Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 299
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2001-08.02.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.11.2001
Վավերացման ամսաթից
13.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 նոյեմբերի 2001 թվականի

թիվ 299

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆԻՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ԵՎ IPC GMBH ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 01.08.2001 Թ. ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԶԵԼՈՒ ԵՎ ««ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԻՄՆԱՐԿԻ ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) և IPC GmbH խորհրդատվական ընկերության միջև 01.08.2001 թ. կնքված պայմանագիրը կնքվել է առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնության և համապատասխան լիազորության, որի արդյունքում հաշվի չեն առնվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էական շահերը, և խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 14.09.2001 թ. թիվ 518 հրամանով հաստատված ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի կանոնադրության 5-րդ գլխի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի ներկայացրած տեղեկանքը (կցվում է) և խզել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) և IPC GmbH խորհրդատվական ընկերության միջև 01.08.2001 թ. կնքված պայմանագիրը:

 2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկին (KfW) առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից IPC GmbH խորհրդատվական ընկերության հետ պայմանագիրը վերակնքել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկված պայմաններով:

 3. Հաստատել ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի Դիտորդ խորհրդի հետևյալ կազմը`

 ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից` ծրագրի ղեկավար Քրիստիան Շմիդտ,

 բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ջավադյան:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի սույն թվականի սեպտեմբերի 25-ի նիստում քննարկվել են ՀՀ կենտրոնական բանկի անունից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) և գերմանական IPC GmbH խորհրդատվական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի առանձին պայմանները, և հանձնարարվել է ՀՀ կենտրոնական բանկի «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի ղեկավարին` քննարկել պայմանագրի ծախսերի նախահաշվում որոշակի փոփոխություններ (տեղական ծախսերը ավելացնելու ակնկալիքով) կատարելու հնարավորությունը: Ի կատարումն նշված հանձնարարականի` IPC GmbH խորհրդատվական ընկերությանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 05.10.2001 թ. թիվ 13-08/1352 գրությամբ ՀՀ կենտրոնական բանկն առաջարկել է կարճաժամկետ խորհրդատուներին վճարվելիք (86.700 գերմանական մարկ ընդհանուր գումարով) և շուկայի ուսումնասիրման նպատակով ծախսվելիք գումարները (20.000 գերմանական մարկ ընդհանուր գումարով) ամբողջությամբ ուղղել վարկային մասնագետների որակավորման բարձրացման նպատակով ՀՀ-ում և արտասահմանում սեմինարներ, գործուղումներ կազմակերպելուն:

 IPC GmbH խորհրդատվական ընկերությունը ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված 10.10.2001 թ. գրությամբ խնդրել է ծախսերը թողնել անփոփոխ, որով, ըստ էության, մերժել է առաջարկվող փոփոխությունները, այն հիմնավորմամբ, որ ծրագրի հասունացած փուլում ընկերությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկվող ծախսերը կկատարի կարճաժամկետ խորհրդատուներին վճարվելիք գումարների վերաբաշխման միջոցով: Այս մոտեցումը ՀՀ կենտրոնական բանկի համար ընդունելի չէր, քանի որ նախ և առաջ պարզ չէր, թե ծրագրի հասունացած փուլը երբ է լինելու, եթե հաշվի առնենք նաև, որ պայմանագիրը գործելու էր մինչև 2002 թ. վերջը: Սակայն հաշվի առնելով ընկերության ներկայացուցիչ և ծրագրի ղեկավար Դ. Խաբոկի խնդրանքը (ուղղված ՀՀ կենտրոնական բանկի նախագահին)` անձամբ քննարկել հիշյալ հարցերը նոյեմբերին Երևան կատարելիք այցի ընթացքում` բանկային վերահսկողության դեպարտամենտի 24.10.2001 թ. թիվ 13-14/264 զեկուցագրով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկել է պայմանագրի փոփոխությունների հարցը քննարկել մինչև Դ. Խաբոկի ժամանումը, որին ԿԲ նախագահը համաձայնել է:

 ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի նոյեմբերի 12-ին KfW-ից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի անունից KfW-ի և IPC GmbH ընկերության միջև կնքված պայմանագրի մեկ օրինակը (01.08.2001 թ. կնքման ամսաթվով), որում ՀՀ կենտրոնական բանկի համար սկզբունքային փոփոխությունները հաշվի չեն առնվել, և խորհրդատվական ընկերությանը վճարվող ծախսերի նախահաշիվը մնացել է նախկին ձևով: Այդ պայմանագիրը ՀՀ կենտրոնական բանկի համար չի կարող ընդունելի լինել հետևյալ պատճառներով.

 Նախ` ՀՀ կենտրոնական բանկը նման պայմաններով պայմանագիր կնքելու համար KfW-ին որևէ լիազորություն չի տվել, և պայմանագրի առանձին կետերի վերաբերյալ հստակ կերպով արտահայտվել է բացասական դիրքորոշում: 

 Կնքված պայմանագիրը իրավական առումով լուրջ թերություններ ունի, եթե նույնիսկ հաշվի չառնենք այդ հանգամանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, որով ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվել է 1.200.000 գերմանական մարկի պետական երաշխիք, ընդունվել է 2001 թ. օգոստոսի 29-ին, համապատասխան պայմանագիրը ՀՀ կենտրոնական բանկի և KfW-ի միջև կնքվել է դրանից հետո: Նշվածները, բնականաբար, անհնար էին դարձնում ՀՀ կենտրոնական բանկի անունից KfW-ի և IPC GmbH ընկերության միջև 01.08.2001 թ. հիշատակված պայմանագրի կնքումը, քանի որ այն կարող էր կնքվել միայն վերը նշված ընթացակարգերի ավարտից հետո:

 ՀՀ կենտրոնական բանկին ուղղված 2001 թ. նոյեմբերի 12-ի գրությամբ KfW-ը փորձել է հիմնավորել, որ սույն թվականի հունիսի 21-ի իր գրությանը երկշաբաթյա ժամկետում ԿԲ-ի կողմից պատասխան չստացվելու արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը համարել է ստացված: Այս փաստարկը ընդունելի չէ, քանի որ հիշատակված գրությանը կից ներկայացվել է միայն դրամաշնորհի պայմանագրի, ոչ թե խորհրդատվական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրի նախագիծը, որին ՀՀ կենտրոնական բանկը մինչև ստորագրումը այդպես էլ չի ծանոթացել:

 Ստեղծված իրավիճակում առաջարկվում է`

 - պաշտոնապես խզել ՀՀ կենտրոնական բանկի անունից KfW-ի և IPC GmbH ընկերության միջև 01.08.2001 թ. կնքված պայմանագիրը և գերմանական կողմին առաջարկել վերակնքել այն ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկված պայմաններով.

 - գերմանական կողմի ուշադրությունը հրավիրել նման գործելակերպի աննպատակահարմարությանը: