Գլխավոր տեղեկություն
Համար
N 416/01
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.12.27/23(86) Հոդ.187
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.10.2001
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2002

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 հոկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 416/01

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը որոշում է.

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 115 հոդվածի 1 կետով և 42 հոդվածի 1 կետով Հանձնաժողովին վերապահված իրավասությունները.

Հաշվի առնելով, որ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի ապանյութականացման նկատմամբ պահանջների սահմանումը հնարավորություն կտա ապահովել ապանյութականացման գործընթացի հստակ կանոնակարգումը և ապահովել ներդրողների շահերի պաշտպանությունը, իսկ փաստաթղթային արժեթղթերի սահմանափակումները հնարավորություն կտան առավել բարենպաստ պայմաններ ապահովել հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի շրջանառության համար.

 Համարելով, որ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի ապանյութականացումը նպաստավոր պայմաններ կստեղծի արժեթղթերի շրջանառության արդյունավետության բարձրացման համար և կնվազեցնի փաստաթղթային արժեթղթերի շրջանառության հետ կապված համակարգային ռիսկերը, իսկ փաստաթղթային արժեթղթերի շրջանառության սահմանափակմամբ հնարավոր կլինի արժեթղթերի սեփականատերերին (ներդրողներին) պաշտպանել արժեթղթերի հավաստագրերի շրջանառության հետ կապված ռիսկերից.

 Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

1. Հաստատել 115.1-1, 115.1-2 կանոնները` միավորելով դրանք «(115.1) Արժեթղթերի ապանյութականացում» վերնագրի ներքո:

2. Հաստատել 42.1-1, 42.1-2 կանոնները` միավորելով դրանք «(42.1) Փաստաթղթային արժեթղթերի սահմանափակում» վերնագրի ներքո:

3. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 28.09.2001թ. թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ փոփոխությունները.

 ա) «Ինքնակարգավորվող կազմակերպություններ» (Բաժին Ե)-ի «(112.1բ) Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարում» վերնագրից հետո լրացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված վերնագրով,

բ) «Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր» (Բաժին Գ) -ի « (47.4) Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների հայտարարագրում» վերնագրից առաջ լրացնել սույն որոշման 2-րդ կետով հաստատված վերնագրով:

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ` Է. Մուրադյան

 

 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՊԱՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՈՒՄ

 

 Առարկան

 

Սույն վերնագրի կանոնները սահմանում են Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթային արժեթղթերի ապանյութականացման նկատմամբ պահանջները:

 

Աղբյուրը

 

 Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 115 հոդվածի 1 կետով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:

 

Կանոն 115.1-1.

Արժեթղթերի ապանյութականացումը

 

(ա) Ցանկացած փաստաթղթային արժեթուղթ, որի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնված է Կենտրոնական դեպոզիտարիային, համարվում է ապանյութականացված (բ) ենթականոնով սահմանված հայտարարությունը հրապարակելու հաջորդ օրը:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է.

(1) սույն վերնագրի կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն հրապարակել այն թողարկողների արժեթղթերի ապանյութականացման մասին, որոնց սեփականատերերի ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան.

(2) «Ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելը» վերնագրի 27-1(բ) կանոնի համաձայն թողարկողի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը սկսելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն հրապարակել թողարկողի տվյալ դասի արժեթղթերի ապանյութականացման մասին.

(3) արժեթղթերի ապանյութականացման մասին սույն ենթականոնում նշված ժամկետներում գրավոր ծանուցել համապատասխան թողարկողին:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթային արժեթղթերի ապանյութականացման նկատմամբ պահանջները չեն տարածվում փաստաթղթային այն արժեթղթերի վրա, որոնք հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն:

(դ) Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն հրապարակայնորեն վաճառվող չհամարվող տվյալ դասի արժեթղթերը ապանյութականացվում են տվյալ թողարկողի դիմումի հիման վրա` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված պայմաններով:

 

 Կանոն 115.1-2.

Ապանյութականացված արժեթղթերի թղթային կրիչները

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից 115.1-1(ա) կանոնի համաձայն արժեթղթի ապանյութականացման մասին հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից սկսած նշված արժեթղթի`

(1) թղթային կրիչի (տոմսի, հավաստագրի, սերտիֆիկատի կամ այլ) փոխանցմամբ տվյալ արժեթղթով ամրագրվող կամ սահմանվող որևէ իրավունք, արտոնություն կամ պարտականություն չի փոխանցվում և չի ծագում.

 (2) որևէ հավաստագիր կամ այլ թղթային կրիչ ընդամենը հաստատում է, որ այն թողարկելու պահի դրությամբ տվյալ կրիչում նշված անձը հանդիսացել է տվյալ արժեթղթի սեփականատեր կամ անվանատեր և չի հաստատում տվյալ իրավունքի առկայությունը կրիչը ներկայացնելու պահին:

(բ) Ապանյութականացված արժեթղթերի փոխանցումը, արգելադրումը կամ դրանց նկատմամբ իրավունքների` ՀՀ օրենսդրությանը համապատասխան այլ փոփոխությունները և/կամ սահմանափակումներն իրականացվում են Օրենքի 115 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

 

ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

Առարկան

 

 Սույն վերնագրի կանոնները սահմանափակում են փաստաթղթային ձև ունեցող արժեթղթերի շրջանառությունը և հաստատում արժեթղթերի ապանյութականացման հիմքերը, ինչն ուղղակի բխում է ներդրողների պաշտպանության և արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցման նպատակներից:

 

 Աղբյուրը

 

 Սույն վերնագրի կանոնները սահմանվում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 42 հոդվածով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:

 

Կանոն 42.1-1.

Փաստաթղթային արժեթղթերի սահմանափակումները

 

 (ա) Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականի հունվարի 1-ից արգելվում է.

 (1) փաստաթղթային արժեթուղթ թողարկել կամ թողարկման նպատակով այն առաքել, փաստաթղթային արժեթղթի թողարկման կամ թողարկման շրջանակներում վաճառքի առաջարկություն անել, թողարկումը կամ առաջարկը գովազդել կամ այլ կերպ տարածելն ու հրապարակելը, նման արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցել, ինչպես նաև փաստաթղթային արժեթուղթ վաճառել կամ վաճառքի նպատակով այն առաքել, վաճառելու կամ գնելու առաջարկ անել, նման առաջարկություն գովազդել կամ այլ կերպ տարածել կամ հրապարակել նման առաջարկը, կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավեր անել, նման արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցել` բացառությամբ 42.1-2 կանոնով նախատեսված արժեթղթերի,

(2) ֆոնդային բորսայում որևէ փաստաթղթային արժեթուղթ գրանցել և ցուցակել կամ այլ կերպ թույլատրել տվյալ ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ նման արժեթղթերով գործարքներ իրականացնել, ինչպես նաև նման գործարք գրանցել,

(3) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթային արժեթղթի տիրապետող գրանցել, պահել, նման արժեթղթերի ռեեստր վարել կամ նման արժեթղթերով հաշվարկներ իրականացնել:

 

Կանոն 42.1-2.

Բացառություն կազմող արժեթղթերի տեսակները

 

(ա) Սույն վերնագրի 42.1-1(ա)(1) կանոնի սահմանափակումները չեն տարածվում փաստաթղթային այն արժեթղթերի վրա, որոնք`

(1) հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն.

(2) հրապարակայնորեն վաճառվող են համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն:

(բ) Սույն վերնագրի 42.1-1(ա)(3) կանոնի սահմանափակումը չի տարածվում այն արժեթղթերի վրա, որոնք հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն:


Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10201186

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան