«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 սեպտեմբերի 2004 թ. |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշման 2-րդ կետով և «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
2004 թ. սեպտեմբերի 29 |
Ս. Մնացականյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի և դրանց հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:
2. Սույն կարգի իմաստով վարչական մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:
3. Սույն կարգի նպատակն է ապահովել վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:
4. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:
5. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք):
6. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության անունից վարչական վարույթ իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունները (այսուհետ` առանձնացված ստորաբաժանումներ) և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները:
7. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացված վարչական վարույթի գործով բողոքը բերվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմին, որը առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացված վարչական վարույթի գործով հանդես է գալիս որպես վերադաս վարչական մարմին:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ հարուցելու պահից:
9. Եթե դիմումը օրենքով սահմանված կարգով վերահասցեագրվում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձվում է դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումը և դրան կից փաստաթղթերը նախապես պատճենահանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին:
10. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին հետևյալ խմբերով`
ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր,
բ) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:
11. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով բերված բողոքը, դատարան ներկայացրած հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում նաև դրանց առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:
Եթե վարչական վարույթի գործը բողոքարկվել է վերադաս վարչական մարմնին, ապա բողոքի արդյունքում վերադաս մարմնի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքում` համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են վերադաս մարմնում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է առանձնացված ստորաբաժանմանը:
Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված վարչական մարմնի կնիքով:
12. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:
13. Գործերը համարակալվում և դրանց վարման գործառույթները իրականացվում են կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ: Դրա անհնարինության դեպքում, մասնավորապես, եթե վարչական վարույթներով գործերը հարուցում են տարբեր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:
14. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:
lll. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Վարչական վարույթի գործերի վերաբերյալ կազմվում և վարվում է գործերի հաշվառման գրանցամատյան:
Վարչական մարմինը կարող է վարել առանձին գրանցամատյաններ` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների: Առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին` տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:
16. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:
17. Գործերի հաշվառման գրանցամատյանը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա գրանցամատյանը վարող պատասխանատու անձը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում է և կնքվում վարչական մարմնի կնիքով:
18. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
lV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Վարչական մարմինը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):
Ակտերի հաշվառման գրանցամատյանը կարող է վարել` ելնելով այն հանգամանքից, թե ինչ սկզբունքներով է վարում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (խմբավորված, ենթախմբերի բաժանված, համապատասխան պայմանանշանների, դրանց զուգորդությունների օգտագործմամբ, կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ և այլն):
Վարչական ակտերն ըստ այդմ կարող են հաշվառվել մեկից ավելի գրանցամատյաններում կամ մեկ միասնական գրանցամատյանում:
20. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են վարչական մարմնի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:
Հաշվառման ենթակա են վարչական մարմնի ընդունած բոլոր վարչական ակտերը: Դրանք են`
ա) անձի դիմումի հիման վրա կամ տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ վարչական մարմնի ընդունած ակտը.
բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ տվյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.
գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա տվյալ վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա տվյալ վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտերը.
դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.
ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն տվյալ վարչական մարմնի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:
Ելնելով նպատակահարմարությունից` վարչական մարմինը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):
21. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.
բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.
գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.
դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ), շարադրանքը.
ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումը, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում նրանց քանակի մասին.
է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:
22. Ելնելով անհրաժեշտությունից` վարչական մարմինը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել նաև այդ ակտերին վերաբերող այլ տեղեկություններ:
23. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է` նշելով ամսաթիվը:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
24. Վարչական մարմինը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման ուղղությամբ: