«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60204024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 փետրվարի 2004 թ. ք. Երևան |
N 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 48, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 23 հոդվածների դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2002 թ. հունվարի 24-ի «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը շարադրել նոր խմբագրությամբ (Հավելված):
Նախագահ |
Գ. Ամալյան |
Հավելված |
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
Կ Ա Ր Գ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման, ինչպես նաև օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների ամբողջական վերահեռարձակման մրցույթով լիցենզավորումը:
2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
3. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է լիցենզավորման մրցույթ:
Մրցույթ կարող է հայտարարվել նաև ազատ հաճախության (կապուղու, հաճախությունների շերտի) առկայության դեպքում:
4. Մրցույթին մասնակցում են միայն իրավաբանական անձինք:
5. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
6. Հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է մրցույթ` հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը`
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
բ) հատկացվող հաճախության նոմինալը.
գ) հաճախության բնութագիրը (ըստ անհրաժեշտության).
դ) հաղորդումների սփռման տարածքը (գոտին).
ե) մրցույթի պայմանները.
զ) մրցույթի անցկացման օրը, ժամը, վայրը.
է) դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
ը) դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի և մրցութային առաջարկի (ծրագրի) ընդունման ժամկետը և վայրը.
թ) լիցենզային վճարի չափը և մուծման ձևը.
ժ) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը (հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ).
Ժա) տեխնիկական պահանջները:
7. Դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`
ա) դիմողի անվանումը.
բ) գտնվելու վայրը.
գ) հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստը.
դ) սփռման տարածքը.
ե) տեղեկություններ` դիմողի այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
զ) հեռուստառադիոհաղորդումների լեզուն, ինչպես նաև հեռուստառադիոդասընթացներ կազմակերպելու լեզուն, եթե այդպիսիք նախատեսվում են.
է) դիմումի ամսաթիվը, ամիսը, տարին:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
8. Մրցույթի պայմանները այն նվազագույն պահանջներն են, որոնք Հանձնաժողովը առաջադրում է մասնակիցներին տվյալ հաճախությամբ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու համար:
9. Մրցույթի պայմանները սահմանելիս Հանձնաժողովը հաշվի է առնում`
ա) տվյալ սփռման տարածքում հեռուստառադիոծրագրերի միջոցով լսարանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտալուսավորչական, կրթական, մարզական, ժամանցի և հանրության համար կարևոր այլ տեղեկատվությամբ ապահովվածությունը.
բ) տվյալ սփռման տարածքում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում տնտեսվարման յուրահատկությունները:
Մրցույթի պայմաններով կարող է նախատեսվել հեռուստառադիոծրագրերի որոշակի ուղղվածություն:
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ Հանձնաժողովը սահմանում է պահանջներ:
10. Մրցութային առաջարկում դիմողը առաջարկություններ է ներկայացնում մրցույթի պայմաններում նշված պահանջների վերաբերյալ, ապահովում ներկայացված ծրագրի հիմնավորումը:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և մրցութային առաջարկը ընդունում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից սկսած 90 օրվա ընթացքում, առձեռն` ստացականով: Մրցութային առաջարկը ներկայացվում է կարված, դիմողի կնիքով կնքված, երկու օրինակից, հակառակ դեպքում այն չի ընդունվում, ինչի մասին նշում է կատարվում ստացականում: Մրցութային առաջարկի օրինակները դիմողի ներկայությամբ ծրարվում են Հանձնաժողովի քարտուղարության կողմից` առանց ծանոթանալու առաջարկի բովանդակությանը, կնքվում դիմողի և Հանձնաժողովի կնիքներով:
Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելիս դրանցում առկա թերությունների մասին Հանձնաժողովը հայտնում է դիմողին` այդ մասին նշում կատարելով ստացականում:
12. Մրցույթի մասնակից է համարվում այն իրավաբանական անձը, որը սահմանված կարգով Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացրել դիմում, անհրաժեշտ փաստաթղթեր և մրցութային առաջարկ:
13. Մրցույթի մասնակիցների դիմումները քննարկվում են դռնբաց նիստում` ըստ գրանցման հերթականության:
14. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում մրցութային առաջարկի կնքված փակ ծրարը: Մասնակիցը հրապարակում է դրա բովանդակությունը:
Մրցութային առաջարկը ներկայացնելու համար տրվում է 30 րոպե:
Մրցույթի մասնակիցն իրավունք ունի հանդես գալ միջնորդությամբ: Միջնորդության կապակցությամբ Հանձնաժողովի որոշումը վերջնական է:
Հարց ու պատասխանի համար տրամադրվում է 15 րոպե ժամանակ:
Նիստին չներկայացած մասնակցի հայտը քննության չի առնվում:
15. Մրցութային առաջարկների հրապարակումից հետո Հանձնաժողովը ընդհատում է նիստը` դրանց ուսումնասիրման համար:
16. Մրցույթի հաղթողի ճանաչումը Հանձնաժողովը կատարում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից սկսած 150-րդ օրը:
17. Հեռարձակման լիցենզիա տալու համար մասնակիցների միջև ընտրությունը կատարվում է, հաշվի առնելով`
ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
գ) տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
դ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
Ֆինանսական հնարավորությունները գնահատվում են` ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից:
Ազատվող հաճախությամբ հեռարձակման լիցենզիա տալու համար այլ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է այն հեռուստառադիոընկերությանը, որը`
ա) գործունեության ընթացքում հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրության խախտումներ թույլ չի տվել.
բ) հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունի առնվազն 3 տարվա փորձ:
18. Տվյալ ընդգրկույթի (դիապազոնի) համար հաճախությունների 1/5-ը զբաղված չլինելու դեպքում Հանձնաժողովը նախապատվությունը կարող է տալ օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումների ամբողջական վերահեռարձակողին:
19. Ըստ դիմումները քննարկելու հերթականության Հանձնաժողովը անցկացնում է բաց վարկանիշային քվեարկություն: Մինչ վարկանիշային քվեարկությունը Հանձնաժողովի անդամները կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:
Դիմումը մերժելու հիմքի առկայության դեպքում` մրցութային առաջարկը վարկանիշային քվեարկության չի դրվում, ինչի կապակցությամբ կայացվում է որոշում:
Լավագույն կազմակերպությունն ընտրվում է վարկանիշային քվեարկության արդյունքներով:
Մրցույթի մեկ մասնակցի դեպքում վարկանիշային քվեարկություն չի անցկացվում:
V. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ
20. Հանձնաժողովը որոշում է ընդունում լավագույն կազմակերպությանը հաղթող ճանաչելու և հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա տալու մասին:
Հաղթող չճանաչված մասնակցի դիմումը համարվում է մերժված:
21. Հանձնաժողովը որոշումը հրապարակում է այն ընդունելուց անմիջապես հետո:
22. Որոշումն ընդունելու հաջորդ օրը մրցույթի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրությունում նշվում են`
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
բ) հատկացվող հաճախության նոմինալը.
գ) հաճախության բնութագիրը (ըստ անհրաժեշտության).
դ) հեռուստառադիոհաղորդումների սփռման տարածքը.
ե) լիցենզային վճարի չափը և մուծման ձևը.
զ) մրցույթի անցկացման վայրը և ժամանակը.
է) տեղեկություններ հաղթողի և մրցույթի մյուս մասնակիցների մասին:
Արձանագրությանը կցվում է մրցութային առաջարկը, որը համարվում է լիցենզիայի պայման:
Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և մրցույթի հաղթողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է մրցույթի հաղթողին:
23. Հանձնաժողովի որոշման (որոշումների) պատճենը (պատճենները) տասնօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:
24. Մրցույթի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվությունը հրապարակվում է մեկամսյա ժամկետում:
VI. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
25. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
ա) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի տրվել.
բ) մասնակիցներից ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմանները.
գ) սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում հաղթողի կողմից մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը չի ստորագրվել կամ լիցենզային վճարը չի մուծվել.
դ) մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|