Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.06.1995-01.11.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
30.06.1995
Ստորագրման ամսաթիվ
30.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1995 թվականի թիվ 109

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով բանկային գործառնություններ իրականացնելու մասին

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» , «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» , «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 24-ի թիվ 40 որոշման դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և արտարժութային գործառնություններ իրականացնելու գլխավոր արտոնագիր ունեցող բանկերին թույլատրվում է թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով իրականացնել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված գործառնություններ:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 21-ի թիվ 31 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման» կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 3.11 կետից հանել «դ» ենթակետը.

բ) 3.11 կետի վերջին պարբերությունից հանել «մետաղական» բառը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով գործառնություններ իրականացնելու մասին» թիվ 40 որոշման 2-րդ կետը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանն ու միջազգային և արժութային գործառնությունների վարչությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի համար թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների տնօրինման նորմատիվի սահմանման մասին» որոշման նախագիծը:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների ու հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին ուղարկել մեթոդական նյութեր` միջազգային բանկային պրակտիկայում ընդունված գործառնությունների և դրանց հաշվապահական ձևակերպումների մասին:


քաղ. Երևան
թիվ 109

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1995 թվականի հունիսի 30-ի թիվ 109 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով (հետագայում` ձուլակտորներ) գործառնություններ իրականացնելու արտոնագրման պայմանները և արտոնագրման ենթակա գործառնությունների տեսակները:

1.2 Թանկարժեք մետաղների ձուլակտորներով բանկային գործառնությունների արտոնագրման կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի վրա (հետագայում` բանկեր):

1.3 Բանկերը սույն կարգով արտոնագրվող գործառնությունները (հետագայում` մետաղական գործառնություն) կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Ձուլակտորների արտահանման և ներմուծման հետ կապված գործառնությունները իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

 

II. ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1 Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով գործառնությունների արտոնագիր (հետագայում` մետաղական արտոնագիր) (ձև 2.1) ստացած բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են ձուլակտորներով իրականացնել հետևյալ գործառնությունները.

- գնում,

- վաճառք,

- գրավադրում,

- տեղաբաշխում որպես դեպոզիտ,

- ի պահ ընդունում:

2.2 Մետաղական արտոնագիր ունեցող բանկերը կարող են իրենց ակտիվներում մուտքագրված թանկարժեք մետաղներով (ոչ ստանդարտացված) աֆինաժային գործարաններում պատվիրել ձուլակտորներ: Այդ գործառնությունը նրանք կարող են կատարել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ մետաղական արտոնագիր ունեցող այլ բանկերի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձուլակտորներ պատվիրելու դեպքում բանկերը պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետությունից թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի փոխադրման, առաքման և արտահանման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

 

III. ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1 Մետաղական գործառնությունների արտոնագիրը տրվում է 5 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված պահանջներին բավարարող և արտարժութային գործառնությունների գլխավոր արտոնագիր ունեցող բանկերին:

3.2 Մետաղական արտոնագիր ստանալու համար բանկերը պարտավոր են բավարարել հետևյալ պահանջները.

- մետաղական արտոնագրի անհրաժեշտության հիմնավորում, որում պետք է նշված լինեն տեղեկություններ բանկում առկա թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի քանակության, նրանց ձեռք բերման հնարավորության, հետագայում դրանք բարձր իրացվելի ակտիվների վերածման և ձուլակտորներով նախատեսվող գործառնությունների իրականացման մասին,

- ձուլակտորներով բանկային գործառնությունների իրականացման իմացություն,

- ձուլակտորների պահպանման և տեղափոխման կանոնների իմացություն և դրանց իրագործման պայմանների ապահովում:

3.3 Մետաղական արտոնագիր տրամադրելու համար հիմք են հանդիսանում բանկի վերջին 6 ամսվա գործունեության ֆինանսական ցուցանիշները, այդ թվում շահույթով աշխատելու պայմանը, որի վերաբերյալ համապատասխան եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունը:

3.4 Մետաղական արտոնագիր տրամադրելու համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվում է միանվագ վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-պատիկ աշխատավարձի չափով:

3.5 Բանկերը մետաղական արտոնագիր ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում (ձև 3.5), որը քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Դիմումը մերժվելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը այդ մասին գրավոր հայտնում է դիմորդ բանկին` նշելով մերժման պատճառները:

3.6 Մետաղական արտոնագիր ստանալու դիմումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից մերժելու դեպքում, բանկը արտոնագրման համար կարող է կրկին դիմել ՀՀ կենտրոնական բանկ մերժումից վեց ամիս հետո, իսկ մետաղական արտոնագրի անվավեր ճանաչելու դեպքում` երեք տարի անց:

3.7 Արտոնագրի ժամկետը լրանալուց հետո մետաղական գործառնություններ իրականացնելու ցանկության դեպքում մետաղական արտոնագիր ունեցող բանկը արտոնագրի ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ պարտավոր է դիմել ՀՀ կենտրոնական բանկ` վերաարտոնագրման համար:

3.8 Բանկի վերակազմավորման կամ լուծարման դեպքում տրված արտոնագիրը կորցնում է իր ուժը:

3.9 Մետաղական արտոնագիր ունեցող բանկերը մինչև հաջորդ ամսվա 5-ը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում «050 հաշվեկշռային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն» (ձև 3.9):

 

IV. ԲԱՆԿԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1 Բանկերին տրամադրված մետաղական արտոնագրով թույլատրված գործառնությունների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

4.2 Բանկին տրված մետաղական արտոնագիրը կարող է անվավեր ճանաչվել հետևյալ դեպքերում.

-արտոնագիր ստանալուց հետո դրանով նախատեսվող գործառնությունները մեկ տարվա ընթացքում չիրականացնելու,

- արտոնագրով չնախատեսված գործառնություններ իրականացնելու,

-ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, պահանջվող տեղեկանքների կամ բանկի գործունեությանը վերաբերվող տեղեկատվության կրկնվող ուշացումների և դրանցում անարժանահավատ տվյալներ ներկայացնելու դեպքում:

4.3 Բանկի գործունեության կամ արտոնագրի դադարեցման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը այդ մասին գրավոր տեղյակ է պահում տվյալ բանկին և սույն որոշումը հրապարակում է մամուլում:

4.4 Արտոնագրման ձևերը հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պատրաստվում են տպագրման եղանակով:

Արտոնագրերի պատրաստումը, հաշվառումը ու պահպանումը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը: