Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.1996-24.11.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
16.08.1996
Ստորագրման ամսաթիվ
16.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 1996 թ. թիվ 139

 

«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (4) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Բանկերում վերստուգումների իրականացման և բանկերի աուդիտային ստուգման» կանոնակարգը (4) (կցվում է):

2. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը (պրն Ռ.Վալեսյան)` 10 օրյա ժամկետում մշակել «Տեղերում վերստուգումներ իրականացնելու» ընթացակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 1-ից:

քաղ. Երևան
թիվ 139

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի վարչության
1996 թ. օգոստոսի 16-ի թիվ 139 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ - 4

 

ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԲԱՆԿԵՐԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է բանկերում, դրանց, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, գործառնական գրասենյակներում (կետերում), ներկայացուցչություններում (այսուհետև` բանկեր) ՀՀ կենտրոնական բանկի ծառայողների կողմից վերստուգումների անցկացման կանոնները, բանկերի աուդիտային ստուգման կարգը:

1.2. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության (այդ թվում տեղերում վերստուգումների իրականացման միջոցով) բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:

1.3. ՀՀ կենտրոնական բանկի ծառայողները բանկերում վերստուգումներ են կատարում սույն կանոնակարգով սահմանված կարգով և հաճախականությամբ:

1.4. Բանկերում վերստուգումները (տեղերում (on-site) վերահսկողությունը) իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության կողմից:

1.5. Վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ՀՀ կենտրոնական բանկի ծառայողների օրինական գործողությունների խոչընդոտելը կամ միջամտելը: Բոլոր բանկերը, մասնաճյուղերը, գործառնական գրասենյակները (կետերը) պարտավոր են ընդունել և աջակցել ՀՀ կենտրոնական բանկի ծառայողներին, մասնավորապես.

(ա) ապահովել վերստուգման ընթացքում աշխատանքային խմբի անդամների անարգել մուտքը և ելքը բանկի շենք կամ նրա առանձին ծառայողական տարածքներ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային ժամերին` բանկի հետ փոխադարձ համաձայնությամբ,

(բ) վերստուգման առաջին օրվա սկզբին կազմակերպել աշխատանքային խմբի անդամների հանդիպումը բանկի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա մասնաճյուղերի, գործառնական գրասենյակերի (կետերի), մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում ներքին վերահսկողության ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ աշխատանքային խմբի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացնում է աշխատանքային խմբի և նրանց պարտավորությունների հետ: Բանկի ղեկավարը ձեռնարկում է կոնկրետ միջոցառումներ` նշված պարտավորությունները իրագործելու նպատակով,

(գ) աշխատանքային խմբին հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով և տեխնիկական միջոցներով:

Վերստուգման ամբողջ ժամանակաշրջանում, առանց աշխատանքային խմբի անդամների թույլտվության, կողմնակի անձանց մուտքը նշված տարածք արգելվում է: Վերստուգումն սկսելու առաջին օրը վերստուգվող բանկի աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում նաև բանկի մասնակիցներին (հիմնադիրներին, բաժնետերերին, փայատերերին, անդամներին) տեղեկացվում է աշխատանքային խմբի հեռախոսի համարի և աշխատատեղի մասին:

Վերստուգման ամբողջ ընթացքում բանկի շենքի մուտքին փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերստուգում իրականացնելու, բանկի հաճախորդներից առաջարկություններ և բողոքներ ստանալու հնարավորության մասին: Բանկի ղեկավարները պարտավոր են վերստուգող խմբին տրամադրել բանկի հաճախորդներից և մասնակիցներից ստացված բողոքները և առաջարկությունները:

(դ) աշխատանքային խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբին անհրաժեշտ տեղեկանքներ, բացատրագրեր, փաստաթղթեր և (կամ) նրանց պատճեններ` (հաստատված վերստուգվող բանկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ), որոնք անմիջականորեն առնչվում են վերստուգման ծրագրի իրականացման հետ և չեն արգելվում օրենքով:

Փաստաթղթերի ստացումը և վերադարձումը կատարվում է աշխատանքային խմբի անդամների և բանկի համապատասխան աշխատակիցների ստորագրությամբ: Աշխատանքային խմբի անդամները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես իրենց տրամադրված փաստաթղթերի համար:

Աշխատանքային խմբին հատկացված տարածքը աշխատանքային օրվա ավարտին փակվում, կնքվում և հանձնվում է վերստուգվող բանկի պահպանությանը,

(ե) վերստուգվող բանկի ղեկավարները և աշխատակիցները պարտավոր են առևտրային և այլ գաղտնիքներ համարվող տեղեկատվությունը ներկայացնել աշխատանքային խմբին` օրենքով սահմանված կարգով:

Սույն կանոնակարգի 1.5 կետով նախատեսված պարտավորությունները վերստուգվող բանկի կողմից չկատարելը, ակնհայտ և միտումնավոր կեղծ տվյալներ ներկայացնելը դիտվում են վերստուգումների խոչընդոտում: Յուրաքանչյուր նման դեպք ձևակերպվում է համապատասխան զեկուցագրով:

Նշված զեկուցագիրը ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը և ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետին: Վերջինս 3 օրվա ընթացքում ձեռնարկում է ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված միջոցներ

 1.6. Բանկերում վերստուգումներն անցկացվում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետի լիազորագրի հիման վրա: Լիազորագրի մեջ նշվում են վերստուգվող բանկի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և գրանցման թիվը, վերստուգող խմբի կազմը, վերստուգում անցկացնելու սկիզբը և ավարտը, ինչպես նաև վերստուգման տեսակը (համալիր, նպատակային վերստուգում, թեմատիկ ուսումնասիրություն), որին կցվում է վերստուգման ծրագիրը:

 

2. Վերստուգում իրականացնող (աշխատանքային) խումբը

 

2.1. Բանկում վերստուգում կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետի կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվում են այդ վարչության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Աշխատանքային խմբի անդամներից վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետը նշանակում է խմբի ղեկավար:

2.2. Վերստուգվող բանկի ղեկավարը կարող է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել իր առարկությունները աշխատանքային խմբի այս կամ այն անդամի (անդամների) վերաբերյալ:

2.3. Աշխատանքային խմբի անդամների թիվը կախված է կատարվող աշխատանքների ծավալից,այն չի կարող 2-ից պակաս լինել:

2.4. Աշխատանքային խմբի ղեկավարը աշխատանքային խմբի անդամների միջև բաժանում է աշխատանքները, սահմանում այդ աշխատանքների իրականացման կարգը, հսկում հանձնարարված խնդիրների կատարման ընթացքը, նյութերի ձևակերպման մասին տալիս կարգադրություններ, վերաբաշխում պարտավորությունները, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետին ներկայացնում առաջարկություն վերստուգման ժամկետը երկարացնելու, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև վերստուգումը դադարեցնելու վերաբերյալ, եթե վերստուգվող բանկի կամ մեկ այլ երրորդ անձի կողմից նկատվել է խոչընդոտ:

Վերստուգվող բանկի ղեկավարության համաձայնությամբ աշխատանքային խմբի ղեկավարը կնիք է դնում բանկի առանձին ծառայողական տարածքների, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել փաստաթղթերի, կանխիկ դրամի կամ տվյալ տեղամասի վերստուգումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ:

Աշխատանքային խմբի ղեկավարն իրավունք չունի ճնշում գործադրել աշխատանքային խմբի անդամների վրա` վերստուգման արդյունքներն ամփոփելիս: Եթե աշխատանքային խմբի անդամն (անդամներն) ունի (ունեն) հատուկ կարծիք, ապա այն կցվում է հաշվետվությանը:

2.5. Աշխատանքային խումբը վերստուգումն իրականացնելու նպատակով կարող է`

(ա) բանկի համապատասխան աշխատակցի ուղեկցությամբ մուտք գործել բանկի տարածք, դրամապահոց և դրամարկղ, արխիվ, տվյալների համակարգչային մշակման սրահ,

(բ) օգտվել վերստուգման համար անհրաժեշտ կազմակերպատեխնիկական սեփական միջոցներից, այդ թվում վերստուգվող բանկ բերել և տանել համակարգիչ, մագնիսական կրիչներ (դիսկետներ), բազմացնող սարքեր, հաշվիչներ և այլն,

(գ) վերստուգվող բանկի ղեկավարներից և բանկի կողմից լիազորված աշխատակիցներից պահանջել վերստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում հիմնադիր փաստաթղթեր, պայմանագրեր, գրագրություններ, բանկի կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, բանկի հրամաններ և այլ կազմակերպչական կարգադրիչ փաստաթղթեր, ներքին վերահսկողության ակտեր, դրամահաշվարկային, հաշվառման, ֆինանսական հաշվետություններ (այդ թվում հաշվեկշիռը), սկզբնական և այլ հաշվապահական փաստաթղթեր, տեղեկություններ գործառնությունների, հաճախորդների հաշիվների և ավանդների վերաբերյալ, վերստուգվող բանկի գործունեությունը ապահովող համակարգչային համակարգի հետ կապված փաստաթղթեր,

(դ) վերստուգվող բանկի ստորաբաժանումների ղեկավարներից, աշխատակիցներից, հաճախորդներից (նրանց համաձայնությամբ) ստանալ տեղեկանքներ, բացատրագրեր բանկային օրենսդրության պահանջների կամ ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերի խախտման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են փաստացի հանգամանքները, այդ թվում վերստուգվող բանկից ստացված փաստաթղթերում պարունակվող տվյալների հավաստիությունը հաստատելու համար,

(ե) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ վերստուգվող բանկի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթերը, ֆայլերը, հաշվողական ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումները,

(զ) վերստուգվող բանկի ղեկավարությանը կամ աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել այլ պահանջներ, եթե դրանք բխում են վերստուգման անհրաժեշտությունից և նպատակից:

2.6. Արգելվում է աշխատանքային խմբի կողմից վերստուգվող բանկի ընթացիկ գործունեությանը միջամտելը, բանկի բնականոն գործունեությանը խոչընդոտելը, վերստուգման աշխատանքային ծրագրից շեղվելը: Աշխատանքային խմբի անդամները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

3. Վերստուգումների տեսակները, հաճախականությունը ԵՎ իրականացման մեթոդները

      Կախված իրականացման նպատակից վերստուգումները լինում են`

(ա) համալիր վերստուգումներ,

- հերթական,

- արտահերթ,

(բ) նպատակային վերստուգումներ,

(գ) թեմատիկ ուսումնասիրություններ:

 

3.1. Համալիր վերստուգումներ

 

3.1.1. Բանկերում համալիր վերստուգումներն իրականացվում են անմիջապես տեղերում բանկային և այլ օրենքների, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին բանկի կողմից իրականացվող գործառնությունների համապատասխանությունը պարզելու, ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկանքներում արտացոլված տվյալների արժանահավատությունը բացահայտելու, բանկի ընդհանուր ֆինանսական վիճակը գնահատելու, տեղերում կատարված վերստուգման արդյունքներով արտաքին (off-site) վերահսկողության կողմից CAMEL (կապիտալ, ակտիվներ, կառավարում (մենեջմենտի), եկամուտներ, իրացվելիություն) համակարգով բանկին տրված գնահատականը ճշտելու նպատակով: Վերոհիշյալ յուրաքանչյուր ուղղությամբ վերստուգումներն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետի կողմից հաստատված «Տեղերում վերստուգումներ իրականացնելու» ընթացակարգի համաձայն:

3.1.2. Բանկի համալիր վերստուգման ժամանակ պարտադիր կատարվում է ամփոփ ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում հետևյալ ուղղություններով` կապիտալի համարժեքություն (բավարարություն), ակտիվների որակ, մենեջմենտ, եկամտաբերություն, իրացվելիություն: Համալիր վերստուգումը ենթադրում է եկամտաբեր ակտիվների (վարկային, ինվեստիցիոն ներդրումների և այլն) գումարի առնվազն 70 %-ի ուսումնասիրություն:

3.1.3. Համալիր վերստուգումները չեն փոխարինում բանկերի աուդիտային վերստուգումներին, որոնք իրականացվում են բանկերի հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվությունների տվյալների հավաստիության վերստուգման նպատակով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտաքին վերահսկողությանը, որն իրականացվում է բանկերից ստացված հաշվետվությունների և տեղեկանքների վերլուծության հիման վրա:

3.1.4. Մասնաճյուղեր, գործառնական գրասենյակներ (կետեր) ունեցող բանկերի համալիր վերստուգմանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրանց աշխատանքի կազմակերպման յուրահատկությունը տվյալ բանկում: Մասնավորապես, եթե վերստուգմանն առընչվող փաստաթղթերը կենտրոնացվում են գլխամասային բանկում, ապա մասնաճյուղերն այցելելու անհրաժեշտություն կարող է չառաջանալ: Իսկ երբ մասնաճյուղն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ և փաստաթղթերը վարվում են տեղում, ապա անհրաժեշտությունը առկա է:

3.1.5. Բանկի համալիր վերստուգումը կատարվում է, որպես կանոն, մինչև 45 օր տևողությամբ: Այդ ժամկետը կախված է բանկի ակտիվների ծավալից, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) թվից:

Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետը կարող է այդ ժամկետը երկարացնել ոչ ավելի, քան 30 օրով, իսկ դրանից ավելին` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

3.1.6. Բանկերում համալիր հերթական վերստուգումները կատարվում են վերստուգումների ժամանակացույցի հիման վրա, որը կազմվում է յուրաքանչյուր տարվա համար և հաստատվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ու ենթակա է հրապարակման մամուլում` եռօրյա ժամկետում:

3.1.7. Հերթական համալիր վերստուգումներն իրականացվում են ոչ ավել, քան տարին մեկ անգամ:

3.1.8. Արտահերթ վերստուգումները կարող են իրականցվել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա:

3.1.9. Արտահերթ վերստուգումների իրականացման հիմք կարող են հանդիսանալ`

բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների պարբերաբար խախտումները,

CAMEL-ի ցուցանիշներում վտանգավոր միտումների ի հայտ գալը,

բանկի մեղքով վճարումների (այդ թվում` բյուջետային) հաճախակի ձգձգումները, հիմնավորված այլ հանգամանքները:

 

3.2. Նպատակային վերստուգումներ

 

3.2.1. Նպատակային վերստուգումներն իրականացվում են ըստ կոնկրետ ուղղությունների`

բանկի կանոնադրական հիմնադրամի համալրման օրինականության վերստուգում,

հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների օրինականության վերստուգում,

բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկի ճշտում,

հաշվեկշռի իրացվելիության գնահատում, վարկային պորտֆելի վերլուծություն, դասակարգում և գնահատում, բանկի կառավարման (մենեջմենտի) գնահատում, բանկի եկամտաբերության գնահատում,

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում և տեղեկանքներում արտացոլված տվյալների արժանահավատության վերստուգում,

ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականների կատարման ընթացքի վերստուգում,

ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների վերլուծություն:

3.2.2. Նպատակային վերստուգումները ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի հիման վրա նշանակվում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության ներկայացմամբ: Դրանց իրականացման համար հիմք կարող են ծառայել բանկերի շաբաթական, ամսական մոնիտորինգի արդյունքները, որոնք վկայում են բանկի կողմից տնտեսական նորմատիվների ընթացիկ արժեքների մեծ տատանումների մասին:

Նպատակային վերստուգումներ կարող են իրականացվել` հիմք ընդունելով նաև`

ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից ներկայացվող առաջարկությունները,

ՀՀ կառավարության կողմից ներկայացվող հայտերը (առաջարկությունները),

իրավապահ մարմինների առաջարկությունը,

բանկի հաճախորդների բողոքները և (կամ) մամուլում տվյալ բանկի վերաբերյալ քննադատական արձագանքները:

3.2.3. Նպատակային վերստուգումներ իրականացնող աշխատանքային խմբի ծրագիրը կազմվում է վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության կողմից: Այդ ծրագրի կազմմանը կարող են մասնակցել նաև ՀՀ կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումները:

3.2.4. Անհրաժեշտության դեպքում նշվում են պարտադիր վերստուգման ենթակա գործառնությունները, հաշվեկշռային և արտահաշվեկշռային հաշիվների համարները, ընտրանքային կարգով վերստուգվող փաստաթղթերի ցանկը, վերստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը:

3.2.5. Նպատակային վերստուգումներ անցկացվում են, որպես կանոն, մինչև 20 օր տևողությամբ: Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետի կողմից այդ ժամկետը, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 10 օրով, իսկ դրանից ավելին` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

 

3.3. Թեմատիկ ուսումնասիրություններ

 

3.3.1. Ընդհանուր համակարգային բնույթ կրող հիմնահարցերի, ինչպես նաև առանձին խնդիրների ուսումնասիրության, վերլուծության, գնահատման և անհրաժեշտության դեպքում, դրանց արդյունքների հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման կարգավորում պահանջող հարցերի մեթոդոլոգիական լուծման, մեթոդական նյութերի և բանկային համակարգի զարգացման հայեցակարգի մշակման նպատակով բանկերում կարող են իրականացվել թեմատիկ ուսումնասիրություններ:

3.3.2. Թեմատիկ ուսումնասիրությունների կատարման անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել նաև ՀՀ կառավարության համապատասխան մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկություններով (որոնցում մասնավորապես պետք է տրվեն ուսումնասիրություն կատարելու հիմնավորումը և ակնկալվող արդյունքների նկարագիրը):

 

3.4. Բանկերում վերստուգումների անցկացման մեթոդները

 

3.4.1. Վերստուգումներն անցկացվում են բանկային գործունեության սկզբնական (անալիտիկ), ամփոփ (սինթետիկ) փաստաթղթերի, տեղեկատվության ուսումնասիրության, բանկի ղեկավարների (այդ թվում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների), հաշվարկներ կատարող և վերահսկողություն իրականացնող աշխատակիցների հետ զրույցի ճանապարհով:

3.4.2. Արտահերթ համալիր վերստուգումները և նպատակային վերստուգումները կարող են իրականացվել նաև առանց վերստուգվող բանկին նախապես տեղեկացնելու: Բանկի վերստուգումը կարող է իրականացվել անսպասելի, եթե նպատակահարմար է ապահովել դրա հանկարծակիությունը: Սովորաբար այդպիսի վերստուգումն իրականացվում է, եթե արձանագրվել է փաստ կամ կան կասկածներ կեղծիքի, միտումնավոր անարժանահավատ տվյալների ներկայացման վերաբերյալ:

Մնացած դեպքերում վերստուգվող բանկի ղեկավարին 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է վերստուգման մասին` նախապես վերստուգման համար անհրաժեշտ նյութերի, փաստաթղթերի նախապատրաստման և այլ միջոցառումների ձեռնարկման նպատակով:

 

4. Վերստուգումների արդյունքների ձԵՎակերպումը ԵՎ դրանց կիրառումը

 

4.1. Բանկի վերստուգման արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն` վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետի կողմից հաստատված ձևով: Հաշվետվությունը պետք է պարունակի վերստուգումներ իրականացնող աշխատանքային խմբի ծրագրում ընդգրկված ուղղություններով իրականացված վերստուգման արդյունքները, ներառյալ` խախտումները:

4.2. Հաշվետվությունը ստորագրվում է աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից: Վերստուգման աշխատանքներն ավարտելուց հետո աշխատանքային խումբը մեկ շաբաթվա ընթացքում կազմում է հաշվետվություն և ներկայացնում բանկի ղեկավարին (գործադիր տնօրենին) և խորհրդի բոլոր անդամներին: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետի կողմից կարող է երկարացվել 7 օրով:

Բանկի ղեկավարը (գործադիր տնօրենը) և խորհրդի բոլոր անդամները 10 օրվա ընթացքում ծանոթանում են հաշվետվության բովանդակությանը և ստորագրում` «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Անհամաձայնության դեպքում ղեկավարը կարող է կից ներկայացնել իր դիտողությունները և առաջարկությունները:

ՀՀ կենտրոնական բանկը ծանոթանալով այդ դիտողություններին և առաջարկություններին, 10 օրվա ընթացքում տալիս է դրանց վերաբերյալ պաշտոնական պատասխան:

4.3. Հաշվետվությունում պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք և կարող են հրապարակվել միայնօրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերստուգման հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից: Առաջին օրինակը հանձնվում է վերստուգվող բանկին, որի մասին մյուս օրինակի վրա կատարվում է նշում «Սույն հաշվետվության առաջին օրինակը ___  __ 199 թ. հանձված է բանկի ղեկավարին»:

Հաշվետվության մյուս օրինակը հանձնվում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետին:

4.4. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության բանկային վերահսկողության վարչության պետը հաշվետվությունը ստանալուց հետո 1 շաբաթվա ընթացքում (համալիր վերստուգման ժամանակ 2 շաբաթվա ընթացքում) ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետին է ներկայացնում հաշվետվությունը և դրա վերաբերյալ իր եզրկացություններն ու առաջարկությունները: ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետը վարչությունում կազմակերպում է ներկայացված նյութերի քննարկում, որին անհրաժեշտության դեպքում կարող են մասնակցել նաև ՀՀ կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ և վերստուգվող բանկի ներկայացուցիչներ: Քննարկման արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

 

5. Բանկերի աուդիտային ստուգումը

 

5.1. Յուրաքանչյուր տարի բանկերը ստուգվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից:

5.2. Աուդիտային ստուգումները չեն փոխարինում ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերում իրականացվող վերստուգումներին:

5.3. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում մամուլում հրապարակել իրենց հաշվեկշիռը և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը:

5.4. Անկախ աուդիտային կազմակերպությունը`

(ա) օժանդակում է բանկի ֆինանսական հաշվետվությունների (մասնավորապես, հաշվեկշռի, եկամուտների և ծախսերի հաշվետվություն) պատշաճ ձևակերպմանը,

(բ) պատրաստում է և (կամ) ստուգում բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ներկայացնում է աուդիտային եզրակացություն այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ են արտահայտում բանկի ֆինանսական վիճակը,

(գ) ստուգում է բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմակերպման և գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին:

5.6. Անկախ աուդիտային կազմակերպությանը նշանակում է բանկը:

5.7. Եթե ՀՀ կենտրոնական բանկը տվյալ բանկի ներքին վերահսկողությունը վերջին 1 տարվա ընթացքում գնահատել է բավարար (պատշաճորեն կատարվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ֆունկցիաները), վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները բավարարում են որակավորման և մասնագիտական համապատասխանության` ՀՀ կենտրոնական բանկի չափանիշներին, ապա բանկի աուդիտային ստուգումը կարող է իրականացնել տվյալ բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Այս դեպքում աուդիտային եզրակացությունը ՀՀ կենտրոնական բանկին ներկայացվում է բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո երկամսյա ժամկետում:

5.8. ՀՀ կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին 6 ամսվա ընթացքում հրավիրել աուդիտային գործունեություն իրականացնող անկախ աուդիտային կազմակերպություն և հրապարակել նրա եզրակացությունը:

5.9. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը ՀՀ կենտրոնական բանկին է ներկայացվում բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո վեցամսյա ժամկետում: