Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2002-25.01.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.01/18(104) Հոդ.111
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.06.2002
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2002

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 հուլիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ --02117

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հունիսի 2002 թ.
ք. Երևան 

N 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հաստատել քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը (հավելված):

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

Հավելված
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի
2002 թ. հունիսի 1-ի N 14-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը:

 

I. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՄԸ

 

2. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:

3. Անձնական գործը վարում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) կադրերի գործի վարման ստորաբաժանումը (այսուհետ` կադրային ստորաբաժանում):

4. Արգելվում է քաղաքացիական ծառայողի համար վարել մեկից ավելի անձնական գործ:

5. Այլ համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելիս անձնական գործը փոխանցվում է քաղաքացիական ծառայողի նոր աշխատավայր` համաձայն ընդունման-հանձնման ակտի:

6. Անձնական գործի վարումը սկսվում է քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:

7. Անձնական գործում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմումը.

բ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը.

գ) անձնական թերթիկը (Ձև N 1), որը լրացվում է քաղաքացիական ծառայողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ` անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների, կրթությունը հաստատող փաստաթղթերի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի տվյալներին համապատասխան:

Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ, որի մասին ստորաբաժանումը համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով տեղյակ է պահում տվյալ մարմնի ղեկավարին.

դ) 2 լուսանկար 3X4 սմ չափսի.

ե) ինքնակենսագրությունը, որը քաղաքացիական ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է: Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, ձեռագիր, առանց ջնջումների: Այն առնվազն բովանդակում է քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները, ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարին, ամիսը, ամսաթիվը և քաղաքացիական ծառայողի ստորագրությունը.

զ) կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.

է) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման մասին իրավական ակտի քաղվածքը.

ը) քաղաքացիական ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը.

թ) փորձաշրջան անցնելու մասին իրավական ակտի պատճենը.

ժ) քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված գույքի և եկամուտների հայտարարագրման մասին տեղեկանքը.

ժբ) Օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու մասին համապատասխան տեղեկանքը.

ժգ) աշխատանքային գրքույկը.

ժդ) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.

ժե) քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու մասին ատեստավորման թերթիկի և համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենները.

ժզ) քաղաքացիական ծառայողի վերապատրաստման մասին փաստաթղթի պատճենը.

ժէ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու, պարտադիր գործուղման, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները, ժամկետային աշխատանքային պայմանագիրը.

ժը) պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր և հատուկ կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.

ժթ) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի հետ առնչվելու թույլտվության ձևակերպման հետ կապված փաստաթղթերը.

ի) քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ իր անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունները` դրանց մասին վերջինիս եզրակացություններով.

իա) անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագրերը.

իբ) խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը` մինչև կարգապահական տույժի ժամկետը լրանալը կամ կարգապահական տույժը հանելը.

իգ) քաղաքացիական ծառայողի կողմից իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալու մասին վկայող փաստաթուղթը.

իդ) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

8. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով, որին կցվում է անձնական գործում ընդգրկված փաստաթղթերի ցանկը:

9. Համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումը պարտավոր է ստուգել անձնական գործը ձևավորելու համար ներկայացված փաստաթղթերի լրիվությունը, համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների մասին կատարել հետևյալ գրառումը` «Անձնական գործը ստուգված է (ստորագրություն, տարի, ամիս, ամսաթիվ)»:

10. Անձնական գործը ձևակերպվում է քաղաքացիական ծառայողի առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու պահից` հնգօրյա ժամկետում:

11. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար պահվում է անձնական գործի հատուկ թղթապանակ, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը: Հերթական գրանցում է կատարվում նաև համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման անձնական գործերի հաշվառման մատյանում:

12. Անձնական գործերը համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումում պահվում են որպես առանձին հաշվառման փաստաթղթեր:

Աշխատանքային գրքույկը պահվում է անձնական գործի շապիկի վերջին էջին ամրացված ծրարի մեջ:

13. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթեր:

Համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումը ստուգում է բոլոր փաստաթղթերի իսկությունը, կատարված փոփոխությունների ճշտությունը` կատարելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գրառումը:

14. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողի անձնական գործը (բացառությամբ աշխատանքային գրքույկի) առնվազն 5 տարի պահպանվում է համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումում, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ, իսկ քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության նոր պաշտոնում նշանակվելու դեպքում` տվյալ համապատասխան մարմին:

15. Անձնական գործը պահող համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումը պարտավոր է`

ա) վարել անձնական գործը.

բ) անձնական գործին կցել սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը.

գ) ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.

դ) առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի խնդրանքով, ծանոթացնել նրան իր անձնական գործին.

ե) քաղաքացիական ծառայողի առաջին իսկ պահանջի դեպքում իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը, և կարող է պատճենահանել դրանում պարունակվող փաստաթղթերը.

զ) անցկացնել անձնական գործերի առկա վիճակի ամենամյա ստուգում, անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերության հայտնաբերման դեպքում կազմել համապատասխան ակտ և այդ մասին համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով տեղյակ պահել տվյալ մարմնի ղեկավարին.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին:

16. Արգելվում է անձնական գործը վարելիս որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախօրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

17. Քաղաքացիական ծառայողին քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու դեպքում վերջինիս անձնական գործը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

18. Անձնական գործերի պահպանության համար օգտագործում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ գործերը դասավորվում են ըստ տվյալ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների:

19. Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործը վարելու և անձնական գործի վարումը դադարեցնելու ժամկետը, դադարեցման պատճառները, ինչպես նաև անձնական գործի վարման վերսկսման ժամկետը:

20. Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպես նաև գործում եղած և գործից հանված փաստաթղթերի մասին տեղեկություն:

21. Անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ներքին վերգիրը համարակալվում է առանձին, որը ստորագրում է այն կազմող համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման աշխատողը, նշելով պաշտոնը, ստորագրության վերծանումը, կազմման տարին, ամիսն ու ամսաթիվը:

22. Ներքին վերգիրը կազմվում է առանձին էջի վրա, ըստ օրինակելի ձևի (Ձև N 2):

23. 2002 թվականի դեկտեմբերի 1-ից համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումներն անձնական գործերի վարումը համապատասխանեցնում են սույն կարգի պահանջներին:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

24. Գրանցամատյանը բոլոր քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունների հանրագումարային ցուցակն է:

Գրանցամատյանում ընդգրկվում են նաև քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները:

25. Խորհուրդը համապատասխան մարմինների տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է քաղաքացիական ծառայողների միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները, կատարված փոփոխություններով և լրացումներով, արդիականացվում են առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

26. Գրանցամատյանը չի հրապարակվում:

27. Գրանցամատյանում գրանցելու հիմքերն են` քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելը կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելը:

28. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան մարմինների հաստիքացուցակների և անձնական գործերի սույն կարգի 31-րդ կետում նշված տվյալների հիման վրա:

29. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ:

30. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների անվանումները.

բ) համապատասխան մարմինների կողմից հաստատված վերջին հաստիքացուցակը (տարին, ամիսը, ամսաթիվը).

գ) համապատասխան մարմինների հաստիքային միավորների քանակը` ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկի:

31. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ» բաժիններում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) կառուցվածքային ստորաբաժանումը.

բ) զբաղեցրած պաշտոնը.

գ) դասային աստիճանը և դրա շնորհման տարին, ամիսը, ամսաթիվը.

դ) ազգանունը, անունը, հայրանունը.

ե) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.

զ) ծննդյան վայրը.

է) սեռը.

ը) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը և որակավորումը).

թ) զինապարտությունը, զինվորական կոչումը.

ժ) գիտական աստիճանը (աստիճանը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).

ժա) գիտական կոչումը (կոչումը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).

ժբ) Օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու մասին համապատասխան տեղեկանքը.

ժգ) ատեստավորումը (վերջին ատեստավորման տարին, ամիսը, ամսաթիվը և ատեստավորման արդյունքը).

ժդ) վերապատրաստումը (ուսումնական հաստատությունը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ծրագրի անվանումը, վերապատրաստման մասին համապատասխան փաստաթուղթը կամ տեղեկանքը).

ժե) պետական պարգևները (պարգևի անվանումը, երբ է շնորհվել).

ժզ) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում` քաղաքացիական ծառայության ստաժը, տեղեկությունները ներկայացնելու օրվա դրությամբ.

ժէ) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելը, պարտադիր գործուղումը, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելը և ռեզերվից հանելը, ժամկետային աշխատանքային պայմանագիրը (տարին, ամիսը, ամսաթիվը, հիմքերը և այլն).

ժը) ընտանեկան դրությունը.

ժթ) անձնագրային տվյալները.

ի) բնակության վայրը (փոստային հասցեն).

իա) հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը):

32. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են հետևյալ ձևերով.

ա) թղթյա կրիչի (թղթային գրառումների) վրա` համապատասխան մարմինների կողմից ներկայացված հաստիքացուցակների և անձնական գործերի տվյալների հիման վրա.

բ) էլեկտրոնային կրիչի վրա` թղթյա կրիչի վրա ընդգրկված տվյալների հիման վրա ստեղծված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներ» տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրով:

33. Թղթյա և էլեկտրոնային կրիչների գրանցամատյանների տեղեկությունների անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում թղթյա կրիչի վրա գրանցամատյանի տվյալները:

34. Քաղաքացիական ծառայողների կողմից քաղաքացիական ծառայությունն անցնելու հետ կապված փոփոխությունները Խորհուրդը ներառում է թղթյա կրիչի գրանցամատյանում` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու և անձնական գործերում կատարված փոփոխությունների համաձայն` հիմք ընդունելով գրանցման համար համապատասխան մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերը:

35. Էլեկտրոնային կրիչի վրա գրանցամատյանի վարումը, գրանցամատյանում փոփոխությունների կատարումը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներ» տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագիրը օգտագործողի կողմից:

36. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարները Խորհուրդ են ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը` տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ համապատասխան մարմինների հաստատված հաստիքացուցակների տվյալները (Ձև N 3) և անձնական գործերի սույն կարգի 31-րդ կետում նշված տվյալները.

բ) մինչև յուրաքանչյուր եռամսյակի հաջորդ ամսվա 10-ը` գրանցամատյանում ընդգրկված համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայողների հաշվառման տվյալներում փոփոխությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև նոր նշանակված քաղաքացիական ծառայողների անձնական գործերի տվյալները (Ձև N 4).

գ) համապատասխան մարմնի հաստիքացուցակը հաստատվելուց կամ դրանում փոփոխություններ կատարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` այդ իրավական ակտերի պատճենները.

դ) էլեկտրոնային կրիչի վրա` սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տվյալներին համապատասխան կատարված փոփոխությունները` երկօրյա ժամկետում:

37. Գրանցամատյանը թղթյա կրիչի վրա ձևավորվում է յուրաքանչյուր տարի: Սույն կարգի 36-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Խորհուրդը կազմում է ընթացիկ տարվա գրանցամատյանը` թղթյա կրիչի վրա:

Նախորդ տարվա թղթյա կրիչի գրանցամատյանի տեղեկություններ պարունակող փաստաթուղթը փակվում և արխիվացման համար հանձնվում են Խորհուրդ:

38. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի գրավոր հարցման հիման վրա Խորհուրդը նրան տրամադրում է գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:

39. Գրանցամատյանի տվյալները հիմք են հանդիսանում Խորհրդի գործունեության մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ամենամյա հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգին վերաբերող սոցիոլոգիական հետազոտությունների և վերլուծությունների համար:

 

Ձև N 1

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

1. Ազգանունը ________________________

 

լուսանկարի տեղը

 

Անունը __________ Հայրանունը __________
2. Սեռը _____________________
3. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը
4. Ծննդյան վայրը _____________________

 (գյուղ, քաղաք, մարզ)

5. Քաղաքացիությունը __________________________
6. Կրթությունը ______________________________

Ուսումնական հաստատության անվանումը և վայրը

Ֆակուլտետը կամ բաժանմունքը

Ընդունվելու տարին  Ավարտելու կամ հեռանալու տարին Մասնագիտությունը

Ինչ որակավորում է ստացել ուսումնական հաստատությունն ավարտելով (դիպլոմի կամ վկայականի N-ը)

           
           
           
           

 

7. Ինչ օտար լեզուների է տիրապետում ________________________________

________________________________________________________

(կարդում և թարգմանում է բառարանով, կարդում և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)

8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _____________________________

9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի _____________________

10. Կատարած աշխատանքը աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)

Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես նրանք կոչվել են տվյալ ժամանակ:

 

 Տարին և ամիսը

 Պաշտոնը, ցույց տալով պետական մարմինը, հիմնարկը, կազմակերպությունը

 Պետական մարմնի, հիմնարկի, կազմակերպության գտնվելու վայրը

 ընդունվելու

 հեռանալու

       
       
       

 

11. Կառավարական ինչպիսի պարգևներ ունի _____________________________

_________________________________________________________

(երբ և ինչով է պարգևատրվել)

12. Առնչությունը զինվորական ծառայության հետ և զինվորական կոչումը ___________

_________________________________________________________

Կազմը _______________ Զորքի տեսակը ____________________________

__________________________________________________________

(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)

13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին ________________

__________________________________________________________

(թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին) երեխաներ, նշելով նրանց տարիքը)

14. Բնակության վայրը ___________________________________________

__________________________ հեռ. N __________________________

15. Անձնագիրը _______________________________________________

(համար, սերիա, երբ և ում կողմից է տրված)

 

200  թ. _______  __

Անձնական թերթիկը լրացնողի

ստորագրությունը ____________

Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանմանը:

 

Ձև N 2

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԳՐԻ

 

__________________________________
(քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

հ/հ

Փաստաթղթերի
անվանումը

Թերթերի
քանակը

Անձնական գործի վարման սկիզբը Անձնական գործի վարման դադարեցման ժամկետը Անձնական գործի փոխանցումը այլ համապատասխան մարմին կամ Խորհուրդ և դրա պատճառը Անձնական գործի վարման վերսկսման սկիզբը Վերգիրը կազմողի պաշտոնը, ստորա- գրությունը, տարին, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

               

 

Ձև N 3

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

200- ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

__________________________________
(համապատասխան մարմնի անվանումը)

 

 Աշխատակազմի հաստիքային միավորների քանակը  Քաղաքացիական ծառայության պաշտոններ Քաղաքացիական ծառայության պաշտոն չհամարվող պաշտոններ 
 պաշտոնը հաստիքային միավորների քանակը 
 1  2  3
     

 

 

 

 

Համապատասխան մարմնի
աշխատակազմի ղեկավար
(ստորագրություն)

Կ.Տ.

200  թ. ____________ ___

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ)

__________________________________ 200 թ. « » դրությամբ
(համապատասխան մարմնի անվանումը)

 

Նոր նշանակված քաղաքացիական ծառայողներ

 

Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակման տարին, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

 

 

 

 

Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողներ

Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Ազգանունը, անունը, հայրանունը

Ազատման հիմքերը

Ազատման տարին, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

 
       

Քաղաքացիական ծառայողների հաշվառման տվյալների փոփոխությունը

Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Ազգանունը, անունը, հայրանունը

Փոփոխության հիմքերը

Փոփոխության տարին, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5


 

       

 

Համապատասխան մարմնի
աշխատակազմի ղեկավար
(ստորագրություն)

Կ.Տ.

200  թ. ____________ ___