդրության խախտումները

 

ա) Խախտումներ են համարվում սույն կանոնագրքի հատուկ մասում նշված ուղղակի կամ անուղղակի այն գործողությունները կամ անգործությունը, որոնք հակասում են բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և այդ օրենքներից բխող այլ իրավական ակտերի պահանջներին:

բ) 1. Պարբերաբար խախտումներ են համարվում մեկ ֆինանսական տարվա ընթացքում հիմնական տնտեսական նորմատիվների և (կամ) հաշվեկշռում, ֆինանսական հաշվետվություններում անարժանահավատ (կեղծ) տվյալների ներկայացման և (կամ) հաշվետվությունների ուշացման համար սույն կանոնագրքի հատուկ մասում սահմանված և արձանագրված յուրաքանչյուր 10 և ավելի խախտումները, եթե`

1.1. խախտումն արձանագրվել է սույն կանոնագրքով սահմանված կարգով, և

1.2. խախտման համար պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ որոշում է ընդունվել:

2. Սույն մասի նպատակների համար խախտում չի կարող համարվել այն խախտումը, որի վերաբերյալ «բ» մասի 1.2 ենթակետով նախատեսված որոշումը վերանայվել է, և բանկն արդարացվել է կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, դատարանի վճռով:

3. Կենտրոնական բանկի խորհուրդն ամեն դեպքում կարող է խախտումները որակել որպես ոչ պարբերաբար, եթե համարի, որ դրանց հաճախականությունը պատահական բնույթ է կրում:

գ) Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ, եթե նրանց կողմից թույլ են տրվել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված օրենսդրության խախտումները:

Կանոն 1.03.

Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատժամիջոցները

 

ա) Օրենսդրության խախտումների համար կենտրոնական բանկը բանկերի (առանձին դեպքերում` բանկի ղեկավարների) նկատմամբ կիրառում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները:

բ) Անկախ սույն կանոնագրքի որևէ դրույթից, կենտրոնական բանկի և խախտումներ թույլ տված բանկի միջև հատուկ մասում սահմանված դեպքերում կարող է 15 օրվա ընթացքում կնքվել պայմանագիր, որը կարող է փոփոխել կամ փոխարինել սույն կանոնագրքով սահմանված խախտումների համար կիրառվող պատժամիջոցները, և որով կարող են նախատեսվել պայմաններ, մասնավորապես, որոշակի ժամանակաշրջանում բանկի ֆինանսական առողջացման, վերակազմավորման կամ զարգացման ծրագրի իրագործման, բանկի կողմից խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, շահաբաժինների վճարման կասեցման, ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման, բանկի ղեկավարների աշխատավարձի նվազեցման և պարգևավճարների դադարեցման, ակտիվային ու պասիվային որոշ գործառնությունների ժամանակավոր սահմանափակման և այլնի վերաբերյալ:

Կանոն 1.04.

Նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական

 

ա) Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի, նախազգուշացումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել նույն օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում: Նախազգուշացումը կիրառվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

բ) Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, և բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:

գ) Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու, ապագայում նման խախտում թույլ չտալու կամ խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Ժամկետը որոշվում է նախագահի կողմից, հանձնաժողովի առաջարկությամբ` հաշվի առնելով խախտման հետևանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը, խախտման վերացման համար անհրաժեշտ ժամանակը և խախտումը վերացնող բանկի հնարավորությունները: Բանկը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկին տեղեկացնել սույն կանոնի «բ» մասում նշված հանձնարարականի կատարման (կամ դրա ընթացքի) մասին:

Կանոն 1.05.

Տուգանքը

 

ա) Այն դեպքում, երբ բանկը համաձայն է տուգանքի նշանակման և (կամ) չափի հետ, տուգանքը գանձվում է բանկի թղթակցային հաշվից կամ 5-օրյա ժամկետում վճարվում բանկի կողմից:

բ) Այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ չափի հետ, տուգանքը գանձվում է կենտրոնական բանկի հայցով` դատարանի վճռով (որոշմամբ):

գ) Կենտրոնական բանկը սույն կանոնագրքի հատուկ մասում սահմանված կանոններով և դրանցում նշված չափերով բանկի ղեկավարների նկատմամբ (բացառությամբ ստորաբաժանումների ղեկավարների և խորհրդի անդամների) տուգանք նշանակելու հայցով դիմում է դատարան, եթե տուգանվող ղեկավարները համաձայն չեն տուգանքի նշանակման և չափի հետ:

դ) սույն կանոնագրքի հատուկ մասում սահմանված կանոններով օրենսդրության յուրաքանչյուր խախտման համար բանկի կամ նրա ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ նշանակվող տուգանքի գումարը չի կարող գերազանցել օրենքով սահմանված առավելագույն չափը:

ե) Տուգանքի գումարը գանձվում է հօգուտ պետական բյուջեի:

Կանոն 1.06.

Բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելը

 

ա) Բանկի ղեկավարները զբաղեցրած պաշտոններից հեռացվում են բանկի խորհրդի որոշմամբ` կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածով և սույն կանոնագրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում:

բ) Ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելու վերաբերյալ կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը ստանալուց հետո բանկը 10-օրյա ժամկետում կենտրոնական բանկ է ներկայացնում խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի` վերոհիշյալ առաջարկության կապակցությամբ կայացրած որոշումը:

Կանոն 1.07.

Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

 

ա) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով և սույն կանոնագրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում:

բ) Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:

Կանոն 1.08.

Ժամկետները

 

Եթե սույն կանոնագրքով նախատեսված կամ սույն կանոնագրքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ նախատեսված ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա տվյալ ժամկետը ավարտվում է հաջորդ աշխատանքային օրվա վերջում:

Կանոն 1.09.

Վաղեմության ժամկետները

 

ա) Եթե խախտումը հայտնաբերվել է այն թույլ տալուց երկու տարի հետո, և բանկը կամովին վերացրել է խախտումը, ապա խախտում թույլ տված բանկը չի ենթարկվում պատժի:

բ) Եթե կենտրոնական բանկը խախտումն արձանագրելու պահից երկամսյա ժամկետում սույն կանոնագրքով նախատեսված որևէ որոշում չի ընդունել, ապա բանկի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

ՎԱՐՈՒՅԹԸ


Կանոն 2.01.

Օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը

 

ա) Օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը (հետագայում` հանձնաժողով) ստեղծվում է կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

բ) Հանձնաժողովը քննարկում է վարույթի ընթացքում խախտման որակման և պատժամիջոցի կիրառման վերաբերյալ վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության ու իրավաբանական վարչության, կենտրոնական բանկի և բանկի միջև ու այլ դեպքերում առաջացող վիճահարույց հարցերը, ինչպես նաև այն խախտումները, որոնց համար սույն կանոնագրքի համաձայն նախատեսվում է 1.03 կանոնում նշված պայմանագրի կնքում կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում, և ներկայացնում է եզրակացություն`

1. կենտրոնական բանկի նախագահին` խախտման համար պատժամիջոց կիրառելու, վարույթը կասեցնելու, կարճելու, տուգանքի կիրառումը հետաձգելու կամ 1.03 կանոնում նշված պայմանագիրը կնքելու (բացառությամբ սույն կանոնի «բ» մասի 2-րդ կետում նախատեսված դեպքերի) մասին:

2. կենտրոնական բանկի խորհրդին` տուգանք չկիրառելու, տուգանքը մեղմացնելու, ինչպես նաև բանկի ֆինանսական առողջացման, ընդհանուր համակարգային բնույթ ունեցող հիմնահարցերի լուծման համար սույն կանոնագրքի 1.03 կանոնում նշված պայմանագիրը կնքելու կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:

գ) Հանձնաժողովի կազմը և աշխատանքի կարգը հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

Կանոն 2.02.

Խախտման արձանագրումը

 

ա) Սույն կանոնագրքով նախատեսված խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա են`

1. կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման արձանագրությունը և

2. արձանագրության վերաբերյալ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության դրական եզրակացությունը:

բ) Սույն կանոնի «ա» մասի 1-ին կետում նախատեսված արձանագրության մեջ նկարագրվում են այն փաստերը, որոնք հանգեցնում են խախտմանը, ինչպես նաև սույն կանոնագրքի հատուկ մասի այն կանոնները, որոնցում նշված նորմերը խախտվել են:

գ) Սույն կանոնի «ա» մասի 2-րդ կետում նախատեսված եզրակացությունը կազմվում է հիշյալ արձանագրությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում, որով ներկայացված փաստերի հիման վրա պետք է հաստատվի սույն կանոնագրքով նախատեսված խախտման կամ խախտումների առկայությունը:

դ) Դրական եզրակացության դեպքում իրավաբանական վարչությունը սույն կանոնի «գ» մասում սահմանված ժամկետում կազմում է նաև`

1. կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ` խախտում թույլ տված բանկի նկատմամբ պատժամիջոց (պատժամիջոցներ) կիրառելու մասին, կամ

2. հնգօրյա ժամկետում վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ կազմում է սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագրի նախագիծ:

ե) Սույն կանոնի «ա» մասում և «դ» մասի 1-ին կետում նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետին, իսկ սույն կանոնագրքի 2.01 կանոնի «բ» մասում նախատեսված դեպքերում` 2.02 կանոնի «ա» մասում և «դ» մասի 2-րդ կետում նշված փաստաթղթերը` հանձնաժողովի քննարկմանը:

զ) Հանձնաժողովը քննարկում է ներկայացված փաստաթղթերը և տալիս եզրակացություն` խախտման փաստի և պատժամիջոց կիրառելու կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագրի կնքման մասին:

Կանոն 2.03.

Բանկի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մտադրության վերաբերյալ տեղեկացնելը

 

ա) Սույն կանոնագրքի 2.02 կանոնի «դ» մասում նշված պայմանագրի նախագիծը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, իսկ հրամանի նախագիծը` վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետի կից գրությամբ հանձնվում են բանկին:

բ) Սույն կանոնագրքի 6.01-6.06, 6.08, 7.01, 7.02, 7.04, 7.07-7.11, 7.16, 7.17, 7.23-7.27, 8.01-8.05, 9.01 և 9.02 կանոններով նախատեսված խախտումների արձանագրման դեպքում դրանց, ինչպես նաև 2.02 կանոնի «դ» մասում նշված պայմանագրի նախագծի մասին տեղեկացվում է նաև բանկի խորհրդի նախագահին:

Կանոն 2.04.

Բանկի բացատրությունները և առարկությունները, բանկի հետ պայմանագրի կնքումը

 

ա) 1. Սույն կանոնագրքի 2.03 կանոնում նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում բանկը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները արձանագրված խախտման (խախտումների), տուգանքի նշանակման կամ չափի վերաբերյալ, ինչպես նաև բանկի խորհրդի դիրքորոշումը:

2. Այդ նույն ժամանակաշրջանում բանկը կարող է հանձնաժողովի հետ վարել բանակցություններ` 1.03 կանոնով նախատեսված պայմանագիրը կնքելու համար:

բ) 1. Բանկի կողմից սույն կանոնի «ա» մասում նշված ժամկետում բացատրություններ և առարկություններ չներկայացվելու դեպքում հանձնաժողովի նախագահը 2.02 կանոնի «ա» մասում, «դ» մասի 1-ին կետում նախատեսված փաստաթղթերը և վարույթի մասին տեղեկանքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին: Տեղեկանքի մեջ ամփոփ տրվում են խախտման նկարագիրը, սույն կանոնագրքի այն կանոնները, որոնցում նշված նորմերը խախտվել են, ինչպես նաև առաջարկվող պատժամիջոցը (պատժամիջոցները):

2. Այդ նույն ժամկետում 1.03 կանոնով նախատեսված պայմանագիր կնքելու հետ բանկի համաձայնության դեպքում պայմանագիրը ներկայացվում է կենտրոնական բանկի նախագահին, իսկ 2.01 կանոնի «բ» մասի 1-ին կետում նախատեսված դեպքերում` կենտրոնական բանկի խորհրդին:

գ) 1. Սույն կանոնի «ա» մասում նախատեսված բացատրություններ և առարկություններ ներկայացնելիս հանձնաժողովը քննարկում է դրանք, և կանոնագրքի 2.05 կանոնի «ա», 2.07 կանոնի «բ» մասերում և 2.06 կանոնում նշված հիմքերի առկայության դեպքում իրավաբանական վարչությունը հանձնաժողովի եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում պատրաստում է`

1.1. վարույթը կարճելու, կասեցնելու, տուգանքի գանձումը հետաձգելու մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հրամանի նախագիծ, որը բանկի բացատրությունների ու առարկությունների, սույն կանոնագրքի 2.02 կանոնի «ա» մասում նշված փաստաթղթերի, վարույթի ընթացքի մասին տեղեկանքի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է կենտրոնական բանկի նախագահին, կամ

1.2. տուգանք չկիրառելու, տուգանքը մեղմացնելու մասին կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման նախագիծ, որը բանկի բացատրությունների ու առարկությունների, սույն կանոնագրքի 2.02 կանոնի «ա» մասում նշված փաստաթղթերի, վարույթի ընթացքի մասին տեղեկանքի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է կենտրոնական բանկի խորհրդին:

2. Սույն կանոնագրքի 1.03 կանոնով նախատեսված պայմանագրի կնքման շուրջ սահմանված ժամկետում կենտրոնական բանկի հետ բանակցություններ չվարելու և պայմանագիր չկնքելու դեպքում հանձնաժողովը իրավաբանական վարչությանը տալիս է հանձնարարական` եռօրյա ժամկետում պատրաստելու սույն կանոնագրքի հատուկ մասի համապատասխան կանոնով նախատեսված պատժամիջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի կամ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ:

դ) Բանկի բացատրությունների և առարկությունների հետ անհամաձայնության դեպքում հանձնաժողովը սույն կանոնագրքի 2.02 կանոնի «ա» մասում և «դ» մասի 1-ին կետում նախատեսված փաստաթղթերը, հանձնաժողովի եզրակացությունը, վարույթի ընթացքի մասին տեղեկանքը, ինչպես նաև բանկի բացատրություններն ու առարկությունները ներկայացնում է կենտրոնական բանկի նախագահին: Հրամանի նախագիծը պարունակում է նաև իրավաբանական վարչությանը հանձնարարական` դատական կարգով ապահովելու գումարի գանձումը:

ե) 1. Կենտրոնական բանկի նախագահը հանձնաժողովի եզրակացության հիման վրա`

1.1. որոշում է կայացնում բանկի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մասին:

1.2. Բանկի կամ նրա ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելիս ստորագրում է դատարան ներկայացվող հայցը:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է բանկի նկատմամբ արձանագրված խախտման համար պատժամիջոց չկիրառելու մասին հանձնաժողովի եզրակացությունը:

3. Սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիրը բանկի կողմից կնքվելու դեպքում այն ներկայացվում է կենտրոնական բանկի նախագահին, իսկ 2.01 կանոնի «բ» մասի 2-րդ կետում նախատեսված հիմքերի դեպքում կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանն է ներկայացվում այդ պայմանագրին հավանություն տալու վերաբերյալ կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը:

զ) Դատարանում հայցը պաշտպանում է կենտրոնական բանկի կողմից լիազորված ներկայացուցիչը (ներկայացուցիչները):

Կանոն 2.05.

Վարույթը կարճելը

 

Կենտրոնական բանկի նախագահը կարող է.

ա) Կարճել վարույթը, եթե`

1. բացակայում է խախտումը,

2. բաց են թողնված սույն կանոնագրքի 1.09 կանոնով սահմանված վաղեմության ժամկետները,

3. խախտման համար սույն կանոնագրքով պատժամիջոց չի սահմանված,

4. մինչև պատժամիջոց կիրառելու մասին կենտրոնական բանկի նախագահի հրամանի ստորագրումը բանկը կամովին վերացրել է խախտումը, կամ

5. վարույթը սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում, բանկային օրենսդրության փոփոխության պարագայում, այլևս խախտում չի համարվում կամ նման խախտման համար պատժամիջոց սահմանված չէ:

6. Բանկը կնքել է սույն կանոնագրքի 1.03 կանոնով նախատեսված պայմանագիրը:

բ) Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն կանոնի «ա» մասում նշված 4, 5, 6 հիմքերով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում մեկ ֆինանսական տարվա ընթացքում արձանագրված խախտումների ընդհանուր քանակի մեջ:

 

Կանոն 2.06.

Վարույթի կասեցումը

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կարող է մինչև 60 օր ժամկետով կասեցնել վարույթը, եթե պատժամիջոցի կիրառումը պահանջում է լրացուցիչ պարզաբանում` արձանագրված խախտման վերաբերյալ:

Կանոն 2.07.

Տուգանք կիրառելու, գանձումը հետաձգելու մասին որոշումը

 

ա) 1. Բանկի բացատրություններն ու առարկությունները քննելուց հետո կենտրոնական բանկի նախագահը որոշում է կայացնում` արձանագրված խախտումների համար տվյալ բանկի նկատմամբ սույն կանոնագրքով նախատեսված տուգանք կիրառելու մասին:

2. Սույն կանոնի «ա» մասի 1-ին կետում նախատեսված որոշումը ենթակա է կատարման` այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

բ) 1. Կենտրոնական բանկի նախագահը կարող է որոշում կայացնել տուգանքի կիրառումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու մասին, եթե տուգանքի գանձումը կարող է խանգարել բանկի ֆինանսական առողջացման կամ վերակազմավորման ծրագրի իրականացմանը:

2. Սույն մասի 1-ին կետում նախատեսված հիմքի դադարեցման դեպքում տուգանքը գանձվում է սահմանված ժամկետը լրանալու պահին: Ընդ որում բանկը կարող է գումարը վճարել առանձին մասերով` մինչև սահմանված ժամկետի ավարտը:

Կանոն 2.08.

Տուգանք չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը, կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ, կարող է որոշում կայացնել արձանագրված խախտման համար խախտում թույլ տված բանկի նկատմամբ տուգանք չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու վերաբերյալ, եթե` տուգանքի գանձումը անհնարին է բանկի ֆինանսական դրության պատճառով կամ կարող է հանգեցնել դրա էլ ավելի վատթարացմանը, խախտումը կատարվել է օբյեկտիվ (բանկից չկախված) պատճառներով (այդ թվում` ֆորս-մաժորային), խախտումը պայմանավորված է ընդհանուր համակարգային հիմնախնդիրներով, բանկը նախկինում թույլ չի տվել պարբերաբար խախտումներ, Ն3, Ն41, Ն42 նորմատիվների խախտումն առաջացել է ոչ թե գործարքի կատարման պահին, այլ դրանից հետո:

Կանոն 2.09.

Պատժամիջոցների և տույժի կիրառումը սնանկացման գործընթացում գտնվող ու լուծարվող բանկերի նկատմամբ

 

ա) Նախնական խնամակալության, խնամակալության և լուծարային կառավարման գործընթացում գտնվող բանկերի կողմից նախկինում թույլ տրված խախտումների համար բանկի նկատմամբ տուգանք կամ տույժ կիրառելու գծով սկսված վարույթները կարճվում են, և դրանց նկատմամբ տուգանք և տույժ չի կիրառվում:

բ) Լուծարման գործընթացում գտնվող բանկերի նկատմամբ բանկային օրենսդրության խախտումների համար վարույթներ չեն հարուցվում:


Կանոն 2.10.

Որոշումներն ուժի մեջ մտնելը և դրանց պարտադիր հրապարակումը

 

Սույն կանոնագրքի 2.05, 2.06, 2.07 և 2.08 կանոններում նախատեսված որոշումները ենթակա են պարտադիր հրապարակման:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

ՏՈՒՅԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Կանոն 3.01.

Խախտման արձանագրումը

 

ա) Պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման արձանագրությունը:

բ) Արձանագրության մեջ նշվում են տվյալ բանկի կողմից թույլ տրված խախտումը (խախտումները) հիմնավորող փաստերը, սույն կանոնագրքի այն կանոնը, որում նշված նորմը խախտվել է: Միաժամանակ կազմվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ` տույժի կիրառման մասին:

գ) Կազմված արձանագրությունը մեկօրյա ժամկետում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն:

դ) Արձանագրությունն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, իրավաբանական վարչությունը պատրաստում և բանկ է ուղարկում նախապահանջ, որով բանկին տեղեկացվում է նրա նկատմամբ տույժ կիրառելու ՀՀ կենտրոնական բանկի մտադրության մասին:

Կանոն 3.02.

Բանկի առարկությունները

 

Բանկի առարկությունները

ա) Բանկը նախապահանջն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կարող է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել իր բացատրությունները կամ առարկությունները:

բ) Եթե բանկը բացատրություններ կամ առարկություններ չի ներկայացնում, ապա ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանն է ներկայացվում վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության և իրավաբանական վարչության կողմից համատեղ կազմված` սույն կանոնագրքի 3.01 կանոնի «բ» մասում նշված հրամանի նախագիծը:

գ) Եթե բանկը ներկայացնում է բացատրություններ կամ առարկություններ, ապա դրանք քննարկվում են հանձնաժողովի կողմից: Հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը` վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությունը և իրավաբանական վարչությունը համատեղ կազմում են`

1. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ` տույժը կիրառելու կամ կիրառումը հետաձգելու մասին, որը հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

2. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ` տույժ չկիրառելու մասին, որը հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին:

Կանոն 3.03.

Տույժի կիրառումը հետաձգելու մասին որոշումը

 

ա) ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կարող է որոշում կայացնել տույժի կիրառումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու մասին, եթե տույժի կիրառումը կարող է խանգարել բանկի ֆինանսական առողջացման կամ վերակազմավորման ծրագրի իրականացմանը:

բ) Տույժը կիրառվում է սույն կանոնով սահմանված ժամկետը լրանալուց հետո:

գ) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանը կամ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍ


Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ


Կանոն 4.01.

 

ա) Օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով բանկի կանոնադրական հիմնադրամի համալրումը` առաջացնում է նախազգուշացում` եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը` առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 13, 17, 33, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 33, 34, 36, 37, 45)


Կանոն 4.02.

 

ա) Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը նվազեցնելը` առաջացնում է նախազգուշացում` 5 օրվա ընթացքում խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը` առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 36)

 

Բ Ա Ժ Ի Ն  5


ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԵՋ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 


Կանոն 5.01.

 

ա) Հայտարարված կանոնադրական հիմնադրամի մեծության ավելացմամբ պայմանավորված բանկի կանոնադրության փոփոխությունը կատարելու պահից մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կենտրոնական բանկ գրանցման չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից հեռացնելու առաջարկ: («Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33)

Կանոն 5.02.

 

ա) Բանկի կանոնադրության, մասնաճյուղի կանոնակարգի մեջ կատարված փոփոխությունները դրանց կատարման պահից մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կենտրոնական բանկ գրանցման չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում` եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը եռամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից հեռացնելու առաջարկ: («Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 33, 60)

 

Բ Ա Ժ Ի Ն  6

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Կանոն 6.01.

 

Բանկի ընդհանուր կապիտալի մեծությունը կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակացույցով տարեսկզբների համար նախատեսված նվազագույն չափին չհասցնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ: («Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 63, 65)

Կանոն 6.02.

 

ա) Բանկի ընդհանուր կապիտալի` սահմանված ժամկետներում համալրելուց հետո սահմանված նվազագույն չափից նվազեցումը, որը չի հանգեցրել կապիտալի համարժեքության նորմատիվների խախտմանը`

առաջացնում է նախազգուշացում` 3 ամսվա ընթացքում բանկի ընդհանուր կապիտալի մեծությունը կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն չափին հասցնելու և դրան ուղղված միջոցառումների ծրագիրը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում նշված ծրագիրը սույն կանոնագրքի 2.04 կանոնի «ա» մասով սահմանված ժամկետում կենտրոնական բանկ չներկայացնելը կամ ծրագիրը նախատեսված ժամկետում չիրագործելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 46, 63, 65)

Կանոն 6.03.

 

ա) Ն11 (ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցության) կամ Ն12 (հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցության) հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, որը չունի ակնհայտ խորացող բնույթ և կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկն ի վիճակի է սեղմ ժամկետում այն վերացնել`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:

բ) Այն դեպքում, երբ խախտումը կրում է հաճախակի կամ ակնհայտ խորացող բնույթ, վտանգում է տվյալ բանկի հաճախորդների շահերը կամ համակարգի կայունությունը`

առաջացնում է բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելու կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

գ) Սույն կանոնի «բ» կետում նշված առաջարկը չընդունելը, պայմանագիրը չկնքելը կամ նոր ղեկավարության կողմից պայմանագրով նախատեսված ժամկետում կապիտալի համարժեքության նորմատիվի խախտումը չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 46, 63, 65)


Կանոն 6.04.

 

ա) Ն12 (ընդհանուր իրացվելիության) կամ Ն22 (ընթացիկ իրացվելիության) հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, որը չունի ակնհայտ խորացող բնույթ և կենտրոնական բանկի կարծիքով բանկն ի վիճակի է սեղմ ժամկետում այն վերացնել`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:

բ) Այն դեպքում, երբ խախտումը կրում է հաճախակի կամ ակնհայտ խորացող բնույթ, վտանգում է տվյալ բանկի հաճախորդների շահերը կամ համակարգի կայունությունը`

առաջացնում է բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելու կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

գ) Սույն կանոնի «բ» մասում նշված առաջարկը չընդունելը, պայմանագիրը չկնքելը կամ նոր ղեկավարության կողմից պայմանագրով նախատեսված ժամկետում իրացվելիության նորմատիվի խախտումը չվերացնելը` առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 46, 63, 65)

Կանոն 6.05.

 

ա) Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի` Ն3 հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, բացառությամբ սույն կանոնի «բ» մասում սահմանված դեպքերի` առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 5 %-ի չափով:

բ) Ն3 նորմատիվի խախտումը, որն առկա չի եղել գործարքի կնքման պահին և արդյունք չէ բանկի կողմից տվյալ waK3iaսG հետ նոր գործարքի (գործարքների) կնքման` առաջացնում է նախազգուշացում` 6 ամսվա ընթացքում խախտումը վերացնելու և դրան ուղղված միջոցառումների ծրագիրը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու կամ արդեն իրագործվող ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նոր ծրագիրը կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի «բ» կետով նախատեսված ծրագիրը սահմանված ժամկետում չիրագործելը կամ նոր ծրագիրը կենտրոնական բանկ չներկայացնելը` առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոններից հեռացնելու առաջարկ կամ նրանց նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 49, 63.3)

Կանոն 6.06.

 

ա) Բանկի հետ կապված մեկ անձի ռիսկի առավելագույն չափի (Ն14) կամ բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի (Ն24) հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, բացառությամբ սույն կանոնի «բ» մասում սահմանված դեպքերի,

առաջացնում է տուգանքի նշանակում` ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 5%-ի չափով:

բ) Ն14 կամ Ն24 նորմատիվի խախտումը, որն առկա չի եղել գործարքի կնքման պահին և արդյունք չէ բանկի կողմից տվյալ փոխառուի հետ նոր գործարքի (գործարքների) կնքման`

առաջացնում է նախազգուշացում` 6 ամսվա ընթացքում խախտումը վերացնելու և դրան ուղղված միջոցառումների ծրագիրը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու կամ արդեն իրագործվող ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նոր ծրագիրը կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի «բ» մասում նախատեսված ծրագիրը սահմանված ժամկետում չիրագործելը կամ նոր ծրագիրը կենտրոնական բանկ չներկայացնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ կամ նրա (նրանց) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 50, 63.3)

Կանոն 6.07.

 

Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված միջոցների` պահուստավորման ենթակա հաշվարկային միջինից փոքր լինելը`

առաջացնում է տույժի նշանակում` հաշվետու ժամանակաշրջանում միջին հաշվով պակաս պահուստավորված գումարի նկատմամբ տվյալ պահին գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով:

(«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 37.5)

Կանոն 6.08.

 

Արտարժույթի տնօրինման հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օրական գերազանցող գումարի 0.3 %-ի չափով և (կամ) նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը 7-օրյա ժամկետում կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 52, 63.3)

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ


Կանոն 7.01.

 

ա) Բանկի կողմից օրենսդրությամբ չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնելը, կամ որևէ անձի արժեթղթեր տեղաբաշխելը և միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրելը, կամ իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 2 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 34, 35, 37, 65)

Կանոն 7.02.

 

Օրենքով նախատեսված դեպքերում բանկի կողմից իր բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից այդ ժամկետը երկարաձգելու դեպքում ութ ամսվա ընթացքում չիրացնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 37, 65)

Կանոն 7.03.

 

Հաճախորդների կողմից ներկայացված վճարունակության հատկանիշներով հնամաշ և փոխանակման ենթակա դրամները անմիջապես և անվճար չփոխանակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01 %-ի չափով և ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարական:

(ՀՀ ԿԲ վարչության 29.07.95թ., N 134 որոշում)

Կանոն 7.04.

 

Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկերի կամ առանձին վարկի դասակարգումը, հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորումը և դրա օգտագործումը սահմանված կարգով չիրականացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկշաբաթյա ժամկետում հատկացված վարկերի (վարկի) դասակարգումը, պահուստաֆոնդի ձևավորումը և օգտագործումը գործող կարգին և (կամ) կենտրոնական բանկի պահանջին համապատասխանեցնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

(ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1995թ. դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգ)

Կանոն 7.05.

 

Բանկի կողմից դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգի պահանջների խախտումը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը մեկշաբաթյա ժամկետում վերացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

(ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգ)

Կանոն 7.06.

 

Վարկերի գծով հաշվարկված տոկոսագումարները, որոնց վճարումները ուշացվել են ավելի քան 90 օրով, հաշվեկշռից դուրս չգրելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ կանոնակարգ 2)


Կանոն 7.07.

 

ա) Բանկի կողմից առանց կենտրոնական բանկի նախնական համաձայնության այնպիսի գործարքների կամ գործառնությունների իրականացումը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը`

1. մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն է, կամ

2. մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 15 %-ը, կամ

3. բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 35 %-ը`

առաջացնում է նախազգուշացում` 5 օրվա ընթացքում կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար կենտրոնական բանկին դիմելու հանձնարարականով:

բ) Կենտրոնական բանկի համաձայնությունը չստանալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի «ա» կամ «բ» մասով նախատեսված հանձնարարականը նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամ ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ, կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 35.2, 65)

Կանոն 7.08.

 

Բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում բանկին անցած մասնակցությունը ձեռքբերման պահից վեց, իսկ կենտրոնական բանկի համաձայնության դեպքում` 12 ամսվա ընթացքում չօտարելը`

առաջացնում է բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչելու և անմիջապես իրացնելու հանձնարարական և դատական կարգով տուգանքի նշանակում խախտման յուրաքանչյուր օրվա համար` տվյալ մասնակցության անվանական արժեքի 1 %-ի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 35.5)

Կանոն 7.09.

 

ա) Բանկի կողմից իր բաժնետերերին շահաբաժիններ բաշխելը, եթե դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը, և (կամ) լրիվ չի վճարվել բանկի կանոնադրական հիմնադրամը, և (կամ) շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ բանկի տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով`

առաջացնում է նախազգուշացում` խախտումն անմիջապես վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 36, ԿԲ կանոնակարգ 2, կանոն 6.02)

Կանոն 7.10.

 

Բանկի ղեկավարի (ղեկավարների)` սահմանված ժամկետում որակավորման և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով կենտրոնական բանկ չներկայանալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում ղեկավարի (ղեկավարների) թեկնածությունը կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22, ԿԲ կանոնակարգ 1, կանոն 24)

Կանոն 7.11.

 

ա) Բանկի ղեկավարի (ղեկավարների)` որակավորման և մասնագիտական անհամապատասխանությունը կենտրոնական բանկի չափանիշներին`

առաջացնում է նախազգուշացում` 45 օրվա ընթացքում բանկի ղեկավարի նոր թեկնածությունը կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասով նախատեսված հանձնարարականը նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով և (կամ) նախազգուշացում` խախտումը 10-օրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22, ՀՀ ԿԲ կանոնակարգ 1, կանոն 24)

Կանոն 7.12.

 

ա) Բանկի տարածքի անհամապատասխանությունը բանկային գործունեություն իրականացնելու համար ներկայացվող պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում բանկի տարածքը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

Կանոն 7.13.

 

ա) Բանկի մասնաճյուղի տարածքի անհամապատասխանությունը բանկային գործունեություն իրականացնելու համար ներկայացվող պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում բանկի մասնաճյուղի տարածքը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկին հանձնարարական` մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

Կանոն 7.14.

 

Բանկի գործառնական գրասենյակի (կետի) գրանցման համար կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում կեղծ տվյալների արտացոլումը, սահմանված պահանջներին տարածքի անհամապատասխանությունը, նրա կողմից օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով ֆինանսական գործառնություններ կամ չթույլատրված գործունեություն իրականացնելը, հաշվառում չվարելը կամ թերի վարելը, կենտրոնական բանկի կողմից վերստուգումների անցկացմանը խոչընդոտելը, միջամտելը կամ չաջակցելը, հիմնադիր բանկի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմը խախտելը`

առաջացնում է բանկին հանձնարարական` գործառնական գրասենյակի (կետի) գործունեությունը դադարեցնելու մասին և (կամ) տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.05 %-ի չափով:

(ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի սույն որոշումը)

Կանոն 7.15.

 

Բանկի մասնաճյուղի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով ֆինանսական գործառնություններ կամ չթույլատրված գործունեություն իրականացնելը, հաշվառում չվարելը կամ թերի վարելը, կենտրոնական բանկի կողմից վերստուգումների անցկացմանը խոչընդոտելը, միջամտելը կամ չաջակցելը`

առաջացնում է բանկին նախազգուշացում` խախտումը 30 օրվա ընթացքում վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով և (կամ) տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.05 %-ի չափով և (կամ) բանկին հանձնարարական` մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին:

(«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 49, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք, հոդված 10, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 14, 16, 60, ԿԲ կանոնակարգ 2)

Կանոն 7.16.

 

ա) Բանկի կողմից սույն կանոնագրքի հատուկ մասով չսահմանված` օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելը`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

(ՀՀ ԿԲ խորհրդի սույն որոշումը)

Կանոն 7.17.

 

ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով բանկի գործունեության, ավանդների ընդունման և վարկերի տրամադրման կարգի և պայմանների վերաբերյալ տեղեկությունների պարբերաբար չհրապարակելը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը երկշաբաթյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 43)

Կանոն 7.18.

 

Կենտրոնական բանկում բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից թղթակցային հաշիվ չբացելը`

առաջացնում է նախազգուշացում` երկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ կանոնակարգ 2)

Կանոն 7.19.

 

Մեկ այլ բանկում բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի թղթակցային հաշիվ բացելու մասին հինգ բանկային օրվա ընթացքում կենտրոնական բանկին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01%-ի չափով և ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարական:

(ՀՀ ԿԲ կանոնակարգ 2)

Կանոն 7.20.

 

Բանկի կողմից ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով բաժնետերերի և իր այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստր չվարելը`

առաջացնում է նախազգուշացում` երկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 54.1)

Կանոն 7.21.

 

ա) Մեկ ֆինանսական տարվա ընթացքում բանկի կողմից վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների կատարման սահմանված առավելագույն ժամկետների մինչև 10 անգամ արձանագրված խախտումները`

առաջացնում են նախազգուշացում` ապագայում նման խախտում թույլ չտալուն ուղղված միջոցառումների ծրագիրը 10-օրյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 10-15 անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումը արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.05%-ի չափով:

գ) Սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 15 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտման արձանագրման պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01%-ի չափով կամ բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

(ՀՀ ԿԲ խորհրդի 23.03.97թ. N 99 որոշում)


Կանոն 7.22.

 

ա) Բանկի կողմից բյուջեի` ծախսերի գծով սպասարկման սահմանված կարգի պահանջների արձանագրված խախտումը`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 3 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու առաջարկ:

(ՀՀ ԿԲ խորհրդի սույն որոշումը)

Կանոն 7.23.

 

ա) Բանկի ղեկավարի կամ պաշտոնատար այլ անձի կողմից կենտրոնական բանկի պաշտոնատար անձին վերջինիս կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս չաջակցելը, այդ թվում` կեղծ տեղեկություններ ներկայացնելը, ինչպես նաև օրինական գործողություններին բանկի խոչընդոտելը կամ միջամտելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ և (կամ) նրա (նրանց) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

բ) Սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 57.3)

Կանոն 7.24.

 

Բանկի ղեկավարի կամ ղեկավարների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի խախտումը և (կամ) պաշտոնավարման ընթացքում անհիմն և վտանգավոր գործունեություն վարելը և (կամ) նրանց գործողությունների հետևանքով բանկին զգալի ֆինանսական կամ այլ վնասի պատճառումը, և (կամ) բանկի կամ հաճախորդների շահերին հակասող գործողությունների իրականացումը և (կամ) իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անազնիվ ու անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը (այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ)`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

Սույն կանոնում նախատեսված պատժամիջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ կանոնագրքի հատուկ մասի կանոններով տվյալ խախտման համար նախատեսված է պատժամիջոց:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 64)

Կանոն 7.25.

 

Բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 5 %-ի չափով և ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարական:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 63.5)

 

Կանոն 7.26.

 

ա) Կենտրոնական բանկի հանձնարարականի չկատարումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով և տվյալ հանձնարարականը չկատարելու համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Միևնույն հանձնարարականի կրկնակի անգամ կամ 5 տարբեր հանձնարարականների չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 1 %-ի չափով:

գ) Մեկ տարվա ընթացքում կենտրոնական բանկի 5 և ավելի հանձնարարականները չկատարելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

(ՀՀ ԿԲ խորհրդի սույն որոշումը)

Կանոն 7.27.

 

Կենտրոնական բանկի հանձնարարականի դիտավորյալ չկատարումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 5 %-ի չափով և բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով կամ բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

Սույն կանոնում նախատեսված պատժամիջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ սույն կանոնագրքի հատուկ մասի կանոններով տվյալ խախտման համար նախատեսված է պատժամիջոց:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 64, 65)

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Կանոն 8.01.

 

ա) Հաշվեկշռում և կանոնակարգ 3-ով սահմանված մյուս ֆինանսական հաշվետվությունում կամ հաշվետվություններում անարժանահավատ տվյալներ արտացոլելը, որը չի հանգեցրել հիմնական տնտեսական նորմատիվի (նորմատիվների) պահպանման խեղաթյուրմանը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը 3 օրվա ընթացքում վերացնելու և հետագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով:

գ) Հաշվետվությունում կամ հաշվետվություններում անարժանահավատ տվյալներ արտացոլելը, որը հանգեցրել է հիմնական տնտեսական նորմատիվներից որևէ մեկի պահպանման խեղաթյուրմանը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.5 %-ի չափով:

դ) Սույն կանոնի «գ» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում մինչև 5 (ներառյալ) անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 1 %-ի չափով:

ե) Սույն կանոնի «գ» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 6 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 5 %-ի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 63.5)»

Կանոն 8.02.

 

ա) Հաշվեկշիռը սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.05 %-ի չափով:

բ) Մյուս հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով` չներկայացված յուրաքանչյուր հաշվետվության գծով:

գ) Սույն կանոնի «ա» և «բ» մասերում սահմանված խախտումները մեկ ֆինանսական տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանք նշանակելու հայցով դատարան դիմելու հանձնարարական:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 55, 63, 64)

Կանոն 8.03.

 

ա) Հաշվապահական հաշվառման ոչ լիարժեք վարման, խեղաթյուրման հետևանքով հաշվետվություններում ոչ ճիշտ տվյալներ արտացոլելը, որոնք չեն հանգեցրել հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման խեղաթյուրմանը, և (կամ) որոնց հետևանքով հաշվեկշռի հանրագումարը շեղվել է մինչև 1%-ի չափով`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01 %-ի չափով և (կամ) բանկի գլխավոր հաշվապահին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու առաջարկ:

գ) Հաշվապահական հաշվառման ոչ լիարժեք վարման, խեղաթյուրման հետևանքով հաշվետվություններում ոչ ճիշտ տվյալներ արտացոլելը, որոնք հանգեցրել են հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման խեղաթյուրմանը, և (կամ) որոնց հետևանքով հաշվեկշռի հանրագումարը շեղվել է ավելի քան 1%-ի չափով`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով և նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 56)

Կանոն 8.04.

 

Ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում հաշվետվության և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագրի հրապարակումն ուշացնելը կամ թերի հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով և (կամ) նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 59)


Կանոն 8.05.

 

Յուրաքանչյուր եռամսյակ, մինչև հաջորդ ամսվա 15-ը, եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակումն ուշացնելը, կամ հրապարակման ենթակա տվյալները թերի ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01%-ի չափով և (կամ) նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 59)


Կանոն 8.06.

 

Լուծարային հանձնաժողովի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող ամսական հաշվետվությունները հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ից ուշ ներկայացնելը`

առաջացնում է լուծարային կառավարչի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

Բ Ա Ժ Ի Ն  9

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ (ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ) ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ (ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ) ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԵՐԺՈՒՄԸ


Կանոն 9.01.

 

Բանկի կողմից կատարված պարբերաբար խախտումները`

առաջացնում են բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով կամ բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոններից հեռացնելու առաջարկ, կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում, եթե բանկը չի կնքել սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիրը:

(ՀՀ ԿԲ խորհրդի սույն որոշումը)

Կանոն 9.02.

 

Բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու կենտրոնական բանկի առաջարկի մերժումը`

առաջացնում է ղեկավարին (ղեկավարներին) նոր մասնագիտական քննման ներկայացնելու հանձնարարական կամ սույն կանոնագրքի 1.03 կանոնի «բ» մասով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

Սույն կանոնում նախատեսված պատժամիջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ սույն կանոնագրքի հատուկ մասի կանոններով տվյալ խախտման համար նախատեսված է պատժամիջոց:

(ՀՀ ԿԲ-ի խորհրդի սույն որոշումը)

 

Բ Ա Ժ Ի Ն  10


ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 10.01.

 

Սույն կանոնագիրքն ուժի մեջ է մտնում 1997թ. օգոստոսի 1-ից:

Կանոն 10.02.

 

Սույն կանոնագրքի կրճատ անվանումն է` «Կանոնագիրք»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան