Գլխավոր տեղեկություն
Համար
N 18/6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-29.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2009.04.04/5(67) Հոդ.342
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602386

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան
N 18/6-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 52-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

 որոշում է.

 

1. Սահմանել կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը (Հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. ապրիլի 13-ի թիվ 15 արձ. կետ 2 «Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգի մասին» որոշումը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ

Ա. Սահրադյան

 


Հավելված
ՀՀ Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
նոյեմբերի 20-ի թիվ 18/6-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունները նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում` սույն կարգին համապատասխան:

2. Ընտրական իրավունք ունեցող կալանավորված ՀՀ քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում են կալանավորվածներին պահելու վայրերում կազմավորված ընտրական տեղամասերում:

3. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրական տեղամասեր կազմավորում է տվյալ հիմնարկի ղեկավարը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

4. Կալանավորվածներին պահելու վայրերում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են քվեարկության օրվանից 5 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկի ղեկավարը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ:

Ընտրողների ցուցակներում նշվում են կալանավորված անձի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձը հաստատող փաստաթղթի համարը:

Կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար:

6. Կալանավորվածներին պահելու վայրի ղեկավարը քվեարկության օրվանից երկու օր առաջ ընտրողների ցուցակների 2 օրինակը հանձնում է իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից երեք օր առաջ կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 5 օր առաջ ցուցակագրում է կալանավորվածներին պահելու վայրերի տեղամասային կենտրոնում գտնվելու ցանկություն ունեցող թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ցուցակագրված վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը հաջորդ օրը տրամադրում է կալանավորվածներին պահելու վայրի պետին, և տեղամասային ընտրական հանձնաժողովին, համաձայն որի նրանք իրավունք են ստանում ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

9. Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրեր են ուղարկվում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների նախընտրական քարոզչության նպատակով պատրաստված նյութերը:

10. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկությունը սկսվում է ժամը 8.00-ին և ավարտվում ցուցակներում ընդգրկված ընտրողների քվեարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան ժամը 20:00-ին:

11. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրական փաստաթղթերն ու կնիքը սահմանված կարգով անհապաղ ներկայացվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: