Գլխավոր տեղեկություն
Համար
N 201
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2001-03.08.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.236
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.08.2004

041.0201.13.03.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2001 թվականի N 201
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 563 որոշումը:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
մարտի 13-ի N 201 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև` սոցիալական վճարներ) հաշվարկման, հավաքագրման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքներն իրականացնող մարմին է:

2. Հիմնադրամը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամը պետական հիմնարկ է, որն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:

4. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):

5. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Հիմնադրամն օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների իրականացման համար և դրանց համապատասխան կարող է կնքել քաղաքացիաիրավական գործարքներ:

7. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իր գործունեության նպատակներին, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարություններին և իրեն ամրակցված գույքի նշանակության համապատասխան տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը:

8. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ.

հայերեն կրճատ` Սոցիալական ապահովագրության հիմնադրամ.

ռուսերեն լրիվ` Государственный фонд социального страxования Республики Армения.

ռուսերեն կրճատ` Фонд социального страxования.

անգլերեն լրիվ` State found of the social insurance Republic of Armenia.

անգլերեն կրճատ` Found of the social insurance:

9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Նալբանդյան 13:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Հիմնադրամի հիմնական նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքների իրականացումը,

գ) գործատուներին և (կամ) իրենց ինքնուրույն աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին, գյուղացիական նշանակության հողերի սեփականատերերին և (կամ) նրանց հիմնադրած իրավաբանական անձանց` հիմնադրամում որպես ապահովադիր գրանցման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը:

11. Հիմնադրամի գործունեության առարկան է`

ա) պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապահովադիրների կողմից սոցիալական վճարումների կատարմանը վերաբերող հաշվապահական և այլ փաստաթղթերի ստուգումների անցկացումը,

գ) հիմնադրամին կատարված նվիրատվությունների, հանգանակությունների և օրենքով չարգելված այլ մուտքերի հաշվառումն ու սահմանված կարգով տնօրինումը,

դ) պետական նպատակային ծրագրերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին մասնակցությունը,

ե) կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման և նրանց վերապատրաստման կազմակերպումը, կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորման, ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման ու տեղաբաշխման աշխատանքների համակարգումը,

զ) քաղաքացիների նամակների, դիմումների և բողոքների ժամանակին քննարկման կազմակերպումը, քաղաքացիների նամակներում հաղորդվող` հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը,

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հիմնադրամին վերապահված այլ գործառույթների իրականացումը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Հիմնադրամի համակարգն իր ենթակայության մարզային և տարածքային մարմինների ամբողջությունն է:

13. Հիմնադրամը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ:

14. Հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Հիմնադրամի տարեկան բյուջեն և դրա կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

16. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդ է, որը գործում է հասարակական հիմունքներով:

17. Խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը (խորհրդի նախագահ), հիմնադրամի նախագահը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

18. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

19. Խորհրդի իրավասություններն են`

ա) հիմնադրամի գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելը և առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին առաջարկությունների նախապատրաստումը.

գ) հիմնադրամի ազատ միջոցների նպատակային օգտագործման և ներդրումների կատարման ծրագրերի հաստատումը.

դ) հիմնադրամի տնտեսական գործունեության իրականացման ծրագրերի հաստատումը.

ե) հիմնադրամի բյուջեի նախագծին և դրա կատարողականի վերաբերյալ հաշվետվությանը հավանություն տալը.

զ) հիմնադրամի աշխատակազմի աշխատողների թվի, մարզային և տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունների հաստատումը.

է) սոցիալական վճարների ապառքները մարած ապահովադիրներին ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերից ազատելու, դրանց վճարման ժամկետները հետաձգելու կամ տույժերի գումարի չափը նվազեցնելու վերաբերյալ որոշումների ընդունումը.

ը) հիմնադրամի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունների հաստատումը.

թ) հիմնադրամի ազատ միջոցների տեղաբաշխման ուղղությունների որոշումը:

20. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

21. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հիմնադրամի նախագահը:

22. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, որոնք ենթակա են պարտադիր կատարման և կենսագործվում են հիմնադրամի նախագահի հրամաններով: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

23. Հիմնադրամը գլխավորում է հիմնադրամի նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

24. Հիմնադրամի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հիմնադրամի նախագահի ներկայացմամբ:

25. Հիմնադրամի նախագահը`

ա) ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է հիմնադրամի` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է նախագահի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.

գ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և կարող է կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ.

դ) հաստատում է հիմնադրամի մարզային և տարածքային մարմինների աշխատողների թիվը, հաստիքային ցուցակները, պահպանման ծախսերի նախահաշիվներն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

ե) հաստատում է հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնադրամին ամրակցված գույքը, տալիս է լիազորագրեր, կնքում պայմանագրեր.

է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի կենտրոնական ապարատի աշխատողներին, մարզային և տարածքային մարմինների ղեկավարներին.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, սահմանված կարգով խրախուսում է համակարգի աշխատողներին և կարգապահական ներգործության միջոցներ կիրառում նրանց նկատմամբ.

թ) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում է նիստերի արձանագրությունները.

ժ) պարզաբանումներ է տալիս սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.

 ժա) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

26. Հիմնադրամը միջճյուղային խնդիրների մշակման և լուծման հարցերում համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական այլ մարմինների հետ, գործարար կապեր իրականացնում միջազգային կազմակերպությունների հետ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Հիմնադրամի բյուջեի միջոցները գոյանում են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձից ու դրան հավասարեցված եկամուտներից և իրենց ինքնուրույն աշխատանքով ապահոված անձանց եկամուտներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերին համապատասխան` կատարվող սոցիալական վճարներից.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատկացումներից.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրներից` որպես տուժանք (տույժ և (կամ) տուգանք) գանձվող գումարներից.

դ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կատարված կամավոր մուծումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

28. Հիմնադրամի բյուջեի միջոցները ծախսվում են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների վճարման և թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման.

բ) պետական սոցիալական ապահովագրության առանձին ծրագրերի ֆինանսավորման,

գ) բնակչության զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական ծրագրերի իրականացման,

դ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, դրա աշխատակազմի և համակարգի մարմինների պահպանման ու զարգացման ծախսերի ապահովման.

ե) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծման և զարգացման,

զ) հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկատվության ապահովման և այլ միջոցառումների իրականացման նպատակով:

29. Հիմնադրամը համակարգի պահպանման ծախսերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հիմնադրամի համար սահմանված առանձին նորմերով և նորմատիվներով:

 

V. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ:

31. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում և վարվում է, հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

32. Անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացվում վիճակագրական հաշվետվություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

33. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.08.2004, N 497-Ա 03.08.2004, N 201
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան