Գլխավոր տեղեկություն
Համար
N 721
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1999 թվականի N 721
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն ստեղծելու մասին» N 244 որոշման`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` նախարարության տնօրինության ԳԱԶ-24-10 մակնիշի 648 SU 64 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման հավելվածը լրացնել նոր տողով.

«79. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 70 2 -»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ  Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թվականի
նոյեմբերի 24-ի N 721 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ԵՎ փախստականների վարչության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը (այսուհետև` վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

Վարչությունը մշակում է միգրացիայի և փախստականների հարցերի պետական քաղաքականությունը և գործադիր իշխանության այլ մարմինների համագործակցությամբ իրականացնում այն` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

2. Վարչությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Վարչությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:

5. Վարչության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Վարչության հիմնական խնդիրները

 

6. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) հանրապետությունում ընթացող` բնակչության միգրացիոն գործընթացների և միգրացիոն իրավիճակների մոնիտորինգը, բնակչության միգրացիոն հանրապետական ծրագրերի նախագծերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

բ) հանրապետության տարածք մուտք գործող փախստականներին, բռնի տեղահանվածներին, ապաստան հայցողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական և սոցիալական երաշխիքների ապահովումը.

գ) աշխատանքային միգրանտների, հանրապետությունից արտագաղթածների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների մշակումն ու իրականացումը` համագործակցված գործադիր իշխանության այլ մարմինների հետ.

դ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ հանրապետության բնակչության ներքին միգրացիայի ու վերաբնակեցման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ե) միգրացիայի բնագավառում տեղեկատվության հավաքագրումը, միասնական տեղեկատվական համակարգի մշակումն ու ներդրման աշխատանքների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության հետ համատեղ.

զ) իր իրավասության սահմաններում միգրացիայի բնագավառում միջազգային, օտարերկրյա կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը.

է) միգրացիայի հարցերին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ մշակելը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:

 

III. Վարչության հիմնական գործառույթներն ըստ բնագավառների

 

7. Վարչության հիմնական գործառույթներն են`

ա) միգրացիոն գործընթացների կանխատեսման և միգրացիոն քաղաքականության ձևավորման բնագավառում`

միգրացիոն իրավիճակի վերլուծության և գնահատման, փոփոխման միտումների բացահայտման հիման վրա միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մշակումը,

գործադիր իշխանության հանրապետական մարմինների հետ համատեղ առաջարկությունների նախապատրաստումը հանրապետությունում միգրացիայի բնագավառի քաղաքականության ձևավորման ուղղությամբ և դրա իրականացմանն ուղղված հանրապետական միգրացիոն ծրագրերի մշակումը,

իր իրավասության սահմաններում բնակչության միգրացիան կարգավորող` համակարգի մարմինների գործունեության կոորդինացումը` միգրացիայի ձևավորված քաղաքականության և հանրապետական ծրագրի շրջանակներում,

միգրացիայի հիմնախնդիրներով գիտական հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների իրականացումը, դրանց տվյալների տրամադրումը շահագրգիռ պետական մարմիններին ու կազմակերպություններին,

օրենսդրական և այլ իրավական ակտերի, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի միգրացիոն հետևանքների փորձաքննությունը.

բ) փախստականների և բռնի տեղահանվածների իրավունքների ու դրանց երաշխիքների ապահովման բնագավառում`

փախստականներին, բռնի տեղահանվածներին և ապաստան հայցողներին կարգավիճակ տալու ընթացակարգերի մշակումը և դրանց հիման վրա համապատասխան գործառույթների իրականացումը,

փախստականներին և բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարանների, միանվագ նպաստների, իրավական խորհրդատվության տրամադրման և սոցիալական պաշտպանվածության ապահովման սահմանված կարգով իրականացումը,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների աջակցությամբ փախստականների և բռնի տեղահանվածների համար բնակարանային, իսկ հոծ բնակության վայրերում` սոցիալական նշանակության տարբեր օբյեկտների շինարարության և զբաղվածության օժանդակությանն ուղղված ծրագրերի իրականացումը,

1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն մուտք գործած փախստականների հպատակագրման և ինտեգրացման գործընթացների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրացումը.

գ) աշխատանքային միգրանտների, հանրապետությունից արտագաղթածների իրավունքների և շահերի պաշտպանության բնագավառում`

Հայաստանի Հանրապետության արտագաղթած քաղաքացիների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ և համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ մուտքի երկրների համապատասխան պետական մարմինների հետ բանակցությունների վարումը,

մուտքի երկրների համապատասխան պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ ռեէմիգրացիայի ծրագրերի մշակումը և իրականացումը,

հանրապետության սահմաններից դուրս աշխատուժի կազմակերպված արտահանում իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, այլ պետությունների համապատասխան պետական մարմինների հետ բանակցությունների վարումը` աշխատողների քվոտաների հատկացման հարցով,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատուժի արտահանման գործունեությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների լիցենզավորումը,

այլ երկրներում արտագնա աշխատանքային գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և տրամադրումը.

դ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ հանրապետության բնակչության ներքին տեղաշարժի և վերաբնակեցման բնագավառում`

հանրապետության տարածքում բնակչության ներքին տեղաշարժերի հետևանքով ստեղծված միգրացիոն իրավիճակի գնահատումը, զարգացման հիմնական միտումների վերլուծությունը,

ելնելով հանրապետությունում ստեղծված միգրացիոն իրավիճակից, հաշվի առնելով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերը և համագործակցելով համապատասխան պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ` վերաբնակեցման ծրագրերի մշակումը և իրականացումը,

Հայաստանի Հանրապետության տարածքում վերաբնակեցման և տարաբնակեցման գործառույթների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակումը,

վերաբնակեցման, տարաբնակեցման հարցերով բնակչությանը տեղեկատվական, իրավական, խորհրդատվական ծառայությունների մատուցումը,

սահմանամերձ, բարձր լեռնային և աղետի գոտու բնակավայրերի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ու բնակչության վերաբնակեցման ծրագրերի մշակումը և համապատասխան մարմինների համագործակցությամբ այդ ծրագրերի իրականացումը.

ե) միգրացիայի բնագավառում տեղեկատվության հավաքագրման, միասնական տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման աշխատանքների կազմակերպման բնագավառում`

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, գործադիր իշխանության այլ մարմիններից սահմանված կարգով միգրացիոն գործընթացների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, դրա համակարգումը և տեղեկատվական բանկի ստեղծումը: Միգրացիայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման նպատակով համապատասխան մարմինների հետ համագործակցությունը, շահագրգիռ պետական մարմիններին և կազմակերպություններին միգրացիայի հետ առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,

փախստականների, այլ կատեգորիաների միգրանտների հաշվառման և գրանցման վերաբերյալ տեղեկատվական բանկի վարումը,

միգրացիայի բնագավառում տեղեկատվության միասնական համակարգի ստեղծումը և դրա ներդրման կազմակերպումը,

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության հետ համատեղ բնակչության միգրացիային վերաբերող` սկզբնական հաշվառման և վիճակագրական հաշվետվության ձևերի, միգրացիայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանության մշակումը.

զ) միջազգային, օտարերկրյա կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության բնագավառում`

բնակչության միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը սահմանված կարգով մասնակցությունը,

միգրացիայի բնագավառում միջազգային համագործակցության հարցերով միջազգային, օտարերկրյա կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների նախապատրաստումը,

միգրացիայի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքներին սահմանված կարգով մասնակցությունը,

իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ համագործակցությունը,

իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում ներկայացնելը:

8. Վարչությունը`

ա) Հայաստանի Հանրապետության միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում ուսումնասիրում է սփյուռքում միգրացիոն իրավիճակը, դրա հիման վրա մշակում է հնարավոր միջոցառումները` համագործակցելով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների շահագրգիռ պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ.

բ) իրականացնում է պետական միգրացիոն քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավմանն ուղղված միջոցառումները.

գ) կազմակերպում և անցկացնում է միգրացիայի խնդիրներին նվիրված գիտագործնական սեմինարներ, գիտաժողովներ.

դ) իր իրավասության սահմաններում հրատարակում է միգրացիայի հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվություն և այլ նյութեր.

ե) կազմակերպում է միգրանտների սոցիալական աջակցությանն ուղղված բարեգործական միջոցառումները և ծրագրերը:

 

IV. Վարչության աշխատանքների կազմակերպումը

 

9. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին համապատասխան: Վարչության աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար:

10. Վարչությունն իր գործունեությանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում: Վարչությունը գործադիր իշխանության հանրապետական և այլ պետական մարմինների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

11. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր բնագավառի պետական գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործառույթները:

12. Վարչությունը բնագավառի բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասերում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հստակ սահմանումով:

13. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` վարչության պետի ներկայացմամբ:

14. Վարչության պետը`

ա) ղեկավարում է վարչության ընթացիկ գործունեությունը և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պատասխանատու է վարչության խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, հրահանգներ.

գ) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում, արձակում է համատեղ հրամաններ.

դ) սահմանում է վարչության պետի տեղակալների, կենտրոնական ապարատի բաժինների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, հաստատում կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա հիմնարկների կանոնադրությունները.

ե) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) սահմանում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, ղեկավարում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատման է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, վարչության խորհրդի անդամների թիվը և անհատական կազմը.

ը) մասնակցում է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող սոցիալական ծառայությունների տարածքային կառույցների փախստականների ու բնակչության տեղաշարժի գծով մասնագետների պաշտոնական իրավասությունների շրջանակի սահմանմանը, ինչպես նաև մարզպետներին և Երևանի քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ նշված մասնագետների` զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերաբերյալ.

թ) սահմանում է վարչության խորհրդի նիստերի անցկացման պարբերականությունը, կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

16. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), վարչության պետի տեղակալներն ի պաշտոնե, վարչության և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

17. Վարչության խորհրդի նիստերում քննարկվում են բնագավառի զարգացման հիմնական խնդիրները, վարչության գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության, ղեկավար կադրերի ընտրության և վարչության գործունեության հետ կապված այլ հարցեր, կարևորագույն հրամանների ու հրահանգների, կանոնադրությունների, կանոնակարգերի, ցուցումների նախագծերը, լսվում վարչության ենթակա հիմնարկների և կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները: Վարչության պետի հրամանով, որպես կանոն, կենսագործվում են խորհրդի որոշումները: Վարչության պետի և վարչության խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ վարչության խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Վարչությանը կից ստեղծվում է գիտնականներից և մասնագետներից կազմված միգրացիայի և փախստականների հարցերով զբաղվող խորհրդակցական մարմին, որն իր նիստերում քննության է առնում բնագավառի հիմնախնդիրները:

Խորհրդակցական մարմնի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

19. Վարչությունը սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու բողոքների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում դրանցում հաղորդվող վարչության բնագավառի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

20. Վարչությունում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թվականի
նոյեմբերի 24-ի N 721 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ԵՎ փախստականների վարչության կենտրոնական ապարատի

 

Միգրացիոն քաղաքականության բաժին

Փախստականների և բռնի տեղահանվածների բաժին

Արտաքին և աշխատանքային միգրացիայի բաժին

Ներքին միգրացիայի և վերաբնակեցման բաժին

Տեղեկատվական համակարգերի բաժին

Ֆինանսահաշվապահական բաժին

Միջազգային կապերի և համագործակցության բաժին

Իրավաբանական բաժին

Շինարարական ծրագրերի բաժին

Վարչության պետի աշխատակազմ

Գործերի կառավարչություն