Գլխավոր տեղեկություն
Համար
N 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2001-16.02.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.137
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.08.2001
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.02.2002

601.0012.11.08.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 12

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել «Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման լիցենզավորման կարգը» (կցվում է):

 

Նախագահ

Գ. Ամալյան

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) արտադրության և հեռարձակման լիցենզավորման պայմանները:

2. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի:

Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային, եթերակաբելային) լիցենզիան տրվում է մրցույթով և (կամ) աճուրդով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով): Աճուրդն անցկացվում է օրենքով սահմանված կարգով:

Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները` ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից:

3. Լիցենզավորումն իրականացնում է Հանձնաժողովը` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

4. Հանձնաժողովը վարում է լիցենզիաների գրանցամատյան: Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են:

5. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որն իրավունք է տալիս իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակելու համար իրականացնել հեռուստառադիոհաղորդումների արտադրություն, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով օգտագործել հաճախություն(ներ), ստեղծել հեռարձակման ցանց (եթերային և (կամ) կաբելային):

6. Լիցենզիայի ձևը հաստատում է Հանձնաժողովը:

7. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է տասը տարի ժամկետով:

Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային և եթերակաբելային) լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով:

Լիցենզիայի գործողության ժամկետը չի երկարացվում:

8. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և եթերային, եթերակաբելային հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախության մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

9. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

10. Լիցենզավորման համար գանձվում է լիցենզային վճար, որի չափը սահմանում է Հանձնաժողովը: Լիցենզային վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման տարածքից և չի կարող գերազանցել սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հազարապատիկը:

11. Չի թույլատրվում լիցենզիան այլ անձանց օգտագործման տալ, օտարել կամ գրավադնել:

12. Լիցենզիան կորցնելու դեպքում հեռուստառադիոընկերությունն այդ մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և դիմում Հանձնաժողով: Հանձնաժողովը լիցենզիայի կրկնօրինակ է տալիս հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` եռօրյա ընթացքում:

Լիցենզիայի կրկնօրինակ տրվում է նաև լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` դիմում տալուն հաջորդող երրորդ օրը: Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

13. Վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում դիմել Հանձնաժողով` լիցենզիայի վերաձևակերպման համար: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթեր:

Լիցենզիան վերաձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ, որի հիման վրա լիցենզիաների գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:

14. Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, այն վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:

15. Լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:

16. Հանձնաժողովը կազմում և վարում է յուրաքանչյուր լիցենզավորված անձի անհատական գործ, որը պահպանվում է սահմանված կարգով և ժամկետում: Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է Հանձնաժողով և կարվում լիցենզավորված անձի անհատական գործին:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

17. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատշաճ ձևով Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացնում դիմում և կից փաստաթղթեր` սույն կարգի հավելվածում սահմանված դիմումի ձևին և փաստաթղթերի ցանկին համապատասխան: Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային կամ եթերակաբելային) լիցենզիա ստանալու համար դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթի (աճուրդի) պայմաններով սահմանված ժամկետներում:

18. Դիմողը պատասխանատու է ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:

19. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ արվում են, եթե`

ա) փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.

բ) փաստաթղթերն ամբողջական չեն և լրացումների կարիք ունեն:

20. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նախազգուշացում է ուղարկում դիմողին: Նախազգուշացումն ստանալու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում դիմողը պարտավոր է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:

21. Դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմվում է դիմողի անվանական գործ:

22. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:

Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային կամ եթերակաբելային) լիցենզիա տալու համար մրցույթի արդյունքների հիման վրա Հանձնաժողովն իր նիստում մրցույթի կարգով սահմանված ժամկետներում ընդունում է որոշում: Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:

23. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին, որի մասին նրան պատշաճ հայտնվում է նիստից առնվազն 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված դիմողի չներկայանալն արգելք չէ դիմումը քննարկելու և որոշում ընդունելու համար:

24. Դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` ա) լիցենզիա տալու մասին. բ) լիցենզիա տալը մերժելու մասին:

25. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային հեռարձակման լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.

բ) դիմողն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների արտադրությամբ և հեռարձակմամբ.

գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական հնարավորությունները կամ դրանք բավարար չեն:

26. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

27. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով` այն պայմանով, որ լիցենզիան կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:

28. Լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է մուծել լիցենզային վճարը:

29. Լիցենզիա տալու կամ այն տալը մերժելու մասին որոշման պատճենը դիմողին պատշաճ ձևով ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` տասնօրյա ժամկետում:

30. Լիցենզիան տրվում է համապատասխան մուծումները հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:

31. Լիցենզիան ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

32. Լիցենզիա տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը` լիցենզիա ստանալու նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:

 

Հավելված

 

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ
պրն ________  __________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության եվ հեռարձակման լիցենզիա ստանալու

 

Դիմող ________________________________________________

                                                                  (անվանումը)

Գտնվելու վայրը __________________________________________

 

Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ ____________________________________

 

Սփռման տարածքը և բնակչության թիվը ___________________________

 

Հաղորդումների տարածման տեսակը _____________________________

                                                                       (եթերային, կաբելային, եթերակաբելային)

 

Ծրագրային քաղաքականությունը _______________________________

(հաղորդումների թեմատիկան, ուղղվածությունը, մասնագիտացումը, տեսակները, ժանրային կառուցվածքը,

_____________________________________________________

               հաղորդումների պատրաստման և հեռարձակման առանձնահատկությունները)

 

Հաղորդումները եթեր հեռարձակելու նախատեսվող ժամանակը ______________

 

_____________________________________________________

                                                      (ամիսը, տարին)

 

Տվյալներ տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին _____________

 

_____________________________________________________

(ցանկ, տեխնիկական բնութագրեր, հավաստագրեր, կապի կազմակերպման սխեման, տեղակայման վայրը)

 

Տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին __________________

Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիցենզավորված

անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև

դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին _________________

 

______________________________________________________

 

Տեղեկություններ աշխատակազմի մասին _____________________________

                                     (աշխատողների թիվը, կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը)

 

Ծրագրերի պարբերականությունը _________________________________

 

Հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը ___________________

 

Հաղորդումների լեզուն ________________________________________

 

Տնօրեն __________________ Ստորագրությունը___________________

 

Կ.Տ                                                                           ______________ 2001 թ.

 

 

ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

N

Փաստաթղթի անվանումը

կաբելային

եթերակաբելային

եթերային

1.

Հեռուստառադիոընկերության պետական գրանցման վկայականի պատճենը

+

+

+

2.

Կանոնադրության պատճենը

+

+

+

3.

Զանգվածային լրատվության միջոցի գրանցման մասին ՀՀ արդարադատության նախարարության վկայականի պատճենը

+

+

+

4.

Տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությունը` կաբելային ցանց ստեղծելու վերաբերյալ

+

+

-

5.

Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը

+

+

+

+ պահանջվում է

- չի պահանջվում

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 սեպտեմբերի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60201145