«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հունիսի 2004 թ. | N 154-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը (կցվում է):
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Տ. Սարգսյան |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող հրապարակային մրցույթների անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները. հրապարակային մրցույթ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բաց մրցույթի ձևով հրապարակային սակարկության անցկացման միջոցով համապատասխան պայմանագրի կնքման գործընթաց, որի ընթացքում պայմանագիրը կնքվում է հաղթող ճանաչված այն մասնակցի հետ, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ համապատասխանում է սույն կանոնակարգով սահմանված չափանիշներին և առաջարկել է հրապարակային մրցույթի լավագույն պայմաններ.
մրցութային հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ.
նախաձեռնող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խումբ.
հրապարակային մրցույթի մասնակիցներ` սույն կանոնակարգով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային մրցույթի միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք:
Հրապարակային մրցույթի մասնակիցներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություններ.
հրապարակային մրցույթի պայմաններ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիր.
մրցույթի արդյունքների մասին արձանագրություն` մրցույթի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև ստորագրված փաստաթուղթ, որի ստորագրման պահից մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը ձեռք է բերում/ստանձնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունք/պարտավորություն.
մրցութային հանձնաժողովի հատուկ նիստ` մրցութային հանձնաժողովի հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին գումարված մրցույթի հայտերի բացման նիստ:
Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերն ընդունելու վերջին օրվանից առնվազն երեք օր հետո.
մրցույթի հայտերի ամփոփման նիստ` մրցույթի հաղթողին որոշելու համար գումարվող մրցութային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը քվեարկության միջոցով ձևավորված եզրակացության հիման վրա որոշում է կայացնում ստորագրել մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը կամ որոշում է կայացնում մրցույթը չկայացած համարել:
Մրցույթի հաղթողին որոշելու համար գումարվող մրցութային հանձնաժողովի նիստը պետք է կայանա մինչև հոկտեմբերի 20-ը, եթե այլ ժամկետ չի սահմանվում հրապարակային ծանուցմամբ կամ մրցութային հանձնաժողովի որոշմամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
3. Հրապարակային մրցույթին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած առաջարկը (հայտարարությունը) ուղղված է բոլոր ցանկացողներին, բացառությամբ սույն կանոնակարգի 4-րդ կետում թվարկված անձանցից:
4. Հրապարակային մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք անվճարունակ են, լուծարման գործընթացում սնանկ են ճանաչվել, մրցույթի հայտը ներկայացնելու պահին ունեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտքեր` հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով:
5. Հրապարակային մրցույթը պայմանավորված է դրա մասնակիցների որակավորմամբ, այն է`
1. աուդիտորական կազմակերպության միջազգային ճանաչմամբ.
2. առնվազն 10 տարվա աուդիտորական աշխատանքի փորձով.
3. Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձով.
4. Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրների կենտրոնական բանկերում աուդիտի անցկացման փորձով.
5. Հայաստանում կամ Անկախ պետությունների համագործակցության երկրներում ներկայացուցչությունների, մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների առկայությամբ.
6. աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակով և աշխատանքային փորձով:
Սույն կետով նախատեսված պահանջները նշվում են հրապարակային ծանուցմամբ:
6. Հրապարակային մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են սույն կանոնակարգի 34-րդ կետով նախատեսված մրցութային հայտն ընդունելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստորագրված և կնքված համապատասխան տեղեկանքի հիման վրա ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին, նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին և պատճենահանել դրանք: Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած օտարերկրյա մասնակիցները կարող են սույն կանոնակարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն:
7. Հրապարակային մրցույթի մասնակիցների ցանկությամբ նրանց անվճար տրամադրվում է սույն կանոնակարգի պատճենը:
8. Հրապարակային մրցույթի մասնակիցները հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով և ժամկետներում մուծում են նախավճար:
9. Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել հրապարակային մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր: Նշված դրույթը պարտադիր նշվում է հրապարակային ծանուցման մեջ:
10. Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած մասնակիցները մինչև հայտերի բացման օրը կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը (հրաժարվել մրցույթին մասնակցելուց):
Գ Լ ՈՒ Խ 3
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Սույն կանոնակարգով նախատեսված մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու պահից հրապարակային մրցույթի հաղթողը ձեռք է բերում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունք:
12. Հրապարակային մրցույթում հաղթողի հետ համապատասխան պայմանագիր կնքելիս պայմանագրի էական պայմանները պետք է համապատասխանեն հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին և հայտերի քննարկման ժամանակ հարցումների և դրանց պատասխանների հիման վրա հրապարակային մրցույթի հաղթողի հետ ձեռք բերված համաձայնություններին:
Սույն կանոնակարգով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով կնքվելիք պայմանագրի ժամկետը կարող է սահմանվել առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարը նախաձեռնող ստորաբաժանման կողմից պատրաստված և մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված հրապարակային մրցույթի անցկացման մասին հայտարարությունը (այսուհետ` հրապարակային ծանուցումը) հրապարակում է նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներով (պարբերական մամուլի), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում և էլեկտրոնային այլ միջոցներով` հրապարակային մրցույթը սկսվելուց (մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից) առնվազը 30 (երեսուն) օր առաջ, ընդ որում, հրապարակային ծանուցումը պետք է կատարվի ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից ոչ ուշ:
14. Հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1. հրապարակային մրցույթի կազմակերպչի անվանումը.
2. հրապարակային մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
3. հրապարակային մրցույթով կնքվելիք պայմանագրի առարկան.
4. հրապարակային մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.
5. հրապարակային մրցույթի ձևը և դրա անցկացման կարգը (մրցութային հայտերին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը).
6. հրապարակային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.
7. հրապարակային մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարելու կարգը և ժամկետները.
8. հրապարակային մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
9. հրապարակային մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.
10. համապատասխան պայմանագիր կնքելու համար տրամադրվող ժամկետը.
11. հրապարակային մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.
12. սույն կանոնակարգով նախատեսված այլ տեղեկություններ (սույն կանոնակարգի 5, 9, 19 և 57-րդ կետեր).
13. մրցութային հանձնաժողովի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:
15. Հրապարակային ծանուցմամբ, որպես հրապարակային մրցույթում հաղթողին որոշելու կարգ, սահմանվում է, որ մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է հրապարակային մրցույթի լավագույն պայմաններ: Առանձին դեպքերում հրապարակային մրցույթի ծանուցմամբ կարող է նկարագրվել հրապարակային մրցույթի հաղթողին որոշելու հատուկ արարողակարգ:
16. Հրապարակային մրցույթի առարկան` համապատասխան պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը պետք է ստորագրեն հրապարակային մրցույթի ավարտից և արձանագրության ձևակերպումից հետո` մինչև հոկտեմբերի 31-ը, եթե հրապարակային ծանուցման մեջ կամ մրցութային հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվում:
17. Մրցութային հանձնաժողովը հրապարակային մրցույթի հայտերի բացման օրը մրցույթի մասնակիցների ներկայացրած հայտերի ուսումնասիրությունից հետո կարող է փոփոխել հրապարակային ծանուցմամբ նախատեսված հրապարակային մրցույթի հայտերի ամփոփման օրը և ժամը` այդ մասին ծանուցելով մասնակիցներին:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
18. Հրապարակային մրցույթի պայմաններում, ինչպես նաև հրապարակային մրցույթի հայտերը բացելու օրվա և ժամի վերաբերյալ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն):
Սույն կետում նշված հրապարակային ծանուցման փոփոխությունները կատարվում են այն ձևով, ինչպես կատարվել էր մրցույթի մասին հրապարակային ծանուցումը:
19. Հրապարակային ծանուցման փոփոխությունները կարող են կատարվել մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը:
Հրապարակային ծանուցման մեջ փոփոխություններ կատարելու դեպքում մասնակիցներն իրավունք ունեն սույն կանոնակարգով սահմանված կարգով մրցութային հայտերում կատարել լրացուցիչ փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:
Սույն դրույթը պարտադիր նշվում է հրապարակային ծանուցման մեջ:
20. Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում մրցույթի պայմանների մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Գ Լ ՈՒ Խ 6
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
21. Մրցութային հանձնաժողովի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով, որպես մասնագետներ, մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև նշանակվում է հանձնաժողովի նիստերի արձանագրողը:
22. Մրցութային հանձնաժողովը հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաև որոշում է մրցույթի հաղթողին, իրականացնում օրենքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ գործողություններ:
23. Մրցութային հանձնաժողովը պատասխանատու է հրապարակային մրցույթի ընթացքում մրցույթի անցկացման օրինականության ապահովման, հրապարակային մրցույթի կազմակերպման, ինչպես նաև նիստերի արձանագրությունների և այլ փաստաթղթերի պահպանման համար:
24. Մրցութային հանձնաժողովի նիստերին, դրանց ամբողջ ընթացքում, մասնակցում են հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի նիստերին առանձին հարցերի քննարկումների ժամանակ խորհրդակցական ձայնի իրավունքով, որպես հրավիրված անձ (անձինք), կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և այլ մարմինների ներկայացուցիչներ ու այլ անձինք:
25. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է մրցութային հանձնաժողովի անդամների 2/3-ը:
26. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկության արդյունքներով:
Մրցութային հանձնաժողովի որոշումները ընդունվում են մրցութային հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահողի ձայնը որոշիչ է:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Հրապարակային մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում մրցույթի հայտեր:
28. Հրապարակային մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են երկու փակ և սոսնձված ծրարներում:
29. Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
1. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2. մրցույթի անվանումը.
3. «մրցույթի պայմաններ» բառերը.
4. «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.
5. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
30. Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող մրցույթի պայմանները, մասնավորապես, աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետներն ու աուդիտի իրականացման արժեքը:
31. Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
1. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2. մրցույթի անվանումը.
3. «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.
4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:
32. Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր այլ տեղեկությունները և փաստաթղթերը:
33. Մրցույթի հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը, մասնակցի անվանումը, մրցույթի հայտի փոփոխության կամ հայտերի հետվերցման մասին: Նշված գրանցամատյանի հիման վրա կազմվում է ամփոփ տեղեկանք, որը մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:
34. Մրցույթի հայտի ընդունումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից մասնակցին տրամադրվող համապատասխան ստորագրված և կնքված տեղեկանքով` մրցույթի հայտն ընդունելու մասին, որում նշվում է` մասնակցի անվանումը, հայտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, հայտն ընդունող աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը:
35. Հրապարակային մրցույթի մասնակիցների մրցութային հայտերը մինչև մրցութային հանձնաժողովի հատուկ նիստը պահպանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնում, որը պատասխանատու է դրանց պահպանության համար: Մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում դրանք հանձնվում են մրցութային հանձնաժողովի նախագահին:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
36. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից հրապարակային մրցույթին մասնակցելու հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերի ցանկը սահմանվում է հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ:
37. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից հրապարակային մրցույթին մասնակցելու հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի պայմանները (հրապարակային մրցույթով կնքվելիք պայմանագրի էական պայմանների առաջարկը)` համաձայն սույն կանոնակարգի 29-րդ և 30-րդ կետերի պահանջների:
38. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից հրապարակային մրցույթին մասնակցելու հայտի երկրորդ ծրարում պետք է ներկայացվեն հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
1. մրցույթի մասնակցի տվյալները` այդ թվում` անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.
2. լիցենզիայի ռեկվիզիտները.
3. Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
4. Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրների կենտրոնական բանկերում աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
5. Հայաստանում կամ Անկախ պետությունների համագործակցության երկրներում ներկայացուցչությունների, մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների առկայության վերաբերյալ տեղեկություն.
6. աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.
7. տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից` գործունեության վերջին ժամանակահատվածում և տվյալ պահին կազմակերպության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ (դրա անհրաժեշտության դեպքում).
8. հրապարակային մրցույթին մասնակցելու նախավճարի վճարված լինելը հավաստիացնող փաստաթուղթ.
9. այլ անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր` մրցույթի կազմակերպչի հայեցողությամբ:
39. Սույն կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը` ծրարներին, մրցույթի հայտերի ներկայացման ժամկետներին, ինչպես նաև մրցույթի հայտերով ներկայացման ենթակա տեղեկություններին և փաստաթղթերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող հայտերը, մրցութային հանձնաժողովի որոշմամբ մերժվում և վերադարձվում են ներկայացնողին:
40. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պատասխանատու չէ մրցույթի մասնակիցների այն ծախսերի համար, որոնք պայմանավորված են մրցույթի նախապատրաստման և հայտերի ուղարկման համար` անկախ մրցույթի արդյունքներից:
41. Մրցույթի մասնակիցները մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը կարող են փոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխումը կատարվում է սույն կանոնակարգով սահմանված մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` համապատասխան ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Մասնակիցները նույն կարգով կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը:
42. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ուղարկել պատվիրված նամակով: Պատվիրված նամակով հայտը ներկայացնելու դեպքում մրցութային հայտն ընդունելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստորագրված և կնքված համապատասխան տեղեկանքը մրցույթի մասնակցին ուղարկվում է փոստի ծառայության միջոցով` համապատասխան նամակով:
Գ Լ ՈՒ Խ 9
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
43. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում` սեպտեմբեր ամսվա ընթացքում մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին: Հրապարակային մրցույթում բացվող ծրարների բոլոր թերթերը պարտադիր ստորագրում է մրցութային հանձնաժողովի նախագահը կամ նախագահի տեղակալը:
44. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ներկայացված ամփոփ տեղեկանքը.
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչության կողմից պատրաստված տեղեկանքը մասնակիցների կողմից վճարված նախավճարների վերաբերյալ.
3. մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի անվանումը.
4. մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետների և հայտերի ծրարների վրա կատարված գրառումների համապատասխանությունը սույն կանոնակարգի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին:
45. Մրցույթի հայտերը բացելուց հետո մրցութային հանձնաժողովի որոշմամբ նախաձեռնող ստորաբաժանումը մրցույթի հայտերում նշված տեղեկության հիման վրա պատրաստում է համապատասխան տեղեկանք, որում նշվում են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած հրապարակային մրցույթի պայմանները (կնքվելիք պայմանագրի էական պայմանները) և այլ անհրաժեշտ տեղեկություններ:
46. Մրցութային հանձնաժողովը սույն կանոնակարգի 45-րդ կետում նշված տեղեկանքի հիման վրա ընտրում է առաջարկված մրցութային պայմաններից լավագույնը:
Լավագույն մրցութային պայմանները պարունակող հայտերի քննարկման ժամանակ հարցումների և դրանց պատասխանների հիման վրա մրցույթի ամփոփման օրը` մինչև հոկտեմբերի 20-ը, որոշվում է մրցույթի հաղթողի անունը (անվանումը):
47. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են`
1. մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների, նիստին մասնակցող հրավիրված անձանց և մասնագետների անունները, ազգանունները և պաշտոնները.
2. մրցույթի մասնակիցների անվանումները, հասցեները և գտնվելու վայրը.
3. մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին տեղեկություններ.
4. մրցույթում հաղթողի (հաղթողների) անունը.
5. այլ անհրաժեշտ տեղեկություններ:
48. Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը:
49. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթի հաղթողին ճանաչելու օրը կամ հաջորդ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս մրցութային հանձնաժողովի, և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (մասնակիցները) ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որը ունի պայմանագրի ուժ: Սույն կետով նախատեսված արձանագրությունը կարող է ստորագրվել հեռատիպային (ֆաքսիմիլային) կապի միջոցներով փաստաթղթեր (պայմանագրերը) փոխանակելու միջոցով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Կնքված և ստորագրված արձանագրության բնօրինակները փոխանակվում են փոստային կապի միջոցներով:
50. Հրապարակային մրցույթում հաղթող կարող են ճանաչվել երկու և ավելի մասնակիցներ: Նշված դեպքում նրանց միջև հետագայում կարող են կնքվել կոնկրետ աշխատանքներ կատարելու համար համապատասխան պայմանագրեր:
Գ Լ ՈՒ Խ 10
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
51. Հրապարակային մրցույթի մասնակիցները մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար, ընդ որում, հրապարակային մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած օտարերկրյա մասնակիցները կարող են հրապարակային ծանուցմամբ նշված նախավճարը մուծել արտարժույթով:
52. Եթե հրապարակային մրցույթը չի կայացվում, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև մրցույթում չհաղթած մասնակիցներին: Սույն կետում նշված նախավճարը վերադարձվում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
53. Մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի կողմից համապատասխան պայմանագրի ստորագրելու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում նրան վերադարձվում է մուծած նախավճարի գումարը:
54. Մրցույթում հաղթած անձը սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված պայմանագիրը կամ 49-րդ կետում նշված արձանագրությունը ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը:
55. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված պայմանագիրը ստորագրելուց հրաժարվող հրապարակային մրցույթի կազմակերպիչը պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև մրցույթում հաղթած անձին հատուցել մրցույթին մասնակցելու հետևանքով կրած իրական ծախսերը:
Գ Լ ՈՒ Խ 11
ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
56. Մրցութային հանձնաժողովը չկայացած (անվավեր) է համարում մրցույթը, եթե`
1. ոչ մի հայտ չի ներկայացվել.
2. ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին.
3. արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցումը:
57. Հրապարակային մրցույթի հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը (հայտերի ամփոփման օրը) իրավունք ունի հրաժարվել մրցույթ անցկացնելուց` այդ կապակցությամբ կայացնելով պատճառաբանված որոշում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մրցույթ անցկացնելուց հրաժարվելու դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը: Նշված դրույթը պարտադիր նշվում է հրապարակային ծանուցման մեջ:
Գ Լ ՈՒ Խ 12
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
58. Մրցութային հանձնաժողովն իր որոշմամբ կարող է հայտարարել փակ մրցույթ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար: Փակ մրցույթ հայտարարելու դեպքում դրա անցկացման կանոնները և պայմանները որոշում է մրցութային հանձնաժողովը:
59. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ (արձանագրել մրցութային հանձնաժողովի նիստերը) և պահպանել հրապարակային մրցույթի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) հրապարակային մրցույթի ավարտից երեք տարվա ընթացքում: Հրապարակային մրցույթի հետ կապված բոլոր փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) հրապարակային մրցույթի ավարտից հետո պահպանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում, որը պատասխանատու է դրանց պահպանության համար: