ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1996 թվականի թիվ 62
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով ֆինանսական շուկայի ձևավորման և առավել արդյունավետ կարգավորման, ֆինանսական համակարգում տոկոսադրույքների սահմանման մոտեցումների հստակեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել բազիսային տոկոսադրույք, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական շուկայում փաստացի ձևավորված տոկոսադրույքները և միտումները: Բազիսային տոկոսադրույքի հիման վրա հաշվարկվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բազիսային տոկոսադրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթ որպես նախորդ 4 շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի, վարկային սակարկություններում ձևավորված տոկոսադրույքների և պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության կշռված միջին:
3. Սահմանել, որ հաշվարկված բազիսային տոկոսադրույքի հիման վրա յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանն են ներկայացվում համապատասխան առաջարկություններ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման վերաբերյալ:
4. Հաստատել «Բազիսային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման» կարգը (կցվում է):
5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման մասին» թիվ 42 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
քաղ. Երևան թիվ 62 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԲԱԶԻՍԱՅԻՆ ԵՎ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բազիսային տոկոսադրույքը (YIBOR) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ`
Di-ն | բանկերի կողմից տրամադրված կարճաժամկետ վարկերի (այդ թվում` միջբանկային) ծավալներն են, |
Tdi-ն` | վարկերի տոկոսադրույքները, |
Si-ն` | վարկային սակարկություններով տեղաբաշխված կարճաժամկետ` մինչև 3 ամիս մարման ժամկետով վարկերի ծավալները, |
Tsi-ն` | վարկային սակարկությունների արդյունքով ձևավորված փաստացի տոկոսադրույքները, |
Bi-ն` | մինչև 3 ամիս մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխված ծավալը (հասույթի գումարը), |
Tbi-ն` | պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը: |
2. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Tv = Tb + C, որտեղ`
Tv-ն | վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, |
Tb-ն` | բազիսային տոկոսադրույքը, |
C-ն | սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Դրա մեծությունը որոշելիս հաշվի են առնվում սղաճային սպասումները և պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները (միջին եկամտաբերությունը, փաստացի տեղաբաշխման ծավալը), այնպես որ վերաֆինանսավորման իրական տոկոսադրույքը երկարաժամկետ հատվածում լինի դրական մեծություն: |