Գլխավոր տեղեկություն
Համար
N 439
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2001-16.03.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/19(151) Հոդ.496
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.03.2003

041.0439.15.06.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2001 թվականի N 439
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 341 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
հունիսի 15-ի N 439 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որը լիազորված է իրագործելու քաղաքացիական պաշտպանության խնդիրները և բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում: Վարչությունը համակարգում և վերահսկում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական տեսակից) գործունեությունը բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում:

2. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

3. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

4. Վարչությունը պետական հիմնարկ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, գանձապետական հաշվեհամար, իր գործունեությունն ապահովող դրոշմանիշեր, բլանկներ և խորհրդանշան:

5. Վարչության ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով պետական քաղաքականության իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության նորմատիվային կարգավորման, վերահսկողական գործառույթների իրականացումը.

գ) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման և վերահսկողության իրականացումը.

դ) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացումը, ամփոփումը և որոշումների մշակումը:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Վարչությունը`

ա) իր իրավասության սահմաններում մշակում է օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր ու սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

բ) մասնակցում է «աղետի գոտի» հայտարարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.

գ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն քաղաքացիական պաշտպանության պլանն ամբողջությամբ կամ առանձին տարածքներում գործողության մեջ դնելու վերաբերյալ.

դ) համակարգում է աղետի գոտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից պլաններով նախատեսված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ապահովում է իրականացվող միջոցառումներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների ներգրավման փոխգործողությունների պլանների համաձայնեցումը.

ե) մասնակցում է արտակարգ իրավիճակներում աղետի գոտու բնակչությանն օգնության, այդ թվում` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ստացված մարդասիրական օգնության կազմակերպման գործընթացին.

զ) սահմանված կարգով առաջարկություններ է մշակում արտակարգ իրավիճակների վերացմանն ուղղված ֆինանսավորման հարցերով և վերահսկում է այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների օգտագործումը.

է) կազմակերպում և համակարգում է արտակարգ իրավիճակների կանխատեսման ու դրանց հետևանքների վերացման պետական համակարգը.

ը) իրականացնում է պետական կառավարման մարմինների մեթոդական ղեկավարումը` քաղաքացիական պաշտպանության պետական համակարգի ստեղծման և ուժերի տեղակայման հարցերով.

թ) իր իրավասության սահմաններում սահմանված կարգով մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ծրագրեր.

ժ) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է բնապահպանության բնագավառի վերաբերյալ հայեցակարգերի և առաջարկությունների մշակմանը.

ժա) սահմանված կարգով համակարգում է տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև հասարակական կարգով ստեղծված փրկարարական ուժերի գործունեությունը.

ժբ) սահմանված կարգով ատեստավորում է փրկարարներին, փրկարարական ծառայությունների և կազմավորումների աշխատողներին.

ժգ) սահմանված կարգով իրականացնում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, փրկարարական ծառայությունների և կազմավորումների ուսուցում` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

ժդ) կազմակերպում է բնակչության ուսուցումը` արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.

ժե) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքները.

ժզ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ.

ժէ) սահմանված կարգով մասնակցում է շինությունների, քաղաքաշինական նախագծերի պետական փորձաքննություններին.

ժզ) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության պլանի նախագիծը.

ժթ) մասնակցում է տնտեսության զորահավաքային պլանի մշակմանը` քաղաքացիական պաշտպանության հարցերով.

ի) ստեղծում է քաղաքացիական պաշտպանության օպերատիվ պահուստներ.

իա) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծմանը.

իբ) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը` քաղաքացիական պաշտպանության մասով.

իգ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է վարչության ուժերի, քաղաքացիական պաշտպանության համապատասխան զորամասերի մարտական և զորահավաքային պատրաստականության խնդիրները.

իդ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը.

իե) կազմակերպում է վարչության սպայական և ենթասպայական կազմի ուսուցումը.

իզ) սահմանված կարգով վերակազմավորում է քաղաքացիական պաշտպանության համապատասխան զորամասը, վարչության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է վարչության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական և այլ ապահովում.

իէ) իրականացնում է տարեկան և հեռանկարային զարգացման ծրագրերի մշակումը` ուղղված համակարգի համար անհրաժեշտ շինարարությանն ու շինությունների շահագործմանը.

իը) սահմանված կարգով իր իրավասության սահմաններում մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների փորձաքննությանը.

իթ) պետական պատվիրատու է հանդիսանում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նպատակներով նախատեսված միջոցների, գույքի և սարքավորումների արտադրության նախապատրաստման գործընթացում ու մասնակցում այդ աշխատանքների իրականացմանը.

լ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեություն.

լա) սահմանված կարգով իրականացնում է միջազգային համագործակցություն.

լբ) կազմակերպում է կառավարման մարմինների և բնակչության իրազեկումն ու լրատվությունը` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով.

լգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է իրեն հանձնված պետական գույքը.

լդ) իրականացնում է վարչության ստորաբաժանումների և ենթակա կազմակերպությունների գործունեության, կնքած պայմանագրերի (ներառյալ` հիմնադիր փաստաթղթերի)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.

լե) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Վարչությունը ղեկավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

9. Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` վարչության պետի ներկայացմամբ:

10. Վարչության պետը`

ա) ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կառուցվածքը, վարչության խորհրդի կազմը և աշխատողների թիվը.

գ) կազմակերպում է վարչության աշխատանքը և իրականացնում քաղաքացիական պաշտպանության զորամասերի ու փրկարարական ուժերի կառավարումը, ներկայացնում է վարչությունը պետական կառավարման համակարգում և միջազգային կազմակերպություններում.

դ) պատասխանատու է վարչության, քաղաքացիական պաշտպանության զորամասերի և փրկարարական ուժերի առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

ե) սահմանում է իր տեղակալների իրավասությունը և բաշխում նրանց միջև պարտականությունները, վարչության կենտրոնական ապարատի համակարգի համար սահմանված թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի սահմաններում հաստատում է վարչության և վարչության ստորաբաժանումների կառուցվածքը, հաստիքացուցակները, դրույքաչափերը և կանոնադրությունները.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է զինվորական ծառայության, նշանակում և ազատում է պաշտոնից.

է) վարչության համակարգի զինծառայողներին շնորհում է զինվորական կոչումներ` գնդապետի կոչումը ներառյալ.

ը) վարչության զինվորական և քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է պետական պարգևների.

թ) իր իրավասության սահմաններում լուծում է վարչության զինվորական և քաղաքացիական ծառայողների սոցիալական ապահովության հարցերը.

ժ) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման գիտահետազոտական ծրագրեր.

ժա) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր.

ժգ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ արձակում է համատեղ հրամաններ:

11. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

12. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), պետի տեղակալները` ի պաշտոնե, ինչպես նաև վարչության այլ ղեկավար անձինք:

13. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման և վարչության գործունեության հիմնական հարցերը:

Խորհրդի որոշումները կենսագործվում են վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում վարչության պետն իրագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Վարչությունն իր ոլորտի առավել կարևոր հարցերի մշակման, գիտական հետազոտությունների իրականացման և դրանց գործնական իրագործման նպատակով ստեղծում է գիտատեխնիկական հանձնախումբ: Հանձնախմբի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.02.2003, N 72-Ն 16.03.2003, N 439
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան