«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 10-րդ ենթակետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը (Հավելված 1)։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը սահմանելու մասին» N 10/4-Ն, «Սխալ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկի փոխարեն ընտրողին նոր քվեաթերթիկ հատկացնելու արձանագրության ձևը հաստատելու մասին» N 10/5-Ն որոշումները։
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված եվ հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված եվ հաշվարկված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները ընտրողների ցուցակները փաթեթավորելու
1. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկն անհապաղ մարվում է: Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկը մարելուց հետո՝ անհապաղ, ընտրողներին հատկացվող քվեաթերթիկների 100-ական կապից հանվում է քվեաթերթիկից առանձնացված ելունդ՝ նույն կարգով մարվում, իսկ մարված ելունդը ամրացվում մարված քվեաթերթիկին: Քվեաթերթիկի և ելունդի մարման մասին գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:
Օգտագործված քվեաթերթիկների ելունդները հաշվարկելիս մարված ելունդների թիվը հաշվի չի առնվում:
2. Քվեաթերթիկները (ելունդները) մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, սակայն այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների՝ քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները:
3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների և ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվերի գումարը:
4. Մարված բոլոր քվեաթերթիկները փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում):
5. Ընտրողների ցուցակները և ընտրողների լրացուցիչ ցուցակները՝ կից վճիռներով, փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում): Նույն կարգով փաթեթավորվում են նաև ընտրողների կողմից օգտագործված քվեաթերթիկների ելունդները:
6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները փաթեթավորվում են ըստ տեսակների՝ առանձին փաթեթներում (ծրարներում):
7. Փաթեթը (ծրարը) փակման մասում կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում հանձնաժողովի երեք անդամի կողմից: Հանձնաժողովի մյուս անդամները և /կամ/ վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:
8. Սույն կարգում սահմանված գործառույթների վերաբերյալ համապատասխան գրառումներ է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում: