Գլխավոր տեղեկություն
Համար
N 653
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.30/60.1
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 1998 թվականի N 653

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհրդի ստեղծման մասին» N 484 որոշման`

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհրդի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 18-ի N 653 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) խորհրդատվական մարմին է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի հասարակական խորհրդի ստեղծման մասին» N 484 որոշմամբ:

2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի խնդիրներն են`

ա) ազգային մշակույթի զարգացման ուղիների մշակումը և մեթոդական կամ հայեցակարգային առաջարկությունների միջոցով մշակութային քաղաքականության ձևավորմանը նպաստելը.

բ) մշակութային կյանքի ու միջավայրի բարելավման առանձին կամ համալիր ծրագրերի կազմումն ու ընդհանուր բարենպաստ հոգևոր մթնոլորտի ձևավորումը.

գ) ներքին զարգացման և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու միջոցով մշակութային ինֆրակառույցների նորացմանն օժանդակելը.

դ) մշակութային գործիչների ստեղծագործական գործունեության խթանումը:

4. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` խորհուրդը`

ա) նպաստում է մշակույթի վերաբերյալ օրենսդրության ձևավորմանը, սատարում ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանությանը և համագործակցում ստեղծագործական միությունների հետ.

բ) քննարկում է հանրապետական նշանակության մշակութային միջոցառումների իրականացման ծրագրեր (հոբելյաններ, փառատոներ, մրցույթներ), Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում առաջարկություններ հանրապետության քաղաքներում ու մարզերում մշակութային միջավայրի բարելավման վերաբերյալ.

գ) հեռուստատեսությամբ, ռադիոյով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով նպաստում է մշակութային կյանքի տարածմանն ու քարոզչությանը.

դ) օժանդակում է Հայաստանի և սփյուռքի արվեստագետների, Հայաստանի և սփյուռքի մշակութային կազմակերպությունների ու գործիչների փոխադարձ կապերի զարգացմանը, նպաստում այլ երկրների արվեստագետների, մշակութային հաստատությունների հետ կապերի, մշակույթների երկխոսության ու փոխճանաչման աշխատանքներին.

ե) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություններ երիտասարդության գեղագիտական դաստիարակության և կրթության բարելավման վերաբերյալ, նպաստում երիտասարդ արվեստագետների մասնագիտական կայացմանը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհուրդն ստեղծում է մինչև 5 հոգուց բաղկացած քարտուղարություն, որի կազմի մեջ ընդգրկվում են խորհրդի համակարգողը և քարտուղարը: Մյուս անդամներն ընտրվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

6. Խորհուրդն ըստ բնագավառների ձևավորում է մասնագիտական հանձնախմբեր, որոնք ներկայացնում են իրենց ծրագրերը:

7. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ: Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է տվյալ նիստում նախագահողը:

Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը:

Խորհրդի նիստերի օրակարգը ձևավորում է քարտուղարությունը` խորհրդի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:

Խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել մշակույթի բնագավառի գործիչներ:

8. Խորհրդի համակարգողը, քարտուղարը կամ քարտուղարության անդամները վարում են նիստերը, ապահովում նրա անդամների մասնակցությունը, տեղեկատվությունը, պատրաստում օրակարգը, կազմում արձանագրություն և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

9. Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեությունը համակարգում են խորհրդի համակարգողն ու քարտուղարը:

10. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

11. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: