Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2002-11.03.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.11/5.1 Հոդ.18
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.01.2002
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2020

602.0004.24.01.02

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60202020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 հունվարի 2002 թ.
ք. Երևան

N 4

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը (կցվում է):

 

Նախագահ Գ. Ամալյան

 

 

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

24.01.2002 թ. թիվ 4 որոշումով

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

 

Կ Ա Ր Գ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կանոնակարգվում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման, ինչպես նաև օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների ամբողջական վերահեռարձակման մրցույթով լիցենզավորումը:

2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

3. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է լիցենզավորման մրցույթ:

Մրցույթ կարող է հայտարարվել նաև ազատ հաճախության (կապուղու, հաճախությունների շերտի) առկայության դեպքում:

4. Մրցույթին մասնակցում են միայն իրավաբանական անձինք:

5. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է մրցույթ՝ հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը`

ա) լիցենզավորման ենթակա գործունեությունը.

բ) լիցենզիայով հատկացվող հաճախության նոմինալը.

գ) հաճախության բնութագիրը.

դ) հաղորդումների սփռման տարածքը (գոտին).

ե) մրցույթի պայմանները.

զ) մրցույթի անցկացման օրը, ժամը, վայրը.

է) դիմումի ձևը և օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

ը) դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի և մրցութային առաջարկի ընդունման ժամկետը և վայրը.

թ) լիցենզային վճարի չափը և մուծման ձևը.

ժ) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը (հեռախոսահամար, ֆաքս, էլ. փոստ):

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

 

7. Մրցույթի պայմանները այն նվազագույն պահանջներն են, որոնք Հանձնաժողովը առաջադրում է մասնակիցներին տվյալ հաճախությամբ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու համար:

8. Մրցույթի պայմանները սահմանելիս Հանձնաժողովը հաշվի է առնում.

ա) տվյալ սփռման տարածքում հեռուստառադիոծրագրերի միջոցով լսարանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտալուսավորչական, կրթական, մարզական, ժամանցի և հանրության համար կարևոր այլ տեղեկատվությամբ ապահովվածությունը, իսկ օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումների ամբողջական վերահեռարձակման լիցենզիա տալու համար՝ նաև դրանց արտադրության անհնարինությունը.

բ) տվյալ սփռման տարածքում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում տնտեսվարման յուրահատկությունները.

Մրցույթի պայմանները կարող են պարունակել պահանջներ հեռուստառադիոծրագրերի թեմատիկայի և ուղղվածության, հեռուստառադիոծրագրերի արտադրության և հեռարձակման տեխնիկական չափանիշների ու ստանդարտների, ներդրումային և զարգացման ծրագրերի մասին:

9. Մրցութային առաջարկում դիմողը առաջարկություններ է ներկայացնում մրցույթի պայմաններում նշված պահանջներից յուրաքանչյուրի վերաբերյալ: Մրցութային առաջարկը կարող է պարունակել լրացուցիչ առաջարկություններ:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և մրցութային առաջարկը ընդունում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից սկսած 25 օրվա ընթացքում, առձեռն՝ ստացականով: Մրցութային առաջարկը ներկայացվում է կարված, դիմողի կնիքով կնքված, երկու օրինակից: Մրցութային առաջարկի օրինակները դիմողի ներկայությամբ ծրարվում են Հանձնաժողովի քարտուղարության աշխատակցի կողմից և կնքվում դիմողի և Հանձնաժողովի կնիքներով: Մրցութային առաջարկը ծրարելիս արգելվում է ծանոթանալ նրա բովանդակությանը:

Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելիս դրանցում առկա թերությունների մասին Հանձնաժողովը հայտնում է դիմողին՝ այդ մասին նշում կատարելով ստացականում:

11. Մրցույթի մասնակից է համարվում այն իրավաբանական անձը, որը ժամանակին և սահմանված կարգով Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացրել դիմում, անհրաժեշտ փաստաթղթեր և մրցութային առաջարկ: Դիմողը մրցույթի մասնակից չի համարվում, եթե փաստաթղթերում առկա թերությունները չեն շտկվել ստացականը ստանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:

12. Հանձնաժողովը դռնբաց նիստում հայտերը քննարկում է ըստ գրանցման հերթականության:

13. Մրցութային առաջարկը ներկայացնելու համար Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում կնքված փակ ծրարը: Մասնակիցն իրավունք չունի հանդես գալ ծրարում ներկայացվածից տարբերվող առաջարկով:

Մրցույթի մասնակիցն իրավունք ունի մրցութային առաջարկի ներկայացմանը ներգրավել մասնագետի և թարգմանչի: Մասնակիցը կամ նրա շահերի պաշտպանը մրցութային առաջարկը ներկայացնելու համար իրավունք ունի ելույթ ունենալ 30 րոպե տևողությամբ, պատասխանել Հանձնաժողովի անդամների հարցերին, հարուցել միջնորդություններ: Հարուցված միջնորդության կապակցությամբ Հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Հարց ու պատասխանի համար տրամադրվում է 15 րոպե ժամանակ:

Նիստին չներկայացած մասնակցի հայտը քննության չի առնվում:

14. Նիստում մասնակիցների մրցութային առաջարկների հրապարակումից հետո Հանձնաժողովը կարող է ընդհատել նիստը՝ մրցութային առաջարկների ուսումնասիրման, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, փորձագիտական եզրակացություն ստանալու համար:

15. Լավագույն կազմակերպության ընտրությունը Հանձնաժողովը կատարում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից սկսած 40-րդ օրը:

16. Հեռարձակման լիցենզիա տալու համար մասնակիցների միջև ընտրությունը կատարվում է, հաշվի առնելով՝

ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.

գ) մասնակցի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.

դ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

Ազատվող հաճախությամբ հեռարձակման լիցենզիա տալու համար այլ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է այն հեռուստառադիոընկերությանը, որը՝

ա) գործունեության ընթացքում հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրության խախտումներ թույլ չի տվել.

բ) հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունի առնվազն 3 տարվա փորձ:

17. Տվյալ ընդգրկույթի (դիապազոնի) համար հաճախությունների 1/5-ը զբաղված չլինելու դեպքում Հանձնաժողովը նախապատվությունը կարող է տալ օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումների ամբողջական վերահեռարձակողին:

18. Ըստ մրցույթի հայտերը քննարկելու հերթականության Հանձնաժողովը անցկացնում է բաց վարկանիշային քվեարկություն: Վարկանիշային քվեարկության արդյունքներով ընտրվում է լավագույն կազմակերպությունը:

 

V. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ

 

19. Հանձնաժողովը որոշում է ընդունում լավագույն կազմակերպությանը հաղթող ճանաչելու և հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա տալու մասին:

20. Հանձնաժողովը որոշումը հրապարակում է այն ընդունելուց անմիջապես հետո:

21. Որոշումն ընդունելու հաջորդ օրը մրցույթի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն՝ երկու օրինակից: Արձանագրությունում նշվում են՝

ա) լիցենզավորման ենթակա գործունեությունը.

բ) լիցենզիայով հատկացվող հաճախության նոմինալը.

գ) հաճախության բնութագիրը.

դ) հեռուստառադիոհաղորդումների սփռման տարածքը.

ե) հաղթող ճանաչված կազմակերպության մրցութային առաջարկը.

զ) լիցենզային վճարի չափը և մուծման ձևը.

է) մրցույթի անցկացման վայրը և ժամանակը.

ը) տեղեկություններ հաղթողի և մրցույթի մյուս մասնակիցների մասին:

Հաղթող ճանաչված կազմակերպության մրցութային առաջարկը համարվում է լիցենզիայի պայման:

Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և մրցույթի հաղթողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է մրցույթի հաղթողին:

22. Հանձնաժողովի որոշման պատճենը այն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկում է մրցույթի մասնակիցներին:

23. Մրցույթի արդյունքները տասնհինգօրյա ժամկետում հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

24. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե՝

ա) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի տրվել.

բ) մասնակիցներից ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմանները.

գ) սույն կարգի 21-րդ կետով սահմանված ժամկետում մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը հաղթողի կողմից չի ստորագրվել կամ լիցենզային վճարը չի մուծվել:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.11.2020, թիվ 138-Ն 31.12.2020, N 4
06.02.2004, N 3-Ն 11.03.2004, N 4
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան