Գլխավոր տեղեկություն
Համար
N 334/04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.01/9(218) Հոդ.26
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.12.2004
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60105020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 334/04-Ն

                           

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84 հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությամբ, 86 հոդվածի 3-րդ մասի բ) կետով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին վերապահված իրավասությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 26.08.2004 թ. N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի թիվ 7 հավելվածով ներկայացված ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման միջոցառումների ծրագրում ներառված թիվ 2 միջոցառումը.

Համարելով, որ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» «(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը» և «(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը» վերնագրի ներքո միավորված կանոնների հաստատումը կպարզեցնի և կհստակեցնի մասնագիտացված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերով պահառուական ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջները.

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2-րդ մասի ա) կետով, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (79.2) վերնագրի ներքո միավորված 79.2-4 կանոնից հետո լրացնել.

ա) «(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը» վերնագրի ներքո միավորված 84.3-1 կանոնը (կցվում է).

բ) «(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը» վերնագրի ներքո միավորված 86.3բ-1 և 86.3բ-2 կանոնները (կցվում են):


ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի
նախագահ՝
Է. Մուրադյան
          

Հավելված 1
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի
10 դեկտեմբերի 2004 թվականի
N 334/04-Ն որոշման


 

(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի
կարգավիճակի բացառումը

 

Առարկան

 

Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը` սահմանված սույն վերնագրի կանոնով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնը սահմանված է Օրենքի 84 հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությամբ Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:

 

Կանոն 84.3-1. Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը

 

(ա) Յուրաքանչյուր անձ, որն իրականացնելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերի պահառության գործունեություն, չի համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու:


 

Հավելված 2
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի
10 դեկտեմբերի 2004 թվականի
N 334/04-Ն որոշման



 

(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը

Առարկան

 

Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին պահառուի միջոցների համակցման բացառումը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 86 հոդվածի 3-րդ մասի (բ) կետով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:

 

Կանոն 86.3բ-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

(1) «Գործակալ». ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 3 հունիսի 2004 թվականի N 1103-Ն որոշմամբ սահմանված նշանակության, բացառությամբ բանկերի.

(2) «Դիլեր». ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 3 հունիսի 2004 թվականի N 1103-Ն որոշմամբ սահմանված նշանակության, բացառությամբ բանկերի:

 

Կանոն 86.3բ-2. Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը

 

(ա) Յուրաքանչյուր անձ պարտավոր է պահառության գործունեության լիցենզիայի համար Հանձնաժողովին դիմելիս լիցենզիայի դիմումին կից Հանձնաժողով ներկայացնել իր կողմից օգտագործվող միջոցների Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորում և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, բացառությամբ եթե տվյալ անձը.

(1) իրականացնելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերի պահառության գործունեություն, և

(2) պահառության գործունեության լիցենզիայի դիմումին կից Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերով պահառության գործունեության իրականացնելու մասին հայտարարություն և պետական պարտատոմսերի շուկայի ործակալի կամ Դիլերի կարգավիճակ ստանալու վերաբերյալ փաստաթուղթ:

(բ) Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերի պահառություն իրականացնելու համար արժեթղթերի պահառության գործունեության լիցենզիա ստացած անձը կարող է նաև իրականացնել այլ արժեթղթերի պահառություն, եթե Հանձնաժողով է ներկայացրել իր կողմից օգտագործվող միջոցների Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, և դրանց ներկայացման պահից Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում չի առարկում Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը: