Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2004-31.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.05.17/12(160) Հոդ.149
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2004
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60404090

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 ապրիլի 2004 թ.
ք. Երևան
N 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ

Ֆ. Փիրումյան


 

Հավելված
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողովի 2004 թվականի
ապրիլի 13-ի թիվ 25-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող)` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` Հանձնաժողովում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Հանձնաժողովի տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Հանձնաժողովը`

ա) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն,

բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ,

գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ,

դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է Հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ որոնց նախատեսված է նրանց մասնակցությունը (այսուհետ` Հանձնաժողովի միջոցառում կամ միջոցառումներ):

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. Հանձնաժողովը ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր Հանձնաժողովի գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը Հանձնաժողովի էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով:

Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի այլ ներկայացուցիչ առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հանձնաժողովի գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդումով հանդես է գալիս մամուլի ասուլիսում` Հանձնաժողովում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:

5. Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը (այսուհետ` մամուլի քարտուղար):

6. Հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Հանձնաժողովին` նշելով`

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), բնակության վայրը (հասցեն).

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսների ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

7. Հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դիմումի ստացման օրը և սույն կարգի վեցերորդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են` լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:

10. Հանձնաժողովը սույն կարգի վեցերորդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:

11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի վեցերորդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի իններորդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Հանձնաժողովի անցագրային կետ (կետեր):

Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարելուց անմիջապես հետո:

13. Հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

գ) նա տարածել է Հանձնաժողովի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Մամուլի քարտուղարը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի վեցերորդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` Հանձնաժողովում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.

բ) նախապես տեղեկացված լինելու Հանձնաժողովի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.

գ) մասնակցելու Հանձնաժողովի միջոցառումներին.

դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

ե) Հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ, տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

16. Մամուլի քարտուղարը լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով` լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ Հանձնաժողով և հանդիպումներ Հանձնաժողովի պաշտոնատար անձանց հետ:

17. Հանձնաժողովի միջոցառմանը մասնակցել կամ ներկա կարող է գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե մամուլի քարտուղարի հետ ձեռք բերված չէ այլ պայմանավորվածություն և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

18. Հանձնաժողովի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը Հանձնաժողով համաձայնեցվում է մամուլի քարտուղարի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը Հանձնաժողով է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց Հանձնաժողովի տարածք մուտքի անցագրի:

19. Մամուլի քարտուղարի` Հանձնաժողովի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:

20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար Հանձնաժողովի շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում Հանձնաժողովը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, արդարացի և բանական քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է` առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2021, N 226-Ն 03.09.2021, N 25-Ն
10.12.2019, թիվ 199-Ն 31.12.2019, N 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան