Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2000-05.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.28/26.1
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2000
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2000 թվականի N 9
ք. Երևան

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 58 հոդվածի 1 և 2 կետերով Հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ մասնագիտական որակավորումը էականորեն կբարձրացնի արժեթղթերի շուկայում հաճախորդներին ծառայություններ մատուցող անձանց մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև մասնագիտացված անձանց գործունեության կառավարման արդյունավետությունը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայի կարգավորման և ներդրողներն շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.

Համարելով, որ մասնագիտական որակավորումը կնպաստի արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրությամբ ամրագրված պահանջների պատշաճ կիրարկմանը, դրանով իսկ բարձրացնելով արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների վստահության աստիճանը.

 

Ղեկավարվելով Օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով, որոշում է.

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 58.1-1, 58.1-2, 58.1-3, 58.1-4, 58.1-5, 58.1-6, 58.1-7, 58.1-8 կանոնները և դրանցով սահմանված ձևը:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Մասնագիտական որակավորում» վերնագրի ներքո, որը Կանոնագրքի բաղկացուցիչ մասն է կազմում:
3. Սահմանել, որ մասնագիտական որակավորման քննության կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև մասնագիտական որակավորման շնորհումը կարգավորվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:
4. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կողմից նախկինում տրված մասնագիտական որակավորման հավաստագրերը ուժի մեջ են մտնում մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության
Արժեթղթերի
 հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

Մասնագիտական որակավորում

 

Առարկան.

Արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորման քննության անցկացման ընթացակարգը և որակավորման հավաստագրի տրամադրման կարգը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը.

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 58-րդ հոդվածի 1 և 2 կետերով` Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրան համապատասխան:

 

 

Կանոն 58.1-1. Քննության դիմում

(ա) Մասնագիտական որակավորման քննության դիմումը (այսուհետև` որակավորման դիմում) կազմվում է սույն կանոնով սահմանված տեղեկությունները ներառող ձևին համապատասխան:

 

(բ) Հանձնաժողովին ներկայացվող որակավորման դիմումը պետք է.

(1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(2) վավերացված լինի դիմորդի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով).
(3) լրացված լինի A-4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 10-12 չափով:

 

(գ) Որակավորման դիմումը պետք է ներառի.

(1) դիմումի անվանումը` «Մասնագիտական որակավորման քննության դիմում».
(2) դրույթ հետևյալ բովանդակությամբ` «Խնդրում եմ թույլատրել մասնակցելու մասնագիտական որակավորման քննությանը».
(3) սույն վերնագրի 58.1-2(ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմորդի վերաբերյալ.
(4) տեղեկություններ դիմորդին անձամբ ճանաչող և դիմումի հետ որևէ ձևով առնչություն չունեցող առնվազն երեք անձանց վերաբերյալ (տվյալ անձանց անունը, ազգանունը, բնակության վայրը, կապի միջոցները).
(5) դրույթ հետևյալ բովանդակությամբ` «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

 

(դ) Սույն կանոնի (գ) ենթականոնով սահմանված տեղեկությունները որակավորման դիմումում ներառվում են 58.1-1(գ) ձևին համապատասխան:

 

Կանոն 58.1-2. Տեղեկություններ դիմորդի վերաբերյալ

 

(ա) Մասնագիտական որակավորման քննության դիմումում ներառվում են դիմորդի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) 3x4 չափսի լուսանկար.
(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.
(3) սեռը.
(4) ծննդյան ամսաթիվը թվերով (օր/ամիս/տարի).
(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ), քաղաքը (ավանը կամ գյուղը).
(6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ.
(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան.
(8) անձնագրի սերիան և համարը (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթուղթ, անձնագրի բացակայության դեպքում).
(9) հասցեն (մշտական և բնակության` տվյալ պահին), կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ).
(10) կրթությունը` նշելով ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, ուսման ժամկետը և ուսման արդյունքում ստացված որակավորումը և/կամ կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի), համարը և սերիան.
(11) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում, նշելով կազմակերպության և ստոարաբաժանման անվանումը, գտնվելու վայրը, զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագիրը, աշխատանքի ժամկետները, աշխատանքից ազատվելու պատճառները (առկայության դեպքում).
(12) որակավորման դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվածության մասին (առկայության դեպքում).
(13) որակավորման դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում, դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու մասին (առկայության դեպքում).
(14) որակավորման դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու մասին (առկայության դեպքում).
(15) որակավորման դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու մասին (առկայության դեպքում).
(16) հարուցված որևէ քրեական գործի, ինչպես նաև Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար հարուցված վարչական գործի վերաբերյալ (առկայության դեպքում).
(17) եթե դիմորդը հանդիսանում է որևէ հաշվետու թողարկողի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան), բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր, ապա տվյալ հաշվետու թողարկողի, բանկի կամ ապահովագրական ընկերության անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, դիմորդին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը.
(18) եթե դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ մասնագիտացված անձի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան) բաժնային արժեթուղթ, ապա տվյալ մասնագիտացված անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, դիմորդին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը:

 

(բ) Հանձնաժողովն իրավունք ունի հարցման միջոցով ստուգել դիմորդի ներկայացրած փաստաթղթերում նշված տեղեկությունների արժանապատվությունը:

 

Կանոն 58.1-3. Քննության նախապատրաստում ու անցկացում

 

(ա) Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, մինչև քննության նախորդ օրը ներառյալ, ներկայացված դիմումի (դիմումների) հիման վրա կազմում են քննության մասնակիցների ցուցակը, որը ստորագրությամբ հաստատում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

 

(բ) Դիմորդի կողմից Հանձնաժողով ներկայացրած որակավորման դիմումը սույն վերնագրի 58.1-1(գ) ենթականոնով պահանջվող տեղեկությունները ամբողջական և 58.1-1(գ) ձևին համապատասխան լրացված չլինելու դեպքում դիմորդը չի ընդգրկվում հերթական քննության մասնակիցների ցուցակում:

 

(գ) Սույն վերնագրի 58.1-3(բ) ենթականոնով հերթական քննության ցուցակում չընդգրկված դիմորդը կարող է մասնակցել որակավորման հաջորդ քննությանը, միայն, սույն վերնագրի 58.1-1(գ) ենթականոնով պահանջվող տեղեկությունները ամբողջական և 58.1-1(գ) ձևին համապատասխան լրացված որակավորման դիմումը Հանձնաժողով ներկայացնելուց հետո (առանց պետական տուրքի լրացուցիչ վճարման):

 

(դ) Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը, իսկ եթե քննության անցկացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա քննությունը անցկացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը: Քննության սկիզբը ժամը 11:00 է:

 

(ե) Քննություններն անց են կացվում տեստային եղանակով համակարգչի միջոցով, համապատասխան համակարգչային սարքավորումներով հագեցված սենյակում, որտեղ ստեղծված են քննության պատշաճ անցկացման համար անհրաժեշտ պայմաններ:

 

(զ) Քննությունների անցկացման պատասխանատու աշխատակիցը (այսուհետ` պատասխանատու աշխատակից) ի պաշտոնե հանդիսանում է Հանձնաժողովի շուկայի կարգավորման վարչության մասնագիտացված անձանց կարգավորման բաժնի պետը: Պատասխանատու աշխատակցի հետ քննության անցկացմանը, դիտորդի կարգավիճակով, մասնակցում են նաև Հանձնաժողովի իրավաբանական վարչության և կորպորատիվ ֆինանսների վարչության մեկական աշխատակիցներ և մեկ ներկայացուցիչ ֆոնդային բորսայից (այսուհետ` դիտորդներ):

 

(է) Դիմորդը քննության է ներկայանում անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Առանց անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացած կամ քննությունից ուշացած դիմորդը համարվում է քննությանը չներկայացած:

 

(ը) Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկում է հաջորդ քննության մասնակիցների ցուցակում: Քննությանը երեք անգամ չներկայացած դիմորդը հանվում է քննության մասնակիցների ցուցակից և հետագայում քննությանը կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով:

 

(թ) Մինչև քննության սկիզբը` պատասխանատու աշխատակիցը դիմորդին ծանոթացնում է համակարգչի միջոցով քննության անցկացման կանոններին:

 

(ժ) Պատասխանատու աշխատակիցը և դիտորդները հետևում են որակավորման քննության ընթացքին, անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցառումներ քննության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

 

Կանոն 58.1-4. Քննական տեստեր

 

(ա) Քննական տեստը բաղկացած է 30 հարցերից, որոնք ընտրվում են համակարգչային ծրագրի միջոցով: Դրանց պատասխանելու համար դիմորդին տրվում է 45 րոպե ժամանակ:

 

(բ) Քննական տեստերում առաջադրվող հարցերի ցանկը (հարցաշարը) կազմվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման կողմից և հաստատվում է Հանձնաժողովի կողմից:

 

(գ) Հարցաշարում ընդգրկված հարցերը կազմվում են արժեթղթերի շուկայի տեսությունից, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

(դ) Քննությանը նախապատրաստվելու համար դիմորդին նրա առաջին իսկ պահանջով, տրամադրվում է անհրաժեշտ գրականության ցանկը և քննության տեստերում ընդգրկված հարցաշարը: Հարցաշարում ներառված խնդիրները ներկայացվում են ըստ տեսակների կազմված տիպային օրինակներով:

 

Կանոն 58.1-5. Քննության արդյունքներ

 

(ա) Քննության ավարտից հետո պատասխանատու աշխատակիցը դիմորդի ներկայությամբ տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքները` երկու օրինակից, որոնք ստորագրվում են պատասխանատու աշխատակցի և դիմորդի կողմից: Արդյունքների մեկ օրինակը տրվում է դիմորդին:

 

(բ) Քննության արդյունքների հիման վրա պատասխանատու աշխատակիցը, դիտորդների հետ համատեղ, կազմում է արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվում է պատասխանատու աշխատակցի և դիտորդների կողմից: Դիտորդը արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում, արձանագրությանը կից ներկայացնում է արձանագրության հետ համաձայն չլինելու վերաբերյալ իր ունեցած առարկությունները: Սույն ենթականոնով նշված արձանագրությունը ներկայացվում է հանձնաժողովի հաստատմանը:

 

(գ) Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է ընդհանուր հիմունքներով մասնակցել հաջորդ քննությանը:

 

Կանոն 58.1-6. Քննության արդյունքների բողոքարկում

 

(ա) Դիմորդն իրավունք ունի, քննության արդյունքներին ծանոթանալուց հետո, մեկ ժամվա ընթացքում քննության արդյունքների վերաբերյալ գրավոր բողոք ներկայացնել Հանձնաժողովի նախագահին:

 

(բ) Նախորդ ենթականոնով նախատեսված բողոքն ընդունվելու դեպքում` քննության ավարտից հետո, պատասխանատու աշխատակիցը, դիտորդները և դիմորդը միասին վերանայում են քննության արդյունքները, որից հետո կազմվում է քննության արդյունքների վերանայելու վերաբերյալ արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվում է պատասխանատու աշխատակցի, դիտորդների և դիմորդի կողմից (դիմորդը արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում, արձանագրությանը կից ներկայացնում է արձանագրության հետ համաձայն չլինելու վերաբերյալ իր ունեցած առարկությունները) ու ներկայացվում է Հանձնաժողովի նախագահին:

 

(գ) Հանձնաժողովի նախագահի կողմից բողոքը բավարարելու դեպքում, որի հետևանքով դիմորդը 58.1-7 կանոնով դառնում է քննության արդյունքներով բավարար գնահատված, դիմորդին շնորհվում է մասնագիտական որակավորում: Բողոքը չբավարարելու դեպքում դիմորդի կողմից կրկնակի բողոքարկումը չի քննարկվում:

 

(դ) Քննության հանձնման համար հատկացված ժամանակի սղության պատճառաբանությամբ` դիմորդի բողոքարկումը չի քննարկվում:

 

Կանոն 58.1-7. Մասնագիտական որակավորման շնորհում

 

(ա) Դիմորդը քննության արդյունքներով համարվում է բավարար գնահատված, եթե դիմորդը ճիշտ է պատասխանել հարցերի ընդհանուր քանակի առնվազն, 90 օ/օ-ին (27-30 հարց):

 

(բ) Քննության արդյունքներով բավարար գնահատված դիմորդին Հանձնաժողովի կողմից շնորհվում է մասնագիտական որակավորում և տրվում մասնագիտական որակավորման հավաստագիր (այսուհետ` նաև որակավորման հավաստագիր):

 

Կանոն 58.1-8. Մասնագիտական որակավորման հավաստագիր

 

(ա) Որակավորման հավաստագիրը պատրաստվում է ջրանիշ պարունակող, A4 չափսի թղթի վրա: Որակավորման հավաստագիրը պատրաստվում է համակարգչային տպիչ սարքով տպագրման եղանակով:

(բ) Որակավորման հավաստագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր վավերապայմանները.

(1) որակավորման հավաստագրի կենտրոնական հատվածում, վերևում` «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերը.
(2) որակավորման հավաստագրի կենտրոնական հատվածում «Մասնագիտական Որակավորման Հավաստագիր» բառերը.
(3) որակավորում ստացած անձի անունը, ազգանունը.
(4) որակավորում ստացած անձի անձնագրային տվյալները.
(5) հավաստագրի սերիան և համարը.
(6) տրման ամսաթիվը.
(7) հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:

 

(գ) Որակավորման հավաստագիրը վավերացվում է Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կնքվում է Հանձնաժողովի կնիքով:

 

(դ) Որակավորման հավաստագիրը տրամադրվում է որակավորում ստացած անձին մասնագիտական որակավորման շնորհումից 15 օր հետո:

 

(ե) Հանձնաժողովը վարում է հավաստագրերի գրանցամատյան, որում ներառվում են որակավորում ստացած անձի ազգանունը, անունը, անձնագրային տվյալները, հավաստագրի տրման ամսաթիվը, սերիան և համարը:

 

(զ) Որակավորման հավաստագիրը կորցնելու դեպքում այն վերականգնվում է նույն վավերապայմաններով: Որակավորման հավաստագրի կորուստը այլ հետևանքներ չի առաջացնում:

 

Ձև 58.1-1(գ)

 

Հայաստանի Հանրապետության

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու
մասնագիտական որակավորման քննությանը



(1)
լուսանկարը
(3x4 չափսի)

  

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս

օգտագործվում է _____________________________________________

(3) սեռը __________________________________________________

(4) ծննդյան ամսաթիվը թվերով (տարի/ամիս/օր)__________________________

(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ), քաղաքը (ավանը կամ գյուղը) ___________________________________________________

(6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ_____________________________

(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ

խնամարկյալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան _________________

(8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը_____________________

(9) հասցեն (մշտական և բնակության` տվյալ պահին), կապի միջոցները (այդ թվում

էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

________________________________________________________

(10) կրթությունը`

 

Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Ուսման ժամկետը

Որակավորումը, կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը, համարը և սերիան

       
       
       

 

(11) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում

 

Կազմակերպության ստորաբաժանման անվանումը

Գտնվելու վայրը

Զբաղեցրած
պաշտոնը և պարտակա-
նությունների համառոտ նկարագիրը

Աշխատանքի ժամկետները (թվականներով)

Աշխատանքից ազատվելու պատճառները

         
         
         

 

(12) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտվե՞լ եք դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար

  £ այո   £ ոչ               
նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը __________________________

(13) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում, դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով զրկվե՞լ եք մասնագիտական որակավորումից

  £ այո   £ ոչ               
նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը __________________________

(14) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով զրկվե՞լ եք մասնագիտական որակավորումից

  £ այո   £ ոչ               
նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը __________________________

 

(15) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով զրկվե՞լ եք մասնագիտական որակավորումից

  £ այո   £ ոչ               
նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը __________________________

(16) հարուցվել է որևէ քրեական գործ կամ Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ

  £ այո   £ ոչ               
նշել վանդակում

 

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը __________________________

(17) տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնց բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր է դիմորդը

 

 

 

անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

պետական գրանցման
երկիրը

տվյալ անձին պատկանող արժեթղթերի դասը և քանակը

1.        
2.        

 

(18) տեղեկություններ դիմորդին որևէ մասնագիտական անձի բաժնային արժեթղթերի ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանելու վերաբերյալ

 

 

անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

պետական գրանցման
երկիրը

տվյալ անձին պատկանող արժեթղթերի դասը և քանակը

1.        
2.        

 

(19) Դիմորդին անձամբ ճանաչող և սույն դիմումի հետ որևէ ձևով առնչություն չունեցող առնվազն երեք անձանց

 

անուն, ազգանուն

բնակության վայրը

կապի միջոցները

     
     
     

 

(20) Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

Դիմող _________________

          (ստորագրություն) 

___  _________ 20 _____ թ.

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700136