603.0066.24.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 օգոստոսի 2001 թ. |
N 66 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «ՀՀ 2001 թ. մարդահամարի նյութերի (հաշվառման փաստաթղթերի) ընդունման-հանձնման կարգը» (կցվում է):
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
(ՀՀ ԱՎԾ)
ՀՀ 2001 թ. մարդահամար |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀՀ 2001 թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ
(ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ)
ԸՆԴՈՒՆՄԱՆ - ՀԱՆՁՆՄԱՆ
Երևան 2001
ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՀ 2001 թ. մարդահամարի կարևորագույն փուլերից է հանդիսանում մարդահամարի նյութերի` ըստ վերադասության ընդունում-հանձնումը: Նյութերի մանրազնին ստուգումը հանձնման և ընդունման ժամանակ հնարավորություն կընձեռի բացահայտել և ուղղել մարդահամարի անցկացման ժամանակ բաց թողնված սխալներ:
I. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Մարդահամարի նյութերի` հաշվառման փաստաթղթերի ընդունման գործընթացը հանդիսանում է մարդահամարի աշխատանքների կարևորագույն փուլերից մեկը: Այն սկսվում է հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության (հոկտեմբերի 20-25-ը) ավարտից հետո և նպատակաուղղված է մարդահամարի նյութերի մանրամասն և որակով ստուգման-ընդունման միջոցով` հայտնաբերել և ճշգրտել մարդահամարի ընթացքում թույլ տրված սխալները:
1. Մարդահամարի նյութերի ընդունումը հրահանգիչ-հսկիչներից կատարվում է մինչև հոկտեմբերի 31-ը:
2. Հրահանգիչ-հսկիչներից մարդահամարի նյութերի ընդունումը իրականացնում են մարդահամարի տեղամասի վարիչն ու նրա օգնականը:
3. Մարդահամարի տեղամասի վարիչն ու նրա օգնականը ընդունում են հաշվարարների պայուսակներում սահմանված կարգով դասավորված մարդահամարային հետևյալ նյութերը`
● ուղեկցող թերթերը (ձև 10),
● մարդահամարի հարցաթերթերը,
● հսկիչ թերթերը (ձև 4),
● վերահսկիչ փաստաթղթերը (ձև 6),
● հաշվարարների հուշատետրերը (ձև 11 քաղաքային, ձև 11 գյուղական),
● հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերը (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական),
● մարդահամարի բոլոր օժանդակ նյութերը (տների ցուցակները, կազմակերպման պլանի ձևերը, հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագիծը), չօգտագործված և փչացված (սխալ և/կամ սահմանված կարգով չլրացված, ֆիզիկապես անօգտագործելի դարձած և այլ) մարդահամարային փաստաթղթերը:
Հրահանգիչ-հսկիչի թղթապանակում դասավորված հետևյալ փաստաթղթերը`
● հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 7 քաղաքային/գյուղական),
● հրահանգիչ-հսկիչի հուշատետրը (ձև 12 քաղաքային, ձև 12 գյուղական),
● հրահանգիչ-հսկիչի հաշվետվությունը (ձև 14),
● հրահանգչական տեղամասի սխեմատիկ հատակագիծը:
4. Մարդահամարի տեղամասի վարիչը`
● հաշվում է մարդահամարի լրացված հարցաթերթերի և ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը և ստացված թվաքանակը համեմատում է հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերում (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական) գրառված տվյալների հետ,
● մանրակրկիտ ստուգում է հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերում հանրագումարների հաշվարկները, դրանց հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր (ձև 7) տեղափոխումը և հանրագումարների հաշվարկման ճշգրտությունը, ուղեկցող թերթերի (ձև 10) կազմման ամբողջականությունն ու ճշգրտությունը,
● համեմատում է ամփոփ տեղեկագրերում գրառված բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմակերպման պլանի համապատասխան ձևերում, տների (շինությունների) ցուցակներում, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներում գրառված բնակչության թվաքանակի տվյալների հետ,
● ստուգում է յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի հաշվետվությունը (ձև 14) և հաշվով ընդունում մարդահամարային չօգտագործված և փչացված բոլոր փաստաթղթերն ու հրահանգչական տեղամասի սխեմատիկ հատակագիծը:
5. Հրահանգիչ-հսկիչներից նյութերի ընդունման ավարտից հետո մարդահամարի տեղամասի վարիչը կազմում է մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 8)` համապատասխան տվյալները դուրս գրելով հրահանգչական տեղամասերի ամփոփ տեղեկագրերից (ձև 7) և մարդահամարի տեղամասի վարիչի հաշվետվությունը (ձև 15), լրացնում ձև 8-ի հավելվածի 1-11-րդ սյունակները:
II. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ-ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀՀ ԱՎԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
6. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը (մարդահամարի գծով նրա տեղակալ-խորհրդատուի անմիջական մասնակցությամբ) մարդահամարի տեղամասի վարիչներից մարդահամարի նյութերի ընդունումը կատարում է մինչև նոյեմբերի 5-ը: Ընդունման-հանձնման գործընթացին մասնակցում են նաև մարդահամարի տեղամասերի վարիչներն ու նրանց օգնականները: ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը մարդահամարի նյութերն ընդունելիս ստուգում է`
6.1. Յուրաքանչյուր մարդահամարի տեղամասի համար`
● բոլոր հրահանգչական և հաշվային տեղամասերում կազմված նյութերի ամբողջականությունը,
● մարդահամարի տեղամասում ընդգրկված բոլոր հիմնական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի (որոնք վարչականորեն պատկանում են հիմնական բնակավայրին) ընդգրկվածությունը,
● սոցիալական նշանակություն ունեցող և ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպությունների ամբողջական ընդգրկվածությունը և դրանցում մշտական բնակչության թվաքանակը,
● մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագրի գրառումները (ձև 8-ի սյունակ 4, 6-15) համեմատվում են հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրերի (ձև 7-ի սյունակ 3-13) համապատասխան տվյալների հետ:
6.2. Յուրաքանչյուր հաշվային տեղամասի համար`
● հարցաթերթերում կատարված գրառումների և գծանշումների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
● կազմված ուղեկցող թերթերի (ձև 10) լրացման ճշգրտությունը,
● մի քանի հաշվային տեղամասերի միջև բաժանված բնակավայրի դեպքում` յուրաքանչյուր հաշվային տեղամասի համար առանձին ուղեկցող թերթերի առկայությունը,
● մի քանի բնակավայրերից կազմված հաշվային տեղամասի դեպքում` յուրաքանչյուր բնակավայրի համար առանձին ուղեկցող թերթերի առկայությունը:
6.3. Յուրաքանչյուր հրահանգչական տեղամասում`
● հաշվային տեղամասերի քանակը (ձև 8-ի սյունակ 3) համեմատվում է ներկայացված մարդահամարային նյութերով պայուսակների թվաքանակի հետ,
● մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 8) 2-րդ սյունակում նշված քաղաքային և գյուղական համայնքների ցանկը համեմատվում է տվյալ մարդահամարի տեղամասի համար կազմպլանով սահմանված համայնքների ցանկի հետ, որպեսզի որոշվի դրանց ամբողջական ընդգրկվածությունը, ինչպես նաև ձև 8-ի հավելվածի 2-րդ սյունակում գրառված բնակավայրերի ցուցակի հետ, որպեսզի պարզվի` արդյո՞ք բոլոր բնակավայրերն են ներառված ձև 8-ի հավելվածում:
7. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը յուրաքանչյուր հաշվային տեղամասում գրառված բնակչության թվաքանակը համեմատում է տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների մինչմարդահամարային ստուգման ժամանակ ստացված բնակչության թվաքանակի հետ: Զգալի տարբերությունների դեպքում անհրաժեշտ է համեմատություն կատարել ըստ առանձին տների կամ գյուղական բնակավայրերի` մասնավորապես ժամանակավոր ներկա գտնվողների և բացակայողների հանրագումարների հաշվարկների ճշգրտությանը:
8. Ըստ հաշվային տեղամասերի հաշվարկվում է հսկիչ թերթերի (ձև 4), վերահսկիչ փաստաթղթերի (ձև 6) և ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը և համեմատվում հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական) և համապատասխանաբար ձև 7 և ձև 8 ամփոփ տեղեկագրերի գրառումների հետ: Հսկիչ թերթերի ընդունման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց համարակալման և հասցեամասերի լրացումների վրա, հատկապես դրանց հակառակ կողմերում առանձնացված հասցեների, որտեղ տվյալ անձինք գտնվել են մարդահամարի հաշվառման պահին և պետք է հաշվեգրվեն որպես ժամանակավոր կամ մշտապես ներկա:
9. Մարդահամարի տեղամասերի վարիչներից նյութերն ընդունելուց հետո ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը կազմում է տարածքի ամփոփ տեղեկագիր (ձև 9), հաշվարկում է հանրագումարները և լրացնում է ձև 8-ի հավելվածի 12-17-րդ սյունակները:
10. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը կազմում է համառոտ բացատրագիր մարդահամարի անցկացման մասին, որը մարդահամարի ընդունված նյութերի հետ միասին, ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետին (մինչև նոյեմբերի 10-ը) ներկայացնում է ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն:
III. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ-ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀՀ ԱՎԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
11. Մարզային գործակալությունները կատարում են մարդահամարի նյութերի ամբողջականության և որակի ստուգումներ` ապահովելով ՀՀ 2001 թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգի, մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի, հրահանգիչ-հսկիչի և հաշվարարների հուշատետրերով ամրագրված պարտավորությունների, ինչպես նաև մյուս փաստաթղթերի լրացման մասին ցուցումների պահանջների կատարումը: Այդ աշխատանքին զուգընթաց հաշվարարների պայուսակները համարակալվում են բնակավայրերի սահմանում` հերթական համարակալմամբ, ուղեկցող թերթում և պայուսակի պիտակի վրա:
ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության պետը նախապատրաստում և ՀՀ ԱՎԾ մարդահամարի վարչություն է հանձնում, սահմանված կարգով պայուսակների մեջ տեղադրված (լրացված պայուսակների պիտակներով), մարդահամարի հետևյալ նյութերը`
● հաշվարարների պայուսակներով` մարդահամարի հարցաթերթերը, ուղեկցող թերթերը (ուղեկցող թերթերը պետք է դրվեն տվյալ պայուսակում առաջին հարցաթերթից առաջ), հսկիչ թերթերը, վերահսկիչ փաստաթղթերը, ամփոփ տեղեկագրերը (ձև 6), հաշվարարների հուշատետրերը, մարդահամարի բոլոր օժանդակ նյութերը (տների ցուցակները, կազմակերպման պլանի ձևերը, հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագիծը), չօգտագործված և փչացված մարդահամարային փաստաթղթերը:
● թղթապանակներով` հրահանգիչ-հսկիչների, մարդահամարի տեղամասերի վարիչների և օգնականների հուշատետրերը, ամփոփ տեղեկագրերը (ձև 7, ձև 8), ձև 8-ի հավելվածը, հրահանգիչ-հսկիչի (ձև 14), մարդահամարի տեղամասի վարիչի և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետի (ձև 15) հաշվետվությունները և մարզի ամփոփ տեղեկագիրը (ձև 9):
● ՀՀ ԱՎԾ մարզային գործակալությունը ներկայացնում է նաև համառոտ բացատրագիր մարզում մարդահամարի անցկացման ողջ գործընթացի, առաջացած դժվարությունների, ձեռնարկված միջոցառումների և այլ առանձնահատկությունների մասին:
12. ՀՀ մարզային գործակալությունները նյութերը հանձնում են ՀՀ ԱՎԾ մարդահամարի վարչություն` մինչև նոյեմբերի 20-ը:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301156