ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 156
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի ԵՎ ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի կողմից թղթակցային հաշիվների բացման ԵՎ վարման մասին
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գործառնությունների կանոնակարգման և արտարժույթով բանկային հաշիվների բացման ու վարման» թիվ 124 որոշման և Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային թղթակցային հարաբերությունները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերը և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության դրամով թղթակցային հաշիվ բացել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերը և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը կարող են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով միմյանց թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պարտավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
3. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում թղթակցային հաշիվները բացվում և վարվում են պայմանագրային հիմունքներով կամ թղթակցային հաշիվներում եղած միջոցներից վճարումները իրականացվում են թղթակցային հաշվի տիրոջ հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:
4. Թղթակցային հաշիվներում եղած միջոցներից սպասարկող բանկը կարող է գանձումներ իրականացնել
ա) պայմանագրերով նախատեսված դեպքերում.
բ) օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կամ արբիտրաժի բռնագանձման մասին որոշման կատարման դեպքում.
գ) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տիպային ձևը, բանկերին մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները:
|