ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 1996 թվականի թիվ 128
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին ԵՎ ծառայողներին վարկեր տրամադրելու կանոնակարգի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ, 27-րդ և 56-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին ու ծառայողներին վարկեր տրամադրելու» կանոնակարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» թիվ 18, փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրավվող ավանդների տոկոսադրույքների սահմանման մասին» թիվ 38 և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին տրամադրվող վարկերի սահմանաքանակի մասին» թիվ 41 որոշումները:
քաղ. Երևան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին եվ ծառայողներին վարկեր տրամադրելու
1. ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալը, խորհրդի մյուս անդամները և ծառայողները ՀՀ կենտրոնական բանկից կարող են ստանալ վարկեր, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենտրոնական բանկի կապիտալի մեկ տոկոսը: Նշված անձանց արգելվում է անձամբ կամ այլ անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով բանկերից ստանալ առևտրային վարկեր:
2. Սույն կանոնակարգի 1-ին կետում նշված անձանց վարկերի տրամադրումը կատարվում է այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի (հետագայում` հանձնաժողով) եզրակացության հիման վրա, հանձնաժողովի նախագահի անունով ներկայացված գրավոր դիմումի համաձայն: Դիմումում նշվում է պահանջվող վարկի գումարը, օգտագործման նպատակը, հետ վերադարձման երաշխիքները, վարկի և տոկոսագումարների մարումների ժամկետները: Վարկեր ստանալու նպատակով ներկայացված դիմումում պարտադիր նշվում է նաև այն վարկերի մասին, որոնք ստացվել են ՀՀ տարածքում գործող բանկերից` նշելով բանկի անվանումը, վարկի ծավալը, ստացման այլ պայմաններ: Վարկեր տրամադրվում են միայն ՀՀ կենտրոնական բանկում մեկ տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց:
3. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվում են սպառողական և ուսման վարկեր: Սպառողական վարկը տրվում է`
- երկարատև օգտագործման և այլ ապրանքների ձեռքբերման համար,
- բնակարանների և ամառանոցների գնման, վերանորոգման, դրանց կից շինությունների կառուցման համար,
- սոցիալական կարիքների համար:
4. Ուսման վարկը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմված ուսումնական և մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման, ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում սովորելու և ֆինանսական հիմնարկություններում կատարելագործվելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկի կադրերի ու մասնագետների վերապատրաստման և համապատասխան բաժինների եզրակացության առկայության պարագայում: Վերջինիս համար որպես հիմք է ընդունվում տվյալ անձի որակավորման մակարդակը և դրա բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի տվյալ ստորաբաժանման ֆունկցիաներին համապատասխան տվյալ աշխատակցի նկատմամբ ներկայացվող պահանջները:
5. Վարկերը կարող են տրվել ինչպես գրավով, այնպես էլ առանց գրավի (բլանկային վարկեր): Առանց գրավի վարկերը տրամադրվում են մինչև 6 ամիս ժամկետով` տվյալ անձի 6 ամսվա աշխատավարձի ֆոնդը (առանց պարգևատրումների և հավելյալ վճարումների) չգերազանցող գումարի չափով: Տրամադրված բլանկային վարկերի պայմանագրերում նախատեսվում է վարկերը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում վարկառուի պատասխանատվությունն իրեն պատկանող ողջ գույքով: Գրավի առկայության դեպքում տրամադրվող վարկի և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարների հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող արժեքի 80 տոկոսը: Որպես գրավ կարող են ընդունվել արժութային արժեքներ կամ բարձր իրացվելիություն ունեցող այլ արժեքներ:
6. ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված վարկերը կարող են տրամադրվել մինչև մեկ տարի ժամկետով` միայն ՀՀ դրամով:
7. ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպառողական և ուսման վարկերը տրամադրվում են այդ նպատակներով ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից տրամադրված վարկերի միջին շուկայական տոկոսադրույքից ոչ պակաս տոկոսադրույքով: Նմանատիպ վարկերի բացակայության դեպքում հանձնաժողովն ինքն է որոշում տրամադրվող վարկի տոկոսադրույքի չափը` հաշվի առնելով շուկայական պայմանները:
8. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում վարկերը ձևակերպվում և տրամադրվում են ՀՀ կենտրոնական բանկի և վարկ ստացողի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա, որով ամրագրվում են տրամադրվող վարկերի նպատակը, գումարը, տարեկան տոկոսադրույքը, օգտագործման ժամկետը, տրամադրման և մարման կարգն ու պայմանները, վերադարձման ապահովման ձևերը, վարկառուի և վարկատուի իրավունքներն ու պարտավորությունները, կողմերի համաձայնությամբ` այլ պայմաններ:
9. Պայմանագրով վարկ ստացած անձանց կարող է իրավունք վերապահվել վարկը վերադարձնել նախատեսված ժամկետից շուտ` վարկի օգտագործման ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները վերադարձնելու պայմանով: Վարկի մարումը և տոկոսների վճարումը կարող է իրականացվել վարկ ստացած անձանց աշխատավարձից` պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:
10. ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ, ելնելով սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված վարկի օգտագործման արդյունքներից, դրա արդյունավետությունից ու նշանակությունից, ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հաշվին կարող են հատուցվել տրված վարկը և դրա դիմաց հաշվարկված տոկոսներն ամբողջությամբ:
11. ՀՀ կենտրոնական բանկի միևնույն ծառայողին կարող է նոր վարկ տրամադրվել միայն նախկինում ստացված վարկը մարելուց հետո:
12. Արտակարգ դեպքերում (մահվան, դժբախտ պատահարի) վարկի և տոկոսների մարման հարցը, հանձնաժողովի ներկայացմամբ, քննարկվում և լուծվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
13. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկերի նպատակային օգտագործման վերահսկողությունը դրվում է հանձնաժողովի վրա, որի իրավասություններն ամրագրվում են վարկային պայմանագրում:
14. Սույն կանոնակարգի 1-ին կետում նշված անձանց վարկերի տրամադրման պայմանագրերը ՀՀ կենտրոնական բանկի անունից ստորագրվում են հանձնաժողովի նախագահի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմից:
15. Սույն կանոնակարգով սահմանված վարկերի տրամադրումը եւ հաշվառումն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի ներքին ֆինանսական շուկայում գործառնությունների վարչությունը: