ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1998 թվականի N 283
քաղ. Երևան
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 17-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 597 որոշման`
Հաստատել առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված հարցերի միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) գործնական աջակցություն է ցուցաբերում ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցությանն առնչվող հարցերի համակարգմանը և դրանց նպատակաուղղմանը:
2. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների կատարման համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
II. Հանձնաժողովի խնդիրները ԵՎ գործառույթները
4. Հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը նպաստելն է` արդյունավետ օգտագործելով ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության ընձեռած հնարավորությունը:
5. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացման համար նպաստավոր օրենսդրության ստեղծմանը` ելնելով ԱՀԿ անդամ պետությունների հետ բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից.
բ) գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական ոլորտի զարգացմանը` ելնելով ԱՀԿ-ի համաձայնագրերի դրույթներից.
գ) օժանդակել արտաքին առևտրատնտեսական գործունեության ընթացքում ծագած խնդիրների լուծման աշխատանքների իրականացմանը:
6. Հանձնաժողովի գործառույթներն են`
ա) մասնակցել ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցությանն առնչվող համապատասխան օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի նախապատրաստմանը.
բ) մասնակցել համապատասխան ոլորտների զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել համապատասխան պետական կառավարման մարմնի քննարկմանը.
գ) իր իրավասության սահմաններում արտաքին առևտրատնտեսական գործունեության ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել համապատասխան պետական կառավարման մարմնի քննարկմանը.
դ) ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում տարվող աշխատանքների ընթացքում հանձնաժողովի և պետական կառավարման մարմինների միջև ծագած տարաձայնությունների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
ե) քննարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները` ԱՀԿ-ի սկզբունքներին ու դրույթներին, ինչպես նաև ԱՀԿ-ին անդամակցության հետ կապված Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության առումով և իր կարծիքը հայտնել դրանց վերաբերյալ.
զ) պարբերաբար քննության առնել ԱՀԿ-ին անդամակցությանն առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրական ու այլ նորմատիվային ակտերի կիրարկման ընթացքի վերաբերյալ հարցերը և անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան պետական կառավարման մարմին ներկայացնել առաջարկություններ` ելնելով ԱՀԿ-ի սկզբունքներից ու դրույթներից, ինչպես նաև ԱՀԿ-ին անդամակցության հետ կապված` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանությունից.
է) տարվող աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով հավաքել և վերլուծել ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում իրականացվող գործառնություններին առնչվող տեղեկությունները.
ը) պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն տարվող աշխատանքների, համապատասխան հանձնարարականների կատարման, առկա խնդիրների ու դրանց լուծման ընթացքի վերաբերյալ:
III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
7. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ծագած խնդիրները լուծում է իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:
8. ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում ծագած խնդիրների լուծման նպատակով հանձնաժողովը համագործակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ:
9. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի ձևով:
10. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:
11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի որոշումն ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
12. Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծում է փորձագիտական և աշխատանքային խմբեր:
13. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնագետների:
14. Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններից, այլ ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է իր իրավասության հարցերին վերաբերող վերլուծական և տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ ու այլ փաստաթղթեր:
15. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների հրապարակայնությունը:
16. Հանձնաժողովի նախագահը`
ա) հանձնաժողովի գործունեության համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, ղեկավարում նրա գործունեությունը և պատասխանատու է հանձնաժողովին վերապահված խնդիրների կատարման համար.
գ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը:
17. Հանձնաժողովի անդամները`
ա) պատասխանատու են հանձնաժողովում տրված հանձնարարականների և խնդիրների կատարման համար.
բ) հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ, ըստ անհրաժեշտության, առաջադրում են հարցեր` հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, և հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարծիք հայտնում դրա օրակարգի վերաբերյալ:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նշանակվում է հանձնաժողովի կողմից.
բ) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կարգավորում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.
գ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, հրավիրում և ապահովում է հանձնաժողովի նիստին պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների ներկայացուցիչների և այլ անձանց մասնակցությունը.
դ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
ե) համակարգում է հանձնաժողովին կից աշխատանքային խմբերի, առանձին փորձագետների աշխատանքը: