Գլխավոր տեղեկություն
Համար
N 630
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2000-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2000 թվականի N 630
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 76 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
սեպտեմբերի 13-ի N 630 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պետական գույքի կառավարման միասնական պետական քաղաքականություն:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու կրել պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

5. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության խնդիրները

 

6. Նախարարության խնդիրներն են`

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման, տնօրինման և գույքի օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը.

բ) իր իրավասության սահմաններում մշակում է տնտեսության պետական սեփականության արդյունավետ օգտագործման քաղաքականության հիմնադրույթները և կազմակերպում այդ ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների իրականացումը.

գ) պետական գույքի կառավարման շրջանակներում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.

դ) պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.

ե) մասնակցությունը պետության կողմից իրականացվող ձեռնարկատիրության ոլորտում միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը և իր ոլորտում իրացմանը.

զ) մասնավորեցման ու պետական գույքի կառավարման գիտամեթոդական ապահովումը և մասնակցությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանը:

 

III. Նախարարության գործառույթները

 

7. Պետական գույքի կառավարման ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և իրագործում է պետական այն գույքի (այսուհետև` պետական գույք) կառավարումը, որը նախարարության տնօրինմանն է տրվել օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն.

բ) մշակում և առաջարկություններ է ներկայացնում պետական գույքի կառավարման, ներառյալ մասնավորեցման և ազգայնացման վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում լուծում է պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցերը.

դ) կազմակերպում է պետական գույքի հաշվառումը և վարում դրանց հաշվառման մատյանները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձևով, դասակարգմամբ և կարգով, ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը կամ այդ տեղեկատվության տրամադրումն սպառողներին.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ.

զ) համագործակցում է պետական մարմինների հետ պետական գույքի գույքագրման աշխատանքներում, ընդունում գույքագրման վերաբերյալ հաշվետվությունները, իսկ հատուկ լիազորության դեպքում կազմակերպում է գույքագրման աշխատանքները.

է) իր իրավասության սահմաններում պետական գույքը տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդունում է տեղեկատվություն պետական գույքը տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ.

թ) իր իրավասության սահմաններում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մրցութային հիմունքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ եղանակներով համապատասխան իրավասու մարմինների մասնակցությամբ ընտրում և նշանակում է պետության կողմից լիազորված ներկայացուցիչներ.

ժ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազորված ներկայացուցիչների, հավատարմագրային կառավարիչների որակավորման բարձրացման աշխատանքներ.

ժա) իր իրավասության սահմաններում նպաստում է ազատ տնտեսական մրցակցության քաղաքականությանը, այդ թվում` բնական մենաշնորհների պետական կարգավորման ոլորտում համագործակցելով պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ.

ժբ) իր իրավասության սահմաններում աջակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.

ժգ) իր իրավասության սահմաններում պետական այլ իրավասու մարմինների մասնակցությամբ իրականացնում է պետական գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

ժդ) իր իրավասության սահմաններում նպաստում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը.

ժե) իր իրավասության սահմաններում պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով սահմանված կարգով նպաստում է բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար անկախ սեփականության ձևից, հավասար մրցակցային, ձեռնարկատիրական ռիսկի ընդունելի պայմանների առաջադրմանը.

ժզ) իր իրավասության սահմաններում աջակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը.

ժէ) իր իրավասության սահմաններում համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ.

ժը) աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը.

ժթ) իր իրավասության սահմաններում մասնակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.

ի) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումներ և միջոցառումներ է իրականացնում դրանց ապահովման համար.

8. Մասնավորեցման ոլորտում`

ա) մշակում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերը (այսուհետև` ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքները.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ և վարձում փորձագետներ.

դ) մասնավորեցման ծրագրին համապատասխան և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է մասնավորեցման հայտեր և դրանց ընթացք տալիս.

ե) մշակում է պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) մշակում է գույքի գնահատումը, մասնավորեցումը, իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծեր ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

է) հաստատում է մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեկ քառ. մետրի արժեքը և այդ գործակիցների նվազագույն ու առավելագույն չափերը.

ը) գնահատում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

թ) Հայաստանի Հանրապետության անունից կնքում է մասնավորեցման գործարքներ.

ժ) իրականացնում է իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն և տալիս եզրակացություն պարտավորությունների կատարման մասին.

ժա) մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով` օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ.

ժբ) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը.

ժդ) կազմակերպում է մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրերի հրապարակումը.

ժե) աջակցում է մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների բաժնետերերին բաժնետոմսերի տրամադրմանը.

ժզ) մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում կատարում է վերլուծություններ.

ժէ) մասնավորեցման աշխատանքներում ներգրավում է գիտահետազոտական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև առանձին մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով.

ժը) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդհանրացումը.

ժթ) պետական գույքի հավանական գնորդներին տրամադրում է մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկություններ:

9. Լուծարման, անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման ոլորտներում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման, անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման վերաբերյալ.

բ) մշակում և ներկայացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր.

գ) լուծարվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում իրականացնում է վերլուծություններ և գույքի օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) կազմակերպում է իր տիրապետմանը փոխանցվող լուծարվող, անվճարունակ (սնանկ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման գործընթացը, իրականացնում լուծարված կազմակերպությունների գույքի կառավարումը.

ե) մասնակցում է անվճարունակության (սնանկացման) հարցերով միջազգային պայմանագրերի մշակմանը.

 

IV. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

10. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական հիմնարկների և ընկերությունների ամբողջությունը:

11. Նախարարությունը`

ա) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ միջգերատեսչական հարցերի կարգավորման ու լուծման ուղղությամբ.

բ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջգերատեսչական պայմանագրեր.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի կազմակերպությունների ու տարածքային ստորաբաժանումների տիրապետմանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքը վարձակալության տալու համար.

դ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ` արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման մարմինների հետ.

ե) մշակում է նախարարության կենտրոնական ապարատի, վարչությունների, բաժինների և պետական հիմնարկների աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.

զ) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող պետական գույքի կառավարման գործընթացում տեղ գտած թերությունների վերացման համար.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

12. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

13. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները.

գ) արձակում է հրամաններ.

դ) հաստատում է նախարարության համակարգի կազմակերպությունների, կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և կոլեգիայի կազմը.

զ) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

է) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, պետական գույքի կառավարման լիազոր ներկայացուցիչներին.

ը) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման գործը.

թ) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում համակարգի աշխատողներին և պետական գույքի կառավարման լիազոր ներկայացուցիչներին.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

14. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

15. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալներն ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև այլ փորձագետներ:

16. Նախարարության կոլեգիան`

ա) իր նիստերում, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, քննության է առնում ոլորտի գործունեության ու զարգացման հիմնական հարցերը, քննարկում վարչությունների ու բաժինների, համակարգի ընկերությունների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, աշխատանքների կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանները, նախարարության վարչությունների և բաժինների հաշվետվությունները.

բ) ընդունում է որոշումներ, որոնք կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների, ընկերությունների (ձեռնարկությունների), մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

18. Նախարարությունը գիտության և իր բնագավառի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտամեթոդական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտամեթոդական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

19. Գիտամեթոդական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը: