603.0056.23.07.01
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հուլիսի 2001 թ. |
N 56 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի երկրորդ և վեցերորդ մասերով սահմանված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. հաստատել Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը (կցվում է),
2. սահմանել, որ կարգն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից, բացի 7-րդ կետի նորմի, որն ուժի մեջ է մտնում 2002 թ. հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2001 թ. հուլիսի 23-ի թիվ 56 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձանց (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի, հաշվառված հիմնարկների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, պետական վիճակագրական դիտարկումների շրջանակում, վիճակագրական տեղեկությունների (հաշվետվություններ, հարցաթերթեր և այլն) ներկայացման կարգը և մշակվել է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 2-րդ մասի դրույթներին համապատասխան:
2. Վիճակագրական տեղեկությունները կարող են հավաքագրվել սկզբնական և (կամ) ամփոփ ձևով: Վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններից ամփոփ տեղեկատվության ստացման կարգը սահմանվում է առանձին:
3. «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքում վիճակագրական տեղեկություններ ներկայացնում են նաև քաղաքացիները:
4. Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացմանը վերաբերող տեղեկությունների ներկայացման կարգը սահմանվում է «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:
II. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ընտրանքը
5. Վիճակագրական դիտարկումներն ըստ ձևերի կարող են իրականացվել համատարած կամ ընտրանքային կարգով:
6. Սույն կարգի իմաստով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ են հանդիսանում սույն կարգի կետ 1-ում թվարկված այն սուբյեկտները, որոնք ընդգրկված (ընտրված) են պետական վիճակագրական դիտարկումներում:
7. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (դուրս հանվելու) մասին վիճակագրական տեղեկություններ տրամադրողները նախապես (առաջին հաշվետու ժամանակաշրջանի սկզբից առնվազն 1 ամիս առաջ) գրավոր տեղեկացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և (կամ) դրա տարածքային ստորաբաժանումների (հետայսու՝ պետական վիճակագրություն իրականացնող մարմին) կողմից: Նշված կարգով գրավոր տեղեկացումն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ վիճակագրական տեղեկություններ տրամադրողները գրավոր չեն տեղեկացվում ընտրանքից դուրս հանվելու մասին (կամ դեռ չի լրացել ընդգրկման մասին գրության մեջ նշված ժամկետը):
8. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ընտրանքը հիմնվում է վիճակագրական և մաթեմատիկական մեթոդների վրա:
III. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական փաստաթղթերի ձեվերով եվ դրանց լրացման հրահանգներով ապահովումը
9. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները ՀՀ ՎՊԽ կողմից հաստատված պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման և ցուցանիշների հաշվարկման նպատակով պետական վիճակագրություն իրականացնող մարմնին են ներկայացնում անհրաժեշտ վիճակագրական տեղեկություններ:
10. Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում (հավաքագրվում) են ՀՀ ՎՊԽ կողմից սահմանված ձևի.
- պետական վիճակագրական հաշվետվությունների,
- հետազոտությունների հարցաթերթերի,
- պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ տեսակի փաստաթղթերի և տեղեկանքների (հետայսու՝ վիճակագրական փաստաթղթեր) միջոցով:
11. Վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում, պարբերականությամբ և հասցեներով:
12. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին անվճար ապահովում է վիճակագրական փաստաթղթերի ձևերով և դրանց լրացման հրահանգներով (ցուցումներ, պարզաբանումներ և այլն), ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանի սկզբին նախորդող տասներորդ օրը:
13. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին են տրվում դրանցում նշված ներկայացման հասցեների քանակին համապատասխան, նախատեսելով նաև մեկ օրինակ, որը պահվում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների մոտ՝ հաշվառման և համակարգման համար:
14. Վիճակագրական փաստաթղթերի լրացման հրահանգները վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին են տրվում մեկ օրինակից: Դրանցում փոփոխությունների և լրացումների սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո դրանք ևս լրացուցիչ տրվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին:
15. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման հրահանգները վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ցանկությամբ կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային տեսքով:
IV. Վիճակագրական փաստաթղթերում տեղեկությունների արտացոլման կարգը
16. Վիճակագրական փաստաթղթերը լրացնում և ներկայացնում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողներն ինքնուրույնաբար, եթե դրանց լրացման հրահանգում նախատեսված չէ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակցի կողմից դրանց լրացում:
17. Վիճակագրական փաստաթղթերը պետք է ստորագրվեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող սուբյեկտի ղեկավարի կամ դրա համար լիազորված անձի (գլխավոր հաշվապահ կամ այլ անձ) կողմից: Այլ անձի լիազորելու դեպքում ղեկավարը այդ մասին գրավոր տեղեկացնում է պետական վիճակագրություն իրականացնող մարմնին:
18. Պետական վիճակագրական դիտարկումներում նոր ընդգրկման մասին տեղեկացված վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական փաստաթղթերը ներկայացնում են հաջորդող (իսկ վիճակագրական փաստաթղթերում նախատեսված լինելու դեպքում՝ նաև նախորդող) ամբողջական համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) համար:
19. Հաշվետու ժամանակաշրջանում գործունեություն չիրականացնելու դեպքում, ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի՝ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համապատասխան ցուցանիշների վանդակներում դրվում են գծիկներ, իսկ աճողական կարգով ցուցանիշների լրացում նախատեսող համապատասխան վանդակներում լրացվում են նախորդող ժամանակաշրջանների կուտակային տվյալները:
Հաջորդող ժամանակաշրջաններում վիճակագրական դիտարկման ենթակա ցուցանիշներում փոփոխություն չակնկալելու, մասնավորապես գործունեության իրականացում չծրագրելու (չնախատեսելու)* դեպքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողները կարող են նախորդող ժամանակաշրջանի վիճակագրական փաստաթղթերի հետ ներկայացնել հայտարարություն գործունեություն չիրականացնելու մասին (հայտարարությունների առաջարկվող ձևերը կցվում են, հավելվածներ 1 և 2): Նշված հայտարարությունը հանդիսանում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական փաստաթղթերը փոխարինող: Գործունեությունը վերսկսելու դեպքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողները ինքնուրույնաբար սկսում են ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթեր՝ սահմանված կարգով:
20. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպվելիս (բացի վերակազմավորման դեպքից) վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են մինչև նոր իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման պահը պետական վիճակագրություն իրականացնող մարմին ներկայացնել վերակազմակերպման մասին որոշման ընդունման հաշվետու ժամանակաշրջանի (ըստ վիճակագրական փաստաթղթի ներկայացման ժամկետների՝ ամսվա, եռամսյակի, կիսամսյակի կամ տարվա) համապատասխան օրվա դրությամբ կազմված, սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթեր իրենց գործունեության վերաբերյալ: Վերակազմակերպման արդյունքում ստեղծված վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական փաստաթղթեր են ներկայացնում սահմանված կարգով՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծված նոր իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման պահից:
21. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելիս վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են մինչև լուծարման պետական գրանցման պահը պետական վիճակագրություն իրականացնող մարմին ներկայացնել լուծարքային հաշվեկշռի հաստատման օրվա դրությամբ կազմված սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթեր իրենց գործունեության վերաբերյալ:
V. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման եղանակները
22. Վիճակագրական փաստաթղթերը պետական վիճակագրություն իրականացնող մարմին ներկայացվում են առձեռն, փոստով, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցներով՝ ելնելով դրանցում նշված ժամկետներից:
Փոստով առաքման դեպքում վիճակագրական տեղեկությունների ներկայացման օր է համարվում առաքումն իրականացրած փոստային բաժանմունքի դրոշմակնիքի օրը: Սահմանված (թույլատրված) դեպքերում տեղեկությունները հեռախոսով (ֆաքսիմիլային կապով) նախապես հաղորդելու դեպքում ներկայացման օր է համարվում հաղորդման օրը:
Էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի ներկայացման դեպքում վիճակագրական տեղեկություն տրամադրողին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից գրավոր համաձայնության հիման վրա տրվում է համապատասխան ծածկագիր, որն օգտագործվում է բացառապես վիճակագրական փաստաթղթերի ներկայացման նպատակով:
23. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը հատուկ գրանցամատյաններում իրականացնում է մուտքագրված վիճակագրական փաստաթղթերի հաշվառում, ըստ ներկայացման օրերի և հերթական համարների:
VI. Վիճակագրական փաստաթղթերի ընդգրկման աստիճանը
24. Պետական վիճակագրական դիտարկումներում վիճակագրական միավոր են համարվում սույն կարգի կետ 1-ում նշված սուբյեկտները:
25. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից՝ վիճակագրական փաստաթղթերում ներառվում են նաև դրանց Հայաստանի Հանրապետությունում գտնվող առանձնացված ստորաբաժանումների (անկախ առանձնացված հաշվեկշիռ վարելու կամ չվարելու հանգամանքից) գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկությունները:
26. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) վիճակագրական միավորները (բացառությամբ օտարեկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների) վիճակագրական տեղեկությունները ներկայացնելիս վիճակագրական փաստաթղթերում առանձին հավելվածի տեսքով ներկայացնում են նաև այլ պետությունների տարածքում իրականացրած (մասնավորապես՝ իրենց ունեցած առանձնացված ստորաբաժանումների միջոցով) գործունեությանը վերաբերող տեղեկությունները: Այդ նպատակով նրանց տրամադրվում են համապատասխան վիճակագրական փաստաթղթերի լրացուցիչ օրինակներ:
VII. Վիճակագրական տեղեկություններում աղավաղումներ հայտնաբերելու դեպքում ուղղումներ կատարելը
27. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ներկայացված վիճակագրական փաստաթղթերում առկա սխալները, աղավաղումները պարտադիր պետք է ուղղվեն, անկախ այն հանգամանքից, թե ով է հայտնաբերել դրանք՝ վիճակագրական տեղեկություններ տրամադրողները, թե պետական վիճակագրություն իրականացնող մարմինը:
28. Վիճակագրական փաստաթղթերում ուղղում կատարելու համար հիմք են հանդիսանում համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից ստուգմամբ հայտնաբերման դեպքում՝ ստուգման ակտերը և այլն: Ստուգմամբ հայտնաբերելու դեպքում՝ ակտերը պետք է սահմանված կարգով ստորագրված լինեն ստուգումն անցկացրած մարմնի ներկայացուցչի և վիճակագրական տեղեկություններ տրամադրող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից, որտեղ անցկացվել է ստուգումը:
29. Վիճակագրական տեղեկությունների ուղղումը կատարվում է հետևյալ կարգով՝
ա) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջանների (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) վիճակագրական փաստաթղթերում, այդ թվում՝ նաև նախորդ տարվա, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ: Սխալների և աղավաղումների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն տրամադրողները վիճակագրական փաստաթղթերին կից ներկայացնում են պարզաբանում.
բ) եթե վիճակագրական տեղեկությունների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն, ապա ուղղումները կատարվում են սխալը կամ աղավաղումը հայտնաբերելու պահին՝ հաջորդող առաջիկայում ներկայացվող վիճակագրական փաստաթղթերում.
գ) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա հաշվետվության տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո առաջին իսկ հաշվետվության տվյալներում:
VIII. Պատասխանատվությունը վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը խախտելու համար
30. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական վիճակագրություն իրականացնող մարմինը սահմանված ժամկետում չի ապահովել վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին համապատասխան վիճակագրական փաստաթղթերով և դրանց լրացման հրահանգներով:
Հավելված 1
ՀՀ ԱՎԾ _____________________________________ մարզային գործակալություն կամ կենտրոնական ապարատի ստորաբաժանում պետ______________________________-ին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գործունեություն չիրականացնելու վերաբերյալ
___________________________________________ հանդիսանում է կազմակերպության անվանումը
______________________ հաշվետվություններ ներկայացնող (տրամադրող):
Սույն հայտարարությամբ ՀՀ ԱՎԾ-ին տեղեկացվում է առ այն, որ նշված կազմակերպությունը ________________________________ ժամանակահատվածում որևէ գործունեություն* չի նախատեսում: Խնդրում ենք սույն հայտարարությունը համարել նշված ժամանակահատվածում վերը նշված հաշվետվություններին փոխարինող փաստաթուղթ:
Պարտավորվում ենք գործունեությունը վերսկսելուն պես ներկայացնել համապատասխան հաշվետվությունները համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների համար:
|
Հավելված 2
ՀՀ ԱՎԾ ____________________________________ մարզային գործակալություն կամ կենտրոնական ապարատի ստորաբաժանում պետ______________________________-ին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վիճակագրական դիտարկման ենթակա ցուցանիշներում փոփոխություններ չակնկալելու վերաբերյալ
_______________________________________________ հանդիսանում է կազմակերպության անվանումը
_____________________________ հաշվետվություններ ներկայացնող (տրամադրող):
Սույն հայտարարությամբ ՀՀ ԱՎԾ-ին տեղեկացվում է առ այն, որ նշված կազմակերպությունը _____________________________________ ժամանակահատվածում վիճակագրական դիտարկման ենթակա ցուցանիշներում որևէ փոփոխություններ չի ակնկալում (նախատեսում): Խնդրում ենք սույն հայտարարությունը համարել նշված ժամանակահատվածում վերը նշված հաշվետվություններին փոխարինող փաստաթուղթ: Պարտավորվում ենք գործունեությունը վերսկսելուն պես ներկայացնել համապատասխան հաշվետվությունները համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների համար:
|
* Գործունեության իրականացում (գործել) ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը՝ այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.10.2003, N 11-Ն | 12.02.2004, N 56 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|