Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2004-05.05.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ.608
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2004 թվականի N 265-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի`

1. Հաստատել ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2004 թվականի
ապրիլի 23-ի N 265-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը մշակված է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջներին համապատասխան:

2. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) լիազոր մարմնին փորձագիտական եզրակացություն է տալիս վերջինիս կողմից դրական կարծիքի արժանացած ուսումնասիրության հատուկ և հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների դիմումների վերաբերյալ` բացառությամբ մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիաների:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` լիազոր մարմնի առաջարկության հիման վրա:

4. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին նիստի հրավիրման օրվանից առնվազն 2 օր առաջ իրազեկվում են նիստը հրավիրող լիազոր մարմնի ներկայացուցիչ` հանձնաժողովի անդամի կողմից:

5. Հանձնաժողովի նիստերը վարում է նիստը հրավիրած լիազոր մարմնի ներկայացուցիչ` հանձնաժողովի անդամը:

6. Լիազոր մարմնի ներկայացուցիչ` հանձնաժողովի անդամը պատրաստում է նիստի արձանագրությունը, որն ստորագրում են նիստին մասնակցած հանձնաժողովի անդամները:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

III. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է հիմնվելով`

ա) օրինականության,

բ) գիտական հիմնավորվածության,

գ) հրապարակայնության վրա:

9. Փորձագիտական եզրակացությունը տրամադրելիս իրականացվում է`

ա) դիմումին կից ներկայացված փաստաթղթերի նպատակահարմարության, իրատեսության և արդյունավետության վերլուծություն,

բ) բնական պաշարների համալիր, արդյունավետ և բնականոն օգտագործման ու պահպանման ապահովման վերլուծություն,

գ) դիմումին կից ներկայացված փաստաթղթերով նախատեսվող գործունեության` էկոհամակարգի կայունության վրա ազդեցության, ինչպես նաև վտանգավոր ազդեցության աստիճանի գնահատում,

դ) դիմումին կից ներկայացված փաստաթղթերով նախատեսված գործունեության էկոլոգիական հետևանքների ստույգության, այդ հետևանքների կանխարգելման կամ նվազեցման համար նախատեսվող միջոցառումների վերլուծություն:

 

IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվում են լիազոր մարմին դիմումատուի կողմից օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև լիազոր մարմնի դրական կարծիքը:

11. Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը օրենքով սահմանված ժամկետներում տրամադրվում է լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

12. Փաստաթղթերը, օրենքի պահանջներին համապատասխան լրիվ և լիարժեք չլինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են լիազոր մարմին` լրամշակելու և լրակազմելու նպատակով:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ (բաց քվեարկությամբ):

14. Փորձագիտական եզրակացությանը կցվում են հանձնաժողովի այն անդամների հատուկ կարծիքները, որոնք համաձայն չեն հանձնաժողովի կողմից ընդունված փորձագիտական եզրակացությանը:

15. Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը ներառում է`

ա) ծրագրային խնդիրների և միջոցառումների հիմնավորվածության աստիճանի գնահատականը,

բ) ծրագրային խնդիրների և միջոցառումների ռեսուրսային, այդ թվում` ֆինանսական ապահովվածության գնահատականը,

գ) ծրագրերի մշակվածության և իրատեսության վերաբերյալ ամփոփ գնահատականը,

դ) այլ տեղեկություններ և վերլուծություններ, որոնք հանձնաժողովը կհամարի անհրաժեշտ` ծրագրերի մասին լիարժեք փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Հանձնաժողովն իր իրավասությանն առնչվող հարցերի կապակցությամբ համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

17. Հանձնաժողովն իրավասու է փորձագիտական եզրակացության տրամադրման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված կարգով ստանալու իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան